Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Ցեղասպանությունից փրկված իմ երկու պապերի պատմությունները

Ցեղասպանությունից փրկված  իմ երկու պապերի պատմությունները
20.02.2015 | 12:03

Ցեղասպանության հետևանքներն իմ արմատների վրա քառակողմ են և շատ ծանր: Մայրական կողմից պապս՝ Մինաս Դավթյանը, ծնվել է 1891 թ., Օվաճխ գյուղում, որ գտնվում էր Իզմիրի մոտ, Թուրքիայի արևմտյան կողմում: Իսկ տատիկս՝ Թագուհի Պարտիզպանյանը, ծնվել է 1903-ին, Իզմիթ քաղաքում:
Եղեռնից հետո կորցնելով հարազատներին, նրանք հայտնվում են Սիրիայում, որտեղ էլ ստիպողաբար աշխատում են արաբների մոտ: Արաբները աղջիկ երեխաների դեմքերին դաջվածքներ էին անում, իբր նրանք արաբներ են, որ կասկածներ չլինեին նրանց հայ լինելու հարցում: Աղջիկները տնային գործերն էին անում: Մինասը մյուս տղաների հետ անասուններ էր արածեցնում: Հայ տղաները որոշում են փախցնել շահագործվող բոլոր հայ երեխաներին ու ապաստան փնտրել ամերիկյան մանկատանը: Եվ ահա մի գիշեր իրականացնում են որոշումը:
Այնուհետև որբերին նավով տեղափոխում են Հունաստան՝ Սալոնիկի որբանոց: Այստեղ Մինասն ու Թագուհին ամուսնանում են, և նորաստեղծ ընտանիքը, շատերի հետ, 1924-ի մի օր որոշում է հայրենադարձվել Հայաստան: Թագուհին հղի էր իր առաջնեկով: Ճանապարհին, նավի վրա, ծնվում է աղջիկը՝ Սրբուհին: Սալոնիկից ներգաղթյալներին Երևանի ծայրամասերից մեկում տարածք են տրամադրում, և նրանք հիմնում են Բութանիա թաղամասը, սկսում են տներ կառուցել:
Մինաս և Հայկազ եղբայրները Սալոնիկում են արմատներ գցում: 1927-ին ծնվում է Մարիամը, 1933-ին՝ Վարդուհին` մայրս: Ապրում են երջանիկ, իրենց ճակատագիրն ունեցող հարևաններով շրջապատված, հիշելով իրենց խելահեղորեն գեղեցիկ ծննդավայրերը, իրենց հայրերի երկիրը:
Մեծ աղջիկներն արդեն ամուսնացել էին, տանն իրենց հետ մնում էր փոքր աղջիկը, երբ մի օր Մինասը՝ Մարիամի ամուսնանալուց հետո, գնում է նրանց հյուր: Երբ արդեն դուրս է գալիս, հանկարծ տեսնում է հարևանի կնոջը՝ Մարիամին, ով նույնպես երեսին դաջվածքներ ուներ: Նրանց հայացքները հանդիպում են: «Մինա՜ս»,- կանչում է Մարիամը։ «Մարիա՜մ»,- կանչում է Մինասը, և նրանք գրկախառնվում են: Բոլորը լաց էին լինում: Արաբների մոտ աշխատող երեխաները 35 տարի անց հանդիպել էին և ճանաչել իրար: Դրանից հետո Մինասի և Մարիամի ընտանիքները մտերմանում են:
Պապս հայտնի թութունագործ էր այն ժամանակվա Երևանում, մեծ էր նրա ներդրումը թութունի աճեցման և մշակման գործում: Հարևանները դեռ հիշում են Մինասին, որպես լավ թութունագործի, իսկ Թագուհուն` որպես լավ կար անողի, եփողի ու միշտ գովում էին նրա ճաշերի բույրն ու համը: Պատերազմի դժվար տարիներին Թագուհին շինելներ էր կարում, ձեռնոցներ էր գործում ռազմաճակատ մեկնող զինվորների համար:
Ցավոք, վաղուց չկա այդ սերունդը, պակասում են նաև նրանց զավակները: Ես երեխա էի ու լավ եմ հիշում, թե մեր թաղամասի փոստատարների խումբն ինչպես էր մանդոլին նվագում, երգում հունական երգեր, պարում հունական պարեր: Երբեք չեմ մոռանում նրանց սիրտակին:
Հիմա ամեն ինչ այլ է, հիմա այդ ամենը հեռո՜ւ, գեղեցիկ մանկական հիշողություն է:
Հայրական կողմի պապս` Արիստակես Աղաբաբյանը, ծնվել է 1909-ին, Էրզրումի շրջանի Թորթան գյուղում (այժմ` Դողանքոյ), որտեղ ըստ ավանդության, ամփոփված են Տրդատ Մեծ արքայի ու սբ. Գրիգոր Լուսավորչի աճյունները: Իրենց ընտանիքի տխուր պատմությունը պապս գրի էր առել:
«Ծնվել եմ Էրզրումի շրջանի Թորթան գյուղում։ Գերդաստանով` 25-30 հոգով, ապրում էինք մեկտեղ, հայրս` չորս եղբայրներով, իրենց ընտանիքներով, պապս, մայրական պապս, տատս, քեռիներս: Տղամարդիկ զբաղվում էին հողագործությամբ: Մեծ հորեղբայրս` Գևորգը, երկաթագործ էր, մյուս հորեղբայրս ատաղձագործ էր, պատշար: Հայրս` Գրիգորը, ատաղձագործ էր, պատշար, կոշկակար, խանութպան, զինագործ, ամեն բան ձեռքից գալիս էր, ժամացույց էլ էր սարքում: Պապս` Աղաբաբը, քարտաշ-պատշար էր, վանքերի պատեր էր շարում: Թուրքերը հորս որպես ասկյար տարել էին և սպանել:
1914-ի պատերազմի ժամանակ մեզ ընտանիքով աքսորեցին Թուրքիայի արևելյան կողմը: Հեռացնելով մոտ 100 կմ` թուրքերը սկսեցին մեզ սրի քաշել: Օրական տեղափոխում էին մի որևէ տեղ և սկսում կոտորելը: Իմ աչքի առաջ սպանեցին հորեղբայրներիս` Գևորգին, Հակոբին, Անդրանիկին: Մնացինք ես, մայրս, հորեղբորս կինը` Շուշանը, նրա երեխաները՝ Հովոն և Ազնիվը: Մի գյուղում էլ թուրքերը մեզ լցրին մարագը և ուզում էին վառել: Թուրքերից մեկը մոտեցավ ինձ, պոկեց իմ մորից և տարավ: 4 օր պահեց իր տանը, ապրումներից ես ծանր հիվանդացա: Այդպես հիվանդ հանեց ինձ տնից և ասաց. «Գնա, ես քեզ չեմ պահում, որովհետև հիվանդ ես»: Այդպես հիվանդ, արտերի մեջ թաքնվելով, մի կերպ գտա մեր երկրացի կանանց, միացա նրանց: Խմբով գնալիս մի թուրք մոտեցավ և ուզում էր ինձ սպանել, ես շատ վախեցա, բայց մի բարի թուրք էլ խլեց ինձ և տարավ իրենց տուն, պահեց մինչև 1916 թիվը: 1916-ին ռուսը նորից եկավ, ես փախա թուրքից և միացա ռուս կազակներին ու զինվորներին, նրանք էլ ինձ հանձնեցին Էրզրումի մանկատուն: Այստեղ մնացի 2-3 ամիս, հետո հորեղբայրս փնտրել էր և մանկատան ցուցակում իմ ազգանունը գտնելով, ինձ հանեց այդտեղից: Մենք միասին վերադարձանք գյուղ: Եկանք տեսանք ոչ ոք չկա: Այդտեղ մնացինք մոտ մեկ տարի` մինչև 1918-ի գարունը: Թուրքը նորից եկավ, և մենք գաղթեցինք: Եկանք Ստեփանավան: Հետո Անդրանիկի հետ գնացինք Ջուլֆա, Պարսկաստան, հետո հետ եկանք Սիսիան, հետո նորից վերադարձանք Կարս: 1918-ին ընկա Կարսի ձորի ամերիկյան մանկատուն: Այնտեղ դպրոցում սովորեցի մոտ 3 տարի, արհեստ էլ էին սովորեցնում: Մանկատանը շատ լավ էին պահում, օրական երեք անգամ կերակրում էին սպիտակ հացով, կաթով, լավ հագուստ էին տալիս: Մեծերին, ովքեր ամուսնանում էին, բաժինք էին տալիս և ուղարկում իրենց համար աշխատելու և ապրելու: 1920-ին թուրքը նորից եկավ, մանկատունը տեղափոխվեց Լենինական, ես դուրս եկա: Այդ ժամանակ ամերիկացիները շատ շատերին տարան Ամերիկա: Ես չգնացի:
Հետո հորեղբորս հետ միասին եկանք Լենինական, ապա Ղարաքիլիսա: Այստեղ խաղ էի անում, երբ թուրքը նորից եկավ: Հորեղբորս էլ չգտա, փախա, ընկա գյուղերը, հասա Շնող գյուղ, որտեղ տարբեր տներում սկսեցի բատրակություն անել մինչև 1927-28-ը: 1928-ին եկա Ալավերդի և սկսեցի աշխատել պղնձաձուլական գործարանում:
Ամբողջ կյանքում փնտրում էի հարազատներիս, գտա միայն հորեղբորս` Գևորգի աղջկան` Անախասին, ուրիշ ոչ մեկին այլևս չգտա»:
Նման ծանր ճակատագիր է ունեցել նաև հայրական տատս` Սաթիկ Սիմոնյանը:


Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2345

Մեկնաբանություններ