«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Կապան-Սումգայիթ առեղծվածը

Կապան-Սումգայիթ  առեղծվածը
17.02.2015 | 12:27

Չնայած այդ իրադարձությունները տեղի են ունեցել 27 տարի առաջ, սակայն այսօր էլ ազերի և այլազգի որոշ հեղինակներ շարունակում են հորինել նոր վարկածներ ու խեղաթյուրել ճշմարտությունը։ Իսկ դրանք ավելի քան վիրավորական են հայ ժողովրդի համար, մանավանդ որ դրանում ակտիվ մասնակցություն ունեն որոշ հայ մտավորականներ։
Այսպես. 2006 թվականի նոյեմբերի 24-ին Երևանում տեղի է ունեցել ծագումով հոլանդացի, անգլախոս Թոմաս դե Վաալի «Սև այգի» գրքի աղմուկ բարձրացրած շնորհանդեսը։ Այդ գրքի լրամշակված երկրորդ հրատարակության շնորհանդեսը Երևանում տեղի է ունեցել 2014 թ. աշնանը։ Առաջին շնորհանդեսի ժամանակ աղմուկ է բարձրացել այդ գրքում տեղ գտած մի շարք սխալների շուրջ, և թվում էր, թե պարոն Թոմասը իր գրքի վերահրատարակության մեջ վերացրած կլինի նախկին սխալները։ Սակայն ոչ։
Ո՞վ է Թոմաս դե Վաալը՝ լրագրո՞ղ, պատմաբա՞ն, թե՞ ինչ-որ գործարար։ Մամուլը տեղեկացնում է, որ նա ղեկավարել է բրիտանական Պատերազմի և խաղաղության ինստիտուտի կովկասյան բաժանմունքի Բաքվի գրասենյակը։ Հասկանալի է, թե նրա վրա ինչ ազդեցություն կարող է թողած լինել այդ միջավայրը։
Դեռևս գրքի առաջին շնորհանդեսի ժամանակ խոսք է բացվել Կապան-Սումգայիթ առեղծվածի մասին։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ հրատարակություններում ասված է. «Որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս «Ղարաբաղյան հարցի» սկիզբ սովորաբար նշվում է 1988 թվականի փետրվարը։ Բայց առաջին բռնությունները, որոնց մասին անգամ տարածաշրջանում քչերը գիտեն, տեղի են ունեցել դրանից մի քանի ամիս առաջ՝ Հայաստանի և Ադրբեջանի այլ վայրերում»։ Իբր 1987 թվականի նոյեմբերին Բաքվի երկաթուղային կայարան ժամանած «գնացքի երկու բեռնատար վագոններով եկած ադրբեջանցիները եկել էին Կապանից՝ ազգամիջյան բռնությունների արդյունքում։ Այս միջադեպի մասին շատ քիչ բան է հայտնի, իսկ լրատվամիջոցներում առհասարակ ոչինչ չի հաղորդվել։ Այնուհանդերձ կան ականատեսներ»։ Եվ որպես «ականատես» վկայակոչում է բաքվեցի հայ այրի Սվետա Փաշաևային, ով իբր պատմել է, թե ինչպես են փախստական ադրբեջանցիները եկել Բաքու՝ մերկ երեխաներով, կեղտակորույս գյուղացիներ՝ երկարամազ ու մորուքավոր, տարեցներ։ Եվ որ ինքը՝ Սվետան, հագուստ ու սնունդ է տարել նրանց համար (Թոմաս դե Վաալ, «Սև այգի», Երևան, 2014, էջ 43-44)։ «Հոգատար» այրի հայուհու այս «վկայակոչումը» պարոն Թոմասի կողմից շատ միամիտ է և ծիծաղելի։ Նախ՝ այդ հայուհին եթե ճշմարտությունն է պատմել, ապա ինչո՞ւ է հեղինակին խնդրել իր անուն-ազգանունը փոխել։ Հետո՝ հազիվ թե 1987-ի նոյեմբերին «դռները բաց… մեխված երկու երկար տախտակներով, որ մարդիկ ցած չընկնեն» ապրանքատար վագոնները թույլտվություն ունենային անցնելու Բիլյաջար կայարանը և հայտնվեին քաղաքի կենտրոնում։ Եթե դա հնարավոր լիներ, ապա դրա նախաձեռնողները անպայման միտինգ կհրավիրեին, աղմուկ-աղաղակ կբարձրանար։ Բացի այդ, մի՞թե քաղաք հասած ապրանքատար վագոնները միայն հայուհի Սվետան է տեսել և օգնություն ցույց տվել այդ «դժբախտներին»։ Սվետայից բացի այդ երևույթը ոչ ոք չի՞ տեսել միլիոնանոց Բաքվում։
Պարոն Թոմասը, առաջ մղելով իր հորինածը, ավելացնում է, թե իբր 1988-ի հունվարի 25-ին ազերի պատմաբան, հայատյաց Արիֆ Յունուսովը (ներկայումս կնոջ հետ գտնվում է Բաքվի բանտում) ակադեմիա աշխատանքի գնալիս ականատես է եղել ադրբեջանցիների՝ Կապանից փախչելու նոր վկայության։ Իբր կառավարության շենքի մոտ կանգնած էին չորս կարմիր «Իկարուս» ավտոբուսներ, որոնք գտնվում էին սոսկալի վիճակում, ուղևորները հիմնականում կանայք էին, երեխաներ ու ծերեր, երիտասարդները մի քանի հոգի էին, նրանցից շատերը՝ ծեծված (նույն տեղը, էջ 44)։ Ինչպիսի՜ ստահոդ անբարոյականություն։ Այդ ինչպե՞ս է, որ երկու դեպքում էլ «փախստականները» հիմնականում կանայք էին, երեխաներ և տարեցներ։ Իսկ որտե՞ղ էին գտնվում այդ ժամանակ Կապանի շրջանում բնակվող շուրջ հինգ հազար ազերի տղամարդիկ, որոնց կանանց, երեխաներին և ծնողներին այդպիսի զարհուրելի վիճակում հասցրել էին Բաքու։ Կարո՞ղ է` պարտիզան էին և կռվում էին հայերի դեմ։
Անգլախոս հեղինակը պնդում է, որ «փախստականների այս առաջին հոսքի ամբողջական պատմությունը պատմված չէ, մեծ մասամբ այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանությունները արել էին հնարավոր ամեն բան այդ տեղեկությունը կոծկելու համար»։ Շատ լավ, այդ դեպքում, պարոն Թոմաս, ինչո՞ւ այդ նույն իշխանությունները թույլատրեցին, որ «ջարդված» մարդկանցով լեցուն երկու ապրանքատար վագոններն ու չորս «Իկարուսները» երևան Բաքվի կենտրոնում։ Դուք եք մեջ բերում Կապանի շրջկոմի երկրորդ քարտուղար Արամայիս Բաբայանի այն պնդումը, թե ինքը չի մտաբերում, որ 1988 թ. փետրվարից առաջ իրենց շրջանից ադրբեջանցիներ հեռացած լինեն։ Այստեղ չեք սխալվում, երբ տողատակում գրում եք, որ «հայերը կտրականապես հերքում են, թե Հայաստանից ադրբեջանցիներ են մեկնել մինչև Ղարաբաղի ոտքի ելնելը» (էջ 44)։ Այնուհետև խոստովանում եք, որ Կապանի իրադարձությունների վերաբերյալ «որևէ փաստաթղթի հաստատում» չեք տեսել։ Չեք տեսել, որովհետև այն չի եղել, ինչպե՞ս տեսնեիք։
Ըստ էության, անկախ նրանից, թե պարոն Թոմասը իր ասածները հաստատելու համար ում վկայությունների վրա է հենվել, դրանք պարզապես շառլատանություն են, կեղծ և լիովին հորինված։ Մի՞թե դա չի ապացուցում այն, երբ առանց ամոթի գրում եք. «Աղամբեկյանի միջամտությամբ էր, որ ադրբեջանցիներն առաջին անգամ տեղեկացան իրենց դեմ ուղղված հայկական շարժման մասին» (էջ 46)։ Պարոն, մի՞թե մինչև հիմա չեք հասկացել, որ ղարաբաղյան շարժումն ուղղված չէր ադրբեջանցիների դեմ, իր ինքնորոշման իրավունքն իրացնող արցախցու կամքի դրսևորում էր այն։ Հետո՝ արցախցիների 1986-1987 թթ. ստորագրահավաքը, երբ ավելի քան 50 հազար ստորագրությամբ փաթեթը Մոսկվա է տարվել և ԽՄԿԿ կենտկոմի ընդունարան հանձնվել 1987-ի նոյեմբերի վերջին (այդ մասին շատ լավ գիտեին Բաքվում, մանավանդ Ադրբեջանի ՊԱԿ-ը)։ Այնպես որ, Ձեզ միամտի տեղ մի դրեք և զուր մի կրկնեք ազերի հեղինակների այն պնդումը, թե իբր ադրբեջանցիները Կապանից հեռացել են «վիրակապերով» (էջ 60)։
Այո, 1987 թ. վերջին, մանավանդ 1988-ի հունվար-փետրվար ամիսներին, Հայաստանի որոշ շրջաններից, մանավանդ Կապանից, հեռացել են ադրբեջանցի ընտանիքներ։ Մինչև սումգայիթյան ցեղասպանությունը այդ մասին թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում լրատվամիջոցները ոչինչ չեն գրել։ Միայն մարտի սկզբին շրջանային «Ղափան» թերթը տեղեկացրել է, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրադարձությունները շրջանում հանգեցրել են արտադրության ռիթմի խախտման, հասարակական կարգ ու կանոնի խանգարման, շրջանից առանձին քաղաքացիների ու ընտանիքների մեկնելու դեպքերի։ Այդ մասին այն ժամանակ ժողովրդական պատգամավորների Ղափանի շրջխորհրդի նախագահ Ն. Մկրտչյանը տվել է հետևյալ բացատրությունը. «Այս ամենը, եթե հաշվի չառնենք առանձին բացառություններ, բացարձակապես զուրկ են որևէ հիմքից։ Մեզ մոտ այդ օրերին չի արձանագրվել հասարակական կարգի խախտման ոչ մի դեպք։ Այդ օրերին բոլոր հիմնարկ- ձեռնարկությունները, տրանսպորտային, շինարարական և մյուս կազմակերպություններն աշխատել են արտադրական նորմալ ռիթմով։ Ամենուրեք հանդես է բերվել բարձր կազմակերպվածություն, որը երևում էր նույնիսկ մարդկային առօրյա փոխհարաբերություններում»։ Շրջխորհրդի նախագահը հայտարարել է, որ տագնապի համար ոչ մի հիմք չկա, և չի թույլատրվի ոչ մի անպատասխանատու գործողություն («Ղափան», 01.03.1988)։ Վերջերս հանդիպելով ականատես, «Ղափան» թերթի լրագրող Վահրամ Օրբելյանի հետ, նրան խնդրեցի պատասխանել հետևյալ հարցին. 1987 թ. նոյեմբերից մինչև սումգայիթյան ցեղասպանությունն ընկած ժամանակահատվածում Կապանի շրջանում ադրբեջանցիների նկատմամբ ճնշում գործադրվե՞լ է։ Պարոն Օրբելյանը այսպես պատասխանեց. «Աշխատանքի բերումով ամեն օր հանդիպում էի բնակչության հետ։ Այդ օրերին, իրոք, որոշ ադրբեջանցի ընտանիքներ հեռացել են շրջանից։ Նրանք իրենց բնակարանները փոխանակում կամ վաճառում էին ու հեռանում՝ տանելով իրենց ամբողջ ունեցվածքը։ Նրանք գնում էին հանգիստ ու խաղաղ, առանց որևէ միջադեպի։ Գնում էին այն հույսով, որ Ադրբեջանում հողատարածք են ստանալու և բնակարան կառուցելու։ Չեմ հիշում ընդհարման որևէ դեպք։ Նման բան չի եղել, շատերը հորինվել են, թեև, իհարկե, կային նաև դժգոհ մարդիկ՝ կապված Ղարաբաղի հիմնախնդրի հետ»։
Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար Ռոնալդ Ղոնյանը 1988-ի մայիսի 3-ին հայկոմկուսի կենտկոմ ուղարկած զեկուցագրում նշում է, որ «փետրվարի 26-27-ին Ղափանում, այսպես կոչված, ինքնաստեղծ կոմիտեներ չկային, տեղի ունեցած միտինգները ծնվել են ինքնաբերաբար, կրել են «հուզական պոռթկումի բնույթ»։ Այդ միտինգներին մասնակցել են նաև ադրբեջանցիներ, «ժողովուրդների բարեկամությունը սասանող կոչեր, լոզունգներ, արտահայտություններ չեն եղել» (ՀԱԱ, ֆ. 1, ց.127, 599, թ. 67-68)։ «Ղափան» թերթի էջերում ելույթ ունեցած ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ Մ. Համբարձումյանը, Սիզնագի պետտնտեսության աշխատող, աշխատանքի վետերան Զ. Հուսեյինովը և ուրիշներ մերկացրել են բամբասանքները, որոնք նպատակ ունեին երկու ժողովուրդներին գրգռել իրար դեմ։ Ահա թե ինչ է պատմել Վերին Գյոդաքլու գյուղի տնտեսության կթվորուհի Քուբուրա Գադիրովան. «Ես հիմա միայն համոզվեցի, թե ինչ ծանր հետևանքներ կարող է թողնել սուտ լուրը։ Մի քանի օր անընդհատ մեզ մոտ՝ Վերին Գյոդաքլու, մեկը մյուսից սարսափելի լուրեր էին հասնում. այսինչ գյուղում հայերն այսպես են արել, մի ուրիշ տեղ այնպես են արել, և տարօրինակն այն էր, որ այդ «լրաբերների» մեջ չկար գոնե մեկը, որ իր աչքով տեսած լիներ կատարվածը կամ ականջով լսած։ Միայն մի գլուխ կրկնում էին. ասում են, տեսել են, պատմում են...» («Ղափան», 05.03.1988)։ Քուբուրա խանումին պաշտպանում է թերթի հաջորդ համարում տպագրված «Ստի ոտքերը կարճ են» վերտառությամբ նամակի հեղինակ Ռոզա Մամեդովան։ Իրոք, այդ օրերին տարածված սուտը ոչ ոք չհաստատեց։
Հետագայում այդ մասին գրել են Բագրատ ՈՒլուբաբյանը («Արցախյան պայքարի տարեգրություն, Երևան, 1997, էջ 35»), Վլադիմիր Գրիգորյանը (,ԸՐՎպվՌÿ-1988-1989ե, ժՐպՉՈվ 1990, ր. 86), Սմբատ Հովսեփյանը (ՀՀՇ-ի և հայ ժողովրդի մեծ ողբերգությունը, Երևան, 2002, էջ 32) և ուրիշներ։
Այնուամենայնիվ, 1987-ի վերջին և 1988-ի սկզբին ի՞նչ է տեղի ունեցել Կապանում, և դա որևէ կապ ունեցե՞լ է Սումգայիթի ցեղասպանության հետ։ Այն ժամանակ Կապանի շրջկոմի առաջին քարտուղար Ռ. Ղոնյանը 1990 թ. հունվարի սկզբին պատասխանելով ,ԽՏՎՎցվՌրՑե թերթի այն հարցին, թե 1987-ի վերջին և 1988-ի սկզբին ի՞նչ է տեղի ունեցել Կապանում, բացատրել է, որ այդ ժամանակ Կապանից սկսել են հեռանալ որոշ ադրբեջանցիներ, ինչի հիմնական պատճառը հետևյալն էր. 1987 թ. դեկտեմբերին Ադրբեջանի ղեկավարության մի մասի մեջ հասունացել էր Ապշերոնի շրջանի չօգտագործված հողատարածությունները, որոնք ընկած են Բաքվի և Սումգայիթի միջև, բաժանելու և դրանք արդյունաբերական ձեռնարկություններ ու բանջարաբուծական ընկերություններ հիմնելու նպատակով օգտագործելու միտքը։ Այդ հարցը քննարկվել է հանրապետության կուստնտեսվարների ակտիվում, և չնայած այդ մասին վեջնական որոշում չէր ընդունվել, սակայն Ապշերոնի շրջկոմի առաջին քարտուղար Զ. Մամեդովը որոշեց գործել և շրջանը փրկել լուծարումից։ Հրամանագիր է ստորագրվում չօգտագործված հողերի վրա ստեղծել պետտնտեսություններ։ Այդ մասին 1988 թ. հունվարին թերթում հայտարարություն է հրապարակվել, որտեղ նշված է, որ այդ հողերի վրա բնակվողները կստանան արտոնություններ և տուն կառուցելու համար մինչև 40 հազար ռուբլու վարկ։ Այդ լուրը հասել է նաև Հայաստանում ապրող ադրբեջանցիներին։ Այդ մասին նույնիսկ հաղորդվել է հայկական հեռուստատեսության «Լրաբեր» ծրագրով։ Դրանից հետո Հայաստանում բնակվող շատ ադրբեջանցիներ ցանկություն են հայտնել մեկնելու Ադրբեջան, այնտեղ հողատարածք ստանալու և տուն կառուցելու։ Հենց այդ նպատակով էլ 1988 թ. հունվարի 12-ից մինչև 15-ը միայն Կապանի շրջանից մեկնել է 100 հոգի։ Մինչև փետրվարի վերջը գնացողների թիվը հասել էր 500-ի։ Այդ ժամանակ տեղի ունեցող միտինգներում հորինվում էր ինչ ցանկանաս։ Մեր շրջանում ոչ մի վիճաբանություն, ոչ մի բռնաճնշում չի եղել։ Սակայն թե այդ սուտն ու կեղծիքը ովքեր էին հորինում, այդպես էլ մնաց չբացահայտված։ Փետրվարի 27-ին գնացքով գնացել է 200 մարդ։ Իմիշլիում կանգնեցվել է գնացքը։ Գնացքը կանգնեցրել էին իմիշլիցիները, որովհետև, ըստ նրանց բացատրության, գնացող այդ «փախստականները» կարող էին Բաքվում անկարգություններ սարքել։ Հեռացող ադրբեջանցիները տեղի և Կապանից գնացած ղեկավարին ասել են, որ իրենք հայերից ոչ մի դժգոհություն չունեն և Բաքու են գնում իրենց հարազատների կանչով։ Չգիտեմ՝ հնարավոր է, որ նրանք գիտեին նախապատրաստվող հետագա անախորժությունների մասին։ Վերադարձի ժամանակ իմիշլիցիները շրջկոմի քարտուղարի մեքենայի վրա քարեր են նետել (,ԽՏՎՎցվՌրՑե, 05.01.1990)։ Հենց այդ օրերին շրջկոմի բյուրոն, քննարկելով «ՀԿԿ կենտկոմի բյուրոյի 1988 թ. փետրվարի 28-ի որոշման կատարման միջոցառումների մասին» որոշումը, շեշտում է, որ շրջանից ադրբեջանցիների հեռանալու համար հիմքեր չկային, չի արձանագրվել առանձին մարդկանց ահաբեկելու, կարգուկանոնի խախտման, խուլիգանական որևէ արարք, դրանք հիմնականում կապված են եղել Ղարաբաղի հարցի կապակցությամբ տեղի ունեցած միտինգի հետ, որը ճիշտ չեն հասկացել ադրբեջանցիները (ՀԱԱ, ֆ. 16, ց. 38, 21, թ. 68-69)։
Այսպիսով, ըստ էության, Կապանի շրջանից հեռացած ադրբեջանցիները ոչ մի կապ չեն ունեցել Սումգայիթի իրադարձությունների հետ։ Դա նույնիսկ վկայել է ԽՍՀՄ Գերագույն դատախազի տեղակալ Ալեքսանդր Կատուսևը «Բակինսկի ռաբոչի» թերթին 1988 թ. մարտի 12-ին և օգոստոսի 19-ին տված հարցազրույցներում։
Շարադրվածից հետևում է.
1. Մինչև 1988 թ. փետրվարի վերջը Հայաստանի Կապանի շրջանից հեռացած ադրբեջանցիների մասին ազերի և օտարազգի հեղինակների գրածները լիովին կեղծիք են, հորինվածք և հայ ժողովրդին վարկաբեկելու նպատակ են հետապնդում։ Հեռացած ադրբեջանցիների նկատմամբ հայերի կողմից ոչ մի ուժ և բռնություն չի գործադրվել, նրանք հեռացել են կամավոր, իրենց ցանկությամբ։
2. Կապանի շրջանից հեռացած ադրբեջանցիները ոչ մի կապ չեն ունեցել Սումգայիթում իրագործված ցեղասպանության հետ։ Սումգայիթի հրապարակում ելույթ ունեցողներից ոմանք հորինել են ցնցող պատմություններ, իրենց ներկայացրել իբրև կապանցի «փախստականներ»։ Նրանք եղել են նախօրոք նախապատրաստված հանցագործներ։
3. Միության ղեկավարության անտարբեր և հանցագործ քաղաքականության հետևանքով մինչև հիմա չի բացահայտվել ամբողջ ճշմարտությունը, և դաժանորեն ցեղասպանություն իրագործած շատ մասնակիցներ մնացել են անպատիժ։

Հրանտ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 1877

Մեկնաբանություններ