Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

«Նպատակ չունեինք այդ միջոցառումը վերածել հակապետական ցույցի, մեր պահանջը մեկն էր` «մեր հողերը»

«Նպատակ չունեինք այդ միջոցառումը վերածել հակապետական ցույցի, մեր պահանջը մեկն էր` «մեր հողերը»
24.02.2015 | 12:12

1965-ի ապրիլի 24-ին` Ցեղասպանության 50-րդ տարելիցի օրը, մի խումբ ուսանողներ դուրս եկան փողոց` կոչ անելով հայրենակիցներին միանալ իրենց երթին:
Երթին միացան հարյուր հազարավոր երևանցիներ: Առաջին անգամ հայ ժողովուրդը մայր հայրենիքում միակամ բարձրացրեց հայկական պահանջատիրության հարցը։ «Ամբողջ հայ ժողովուրդը, անկախ գրաված պաշտոնից, անկախ կուսակցական պատկանելությունից, միակարծիք էր այս հարցում` մենք պահանջատեր ենք»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, դոցենտ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով երիտասարդական ինքնաբուխ այդ շարժման ակտիվ կազմակերպիչներից և մասնակիցներից էր:
Ներկայացնում ենք Մարատ Գրիգորյանի պարզաբանումները` ի՞նչը ծնունդ տվեց երիտասարդական շարժմանը, ի՞նչ խնդիրներ բարձրացվեցին, ո՞րն էր նպատակը, և ի՞նչ ունենք այսօր` Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին:

«ԴԱ ՈՉ ԹԵ «ՆԵՄԵՍԻՍ» ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՅԼ ԱՄԲՈՂՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԷՐ»

-1915-ից հետո աշխարհում մեծ փոփոխություններ էին տեղի ունենում: Առաջին համաշխարհային պատերազմը դեռ շարունակվում էր, տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, փլուզվեց Ռուսական կայսրությունը, առաջացան անկախ պետություններ, այդ թվում` Հայաստանի առաջին Հանրապետությունը: Առաջին իսկ օրից հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում էր Ցեղասպանության հարցը, և տարբեր քաղաքական կուսակցություններ այդ հարցում նույն կարծիքին էին. Հայկական հարցը պետք է բարձրացնել միջազգային ատյաններում` ցեղասպանությունը դատապարտելու և հանցագործներին պատժելու համար: Ցայտուն օրինակներից մեկը «Նեմեսիս» խմբի գործողությունն էր, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին: Դա ոչ թե «Նեմեսիս» գաղտնի խմբի անդամների կամքի իրականացումն էր, այլ ամբողջ հայ ժողովրդի: Այդ ժամանակ թեև առանձին հասարակական գործիչներ իրենց ձայնը բարձրացրին, սակայն միջազգային դատ չեղավ, Հայկական հարցն առկախ մնաց:

«ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻՑ ԵՐԲԵՔ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԵԿԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՆ ՈՒ
ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ»

-Առաջին հանրապետության անկումից հետո ձևավորվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: Մոտեցումներն ուրիշ էին, արդեն այլ հարաբերություններ էին Թուրքական Հանրապետության հետ: Ցեղասպանության մասին խոսելն արգելված էր: Մամուլում, գրականության մեջ ով այդ հարցը բարձրացնում էր, կա՛մ անտեսում էին, կա՛մ լռեցնում կոպիտ ձևով: Չնայած դրան, հայ քաղաքական մտքից երբեք դուրս չեն եկել ցեղասպանության դատապարտումն ու պահանջատիրությունը: Դրա վառ օրինակն այն էր, որ 30-ականների վերջերին մի խումբ հայ ուսանողներ կազմում են անկախ Սոցիալիստական Հայաստանի Սահմանադրությունը և ուղարկում Մոսկվա` Ստալինին: Ըստ այդ սահմանադրության` Հայաստանը պետք է անկախ լիներ, բայց սոցիալիստական, Նախիջևանը, Ղարաբաղը, Արևմտյան Հայաստանի հողատարածքները պետք է վերադարձվեին Հայաստանին:
Երիտասարդներին ձերբակալում են, խմբի ղեկավար Ռ. Լիսիցյանին գնդակահարում, մյուսներին դատապարտում ազատազրկման` ուղարկելով տարբեր ճամբարներ: Նրանցից մեկն էլ հայրս է` Արիս Հովսեփյանը, ով դատապարտվեց 17 տարվա ազատազրկման և միայն 1956-ին վերադարձավ աքսորից:

«ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ»
-Ցեղասպանության ճանաչման, հողերի վերադարձի հարցը բարձրացավ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, հատկապես վերջին շրջանում, երբ սպասվում էր Գերմանիայի դաշնակից Թուրքիայի ներխուժումը Խորհրդային Միության սահման` Հայաստանի Հանրապետության տարածք: Հույս ծագեց, որ վերջապես կգա հատուցման ժամը, և պատմական հայրենիքի վերադարձը իրական կլինի: Հայ գրողները, հասարակական-քաղաքական գործիչները, հոգևորականներ այդ ուղղությամբ բավական աշխատանք էին տանում` դիմելով Ստալինին` հիմնավորելով Նախիջևանը, Ղարաբաղը, Արևմտյան Հայաստանի տարածքները Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտությունը: Ցավոք, այդ ամենը մնաց լոկ ցանկություն:

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 50-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ՊԵՏՔ Է ՆՇՎԵՐ»
-Պատերազմից հետո հայ մտավորականը, հայ շինարարը, հայ մարդը մտածում էին Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնել և՛ պետական մակարդակով, և՛ միջազգային կազմակերպությունների առջև, բայց դեռ նպաստավոր պայմաններ չկային: Վտանգը մեծ էր, նման հարցեր բարձրացնողները կարող էին հայտնվել ճաղերի հետևում: 60-ականներին, երբ խստորեն դատապարտվում էին անհատի պաշտամունքի տարիները, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին գաղափարական ոլորտում, ստեղծվեց համեմատաբար ազատ մթնոլորտ, ակտիվացան նաև ցեղասպանության դատապարտման հետ կապված տրամադրությունները:
1960-ին ես սովորում էի ԵՊՀ-ի երկրաբանության ֆակուլտետում: Դասախոսությունների ժամանակ գրեթե միշտ բարձրացնում էինք Ցեղասպանության հարցը, սուր հարցադրումներ էին լինում կապված Ղարաբաղի, Նախիջևանի վերադարձի, հայ գրողների արգելված գրքերի հրատարակման հետ։ Մոտենում էր Ցեղասպանության 50-րդ տարելիցը, և այն պետք է խթան դառնար իշխանությունների առջև Ցեղասպանության և պահանջատիրության հարցը բարձրացնելու համար: Թե դա ինչպես պետք է արվեր, ինչ ճանապարհով, մենք հատուկ չէինք ծրագրավորում` հետագա բարդություններից խուսափելու համար: Այն ժամանակվա իշխանությունները նույնպես պատրաստվում էին Ցեղասպանության հարցը բարձրացնելու, բայց այլ տեսանկյունից, ոչ պահանջատիրության և ոչ այդպես մասսայական:

«ՊԱՀԱՆՋԸ ՄԵԿՆ ԷՐ` ՀԵՏ ՏՎԵՔ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ»
-Ապրիլի 24-ին` ժամը 10-ին, մի խումբ ուսանողներով, իմ գլխավորությամբ մոտեցանք դեկան Պ. Բոշնաղյանին և ասացինք.
-Մենք դուրս ենք գալիս երթի` ի հիշատակ Ցեղասպանության 50-րդ տարելիցի:
-Ձեր գործն է, - ասաց նա,- ես այդ մասին տեղյակ չեմ, արեք ինչպես ցանկանում եք:
Մեր ֆակուլտետից Մռավյան փողոց դուրս եկավ 25-30 հոգի, մեզ միացան նաև այլ ֆակուլտետների ուսանողներ, և շարժվեցինք դեպի մյուս բուհերը` կոչ անելով միանալ մեզ: Երբ արդեն հասել էինք նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի մոտ (ներկայիս ճարտարապետական համալսարան), տեսանք, որ փողոցները լցված են հսկայական բազմությամբ:

Երթի մասնակիցների թիվը հասել էր մի քանի հարյուր հազարի և գնալով մեծանում էր: Մեր հիմնական պահանջն էր` հե՛տ տվեք մեր հողերը` Նախիջևանը, Ղարաբաղը, Կարսը, Արդահանը: Որոշ ժամանակ անց Լենինի հրապարակ եկան իշխանության ներկայացուցիչներ, առանձին մտավորականներ, որոնք, բարձրանալով տրիբունա, հորդորում էին ցրվել: Բայց բազմությունը անընդհատ վանկարկում էր` հո-ղե-րը, հո-ղե-րը, և ի բողոք նրանց հորդորների` նստեց ասֆալտին: Մենք չէինք կողմնորոշվում` ինչ անել, ուր գնալ: Որոշ ժամանակ անց որոշեցինք խմբերով շարժվել քաղաքի տարբեր ուղղություններով, քաղաքի տարբեր փողոցներով, մարդկանց տեղեկացնել մեր պահանջների մասին: Երեկոյան մեր գործը համարեցինք ավարտված, բայց երթի մասնակիցների մի խումբ շարժվեց դեպի օպերա, որտեղ Ցեղասպանության 50-րդ տարելիցին նվիրված նիստ պետք է տեղի ունենար: Փորձեցին ներս մտնել, չթույլատրեցին, սկսեցին քարեր նետել դռների ուղղությամբ, ապակիներ կոտրեցին: Միջամտեց միլիցիան, ձերբակալություններ եղան: Նիստը ձախողվեց: Որոշ մարդիկ մեզ խորհուրդ տվեցին բացակայել քաղաքից, ասացին, որ ձերբակալություններ կարող են լինել, սակայն հաջորդ օրը գնացինք համալսարան, դիմեցինք ռեկտորատին` ձերբակալվածներին ազատելու խնդրանքով: Ասացինք, որ եթե հալածանք լինի, դուրս կգանք փողոց. մենք հակապետական կարգախոսներ չենք տարածել, քաղաքական, սոցիալական հարցեր չենք բարձրացրել, ոչ մի ծառ, ոչ մի կանաչ տարածք չի ջարդվել կամ տրորվել, ոչ մի մեքենա, ոչ մի խանութ չի այրվել, մենք խաղաղ երթ ենք կազմակերպել, ուրիշ ոչինչ: Մեր խնդրանքը կատարվեց: Ձերբակալվածներին ազատ արձակեցին: Մեր նկատմամբ որևէ հետապնդում, հալածանք չեղավ:

«ՄԵՆՔ ՔԱՋ ՏՈՀՄԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆՔ, ՉԵՆՔ ՎԱԽԻ...»
-Ցեղասպանության 50-րդ տարելիցի երթը միավորեց բոլորիս, ազգային զարթոնք ապրեցինք։ Ես հիշում եմ, թե դասախոսներն ինչ հիացմունքով էին նայում մեզ: Եթե նրանց աջակցությունը չլիներ, գուցե ամեն ինչ այլ կերպ լիներ: Առաջին անգամ հայ ժողովուրդը կարողացավ իր կամքը պարտադրել իշխանություններին ու բացեիբաց ներկայացնել աշխարհին: Լռության պատնեշը քանդվեց:
1965 թվականից հետո Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության մեր պայքարն արդեն ուներ շարունակական բնույթ, միջոցառումները տեղափոխվեցին Հայաստանի սահմաններից դուրս` Մոսկվա: 1967-ին Մոսկվայի հայ ուսանողների միությունը (ես այդ ժամանակ ասպիրանտ էի Մոսկվայում) ապրիլի 23-ին Լոմոնոսովի անվան համալսարանում կազմակերպեց հայ մտավորականների հավաք` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Հրավիրված էին Մոսկվայի հայ մտավորականության ներկայացուցիչներ, գիտնականներ, բժիշկներ, ինժեներներ, դիվանագետներ: Երեկոյին մասնակցում էին բազմաթիվ հայեր Երևանից, այդ թվում` Սիլվա Կապուտիկյանը: Քանի որ համալսարանի ղեկավարությունը հրաժարվել էր մեզ տրամադրել սրահը, այն կազմակերպեցինք կենտրոնական մասնաշենքի ուսանողական հանրակացարանի 9-րդ հարկի փոքր սրահում (այդ հարկում էի բնակվում ես): Մեզ` երիտասարդներիս, ոգևորել էին մասնակիցների թե՛ կարգավիճակը, թե՛ ակտիվությունը: Տարբեր մարդիկ ելույթ ունեցան, այդ թվում` Սիլվա Կապուտիկյանը: Հիշում եմ, ասաց` ես հպարտ եմ, որ այսպիսի երիտասարդներ ունենք, մենք ճիշտ ենք, արդար ենք և կհաղթենք: Այստեղ էր նաև ԽՍՀՄ արտաքին գործերի մի պատասխանատու աշխատակից` Նալբանդյան ազգանունով: Երբ հարցրի նրան, թե ինչու չեն բարձրացնում Հայկական հարցը, ասաց` գիտե՞ք, ձեզ` երիտասարդներիդ, ավելի հեշտ է այն բարձրացնել: Այդ օրն էլ համոզվեցինք, որ ամբողջ հայ ժողովուրդը միակարծիք է այս հարցում` մենք պահանջատեր ենք:
Այդ երեկո որոշվեց, որ ապրիլի 24-ի առավոտյան պետք է բողոքի ցույց կազմակերպենք Թուրքիայի դեսպանատան առաջ:

«ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ»
Ապրիլի 24-ին` ժամը 12-ին մոտ, 50 երիտասարդներով խմբվեցինք Մոսկվայում թուրքական դեսպանության մուտքի մոտ: Վանկարկում էինք` «Մենք ոչինչ չենք մոռացել, ցեղասպաններ, ֆաշիստների ուսուցիչներ, թուրք ֆաշիստներ»: Մի քանի րոպե անց մեզ շրջապատեցին միլիցիոներները և պահանջեցին անհապաղ հեռանալ, բայց մենք, 15-20 րոպե դիմակայելով միլիցիոներներին, որոշեցինք շարժվել դեպի հայկական գերեզմանատուն: Երթին հետևում էին ոչ թե շարքային միլիցիոներներ, այլ փոխգնդապետներ, գնդապետներ: Գերեզմանատուն մտնելիս նկատեցինք, որ ցուցանակը, որտեղ գրված էր «Հայկական գերեզմանատուն», մի կողմից պոկվել և կախվել է: Որոշեցինք ուղղել, բայց միլիցիոներներից մեկը թույլ չտվեց և ուժ գործադրեց մեր տղաներից մեկի նկատմամբ: Մի տարեց մարդ խիստ հանդիմանեց միլիցիոներին, ասաց, որ ինքը ՍՄԿԿ-ի անդամ է, նշեց նաև, որ մեր դատը արդար է, ու ինքը մեզ հետ է: Մտնելով գերեզմանատուն, տեղի եկեղեցու քահանայից պահանջեցինք պատարագ մատուցել` ի հիշատակ ցեղասպանության զոհերի: Պատարագը լսելուց, մոմեր վառելուց հետո դուրս եկանք բակ, երգելով` «Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չե՛նք վախի»:
Ոչ ոք թող մեզ չմեղադրի թուրքատյացության մեջ, մեզ ոչ ոք թուրքատյաց չի դարձրել, մեզ այդպիսին դարձրել է հենց թո՛ւրքը: Վերջերս Երևանի պետական համալսարան էին այցելել թուրք մտավորականներ, այդ թվում` Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը, որոնք, իբր, հայամետ քաղաքականություն են տանում Թուրքիայում: Նրանցից ոչ ոք իր խոսքում չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, չպատասխանեց իմ հարցին` ինչպես է տեսնում ապագայում հարաբերությունները իմ` ցեղասպանությունից հետո գերդաստանը, տունն ու տեղը, հայրենիքը կորցրածի և իր` ցեղասպանության արդյունքում հարստություն, կալվածքներ, հայրենիք ձեռք բերածի միջև:
Վերջում ցանկանում եմ նշել, որ Ցեղասպանության 50-րդ տարելիցը մեզ բոլորիս միավորել էր, դարձել էինք մեկ բռունցք, իսկ 100-րդ տարելիցը մեր միավորման հրամայականն է, քանզի պատմությունը մեզ սովորեցրել և սովորեցնում է, որ ոչ մի երկիր դրսից չի կործանվում, ամեն մի երկիր կործանվում է ներսից:


Պատրաստեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ