Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Սարահարթցի վրիժառուն

Սարահարթցի վրիժառուն
24.02.2015 | 12:05

Այս տարի լրանում է ֆաշիզմի դեմ տարած փառապանծ հաղթանակի 70-ամյակը: Հաղթանակն օր առաջ ապահովելու համար Խորհրդային Միության տարբեր զորատեսակների կազմում կռվում էր աշխարհի գրեթե բոլոր երկրներից ժամանած շուրջ 600 հազար հայ, որոնցից 106-ն արժանացան երկրի բարձրագույն՝ հերոսի կոչման, 4-ը դարձան Խորհրդային Միության մարշալներ, մեկը՝ ծովակալ: Շատ հայորդիներ իրենց ճակատը փառքով պսակեցին եվրոպական պետություններում: Գնանք նրանց հետքերով, հիշենք հերոսներին։

ՍԱՐԱՀԱՐԹՑԻ ՎՐԻԺԱՌՈՒՆ
Ամստերդամ գործուղմանս ընթացքում ժամանակ եմ գտնում այցելելու Հոլանդիայի պատմության պետական արխիվ: Փոխտնօրենը, լսելով «Armenia» անունը, բառացիորեն տեղից վեր է թռչում, ողջունում է ինձ և ուղեկցիս, հրավիրում է նստելու, հանձնարարում է սուրճ և քաղցրեղեն բերել: Հարցիս՝ թե դուք բոլո՞ր այցելուներին եք այսպես դիմավորում, ժպտալով պատասխանում է՝ հարազատներին՝ այո: Հասկանալով տարակուսանքս, թե ինչո՞վ ենք մենք հարազատներ, տիկին Աննան ներքին հեռախոսակապով հրավիրում է պատերազմի արխիվի ղեկավարին, խնդրում է բերել Տելեմաք-Աշոտ Մարտիրոսյանի անձնական գործն ու հանելով խունացած փաստաթղթերը, հիացմունքով և երախտագիտությամբ պատմում է Հայաստանի Արթիկի շրջանի Սարահարթ գյուղից ճակատագրի բերումով 2-րդ աշխարհամարտի տարիներին Ամստերդամում հայտնված հայորդու մասին:
-Նա լիովին արժանի էր մեր երկրի բարձրագույն պետական պարգևին,- ասում է արխիվի պատասխանատուն,- մենք այդ հարցով պաշտոնական նամակներ ենք հղել պատկան կառույցներին, ցավոք, հարցը դեռ լուծված չէ:
-Եթե այսօր մեր երկրում հին շենքեր ու հուշարձաններ կան, իմ տարիքի մարդիկ, մենք պարտական ենք Մարտիրոսյանին ու նրա խմբին,- շարունակում է նորածանոթս,- դուք հերոս ժողովուրդ եք…
Երևան վերադառնալով՝ կենտրոնական արխիվում, թանգարաններում և այլուր հիշատակություններ եմ փնտրում Աշոտ-Տելեմաք Մարտիրոսյանի մասին: Իզուր: Մեկնում եմ Արթիկ: Ինձ ասում են, որ դուստրը ողջ է, տալիս են հասցեն:
Տիկին Զեմֆիրան նախ զարմանում է, որ հորը հիշողներ են մնացել՝ այն էլ Երևանից, հետո, իմանալով, թե իմ տեղեկությունները որտեղից են, ուրախանում է, խնամքով պահած պայուսակից մեկիկ-մեկիկ հանում է հորից հիշատակ մնացած մասունքները, մի կերպ զսպելով արցունքները, շարում է սեղանի վրա ու քթի տակ մրմնջում՝ գոնե մի բան հիշատակ մնա հայրիկիցս... Հայրիկին նա ճանաչում է մոր ու ավագ եղբոր՝ Հայկազի պատմածներով: Ինքն ընդամենը մեկևկես տարեկան էր, երբ հայրը կամավոր ռազմաճակատ մեկնեց Հայրենական մեծ պատերազմի երկրորդ օրը՝ հունիսի 23-ին: Գնաց եղբոր՝ Անդրանիկի հետ: Առանց դույզն-ինչ վարանելու գնացել են երկիրը պաշտպանելու, երբ դեռ մի կարգին չէին չորացել մոր արցունքները, որն այդպես էլ չհասկացավ, թե ինչ վատ բան էին արել Մարտիրոսյան ազնիվ ու աշխատասեր գերդաստանի շառավիղ իր ամուսինը, կամ օրնիբուն հողուքարի հետ կռիվ տվող, աշխատասեր ու ամեն ինչից գլուխ հանող հայրը, որոնց՝ որպես կուլակի, 1937 թվականին Սիբիր աքսորեցին՝ բազմանդամ ընտանիքներին զրկելով հանապազօրյա հացը վաստակողից։
-Մորս հիշում եմ, երբ դեռ 3-4 տարեկան էի,- շարունակում է Զեմֆիրա Մարտիրոսյանը։- Դրանք պատերազմի անենաթեժ տարիներն էին, ամեն ինչ ռազմաճակատ էր գնում, տանը աշխատող չկար, հայրս ռազմաճակատից նամակներով հորդորում էր տան եղած-չեղածը ծախծխել, յոլա գնալ: Այդպես էլ վարվում էր մայրս՝ աչքն ամուսնու ճանապարհին։ Պատերազմի ընթացքում երկու անգամ փոստատարը վարանոտ քայլերով մեր դուռը զարկեց. աոաջինը 1941-ի հոկտեմբերին էր. հորեղբորս՝ Անդրանիկի «սև թուղթն» էր բերել: Թե ինչ էր «սև թուղթը», մենք հետո էինք իմանալու: Երկրորդը մեկ-երկու ամիս հետո էր. հորս՝ Տելեմաք (Աշոտ) Մարտիրոսյանի անհայտ կորչելու թուղթն էր ձեռքին։ Այդպես էլ, ցավին անտեղյակ, դավին անտարբեր ապրում էինք, սովորում, աշխատում՝ համակերպվելով որբի աննախանձելի վիճակին: Մորս ականջը, սակայն, միշտ լուրի էր, աչքը՝ դռանը:
-Մեր ընտանիքի համար պարզ երկնքում ամպրոպի ճայթյունի էր նման ահա այս հոդվածը,- «Սովետական Հայաստան» թերթի 1968 թվականի փետրվարի 1-ի խունացած համարն ինձ պարզելով, շարունակում է խոսքը Զեմֆիրա Մարտիրոսյանը,- Արթիկում գրեթե տուն չկար, որ կարդացած չլիներ Միքայել Հակոբյանի «Ինչ են պատմում հոլանդական փաստաթղթերը» հոդվածը։ Մեր տունն այդ օրը լեփ-լեցուն էր բարեկամներով ու ծանոթներով, հորս նախկին աշխատանքային ընկերներով: Չնայած խստաշունչ ձմռանն ու ճանապարհների փակ լինելուն, հաջորդ օրը եկան նաև հորս հայրենի գյուղում՝ Սարահարթում ապրող մեր հարազատներից շատերը: Բոլորը շնորհավորում էին մեզ, բարի վերադարձ մաղթում հորս, իսկ նա չկար ու չկար։ Նորից լռություն իջավ հորս անվան շուրջը:
Կարդում եմ Մ. Հակոբյանի հիշյալ հոդվածը: Այնտեղ պատմվում է, թե ինչպես պատերազմն սկսվելուց 5-6 ամիս հետո հայ զինվորների մի խումբ, որոնց մեջ նաև Տելեմաք-Աշոտ Մարտիրոսյանը, ընկնելով շրջապատման մեջ, գերի է վերցվում գերմանացիների կողմից և ուղարկվում Ամստերդամ: Այստեղ Մարտիրոսյանը կապ է հաստատում հայրենիքի ազատագրությանը հետամուտ հոլանդացի ընդհատակայինների հետ: Պատերազմի ավարտից հետո այդ ընդհատակայինների նշանավոր դեմքերից մեկը՝ Վիլյամ Նագելը, գրում է. «...հոլանդական փաստաթղթերը օգնում են ճանաչելու այն խիզախներին, որոնք ամեն վայրկյան վտանգելով իրենց կյանքը, արտակարգ դժվարին պայմաններում գլխավորում էին ընդհատակը, եռանդով ու վճռականությամբ ելույթի նախապատրաստվում: Դրանցից աոաջինը Տելեմաք Մարտիրոսյանն է: Նա ծնվել է Հայաստան երկրի Սպիտակի շրջանի Սարահարթ գյուղում: Մինչև պատերազմն աշխատում էր «Արթիկտուֆում»: Մասնագիտությամբ հյուսն էր: Ակտիվ հայորդին սքանչելի գործունեություն էր ծավալել Հոլանդիայում և փառքով պսակել իր անունը: Չունենալով գինվորական պատրաստություն, թերի միջնակարգ կրթության տեր լինելով, Տ. Մարտիրոսյանը, այնուհանդերձ, հանդես է բերել արտասովոր հմտություն, մեծ վճռականություն: Նա գլխավորել Է Ֆլակեն կղզում տեղակայված մի մեծ խումբ հայ ընդհատակայինների պայքարը, համագործակցել դիմադրական շարժման գործիչների հետ, մանրամասնությամբ պլանավորել կղզու ազատագրումը նվազագույն զոհերի գնով: Մեծ հեղինակություն վայելելով ընդհատակայինների շրջանում, նա հանդես էր գալիս նրանց անունից և կազմել էր մի պլան, որով նպատակ ուներ ոչնչացնել կամ գերել բոլոր հիտլերականներին, ընդամենը երկու ժամում կղզին մաքրել թշնամուց, նույնիսկ հոգ տանելով այն մասին, որ դեսանտայինները խուսափեն ականապատված դաշտերից: Կղզում գտնվող հիտլերականների թիվն անցնում էր մի քանի հազարից, որոնք լավագույնս զինված էին։
-Տելեմաքը, սակայն,- շարունակում է պատմությունը Վիլյամ Նագելը,- իրեն դրսևորեց իբրև չափազանց եռանդուն և ուժեղ կամքի տեր մարդ... Հոլանդացի ընդհատակայինները արագորեն նրա ազդեցությանն էին ենթարկվում և տառացիորեն համաձայնում նրա բոլոր առաջարկներին: Նա այն կարծիքին էր, որ ընդամենը ինը հարյուր հայ մարտիկներով կկարողանա մի քանի հազար գերմանացիների հախից գալ: Արտակարգ դժվարին պայմաններում նա հոլանդացիներին հանձնեց գնդացիր, մի քանի պարկ նռնակ, ձեռք բերեց և դիմադրական շարժման մասնակիցներին տվեց գերմանական զորքի ու զենքի դասավորության գծագիրն այն կղզիներում, ուր հայերն էին: Սակայն հայ ռազմագերիները միայն հայերին չէին պաշտպանում: Նրանք սատար էին կանգնում նաև հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների ռազմագերիներին, ժամանակավորապես գերմանացիների տիրապետության տակ գտնվող իրենց հյուրընկալած երկրի բնակիչներին՝ ստեղծելով ամուր բռունցք ընդդեմ թշնամու:
Սյսպես՝ Տ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ գործող ռազմագերիների խումբը գերված անգլիացի մի քանի օդաչուների ազատեց գերությունից և անլեգալ վերադարձրեց հայրենիք: Խումբը ապամոնտաժել էր այն սարքավորումները, որոնց օգնությամբ գերմանական զինվորական տեխնիկայի համար բենզին էր մղվում կղզիները:
Ֆլակեն կղզին հայ ընդհատակայինները լիովին նախապատրաստել էին՝ հանձնելու բրիտանացիներին: Ստացված ազդանշանի համաձայն՝ նրանք պատրաստ էին երկու ժամում վնասազերծել կղզին պահող օկուպացիոն զորքը, գերել բոլորին:
Բացի այդ, նրանք հավաքել ու դաշնակիցներին էին հանձնել Ռոտերդամում և Ֆլակե կղզում տեղակայված ֆաշիստական զորքերի մասին անհրաժեշտ ռազմական տվյալները, զենք ու զինամթերք էին մատակարարում հոլանդական դիմադրական ուժերին»:
-Պատերազմն ավարտվել էր, շատերը վերադարձան: Մենք սպասում էինք ու սպասում,- շարունակում է իր պատմությունը Զեմֆիրա Մարտիրոսյանը: Գյուղում ամեն օր մի քանի անծանոթ բեռնատար էր հայտնվում ու առավոտյան անհետանում: «Դասալիքներին ու ժողովրդի թշնամիներին են տանում»,- հարցիս ի պատասխան մի օր ասաց մայրս:
-Դասալիքն ի՞նչ է,- հարցրի ես:
-Կգա ժամանակը, կիմանաս,- հակիրճ պատասխանեց մայրս:
-Ես հետո էի իմանալու, որ «ժողովուրդների հայր» Ստալինը հրամայել էր գերեվարված ու հայրենիք վերադարձած զինվորներին համարել ժողովրդի թշնամի ու դատել կամ աքսորել։ Հայրս այդ մասին իմացել էր դեռևս Հոլանդիայում ու փրկվելու համար մնացել էր օտարության մեջ՝ Հոլանդիայից տեղափոխվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այստեղ հորս մեջ վերստին գլուխ է բարձրացնում նախնիներից ժառանգած շինարարի ոգին: Առանց անհրաժեշտ դրամագլխի ու կառուցողի վկայականի, մի կարգին չտիրապետելով անգլերենին, նա համարձակ գործի մեջ է մտնում և ինչպես մյուս գործերում՝ հասնում հաջողության: Ահա թե ինչ է գրում ամերիկահայերի «Հայրենիք» թերթը 1966 թվականի հուլիսմեկյան համարում. «Պարոն Աշոտը այս կարճ ժամանակամիջոցում ոչ միայն հարգանքի ու պատվի է արժանացել օտարների մոտ իր կատարած ճարտարապետական աշխատանքների համար, այլև առաջնություն Է շահել Ամերիկայի կառուցողական ազատ և դժվարին մրցադաշտում՝ արժանանալով մի շարք մրցանակների... Նրա «Հայ շինարարի» ֆիրման բացի բնակարաններ կառուցելուց, նաև բարեգործությամբ է զբաղվում՝ հովանավորելով շատ շնորհալի հայ երիտասարդների ուսումը:
1984 թվականի ապրիլին Աշոտ Մարտիրոսյանն առաջինը Չիկագոյում տեղի Ամենայն սրբոց եկեղեցու բակում կառուցում է Հայոց մեծ եղեռնին նվիրված հուշարձան՝ հայերի մեջ վերստին վերականգնելով պատմության դառը հիշողությունը, իսկ օտարներին ծանոթացնելով իր ժողովրդի ողբերգությանը:
Հետագայում, երբ Խորհրդային Միությունում տեղի ունեցած որոշակի ժողովրդավարական բարեփոխումներից հետո Աշոտ Մարտիրոսյանը հայրենիք այցելեց ու տեսավ իր հայրենի Սարահարթի հնամենի եկեղեցու անմխիթար վիճակը, գումար տրամադրեց վերանորոգման համար, իրականում կառուցվեց նոր եկեղեցի:
Այսպես ապրեց ու 2003-ի փետրվարին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Պարկրիչ քաղաքում իր փոթորկահույզ կյանքի մահկանացուն կնքեց ֆաշիզմի դեմ պայքարում իր անունը փառքով պսակած շինարար ու հայրենասեր հայորդին՝ սարահարթցի Տելեմաք-Աշոտ Մարտիրոսյանը: Նրա աճյունասափորը ամփոփվեց հայրենի գյուղի գերեզմանատանը՝ մոր կողքին:


Ասքանազ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1845

Մեկնաբանություններ