Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Մակինցյանների մոտ պահվող արխիվը հեշտությամբ չի գա Հայաստան, բայց անպայման կգա, որովհետև ձեռագրերը չեն այրվում»

«Մակինցյանների մոտ պահվող արխիվը  հեշտությամբ չի գա Հայաստան,  բայց անպայման կգա, որովհետև  ձեռագրերը չեն այրվում»
17.02.2015 | 12:26

Վահան Տերյանի 130-ամյա հոբելյանին ընդառաջ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆԸ ընթերցողի դատին հանձնեց «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր (նամակներ, հոդվածներ, գրախոսություններ)» ուշագրավ ժողովածուն: «Աշնան երգիչը» ներկայանում է նորովի, առավել ամբողջական դիմանկարով: Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի բնորոշմամբ` այս գրքով հնարավորություն ունենք ճանաչելու մեր սիրած ու պաշտած այն Տերյանին, որը նուրբ քնարերգության հետ դրսևորել է օրինավոր, հպարտ ու արժանապատիվ հայ մարդու բնավորություն ու գործելակերպ:

Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հեղինակած գրքում տեղ են գտել 6 անտիպ բանաստեղծություն, 1 թարգմանություն, հարյուրավոր նամակներ, 8 հոդված, 2 գրախոսություն, դիմում-հայտարարությունը, որով պոետը դուրս է գալիս Հայաստանի կոմունիստական կուսակցությունից, 13 հուշ Վահան Տերյանի մասին, որոնք Հայաստանում գաղտնի են պահվում: Ինչպես նաև Տերյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ բազմաթիվ բացահայտումներ, որոնք նորություն են ոչ միայն ընթերցողների լայն շրջանակի, այլև մասնագիտական նեղ հետաքրքրություն ունեցող անձանց համար:
«Սա առաջին քայլն է Տերյանին ներկայացնելու, բնական է, գուցե լինեն ենթադրություններ, որ հետագայում չեն հաստատվի, բայց այս ամենը ուսումնասիրության կարիք ունի, որովհետև Տերյանը մեր հարստությունն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց գրքի հեղինակը: Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում պահվող Տերյանի արխիվը նա ուսումնասիրել է ավելի քան 10 տարի: Համեմատելով հրատարակված և արխիվում պահվող նամակները, պարզել է, որ շատ կարևոր դրվագներ հանված, կրճատված են բուն տեքստերից. «Բացի դրանից, մամուլում հայտնաբերել եմ հոդվածներ, գրախոսություններ, որոնք խորհրդային տարիներին չեն վերահրատարակվել»: Այսպիսով` նյութերի մի մասը անհայտ է, մի մասը հրատարակվել է շատ վաղ և հիմա հասանելի չէ ընթերցողին, կան նյութեր էլ, որ Տերյանը կիսատ է թողել, հետագայում դրանք անհարկի շահարկվել են, այդ պատճառով չեն հանձնվել տպագրության:
Գրքում տեղ է գտել նաև դիմում-հայտարարությունը, որով պոետը հայտարարում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունից դուրս գալու մասին և նշում դրդապատճառները: Դրանից հետո Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը որոշում է կայացնում նրան ռազմաճակատ ուղարկելու: «Հատկանշական է, որ խորհրդային տերյանագիտությունը՝ ի դեմս Մակինցյանի, Ալիխանյանի, Պարտիզունու և մնացած կենսագիրների, «սահուն» շրջանցել է պոետի կյանքի վերջին տարվա՝ 1919 թ. թնջուկը՝ միայն ընդհանուր ինչ-որ գնահատականներ ու կեղծիքներ ներկայացնելով»,- ասվում է նորատիպ գրքում:
Գ. Էմին-Տերյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև մեկ այլ խնդրի: Նրա խոսքով` գրականության նոր շրջանը պետք է կոչվեր խորհրդահայ և սկսվեր խորհրդային շրջանի հաստատումից. «Նոր գրականությունը սկսվում է 21 թվականից, ինչը մեծագույն կեղծիք է, որովհետև իրականում Տերյանը մեզ հարազատ է, մոտ, հասկանալի, ոչ միայն նրա համար, որ հանճարեղ է, այլ որովհետև նոր շրջանի հիմնադիրն է: Տերյանն է ստեղծել նոր լեզուն, նոր մտածողությունը, նոր բանաստեղծությունը: Բայց քանի որ մահացել է մինչ Խորհրդային Միության հաստատումը, այդ բաժանագիծը անտեսվել է, ինչը վերանայման կարիք ունի»:
Տերյանագիտությանը նոր ընթացք է սպասում: Թախծոտ, զգացմունքային պոետի կերպարն ամբողջանում է, բացահայտվում են նոր էջեր, ծանոթ էջերը` ազատվում կեղծիքից: Գ. Էմին-Տերյանը վստահեցնում է, որ անելու դեռ շատ բան կա, հիշատակելով նաև Տերյանի՝ փակի տակ պահվող ձեռագրերը: Խոսքը Մակինցյանների մոտ գտնվող արխիվի մասին է: Տերյանի ծոռը վստահեցնում է, որ այնտեղ ահռելի քանակությամբ նյութեր կան, և ըստ էության թալանված ժառանգություն է: Պողոս Մակինցյանը (ով այդ ժամանակ զբաղեցնում էր Տերյանի պաշտոնը` ազգությունների կոմիսարիատի կոմիսարի տեղակալ), պետականացնելու պատրվակով, Տերյանի այրուց` Անահիտ Տերյանից, զենքի սպառնալիքով խլում է բանաստեղծի ձեռագրերը: Դրանք չեն պետականացվում, Մակինցյանի գնդակահարությունից հետո անցնում են նրա կնոջը, ապա աղջկան: Տերյանի ժառանգությունը հետ բերելու փորձերն ապարդյուն են անցնում: Ձեռագրերը չեն վաճառվում, չեն էլ հրատարակվում: Գ. Էմին-Տերյանը ենթադրում է, որ արխիվում կան փաստեր Մյասնիկյանի մասին, Ստալինի, Լենինի և հենց Պողոս Մակինցյանի: «Մակինցյանների մոտ պահվող արխիվը հեշտությամբ չի գա Հայաստան, բայց անպայման կգա, որովհետև, ինչպես գիտեք, ձեռագրերը չեն այրվում»,- եզրահանգեց նա:
Կան նաև կորած նյութեր, օրինակ` «Դոն Ժուանի վերջին տեսիլը» պոեմը: «Չարենցը, Դերենիկ Դեմիրճյանի լեզվի մասին խոսելիս, մեջբերում է այդ պոեմից: Իսկ պոեմը չկա: Մոսկվայո՞ւմ է, թե՞ ոչնչացվել է ձեռագիրը, հայտնի չէ»,- ասաց Գ. Էմին-Տերյանը: Մինչև տարեվերջ նրա աշխատասիրությամբ լույս կտեսնի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը» նորահայտ աշխատությունը: Տերյանը ցեղասպանությունից հետո շրջել է բազմաթիվ որբանոցներով, գրի է առել եղեռնից փրկված, հիմնականում Վանից ու Արճեշից փախած որբերի տպավորությունները, ինչպես նաև հանձնարարել է այդ երեխաներին շարադրություն գրել:
«Դրանք իրականում ֆանտաստիկ վավերագրեր են և երբևէ չեն հրատարակվել: Արխիվում կան նաև ձեռագրեր գրված հին հունարենով, պարսկերենով, սանսկրիտով: Դրանք պետք է թարգմանվեն, վերծանվեն: Անտիպ են մնացել նաև Տերյանի թարգմանությունները: Նա ռուսերեն է թարգմանել Րաֆֆու «Կայծերը», Սունդուկյանի «Պեպոն», «Կտակը»: Բայց սրանք հսկայական տեքստաբանական աշխատանք են պահանջում»:
«Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գիրքը նվիրվում է Նվարդ Տերյանին: Կազմի վրա պատկերված նկարը հրատարակվել է առաջին անգամ: Գրքի հեղինակի կարծիքով, լուսանկարից արդեն իսկ երևում է, թե ինչպիսին է եղել իրականում Վահան Տերյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ