Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Մարդն առանց ծաղրանկարի էլ շատ թերություններ ունի»

«Մարդն առանց ծաղրանկարի էլ շատ թերություններ ունի»
17.02.2015 | 12:39

Իր 85-ամյա հոբելյանը Ռոբերտ Մանուկյանը նշեց Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի մեծ ցուցասրահում բացված ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսով։ Վարպետ գեղանկարիչն ու գրաֆիկը գեղանկարչական և գրաֆիկական բազմաթիվ աշխատանքների հետ անակնկալ էր պատրաստել արվեստասեր հանրության, արվեստաբանների և գործընկերների համար, ներկայացնելով իր շարժանկարները։ Ժամանակ անց «Սպիկա» հրատարակչությունը տպագրեց նրա «Իմ սիրելի բարեկամները» շարժանկարների գիրքը։ Հենց սա էլ մեր հանդիպման առիթն էր։ Բայց մինչև մեր զրույցը մեջբերեմ մի հատված պատկերագրքի նախաբանից, որը գրել է ՀՆՄ արվեստաբանական բաժնի նախագահ Մարինա Ստեփանյանը. «Շարժի սրամիտ արվեստին դիմող նկարիչը պետք է համատեղի անհամատեղելին՝ խելացի ջանքերի սառնարյուն վերլուծությունը և բացահայտ սկզբունքայնությունը։ Եվ միայն այս մոտեցումների հավասարակշռությունն է թույլ տալիս նկարչին ստեղծել շարժ-կերպարներ։ Նրանք երբեմն երկար և դանդաղորեն են հասունանում, իսկ երբեմն ծնվում են հանպատրաստից, ակնթարթորեն, դառնալով թույլատրելի սահմանները չանցնող, վերածվելով ծաղրանկարի կամ ցնցումի հասնող գրոտեսկի։ Այդ դեպքում շարժն ընդունակ է վերածվելու չար սատիրայի, իսկ դա արդեն բոլորովին այլ ժանր է։
Ռոբերտ Մանուկյանի շարժերը բավարարում են այս պահանջներին և ներկայացնում են սուր բնույթի կերպարներ՝ կատարված առանց տենդագին շտապողականության և բարի հումորի մասնակիով մեղմացած»։

-Գեղանկարչություն, գրաֆիկա և հանկարծ երգիծանկարներ։ Ինչո՞ւ։ Եվ ինչն է երգիծանկարի ու շարժի տարբերությունը։
-Առանձնապես տարված չեմ ծաղրանկարներով, մարդն առանց ծաղրանկարի էլ լի է բազում թերություններով, ընդգծե՞լ դրանք, հանուն ինչի՞։ Եվ ես նախընտրեցի «ընկերական շարժը»։ Իմ հերոսներից շատերին եմ ճանաչում, ոմանք ընկերներ են ու բոլորն իրենց շարժերն ընդունել են անկեղծ ժպիտով։ Ծաղրանկարում մարդու վաղաժամ մազաթափությունն ու երկար քիթը հաճախ ներկայացվում են որպես մահացու մեղք, շարժում՝ որպես նրա կերպարը հատկորոշող երևույթ։
-Պատկերագրքի շապիկին Մհեր Մկրտչյանի պատկեր-շարքն է։ Առկա են բազմաթիվ նշանավոր մարդիկ, հռչակավոր նկարիչներ Առաքել Առաքելյանը և Գրիգոր Խանջյանը, Ռոբերտ Էլիբեկյանն ու Արա Հարությունյանը, գրողներ Գուրգեն Մահարին, Հրանտ Մաթևոսյանը, Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը։ Ոչ պակաս ներկայացուցչական է ռուսական «թիմը». Յուրի Լուժկով, Յան Ֆրենկել, Նիկիտա Միխալկով, Եվգենի Լեոնով, Լիա Ախեջակովա, Զինովի Գերդտ։

-Ըստ իս, Մհերն իր ժամանակի ամենատաղանդավոր դերասանն էր։ Նա միանգամից սկսեց սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտի 2-րդ կուրսում։ Պատրաստի դերասան էր, բայց դիպլոմ էր պետք թատրոնում աշխատելու համար։ Մեզ մոտ էր սովորում նաև Արմեն Ջիգարխանյանը, որը, սակայն, կոմերիտմիության անդամավճար երբեք չէր մուծում։ Իսկ ես ինստիտուտի կոմերիտմիության քարտուղարն էի։ Նրա 15 կոպեկ անդամավճարը ինքս էի վճարում։ Մի օր առաջարկեցի խաղաղ ճանապարհով իրեն հեռացնել կոմերիտմիությունից։ Սիրով համաձայնեց։ Իրականում լրացել էր նրա կոմերիտական տարիքը և ես պահն օգտագործեցի։ Նույն կերպ վարվեցի Մհերի հետ։ Աշնանը Մհերին հանդիպեցի ինստիտուտի դռան առջև կանգնած։ Տխուր էր։ Հարցրի պատճառը, ասաց, որ իրեն Սունդուկյանի անվան թատրոն չեն ընդունում, քանի որ կոմերիտական չէր։ Դե այդ տարիներին Ֆրունզիկը Երևանում հայտնի չէր։ Հարցրի՝ կարո՞ղ է մոտդ լուսանկար լինի։ Ասաց՝ այո։ Մի խոսքով, գնացինք ուղիղ դեպի կոմերիտմիության շրջկոմ, տվեցի լուսանկարը և ապագա հռչակավոր դերասանն ընդունվեց լենինյան կոմերիտմիության շարքերը։ Իհարկե, շրջկոմի աղջիկները տեղյակ չէին, որ նա արդեն եղել է կոմերիտմիության շարքերում, դուրս է եկել, և վերստին ընդգրկեցին փառապանծ այդ միության շարքերը։ Եվ նա ընդունվեց Սունդուկյանի թատրոն։
-Եվ կտրվե՞ց ձեր կապը։
-Բնավ։ Երբ հռչակավոր ու սիրված էր ժողովրդի կողմից, միևնույն է, որտեղ էլ ինձ տեսներ, մեքենան կանգնեցնում էր և տանում ուր որ պետք էր։ Հիանալի էր Մհերը։
-Այդ դեպքում ինչո՞ւ է պատկերագիրքն սկսվում գեղանկարիչ Առաքել Առաքելյանով։ Սա ի՞նչ խորհուրդ ունի։
-Նա իմ լավագույն ընկերն էր, նրա արվեստանոցում եմ սկսել առաջին քայլերս։ Փայլուն նկարիչ լինելուց բացի նաև փայլուն անձնավորություն էր։
-Այստեղ է Գրիգոր Խանջյանը։
-Շատ լավ եմ ճանաչել, երբ աշխատում էի «Գրական թերթում»։ Նա բազմաշնորհ և շատ յուրօրինակ մարդ էր։ Մի խոսքով, նկարել եմ իմ սիրելի բարեկամներին։

Զրուցեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ