Վան
Վանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է. հիմնադրվել է մեր թվականությունից առաջ՝ IX դ. առաջին կեսում։ Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա։ Քաղաքը գտնվում է Վանա լճի արևելյան կողմում, լճափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Նոր ժամանակներում այն արհեստագործության ու առևտրի նշանակալի կենտրոն էր, բավական մարդաշատ, որն իր մշակույթով, հուշարձաններով ու հնություններով, վարչական նշանակությամբ (այն համանուն մեծ նահանգի՝ վիլայեթի կենտրոնն է) մնում էր իբրև Արևմտյան Հայաստանի կարևոր քաղաքներից մեկը։
1805-1806 թթ. քաղաքն ունեցել է 15-20 հազար բնակիչ, մեծ մասը հայեր, 1890-ական թվականներին նրա բնակչության թիվը հասնում էր 40 հազար մարդու, որից 25 հազարը հայեր էին։ Գրեթե նույնքան բնակիչ ուներ նաև 1915 թ. Մեծ եղեռնի նախօրյակին։
Վանի հայ բնակչությունը հիմնականում զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Այստեղ գործում էին տասնյակ արհեստներ։ Առանձնապես կատարելության էին հասել երկաթագործությունը, զինագործությունը, դերձակությունը, կոշկակարությունը, իսկ ոսկերիչների ու արծաթագործների պատրաստած իրերն ու առարկաները իսկական արվեստի գործեր էին, որոնք մեծ համբավ ունեին ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս։ Արհեստների զարգացման հետ XIX դ. երկրորդ կեսում երևան են գալիս նաև մի քանի համեմատաբար խոշոր ձեռնարկություններ։ 1870-ական թվականներին քաղաքում գործում էր կաշեգործական մի ձեռնարկություն, նույն այդ թվականներին շարք էր մտել Թոխմախյան եղբայրների կտավագործական ձեռնարկությունը, որին հաջորդեցին նաև ուրիշ ձեռնարկություններ:
Այս վերջինների թվում էր 1896-ին հիմնադրված, համեմատաբար ավելի կատարելագործված ձեռնարկությունը։ 1890-ական թթ. վարպետ Ալեքսանը հիմնել է մեխանիկական գործարան, որն արտադրում էր ջրհան պոմպեր, գյուղատնտեսական գործիքներ և երկաթյա այլ իրեր։ Այդ բոլոր «գործարաններն» ու «ֆաբրիկաները» դեռևս կապիտալիստական մեքենայացված ձեռնարկություններ չէին, այլ սովորական մանուֆակտուրային:
Վանն առևտրի աշխույժ կենտրոն էր և կապված էր Թավրիզի, Բիթլիսի, Վանա լճի շրջակայքի քաղաքների հետ։ Քաղաքի հայ վաճառականները ներմուծում էին գորգեր, բամբակ, չիթ, քաշմիրի շալ, մանրավաճառի ապրանքներ։ Իսկ Պոլիս և այլուր արտահանում էին հացահատիկ, անասուններ, բուրդ, կաշի, ընկուզենու փայտ, շատախի շալեր, տառեխ ձուկ, բորակ, ոսկերչական և արծաթագործական ընտիր շինվածքներ։ Քաղաքում կային շուկա-հրապարակներ՝ հարյուրավոր խանութներով, կրպակներով և արհեստանոցներով։
XX դ. սկզբին Վանն ունեցել է 5500 տուն, որից 3000-ը՝ հայկական։
Այսպիսով, Վանը հայաբնակ քաղաք էր ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Նրա հայ բնակչությունը դաժան բռնությունների ենթարկվեց սուլթան Աբդուլ Համիդի ջարդարարների կողմից՝ 1895-1896 թվականներին։ Բայց Վանի պատմական կյանքում ճակատագրական դարձան Առաջին համաշխարհային պատերազմի տարիները։ Վանի հայ բնակչությունը ևս ենթարկվեց (1915 թ.) երիտթուրքերի ցեղասպան քաղաքականության արհավիրքներին։ Նրա զգալի մասը, այնուամենայնիվ, փրկվեց և ապաստան գտավ Արևելյան Հայաստանում ու աշխարհի զանազան անկյուններում։
Վան քաղաքի բնակիչները կը բաղկանան հայ և թիւրք տարրերէ միայն, կան հարիւր տան մը չափ գնչուներ: Վանեցին իր տոհմային ազնիւ նկարագրի և բնաւորութեան հետ ունի նաև օտարամուտ, մասնաւորապէս հրէական յոռի կողմեր:
Վանեցիներէն մաս մը դուրսէն եկած հարստացած են, այսու հանդերձ վանեցին շատ կը սիրէ պանդխտութիւն և բաղդախնդիր կեանք: Կան նաև նահապետական ու հարուստ գերդաստաններ:
Վան քաղաքի բնակիչներ 35000-ի կը հասնին, որոցմէ 20000 հայ են: Ընթացիկ լեզուներն են հայերէն, թուրքերէն, քիւրտերէն: Վան յարաբերութեան մէջ է Կ. Պոլսոյ, Տրապիզոնի, Էրզրումի, Բաղէշի, Տիգրանակերտի, Հալէպի, Այնթապի և շրջակայ փոքր գիւղերու հետ: Հարուստներ կը պարապին գլխաւորապէս վաճառականութեան և անմիջական գործ ունին ամենէն աւելի Պոլսոյ և յետոյ Հալէպի հետ, դրսէն՝ մասնաւորապէս Պոլսէն, քաղաք կը ներածուին Ամերիքան, չուխա, ըպածոյ կերպասեղէններ, եւրոպական նորանոր ապրանքներ, երկաթ, պղինձ, կաշի, օճառ, շաքար, անուշեղէն, ապակեղէն, զինկօ ամաններ, դասական ու տնական անթիւ տեսակ պիտոյքներ, գործիքներ, կարասիք, առարկաներ և մթերքներ: Պարսկաստանէն կը ներածուի բամբակ, բրինձ, չամիչ, շալ, գորգ և այլն: Շրջակայ գաւառներէն կը բերուին աղ, նուռ, թուզ, ընկոյզ, ռուփ, եղ, մեղր, ցորեն և ուրիշ հացաբոյս ընդեղէններ, փայտ, ածուխ, խեցեղէն ամաններ, բուրդ, մազ, ընտանի անասուններ, պանիր, ձուկ և անթիւ տեսակ բանջարեղէններ ու ձեռագործներ: Իսկ քաղաքէն կþարտածուին շալ, չիթ, կտաւ, շիլայ, բորակ, պտուղներ, բանջարներ, կաշի, ապրանք, նպարեղէն, մանրուք և այլ առարկաներ, գործիքներ և պիտոյքներ:
Քաղաքիս գլխաւոր վաճառականներէն ոչ մին չգիտեր եւրոպական լեզու մը՝ թղթակցելու համար վաճառականներու և գործարանատէրերու հետ: Մեծաքանակ և փոքրաքանակ վաճառականութեան սկզբունքը հաշտեցուցած են եղանակի գործառնութեանցը: Որոշ վաճառականութիւն չկայ, այլ խառն է:
Մեր վաճառականներէն ամէնէն աւելի բազմապիսի և ընդարձակ գործառնութիւններովը ծանօթ միայն մէկին տարեկան գործառնութեանց համագումարը առաւել է, քան 60-70000 օսմ. ոսկի: Բաղդատաբար իրմէ ետք եկող միւս երկու կարեւորներունը՝ ոչ աւելի քան 10-30 հազար, մնացածներն աստիճանական և բաղդատական գծով մը աւելի նուազ գործառնութիւններ ունին:
Ահաւասիկ Վանի գլխաւոր վաճառականներուն անունները իրենց առեւտրական գործառնութիւններուն մանրամասնութիւններովը:
ՄԱՆԻՖԱԹՈՒՐԱ
«Ճիտեճեան եղբարք» և «Երամեան եղբարք», որոնք ընդարձակ գործառնութիւններ և առեւտրական յարաբերութիւններ ունին Պոլսոյ, Տրապզոնի, Էրզրումի, Մանչէսթրի հետ և այլն:
«Պետրոս Գափամաճեան և ընկ» - զուտ իր ճիւղին վրայ կը գործէ մեծաքանակ վաճառումով և ունի առեւտրական յարաբերութիւններ Պոլիս, Տրապզոն, Էրզրում, Պիթլիզ, Տիարպէքիր, Հալէպ, Մանչէսթր և այլն և ներքին գաւառներ:
«Թիւթիւնճեան եղբարք» - մասնաճիւղ ի Պոլիս, վաճառում մեծաքանակ և փոքրաքանակ, յարաբերութիւններ՝ միեւնոյն քաղաքներու հետ:
«Վարդապետեան-Շահպազլեան» - վաճառում մեծաքանակ և փոքրաքանակ, յարաբերութիւն՝ Պոլիս, Էրզրում, Արճէշ, Պաշգալէ և այլն:
Այազեան Ա. և Յ.- վաճառում մեծաքանակ և փոքրաքանակ, յարաբերութիւն՝ Պոլիս, Էրզրում, Պիթլիզ, Տիարպէքիր, Հալէպ և այլն:
Եղիազար Պօղոսեան - մեծաքանակ և փոքրաքանակ, ունի նաև դերձակատուն:
Անոնցմէ զատ կարեւոր գործառնութիւններ ունին թէ՛ դրսի և թէ՛ ներքին գաւառներու հետ՝ առաւելապէս փոքրաքանակ վաճառող հետեւեալ տեարք.
Սահակ Անդրանեան, «Մարգար Թէրզիպաշեան և ընկ.», Մարտիրոս Սարգիսեան, «Գեցեան - Տէր-Յակոբեան», «Մկրտիչ Հիւսեան և ընկ.», Փանոս Վարպետեան, Խոսրով Մարութեան, Եղիա Տէր-Արիստակէսեան, Զրուանդանցեան եղբարք, «Տապաղեան Մալխաս և ընկ.», Յովնանեան եղբարք, Մելքոն Գարասէֆէրեան, Կարապետ Գափամաճեան, Յակոբ Շահպազլեան և այլք, և այլք:
Այս ճիւղի վրայ գործ ընող ամբողջ խանութպան-վաճառականները 200-էն աւելի են մօտաւոր հաշուով:
Յանձնակատարութեան գործով կþզբաղի մասնաւորապէս Յակոբ Տէր-Յակոբեան, որ Պոլսէն, Տրապզոնէն և Էրզրումէն ապրանք բերել կուտայ փոքրաքանակ վաճառողներու հաշուոյն:
ԳՕՆԴՐԱՏՃԻՈՒԹԻՒՆ
Այս ճիւղին վրայ ալ կարեւոր գործառնութիւններ կը կատարեն «Ճիտեճեան եղբարք»՝ մերթ բուրդի, աղի, ձկնարանի վրա, Թէրզիպաշեան՝ երբեմն արմտիքի վրայ, Յ. Փիրումեան՝ շաքարի, բրնձի, արմտիքի վրա, Քեամիլ՝ շաքարի, բրնձի, արմտիքի վրայ, «Այազեան - Սալախեան»՝ բրնձի վրայ, Ալթայլօղլու՝ բրնձի, շաքարի, արմտիքի և իւղի վրայ:
Այս բաժանման և թօհաֆիէ աթթարիիէի բաժանման մէջտեղ պէտք է յիշենք նաև.
«Սինկէր» կարի մեքենայի առևտուրը՝ գործակալ Տիգրան Չիթճեան, «Լա Նիւ-Եօրք» ապահովագրական ընկերութիւնը՝ գործակալ Տիգրան Չիթճեան, «Օսմանեան» ապահովագրական ընկերութիւնը՝ գործակալ «Իգնատիոս Հիւսեան և եղբարք», որը նաև զուտ ֆաթուրայի գործ կ՛ընէ մանաւանդ Հալէպի ապրանաց վրայ:
ԹՕՀԱՖԻԷ-ԱԹԹԱՐԻԷ
Այս ճիւղին վրայ ընդարձակ առուտուր կþընեն «Սպաղեան – Տ. Աբրահամեան և ընկ.», որոնք կարեւոր գործառնութիւններ ունին նաեւ Արճէշի մէջ և կþզբաղին աղի և արմտիքի գործով ալ, «Աբրահամ Թիւթիւնճեան և ընկ.», «Ալեմ Քալէմեան եղբարք», Կարապետ Խանիկեան, Յովհաննէս Փիրումեան, «Ճիտէճեան - Բարսեղեան», «Գաբրիէլ Թէրլէմէզեան և ընկ.», Ամսարեան եղբարք, Մկրտիչ Դարբինեան, Մամաս Թիւթիւնճեան, Կարապետ Սապաղեան, Նազարէթ Խոստիկեան, Սարգիս Պանտիկեան, Փանոս Փէհրիզեան, Մուսթաֆա Գափլան զատէ, Պէքիր Թիւրք զատէ, Արիֆ Սէրալի զատէ, Համբարձում Տապաղեան, «Թոխմախեան- Գալճեան», Միհրան Չիթճեան, Մկրտիչ Տէր-Աբրահամեան, Կարդոս Մարութեան, Պօղոսեան եղբարք, «Նարլեան – Թէրլէմէզեան», Համբարձում Զրուանդանցեան, «Սօլօեան – Ախիճանեան», «Միհրան Նալբանդեան և ընկ» և այլն:
ՔԱՆԹԱՐԻԷ (ՇԱՔԱՐ, ԵՐԿԱԹ, ՍՈՒՐՃ, ՕՃԱՌ)
Այս կարեւոր ճիւղին վրայ գործ ընողներն են տեարք Յովհաննէս Փիրումեան, «Ղ. և Ս. Ճանիկեան եղբարք», Սարգիա Կակոսեան (Պիթլիզի Գրդօեաններու գործակատար), «Զաքարեան - Ջրբաշեան», Աբգար Սէմէրճեան, «Պանտիկեան - Փիլօեան», «Խանիկեան - Շալճեան», Վուվունիկեան եղբարք, «Կանտօեան և ընկ.», Ճիտէճեան եղբարք, նաեւ Քեամիլ:
ԱՐՏԱԾԵԼԻ ԱՊՐԱՆՔՆԵՐ (ԲՈՒՐԴ, ԱՅԾԵՄՈՐԹ, ՄՈՒՇՏԱԿ, ԹԻՖԹԻԿ ԵՎ ԱՅԼՆ)
Ճիտէճեան եղբարք, Սարգիս Կակոսեան, Տիգրան Ղազարեան, Արամ Ղազարեան, «Զաքարեան – Ջրբաշեան»:
ԲԱՄԲԱԿԻ ԳՈՐԾ
Տիարպէքիրէն մեծաքանակ կը ներածեն տեարք «Այազեան - Սալախեան», «Իգնատիոս Հիւսեան և եղբարք», Յովհաննէս Փիրումեան, Ճիտէճեան եղբարք, Կարապետ Խանիկեան, Պուռնութեան եղբարք և այլք:
ԸՆԿՈՒԶԻ ՈՒՌԻ (ՔԻՒԹԻՒՔ) ԳՈՐԾ
Քանի մը տարի առաջ ընդարձակ գործ կþըլլար, բայց երթալով ընկուզի ուռը սպառեցաւ և այժմ գրէթէ գործ չըլլար: Այս ճիւղին պարապողք են գլխաւորապէս Սօրօեան եղբարք և Յովհաննէս Ղուկասեան:
ԿԱՇԵՂԷՆԻ ԳՈՐԾ
Կօշկակար արհեստաւորութեան պահանջը գոհացնելու չափ կը բերեն կաշի և կօշիկի մանր վաճառք Արամ Ջրբաշեան, Սիմէոն Թորգոմեան, «Նազարէթ Մնտիկեան եղբարք», և «Մանուկեան եղբարք»:
ԳԱԶԱԶԻԷ
Շատ գործ չկայ, և միայն երկու կարեւոր վաճառորդներ կան այս ճիւղին վրայ գործող, որք են «Յովհան Խոստիկեան և որդի» և Գէորգ Գազազպատուրեան:
ՓԱՐՉԱՃԻՈՒԹԻՒՆ
Կտոր բրդուճ տպածոյի գործով կ՛զբաղին «Շահպազցեան եղբարք», Սիմէոն Տէր-Յակոբեան, Միհրան Տապաղեան, «Յարութիւն Տապաղեան և ընկ.» և այլք:
ԽՈՒՐՏԱՎԱԹ
Երկաթեղէն մանրավաճառի այս գործը կ՛ընեն «Շիրակեան եղբարք», Մարգար Հիւսեան, «Խօճամիրեան եղբարք», Քէպապճեան և այլք:
ՍԽՏՈՐԻ ԳՈՐԾ
Բաւական կարեւոր գործ կþըլլայ նաեւ սխտորի վրայ: Ընդհանրապէս արտի տէրեր կը ծախեն վաճառականներու, ասոնք ալ Կարին իրենց յանձնակատարներուն ձեռքով ծախել կուտան կարնեցի ապխտագործերու: Տարին միջին հաշուով 5-600 ոսկւոյ գործ կþըլլայ:
ՏԱՒԱՐԻ ԳՈՐԾ
Տեղացի մէկ քանի թուրք վաճառականներէ յետոյ ամփոփուած է մանաւանդ հալէպցի հարուստ թուրք թէճիրներու ձեռքը, և տարեկան հազարաւոր ոսկիի գործ կը դառնայ այս ամենաշահաւոր ճիւղին վրայ:
Վանը իր Այգեստան հայկական արվարձանով 1914 թվականին ուներ 60 հազար բնակիչ։ Քաղաքի թուրք բնակչությունը ապրում էր բերդի մոտ։ Առևտուրը գտնվում էր հայերի ձեռքում, իսկ ապրանքները բերում էին Ռուսաստանից՝ Իգդիրի վրայով և Իրանից՝ ՈՒրմիայի ու Խոյի վրայով։
Վանի հայերն աչքի են ընկնում իրենց ընդունակություններով. նրանք լավ վաճառականներ են, շնորհալի արհեստավորներ և օտարության մեջ` խիստ ճարպիկ։
Վանի առևտուրը համարյա ամբողջապես գտնվում է հայերի ձեռքում. հայ ճոթավաճառների և մանրավաճառների թիվը հաշվվում է 500։
Շուկային առևտրով ապրող տաճիկները պարապում են գլխավորապես թեյատներ պահելով, մրգավաճառությամբ, մսավաճառությամբ, հացագործությամբ և մասամբ էլ` կոշկագործությամբ ու դերձակությամբ։
Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ