«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Գալիպոլիի ճակատամարտն իր հաղթանակով, ըստ էության, արձակել է թուրքերի ձեռքերը հայոց ցեղասպանությունն իրականացնելիս

Գալիպոլիի ճակատամարտն իր հաղթանակով, ըստ էության, արձակել է թուրքերի ձեռքերը հայոց ցեղասպանությունն իրականացնելիս
24.02.2015 | 12:08

Թուրքիան հերթական անգամ ծաղրում է Եվրոպային։
Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը, որ հաճախ շփոթում են դիվանագիտության հետ, միշտ էլ եղել է խորամանկ, անպատասխանատու, հաճախ ծաղրալից ու լկտի հարևան ու դաշնակից, հակառակորդ ու թշնամի պետությունների հանդեպ: Այս ամենը իսկական դիվանագիտության հետ որևէ առնչություն չունի, քանի որ դիվանագիտությունը, եթե կարելի է այն գիտություն անվանել, տարբեր երկրների ու դրանց կառավարությունների հետ խաղաղ հարաբերվելու, հաճախ անցանկալի պատերազմը դիվանագիտական բանակցությունների շնորհիվ կանխելու, կամ ծրագրված ցանկալի և շահավետ պատերազմը սանձազերծելու և դրա համար պատասխանատվություն չկրելու «գիտություն» է: Թուրքիան հավասարապես տիրապետում է այդ երկուսին էլ: Չէի ասի, որ դա միշտ օգտակար է եղել կամ այսուհետ էլ օգտակար կլինի Թուրքիայի համար: Պատմությունն ապացուցել է, որ քաղաքական անհուսալի գործընկեր ու դաշնակից լինելը վաղ, թե ուշ այդ երկիրը տանում է տնտեսական ու քաղաքական մեկուսացման, իսկ դա քաղաքական ասպարեզից պետությունների դուրս մղվելու իրական և անդառնալի վտանգ է պարունակում։ Թուրքիան այդ ճանապարհին է։ 2015 թվականը մարդկության պատմության ամենադաժան թվականներից է և դարձյալ կապված է թուրքական պետության ու թուրք ինքնության հետ: Հարյուր տարի առաջ թուրքական կառավարությունը ծրագրված ու հետևողական կոտորածներով տեղահանեց Արևմտյան Հայաստանի և Օսմանյան Թուրքիայում ապրող հայերին, ենթարկեց դաժան սպանդի, խլեց ու թալանեց նրանց անշարժ ու շարժական գույքը, դրամական խնայողությունները՝ ոսկու և արժույթի ձևով, և իրականացրեց ամենաաննախադեպ հանցագործությունը՝ հայրենազրկեց մի ողջ ժողովրդի։ 1915 թ. Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության՝ պետությունների ու դրանց կառավարությունների կողմից դեռևս չի ստացել համարժեք գնահատական ու դատապարտում, իսկ հայ ժողովուրդը դեռ չի ստացել բարոյական, նյութական փոխհատուցում և բռնազավթված հայրենիքի վերադարձ: Ժխտողականությունը սովորաբար հատուկ է մեծ հանցագործություն կատարողներին, մանավանդ, երբ առկա է հասցված նյութական վնասը վերադարձնելու կամ փոխհատուցելու դատավճիռը: Այդ ժամանակ հանցագործը պատրաստ է այնպես չքմեղանալու, որ հանցակիցն էլ է զարմանում, երբեմն նույնիսկ հավատում, որ մեղավոր չեն ո՛չ բուն հանցագործը, ո՛չ ինքը՝ որպես մեղսակից: Այս էլ մի ամբողջ դար հենց այս հոգեվիճակում են և՛ Թուրքիան՝ որպես հանցագործ, և՛ նրա հանցակից գործընկեր երկրները Հայոց ցեղասպանության հարցում: Թուրքիայի ժխտողականությունը՝ որպես քաղաքական խեղկատակություն, հերթական անգամ դրսևորվեց 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու և աշխարհին զգաստության կոչ ուղղելու միջազգային համաժողովին ՀՀ նախագահի՝ Թուրքիայի նախագահին հրավիրելուց հետո: Այն, որ Էրդողանը չէր ժամանի Երևան, բոլորին էր հայտնի, բայց որ նա ընդունակ է քաղաքական այսպիսի մանկամտության, առողջ բանականություն ունեցող շատերին զարմացրեց: Առաջին աշխարհամարտի մասնակից Թուրքիան, պատերազմի ողջ ընթացքում, միակ ակնառու հաղթանակը Գալիպոլիում է տարել Անտանտի՝ իրեն թշնամի պետությունների դաշնակցային զորքերի դեմ: Անհասկանալի է, որ հարյուր տարի անընդմեջ Թուրքիայում տոնել են ոչ թե այդ ճակատամարտը հաղթական դարձրած ամսին՝ օգոստոսին, այլ մարտի 15-ին՝ ճակատամարտի սկսվելու օրը: Եվ պակաս զարմանալի չէ , որ համատարած պարտությունների շղթայում, որոնք երկիրը հասցրել էին կործանման եզրին, թուրքական իշխանությունները չեն խորշել իրենց պարտությունները անտեսելով՝ փառաբանել միակ հաղթանակը: Բայց, ինչպես երևում է, այդ միակ հաղթանակով նրանք հարյուր տարի սերունդ են կրթել: Հիմա անդրադառնանք տխրահռչակ Գալիպոլիի ճակատամարտին, որի «փառահեղ» հաղթանակի հարյուրամյակի տոնակատարության ամսաթիվը կեղծել են թուրքական իշխանությունները՝ տեղափոխելով ապրիլի 24 և որպես «փայլուն» դիվանագիտական աճպարարություն ու խեղկատակություն՝ այդ հանդիսություններին հրավիրել աշխարհի շատ երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Անտանտի դաշնակից պետությունների ղեկավարներին, որոնց երկրները պատմական այդ ժամանակահատվածում ծանր պարտություն են կրել թշնամի երկրից՝ Թուրքիայից։ Թուրքիան քաղաքական իր խեղկատակություններն է անում՝ բնականաբար ելնելով իր շահերից, և ինչպես վերն ասվեց, դարակազմիկ հանցագործություն կատարողի պես պիտի չքմեղանա ու մարդկային բարձր արժեքներից խոսի՝ խաղաղություն, հանդուրժողականություն, մշակութային երկխոսություն և նման համամարդկային ըմբռնումներ վկայակոչելով։ Եվ դարձյալ զարմանալի է, որ համաշխարհային պատերազմ հրահրող Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Թուրքիան, որոնք նաև Երկրորդ աշխարհամարտի հրձիգներն էին, այսօր նախկին թշնամի Անտանտի դաշնակից պետությունների հետ տոնում են մի ճակատամարտի հաղթանակ, որի ժամանակ զոհվել են հազարավոր դաշնակցային զինվորներ։ Հաղթող երկրները տոնում են պարտված երկրի միակ հաղթանակը՝ նսեմացնելով ու վիրավորելով զոհված զինվորների հիշատակը։ Սա է, երևի, եվրոպական քաղաքակրթության ու բարոյականության չափանիշը, որ միշտ էլ եղանակ է ստեղծել համաշխարհային պատմության մեջ։ Եվ առավել անբարո կլինի այդ դաշնակից պետությունների՝ Անգլիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և մյուս երկրների նախագահների կամ արտգործնախարարների ներկայությունը գիշատիչների այդ համաժողովին, քանի որ նրանք իրենց պատմական կառավարություններին հայերի ցեղասպանության գործում կդարձնեն Թուրքիային մեղսակից պետություն, իսկ ներկայիս իշխանություններին՝ նրանց ժառանգորդները։ Մանավանդ որ այդ պետություններից մի քանիսն առայսօր չեն ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական փաստն ու իրողությունը: Անդրադառնանք ՀՀ նախագահին տոնակատարությանը հրավիրելու քաղաքական և բարոյական բովանդակությանը: Սա քաղաքական և դիվանագիտական տեսակետից տհասություն էր և անգրագիտություն: Առաջին աշխարհամարտին պետություն չունեցող և իր սեփական բանակով պատերազմական գործողություններին չմասնակցած հայ ժողովուրդը չի կարող մասնակցել այդ բովանդակությամբ որևէ միջոցառման, այնպես, ինչպես չեն կարող հրավիրված լինել պատմական նույն ժամանակաշրջանում պետականություն չունեցած ազգերը՝ քրդերը, լեզգիները և այլք: Բարոյական տեսակետից Էրդողանի հրավերը վիրավորանք է՝ հասցված ոչ միայն ՀՀ նախագահին, այլև ողջ հայ ժողովրդին ու մեր անմեղ նահատակների հիշատակին։ Կարծում եմ՝ նախագահ Ս. Սարգսյանի պատասխան նամակը չափազանց մեղմ էր, մինչդեռ պետք է լիներ բաց նամակ՝ ուղղված աշխարհի այն երկրների նախագահներին, որոնք պատմականորեն ժառանգորդն են Անտանտի դաշնակից պետությունների, և հարցն ուղղեր նրանց. «Ձեզնից ոմանք, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական իրողություն, ոմանք՝ ոչ, և դրանով շարունակում են թուրքական ժխտողականությանը աջակցել, չե՞ք մտածում, որ մասնակցելով այդ «փառահեղ» տոնակատարությանը, Դուք արդարացնում և քաջալերում եք Թուրքիայի կատարած ցեղասպանությունը հայերի հանդեպ և նրանց հայրենազրկումը: Չէ՞ որ Դուք 1920 թ. ստորագրել եք (Ձեր իսկ առաջարկով ստեղծված) հայրենազրկված ու եղեռնի ենթարկված հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու և անկախ պետություն ստեղծելու իրավունքների վերականգնումն արտոնող Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը, որն անժամանցելի է, ուժի մեջ է ընդունման պահից և բեկման ենթակա չէ: Վստահ եմ, որ Ձեզնից ոչ ոք չի մոռացել դա, իսկ եթե այսօր շահեկան չէ հիշելը, ապա մենք չենք մոռացել ու Ձեզ հիշեցնում ենք. պարոնա՛յք, Դուք բարոյական և քաղաքական պարտք ու պարտականություն ունեք հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության առաջ»: Գալիպոլիի ճակատամարտն իր հաղթանակով, ըստ էության, արձակել է թուրքերի ձեռքերը հայոց ցեղասպանությունն իրականացնելիս: Չարաբաստիկ ճակատամարտի հաղթանակի տոնակատարությանն աշխարհի երկրների ղեկավարների մասնակցությունը կդառնա այն հաղթաքարտը, որ նրանք անմտորեն և անհեռատեսորեն կնվիրեն քաղաքական թափ առնել ցանկացող Թուրքիային։ Քաղաքական այդ բացթողումը շատ թանկ կարժենա հենց Եվրոպային: Անցած դարերն ու Եվրոպայի թրքացումն ապացուցել են դա։

Մարի
ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ