Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Իսպանացիների համար այդ ամենն անսովոր տխուր էր, նրանք դժվարանում էին նայել եղեռնը պատկերող լուսանկարները»

«Իսպանացիների համար այդ ամենն անսովոր տխուր էր, նրանք դժվարանում էին նայել եղեռնը պատկերող լուսանկարները»
17.02.2015 | 12:33

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Մադրիդի հայեր» ասոցիացիան Իսպանիայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ կազմակերպել է «Անլռելի զանգակատուն» խորագրով ցուցահանդես: Ներկայացվել են ցեղասպանությանն առնչվող 1915-1918 թվականների վեց տասնյակ լուսանկարներ, որոնց պատճենները տրամադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: «Իրատես de facto»-ի զրուցակիցը «Մադրիդի հայեր» ասոցիացիայի նախագահ ԿԱՐԵՆ ՄԱՐԴԱՆՅԱՆՆ է:

-Պարոն Մարդանյան, ի՞նչ գործառույթ է իրականացնում նորաստեղծ ասոցիացիան:
-«Մադրիդի հայեր» ասոցիացիան հիմնադրվել է 2013-ին: Մադրիդում հայ համայնքը ներկայացնող միակ հասարակական կազմակերպությունն է, որ ունի պետական գրանցում: Իրականացնում է մշակութային գործունեություն` ներկայացնելով գլխավորապես հայկական մշակույթն ու արվեստը: Քաղաքականությամբ զբաղվում ենք այնքան, որքանով այն առնչվում է հայապահպանության խնդրին:
-Տեղի հայերը հետաքրքրվո՞ւմ են մշակութային միջոցառումներով: Ասոցիացիային հաջողվո՞ւմ է կապող օղակ դառնալ Մադրիդում ապրող մեր հայրենակիցների միջև:


-Համացանցը, արբանյակային հեռուստատեսությունը որոշակիորեն լրացնում են բացը, և մարդիկ անմիջական շփման առանձնապես չեն ձգտում: Երևի նաև դա է պատճառը, որ շատ հայ երիտասարդներ հայերեն դժվարությամբ են խոսում:
-Կարելի՞ է ասել, որ նոր ձևավորված համայնքներում առավել մեծ է ձուլման վտանգը:


-Իհարկե: Ցեղասպանությունից մազապուրծ հայերն օտար ափերում առավել համախմբված են եղել, փորձել են պահպանել լեզուն, մշակույթը, սովորույթները: Նոր համայնքներն էականորեն տարբերվում են: Մեր օրերում արտագաղթում են հիմնականում սոցիալ-տնտեսական պատճառներով, և հայրենիքի հետ կապը, ինքնության խնդիրները, մի տեսակ, անցնում են երկրորդ պլան, մանավանդ տնտեսական ճգնաժամի պայմաններում: Մի քանի տարի առաջ Մադրիդի մոտ գտնվող Ալկորկոն քաղաքում հայ գործարար Վահագն Հայրապետյանի նախաձեռնությամբ բացվեց հայկական կիրակնօրյա դպրոց: Սկզբնական շրջանում 60 աշակերտ կար, հետո այդ թիվը հասավ 15-ի, և, ի վերջո, փակվեց դպրոցը: Ծնողները պատճառաբանում էին, որ ժամանակի հարց է, ճանապարհածախսն են դժվարանում հոգալ և այլն:
-Կարծում եք՝ 60-հոգանոց կիրակնօրյա դպրոցը կարո՞ղ է էական դեր խաղալ ուծացման խնդիրը լուծելու հարցում:


-Փոքր որդիս ծնվել է Իսպանիայում և հայերեն չէր խոսում: Ժամանակի մեծ մասն անցկացնում էր դպրոցում, իսպանացի ընկերների հետ: Գրել-կարդալ նա սովորեց կիրակնօրյա դպրոցում: Մեր համայնքի ամենացավոտ հարցը հենց դա է. երիտասարդները հիմնականում հայերեն չեն խոսում, նույնիսկ եթե հայերեն գիտեն, նախընտրում են շփվել իսպաներենով: Դպրոցն այդ ամբողջական խնդրի լուծման մեկ օղակն է և շատ կարևոր օղակը:
-Ինչպե՞ս են իսպանացիներն արձագանքում «Մադրիդի հայերի» մշակութային նախագծերին: Կա՞ հետաքրքություն:
-Իսպանացիները, ընդհանրապես, հաճելի, շփվող ժողովուրդ են: Նրանց հետաքրքրում են նմանատիպ միջոցառումները, մեծ սիրով այցելում են ցուցահանդեսներ, մասնակցում համերգային ծրագրերի: Անցյալ տարի եղեռնին նվիրված ցուցահանդեսի ժամանակ մի կին խորհուրդ տվեց կախել Հայաստանի քարտեզը: Հարցրի` ինչո՞ւ, ասաց` որովհետև չգիտեն Հայաստանը որտեղ է: Բնականաբար, նրանք չգիտեն նաև Հայոց ցեղասպանության մասին: Լուսանկարները նայում էին, հետաքրքրվում` ե՞րբ է եղել, ինչո՞ւ, ովքե՞ր են հայերը, քրիստոնյա՞ են, թե՞ մուսուլման: Երեք տարի առաջ Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Մադրիդում զբոսաշրջության փառատոնի, որից հետո շատ իսպանացիներ գալիս էին հայկական դեսպանատուն (ես դեսպանատանն էի աշխատում), հարցնում էին` որտե՞ղ է Հայաստանը, ինչպե՞ս կարելի է գնալ, քանի՞ վոլտ է հոսանքը, ի՞նչ դեղորայք պետք է վերցնեն իրենց հետ, առավել երիտասարդներին հետաքրքրում էր` ծով կա՞ Հայաստանում: Նրանց համար Հայաստանը էկզոտիկ երկիր է:
-Որքա՞ն հայ կա Իսպանիայում։


-Պաշտոնական տվյալներով` Իսպանիայում 30-35 հազար հայ կա, Մադրիդում` 6-9 հազար: Ճգնաժամի պատճառով մի մասը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, մի շատ փոքր հատված էլ վերադարձել է հայրենիք:
-Մադրիդում հայկական եկեղեցի կա՞:
-Հայկական եկեղեցի չկա, բայց դիմել ենք Մադրիդի եպիսկոպոսարանին, մեզ թույլ են տվել իսպանական եկեղեցիներից մեկում կիրակի օրերին` ժամը 16-19-ին պատարագ մատուցել, մշակութային միջոցառումներ կազմակերպել:
-Իսպանիայի կառավարությունը Ցեղասպանության խնդրին ժխտողաբար է վերաբերՎում: Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները խոչընդոտների չե՞ն հանդիպում:
-Թույլ տվեք ասել, որ ոչ թե ժխտում են, այլ իրենց օրակարգում չկա այդ հարցը: Չմոռանանք, որ Իսպանիան և Թուրքիան ռազմական, տնտեսական սերտ կապեր ունեն: Խոչընդոտներ, որպես այդպիսիք, չեն եղել, բայց երբ երկու տարի առաջ առաջին անգամ քաղաքապետարան դիմեցինք` ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա կազմակերպելու համար, որոշակի կողմնապահություն նկատվեց: Տրամադրեցին դեսպանատնից 50 մետր հեռու մի փոքր տարածք, ոստիկաններն էլ ավելի շատ էին, քան մենք: Ի դեպ, մեզ ոստիկանական հատուկ ջոկատ էր հսկում, ակնհայտորեն սպասում էին միջադեպերի: Անցյալ տարի, երբ երթ կազմակերպեցինք, հսկողությունն ավելի թույլ էր:
-Հակահայկական միջոցառումներ լինո՞ւմ են։


-Անցյալ տարի ադրբեջանցիները Խոջալուի դեպքերի առիթով հավաք կազմակերպեցին հայկական դեսպանատան դիմաց: Ցուցարարները երիտասարդներ էին, ու զարմանալին այն էր, որ պլակատների մի մասը անգլերեն էր, բողոքի մանիֆեստը անգլերեն էին կարդում: Ամենայն հավանականությամբ, բողոք-ակցիա իրականացնելու համար արտասահմանում սովորող ուսանողների էին բերել:
-Վերադառնանք «Մադրիդի հայերի» մշակութային անցուդարձին: Ի՞նչ արձագանք գտավ «Անլռելի զանգակատուն» լուսանկարչական ցուցահանդեսը իսպանացիների շրջանում:
-Անցյալ տարի ցուցահանդեսը մեկնարկել էր Մադրիդում, ներկա էին նաև Ալկալա դե Հենարեսի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Նրանք առաջարկեցին 2015-ին նույն ցուցահանդեսը կազմակերպել Ալկալա դե Հենարեսի «Կինտա դե Սերվանտես» սրահում (այդ քաղաքում է գտնվում Իսպանիայի հնագույն համալսարաններից մեկը, խոշորագույն կրթական կենտրոն է, բավական է ասել, որ Սերվանտեսն է սովորել այնտեղ): Մադրիդյան ցուցահանդեսի փորձից գիտեինք, որ անսովոր տխուր ու ծանր էր այդ ամենը իսպանացիների համար, նրանք դժվարանում էին նայել եղեռնի պատկերները, ուստի այս տարի ցուցասրահը համալրեցինք հայկական խաչքարերի լուսանկարներով, ավանդական տարազներով: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանին` խաչքարերի նկարներ տրամադրելու համար: Առանձին պաստառների վրա ներկայացրել էինք նաև ցեղասպանության պատմությունը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների անունները: Իրենք Արևմտյան Հայաստանը ճանաչում են Թուրքական Հայաստան անվանմամբ: Անգամ մեզ հարցրին` ե՞րբ եք կազմավորվել Թուրքիայում: Փորձեցինք բացատրել, որ մենք ցեղախումբ չենք, հազարամյակներով ապրել ենք այդ տարածքում, դրանք մեր պատմական հողերն են: Ասեմ նաև, որ ցուցահանդեսի այցելուների 70 տոկոսը իսպանացի էր:
-Հայկական հարցի վերաբերյալ գրքեր են գրել Գոնսալո Գուարչը, Անտոնիո Գուրիարան: Մի՞թե այս անունները հայկական հարցը ճանաչելի չեն դարձնում իսպանացիների շրջանում:
-Որպեսզի «հեղափոխություն» լինի, պետք է հող նախապատրաստել դրա համար: Հայաստանում էլ քչերը գիտեն նրանց մասին: Անտոնիո Գուրիարան մեծ հայասեր է, տուժել է ԱՍԱԼԱ-ի գործողությունից. հենասալյակով է տեղաշարժվում, մի ոտքը կորցրել է, ողնաշարը վնասված է: Հետաքրքիրն այն է, որ Գուրիարան դարձել է ոչ թե հայի թշնամին, այլ ընկերը, ինչը խոսում է նրա հոգու հարստության մասին: Նա Լիբանանում հանդիպել է այն հայ վրիժառուի հետ, ում տեղադրած ռումբի պատճառով տուժել է, նրան է հանձնել ինքնակենսագրական «Ռումբը» գիրքը, որտեղ պատմում է իր հետ կատարվածի և այն մասին, թե ինչու են հայերն այդ գործողություններին դիմել:
-Պարոն Մարդանյան, հայաստանյան կառույցների հետ համագործակցո՞ւմ եք:
-Երկու տարի առաջ մեզ այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչները, հետաքրքրվում էին ապագա ծրագրերով: Ստիպված էինք ընդգծել, որ մենք ներկայումս էլ ունենք ծրագրեր, խնդիրներ, որպես օրինակ` հայկական դպրոցի խնդիրը: Դասագրքեր էին անհրաժեշտ, ուսումնական ծրագիր: Մեզ տրամադրեցին ծրագիր, որ չէր կարող կիրառվել մի դպրոցում, որտեղ առաջին դասարանում սովորում են և՛ 7, և՛ 13 տարեկան աշակերտներ: Ինչ վերաբերում է դասագրքերին, դրանք մի քանի անգամ քույրս է ուղարկել Հայաստանից: Այս հարցում էլ` ոչ մի աջակցություն: Սփյուռքի նախարարությունը նախընտրում էր գրքեր տրամադրել Արգենտինայի հայկական դպրոցին: Երևի Արգենտինայի հարուստ, մեծ հայկական համայնքի 300 աշակերտներին մեծաքանակ գրքեր նվիրաբերելն ավելի կարևոր է, քան մեր փոքր համայնքի 30 դպրոցականներին «Այբբենարանով» ապահովելը: Կարծում եմ` մտածել են, թե մեզ աջակցելու դեպքում աննկատ կմնար իրենց «բարեգործությունը»: Հույս ունեինք, որ գոնե Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կապ կհաստատեն մեզ հետ, համագործակցության առաջարկ կանեն: Ոչ մի արձագանք: Մեզ որոշակիորեն աջակցում է Իսպանիայի հայկական դեսպանատունը: Կցանկանայի, որ կապը շարունակվեր:
-Գուցե կապ հաստատեք ՀՀ մշակույթի նախարարությա՞ն հետ:
-Մի առիթով դիմել ենք, պատասխան չի եկել:
-Հայաստանյան երաժշտական խմբեր, երգիչ-երգչուհիներ համերգային ծրագրերով հանդես չե՞ն գալիս Իսպանիայում:
-Վերջին անգամ Արմենչիկն է համերգով հանդես եկել:
-Որքան գիտեմ, վերջերս աննախադեպ համերգ է կազմակերպվել Մադրիդում` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված:
-Այո, մեր ասոցիացիայի նախաձեռնությամբ «Նոր անուններ» միջազգային փառատոնի լավագույն երաժիշտ-կատարողներից կազմված խումբը հանդիսատեսի դատին հանձնեց հայկական, իսպանական և ռուսական երաժշտություն: Համերգն աննախադեպ ընդունելություն գտավ երաժշտասերների շրջանում: Հանդիսատեսների մեջ կային հայեր, իսպանացիներ, ռուսներ, ներկա էին նաև Հայաստանի դեսպանատան հյուպատոս Տիգրան Բաբայանը, Ռուսաստանի դեսպանի մշակույթի գծով տեղակալ Էդուարդ Սոկոլովը և այլք: ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել «Նոր անունների» բոլոր անդամներին, խմբի ղեկավարներ Նոնա Ոսկանյանին և Արմինե Մելքոնյանին:
-Երկու խոսք էլ Ձեր մասին:
-Ծնվել եմ Արցախում, 1978-ին տեղափոխվել ենք Երևան, ավարտել եմ ճարտարապետաշինարարական համալսարանը, դասախոսել եմ տրանսպորտային համակարգեր ֆակուլտետի շինմեքենաների ամբիոնում: Իսպանիա եմ տեղափոխվել 1999-ին: ՈՒնեմ երկու զավակ` Միքայելը և Հայկը:


Հարցազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ