Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Բանակն ուժեղ է, երբ թիկունքին զգում է իր երկրի, ժողովրդի, պետության շունչը, երբ զինվորն իր ոտքի տակ զգում է հայրենի հողի սրբությունը»

«Բանակն ուժեղ է, երբ թիկունքին զգում է իր երկրի, ժողովրդի, պետության շունչը, երբ զինվորն իր  ոտքի տակ զգում է հայրենի հողի սրբությունը»
27.02.2015 | 01:14

Զրուցում են գեներալ-մայոր ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ և գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ- Պարոն գեներալ, շուրջ քսանհինգ տարի է անցել մեր առաջին հարցազրույցից, որն այն բարդ ժամանակներում նվիրված էր համայն հայությանը հուզող կարևոր մի խնդրի` ազգային բանակ ունենալուն: Կային և՛ դեմ, և՛ կողմ տեսակետներ: Դուք միանշանակ համոզված էիք, որ ժողովուրդն ու երկիրը պետք է ունենան պաշտպանական կառույցներ, մանավանդ, երբ շրջապատված ենք, մեղմ ասած, անբարեհաճ հարևաններով, իսկ անկախացումն արդեն բախում էր մեր դռները:
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ- 1991 թվականն էր: Բոլորիս պարզ էր, որ Խորհրդային Միությունը հոգեվարքի մեջ է և իրադարձությունները կարող են լուրջ մարտահրավերներ հրամցնել մեր ժողովրդին, հատկապես խորհրդային զինված ուժերի կազմալուծման պատճառով: Ես ծառայում էի ԽՍՀՄ զինված ուժերում և ինձ համար տեսանելի էին վտանգները թե բանակի ներքին կյանքում, թե տարածաշրջանային զարգացումների մակարդակում: Ինձ մեծ դժվարությամբ հաջողվեց տեղափոխվել խորհրդային 7-րդ բանակի Երևանի մայրաքաղաքային գունդ, որտեղ զբաղեցրի հրամանատարի տեղակալի պաշտոնը:
ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ- Այդ ժամանակ Դուք ամենաերիտասարդ և բարձրաստիճան հայազգի սպաներից էիք խորհրդային զինված ուժերում, և այդ օրերին էլ «Հայաստան» օրաթերթը տպագրեց մեր հարցազրույցը՝ «Հայը պետք է հայրենիքը պաշտպանել կարողանա» խորագրով, որտեղ Դուք նաև դժգոհություն էիք հայտնում, որ մեր հայրենակիցներից շատերը զինծառայության ժամանակ գերադասում են վարորդ ու խոհարար լինելը իրական զինվորական վարժանքից և զենքին լիարժեք տիրապետելուց: Նաև խոսք կար այն մասին, որ Դուք հայրենիք էիք վերադարձել նրան ծառայելու նպատակով, սակայն Ձեզ պաշտոնական որևէ առաջարկ չէր արվել:
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Այո, այդպես էր, թեև ես համագործակցում էի մի շարք ֆիդայական ջոկատների հետ, նաև հսկում իրադրությունը գնդի ներսում, որտեղ մեծ թիվ էին կազմում այլազգի զինծառայողները: Նրանց շրջանում անհրաժեշտ էր բացատրական աշխատանքներ անցկացնել, ներկայացնել մեր ժողովրդի պատմությունը, արցախյան հիմնախնդրի և համաժողովրդական ցասման դրդապատճառները։ Աստված մի արասցե, եթե նրանք գլխավոր հրամանատարությունից ոչ ցանկալի հրաման ստանային և միջամտեին բնակչության խաղաղ ցույցերին ու հանրահավաքներին: Հարկավոր էր իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակներին պատրաստ լինել, բացառել ամեն տեսակի արկածախնդրություն թե ներսից, թե դրսից։ Մանավանդ որ հաճախացել էին նաև հայ զինծառայողների դասալքության փաստերը:
ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ- Ձեր այդ դժգոհությունն էլ հիմք հանդիսացավ հայտնի հարցազրույցի վերնագրի համար, որն ինչ-որ չափով հնչեց կարգախոսի նման… Դասալիքներն օգտվում էին այն հրամանից, որը հնարավորություն տվեց տեղի բնակչությանը խորհրդային բանակ զորակոչվելու մեր հանրապետության տարածքում:
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Այդպես էր: Սակայն Հայաստան գալով ես չէի կարող երևակայել, որ մի օր կդառնամ հայոց ազգային պետական բանակի առաջին հրամանատարներից մեկը՝ Առաջին դեսանտագրոհային գնդի հրամանատարը, որ ես եմ առաջին հայ զինվորից առաջին անգամ մայրենի լեզվով երդում ընդունելու և կազմակերպելու առաջին զինվորական շքերթը։ 1992 թ. մարտ ամիսն էր: Հիշո՞ւմ ես, թե որքան հպարտ էինք, որ առաջին այդ զորակոչով և գնդի կազմավորմամբ դրվում էր հայոց բանակի հիմքը, իհարկե, հիմնաքարը Հատուկ գունդն էր, որը ձևավորվեց դրանից մեկ տարի առաջ հանրապետության տարբեր շրջանների ազատամարտիկների մի շարք ջոկատների միավորմամբ: Նախքան դեսանտագրոհային գնդի կազմավորումը ես արժանանացա նաև Հատուկ գնդի երկրորդ հրամանատարը լինելու պատվին։
ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ- Պարոն գեներալ, քառորդ դար է անցել այն օրերից: Թե քաղաքացիական կյանքում, թե մեր զինված ուժերում տեղի են ունեցել բավական լուրջ փոփոխություններ: Ձեր հետադարձ հայացքը, որպես մի գործչի, որը գտնվել է այդ ամենի հորձանուտում, պետք է որ անաչառ արձանագրի բացթողումներն ու ձեռքբերումները, նաև առիթ տա որոշակի կանխատեսումների:
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ- Քսանհինգ տարին և՛ կարճ, և՛ բավական լուրջ ժամանակահատված է հետևություններ կատարելու և դասեր քաղելու համար: Նկատի ունեմ այն, որ մեր սերունդն այդ ընթացքում անցավ դժվարին, հաճախ ճակատագրական փորձությունների միջով, շատ իրադարձություններ հաղթահարեց պարզապես մաքառումով, ականատես և մասնակից եղավ վերելքների և վայրէջքների։ Թույլ տրվեցին սխալներ որոշ կառավարիչների կողմից, որոնց մի մասը ես ինչ-որ տեղ նաև բնական եմ համարում, քանի որ բոլորիս առջև դրված էր գերնպատակ, որին հասնելու համար ոմանց չէին բավարարում փորձառությունն ու կամքը, ռազմավարական և մարտավարական հեռատեսությունը։ Առջևից ընթացողի ամենամեծ գրավականը հնարավորինս քիչ սխալներ թույլ տալն է, հետևից եկողների և իր իսկ համար առաջընթացի ճանապարհ հարթելու հմտությունը, որը հաճախ զոհողություններ է պահանջում: Ոմանք չհամապատասխանեցին այդ չափորոշիչներին:
1990-ականներին իրականությունը և այն արժեհամակարգը, որի շուրջ ձևավորվել էր այդ մթնոլորտը, այն հերոսական ոգին, որ կրում էին յուրաքանչյուր հայ քաղաքացի և զինվոր, ամբողջ ժողովուրդն իր հավաքական ամբողջության մեջ՝ տասնյակ, հարյուրավոր տարիների ընթացքում կուտակված գիտակցական և հոգևոր պոռթկում էր: Հայ ժողովուրդն ինքն էր շահագրգիռ, որ ունենա անկախ պետություն, ինքն էր երազում ունենալ ազգային բանակ և այնտեղ ծառայելը համարում մեծագույն պատիվ: Հիշում եմ, թե ինչպիսի նվիրումով էին շարքային քաղաքացուց մինչև աշխատանքային կոլեկտիվներ ինքնաբուխ կազմակերպում հանգանակություններ, նվիրաբերում իրենց անձնական խնայողությունները բանակին: Ինքս եմ ականատես եղել այն ժամանակ ՊՆ թիկունքի պետ Ս. Մարտիրոսյանի աշխատասենյակում, թե ինչպես էին մարդիկ պարկերով հարստություն և ոսկի հանձնում հանուն բանակի կայացման և բարօրության։
Ի վերջո, բանակի հաղթանակը ժողովրդի հաղթանակն է, մեր ազգանվեր զինվորինը, անձամբ ինձ համար, նախ և առաջ այն տասնութամյա տղաներինը, ովքեր խրոխտ և քաջաբար կանգնեցին իրենց հայրերի և ավագ եղբայրների կողքին և կերտեցին բաղձալի հաղթանակը նաև իրենց կյանքը զոհաբերելով:
ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ- Մարդու Ձեր տեսակը, ով գործնականում գտնվել է անկախության թերևս ամենագլխավոր երաշխավորներից մեկը համարվող գործոնի՝ բանակի ակունքներում, ովքեր ճառեր չեն արտասանում տարբեր հարթակներից և գեղեցկախոսում հայրենիքի և հայրենասիրության մասին, ինչպե՞ս է ընկալում այդ արժեքները:
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ- Հայրենիքը վերացական հասկացություն չէ, այլ կոնկրետ գոյություն, որի հետ պարտավոր է հաշվի նստել յուրաքանչյուր ոք, ով զուրկ չէ պետական մտածողությունից և ազգային գաղափարաբանությունից, ում համար դրանք առավել բարձր արժեքներ են, քան անձնական բարեկեցությունը, քան ամենազոր թվացյալ փողն ու իշխանությունը: Ցավում եմ, որ ոմանց խորթ էր գործունեության այդ որակի նշաձողը: Հայրենիքից չեն նեղանում, ինչպես հարազատ մորից, ով ծնել, սնել, խնամել և մեծացրել է քեզ, և եթե նույնիսկ նա ինչ-ինչ հիվանդություններ ունի, անթույլատրելի են նրան լքելն ու հեռանալը: Քո սրբազան պարտքն է մնալ նրա հետ և բուժման միջոցներ գտնել: Ինձ համար անընդունելի են նաև հայրենիքի առջև պահանջներ դնելն ու կրավորական կեցվածք ընդունելը: Հայրենիքին պետք է տալ, հարկ եղած դեպքում նվիրաբերել ամենաթանկ բանը, ինչ տրվել է քեզ ի վերուստ՝ Աստծո և ծնողիդ կամքով՝ կյանքդ: Ոչ մի իշխանություն, ոչ մի կուսակցություն կամ դաշինք հավերժական չեն, ոչ մի հասարակարգում նրանք չեն կարող փոխարինել հայրենիքին: Այդ ամենն անցողիկ է, մնայուն է հայրենիքը, որն այն սրբավայրն է, որտեղ դու ապրում ես և ապրելու են հետնորդներդ, քո նվիրական ժողովուրդը: Հայրենասիրությունը ցուցադրական երևույթ չէ, այն անմեկնելի է, եթե կրում ես քո ներսում, քո հոգու և մտքի մեջ և այն քո էության մեջ է ներծծված, որից դուրս և առանց որի անհնար է, որ պատկերացնես գոյությունդ։
ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ- Այսօր մեր զինված ուժերում առկա են երևույթներ, որոնք հաճախ են քննարկվում տարբեր ամբիոններից, սոցցանցերում, հաճախ են հնչում քննադատական կարծիքներ, հատկապես սահմաններին տեղի ունեցող իրադարձությունների և խաղաղ պայմաններում զոհերի վերաբերյալ։
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ- Չեմ ընդունում սիրողական մակարդակով մերկապարանոց գնահատականները: Նախ` ի՜նչ խաղաղ պայմանների մասին է խոսքը, երբ հակառակորդը օրական մի քանի հազար արկ ու փամփուշտ է արձակում մեր ուղղությամբ և ստանում համազոր, երբեմն ավելի ազդու հակահարված, երբ պարբերաբար չեզոքացվում են նրա դիվերսիոն հետախուզական ոտնձգությունները: Ցավալի, բայց անխուսափելի են նման իրավիճակում նաև կորուստները: Պետք չէ մոռանալ, որ բոլոր պարագաներում թուրքը մնում է թուրք: Մեզ համար յուրաքանչյուր հայ զինվորի կյանքը գերագույն արժեք է: Ես դեմ եմ, որ շահարկվեն նման փաստերը, և կարծում եմ, որ ամեն երևույթ պետք է դիտարկել պատճառահետևանքային կապերի ամբողջական համատեքստում, կոնկրետ փաստի շրջանակներում և չընդհանրացնել: Իհարկե, բանակը, ինչպես շատ կառույցներ, անթերի չէ, բայց չի կարելի բանակի կյանքում իրականացվող տեղաշարժերի մեջ տեսնել միայն բացասականը և անտեսել դրական առաջընթացը: Շատ կցանկանայի, որ մեր փառապանծ բանակը բոլորի կողմից պարուրվեր սրբության լուսապսակով: Ակնառու են ՊՆ-ի բոլոր կառույցներում, թիկունքում և դիրքերում ծառայող զինվորների և սպաների շրջանում տարվող աշխատանքները, ինքնամաքրման և կատարելագործման ջանքերը: Ճիշտն ասած, հիմա ես իրավունք չեմ վերապահում ինձ գնահատականներ տալու, որովհետև արդեն տասնհինգ տարի է, որ զորացրվել եմ, իսկ բանակը շարունակական և անընդհատ զարգացում ապրող բարդագույն կառույց է, որտեղ միշտ պետք է առկա լինի իրերի ներկա վիճակի հանդեպ անբավարարվածությունը, որպես ապագայի ծրագրեր կազմելու և գործնական քայլեր կատարելու երաշխիք: Մենք բանակաշինության մեջ հիմնվել ենք այն պարզ ճշմարտության վրա, որ կառուցելու ենք ոչ թե խրուշչովյան շենքերի տրամաբանությամբ՝ մի քանի տարի ժամկետով, այլ մեր պապերի եկեղեցաշինության հանգույն՝ դարերի համար։
Թեև հիմա ես ԶՈՒ-ի կազմում չեմ, բայց սերտ կապեր եմ պահպանում բանակի հետ: Ներկայիս շատ բարձրաստիճան սպաներ, գեներալներ ժամանակին եղել են իմ զինվորները, և ես հպարտ եմ նրանցով: Չնայած այնքան էլ տարեց չեմ, պարզապես շատ երիտասարդ տարիքում և դժվարին ժամանակներում ինձ վիճակվեց ղեկավարել այնպիսի պատասխանատու պաշտոններ, ինչպիսիք են ՀՀ ՆԳՆ հատուկ և Առաջին դեսանտագրոհային գունդը, կորպուսի հրամանատարը, ՊՆ նախարարի տեղակալը թիկունքի գծով, ապա ռազմական ինստիտուտի պետը և այլն: Բանակն այսօր հիշեցնում է հասուն տղամարդու, ով տակավին երեխա հասակում հերոսաբար պաշտպանեց իր տունն ու օջախը, շատ արագ հասունացավ, այժմ ի զորու է ավելի կազմակերպված կատարելու իր առջև դրված ցանկացած առաջադրանք և պարտավորություն, ավելին՝ մեր բանակը պատվով կատարել է իր ծառայությունը բանակում և վերադարձել։ Այն ժամանակ երեխա էր, պահանջներն այլ էին, տարիքն առնելուն զուգահեռ ակնկալիքները նրանից ավելի մեծացել և շատացել են։ Ինչ վերաբերում է բանակի առաջնահերթություններին, ապա դա միմիայն գերագույն գլխավոր հրամանատարի, ՀՀ պաշտպանության նախարարի, բանակի հրամանատարական կազմի իրավասությունների և լիազորությունների շրջանակում է։
ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ- Փետրվարի 23-ին նշվում էր Սովետական բանակի օրը, որտեղ Դուք ձևավորվել, դաստիարակվել և կրթվել եք, ծառայել և պաշտոնավարել Հունգարիայից մինչև Հեռավոր Արևելք, ապա Անդրկովկասյան զինվորական օկրուգ՝ Թբիլիսի, Երևան: Այդ բանակի շարքերում եք վաստակել մայորի ուսադիրները:
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ- Որքան էլ փորձենք պատմության հիշողությանը հանձնել խորհրդային բանակը, այն պատմական իրողություն է, որի միջով անցել են սերունդներ, հաղթանակել Հայրենական մեծ պատերազմում, որին մասնակցել է շուրջ կես միլիոն հայ: Այս տարի լրանում է այդ հաղթանակի 70-ամյակը, որը ձեռք է բերվել նաև հայոց ազգային 89-րդ Թամանյան դիվիզիայի շնորհիվ: Կարծում եմ, որքան էլ ոմանք ցանկանան կամ չցանկանան անդրադառնալ այս փաստերին, միևնույն է, դրանք անջնջելի են մեր պատմությունից: Ավելին, հպարտությամբ պետք է պահպանվեն այդ հիշողությունները: Չմոռանանք նաև, որ այդ բանակի շարքերում են ծառայել մեր ազատամարտիկներից շատերը, ովքեր օրհասական օրերին վստահությամբ օգտվեցին տարբեր զինատեսակներից, սուղ պայմաններում զբաղվեցին զինագործությամբ: Չմոռանանք նաև, որ այդ բանակի բազմաթիվ հայազգի սպաներ և մասնագետներ զինվորագրվեցին վերջին պատերազմին, կազմեցին մեր նորօրյա զինված ուժերի առանցքը։
ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ- Հիմա ինչո՞վ է զբաղվում Հայոց բանակի գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանն իր աշխատանքային գործունեությանը զուգընթաց: Գիտեմ, որ մի քանի գիրք եք հեղինակել դեռ ռազմական ինստիտուտի պետի պաշտոնում, որոնք վերաբերում են զինվորական գործին և ռազմական գիտությանը: Գիտեմ նաև, որ 2007 թ. հրատարակեցիք մի ինքնատիպ գիրք` «Խոսում են քարերը հայոց» վերնագրով, որում ի մի էին բերվել ՀՀ-ում, Արցախում և Ջավախքում գտնվող հարյուրավոր տարաբնույթ քարե հուշարձանների վրա արված գրառումներ, մակագրություններ, բանաստեղծական տողեր և այլն:
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ - Աշխատում եմ հուշերի և մտորումների մի գրքի վրա, որը, ըստ էության, ինքնակենսագրական պատում է: Փորձում եմ իրազեկել ընթերցողին այն իրողությունների, այն խոչուխութերի հաղթահարման մասին, որոնց միջով անցել եմ, որը մեկ բառով վերնագրել եմ «Մաքառում»: Հուսով եմ, որ առաջիկայում այն կհրատարակվի: Զուգահեռաբար արխիվներից և իմ անձնական գզրոցներից դուրս եմ բերում Առաջին դեսանտագրոհային գնդի մասին փաստանյութը: Կյանքիս նպատակն է, որ մանրամասն ներկայացնեմ իմ տասնութամյա հերոսների և գնդի սխրանքը, որն իմ կարծիքով լիարժեք վերհանված չէ: Հավանաբար պատճառներից մեկն այն է, որ գունդը որոշ ժամանակ անց վերակազմավորվեց մոտոհրաձգային բրիգադի, որի պաշտպանական գործառույթները հարավ-արևելյան սահմանից տեղափոխվեցին Արարատից մինչև Սարավան ընկած տարածքը:
ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ- Վերջում ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին և բանակին:
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ- Նախ, ուրախ եմ, որ այսօր, գրեթե 25 տարի անց, հիշեցիր ինձ: Պատերազմի ժամանակ մեկ ամիսը հաշվվում է խաղաղության երեք ամիս, մեկ տարին՝ եռակի ավելին: Իհարկե, խաղաղ երկինք մաղթելով մեր երկրին, կցանկանայի, որ այդ փութաջանությամբ ապրեր և աշխատեր մեր ժողովուրդը, լիներ միասնական, ինչպես ռազմի դաշտում տարբեր հայացքների, սկզբունքների և բնավորության տեր մարդիկ են համախմբվում: Ցանկանում եմ, որ ամուր և անսասան լինի մեր զինվորի ոգին, որ նրա ամեն մի կրակոցի ամենամեծ հարվածային ուժն այդ ոգու անպարտելիության գիտակցությամբ արձակվի: Իհարկե, բանակի ուժեղ կամ թույլ լինելը հարաբերական հասկացություն է, բայց կան նպաստող հանգամանքներ: Բանակն ուժեղ է, երբ թիկունքին զգում է իր երկրի, ժողովրդի, պետության շունչը, նրա հզոր ներկայությունը, երբ զինվորն իր ոտքի տակ զգում է հայրենի հողի սրբությունը, որպես Աստվածային սուրբ Խաչի պահպանիչ զորություն: Բանակի ամրության կարևորագույն նախապայմաններից է կարգապահությունը, պարտականությունների հստակ տարանջատումը՝ շարքային զինվորից մինչև սպա և գեներալ: Կարևոր գործոն է նաև ղեկավար-հրամանատարի անձնական օրինակը, նրա բարոյական և կրթական նկարագիրը, հակառակ պարագայում հրամաններ արձակելու և սեփական ուսադիրներին աստղեր ավելացնելու հնարավորություններն իմաստազրկվում են և անհամատեղելի դառնում մարտունակ բանակ ունենալու թեկուզ անկեղծ ցանկության հետ:
ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ- Շնորհակալություն, պարոն գեներալ, հետաքրքիր զրույցի համար: Հաջողություններ եմ մաղթում բոլոր նախաձեռնություններում: Հուսամ` մեր հաջորդ հանդիպումն այլևս քառորդ դար սպասել չի տա…

Դիտվել է՝ 6012

Մեկնաբանություններ