Գրիչ վերցնելուս առիթը «Իրատես de facto»-ի թիվ 2-ում (20-22.01.2015 թ.) հրապարակված «Մեր երկրում վտանգավոր ավանդույթ է ձևավորվել. յուրաքանչյուր չինովնիկ ասպարեզ է մտնում սեփական փոցխով և փորձում է հնարավորինս շատ փոցխել իր կողմը» վերտառությամբ ընդարձակ վերլուծություն-հարցազրույցն է: Ընթերցողներին հիշեցնեմ, որ թերթի հյուրն էր տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ: Գիտնականը ցավով է մտաբերում Խորհրդային Միության փլուզումից հետո իշխանության եկած մեր «ժողովրդավարների» կարգախոսը՝ «Միայն կոմպոտներով և ջերմուկով մեր անկախ երկիրն իրեն կպահի»։ Հայոց «ժողովրդավարները» չարաչար «սխալվեցին». մեր կոմպոտներն ու ջերմուկն այդպես էլ մեզ չպահեցին: «Անկախության տարիներին մեր երկիրը հայտնվեց խոր տնտեսական ճգնաժամի մեջ՝ կորցնելով իր զարգացած գիտատար արդյունաբերությունը»: Եվ այսօր ո՞վ է կասկածում, որ ՀՀ տնտեսության քայքայման-փլուզման արմատները պետք է փնտրենք ՀՀՇ-ական պարագլուխների, Լ.Տ.-Պ.-ի «արհեստավարժ» տղերքի` Արևմուտքին ծառայելու ազգադավ գործունեության հիմքերում: Այդ նրանք քանդեցին ծաղկուն երկիրն ու այն Եվրոպայի համար սպառման շուկա դարձրին:
Հիշյալ տղերքը մեր երկիրը քանդեցին ոչ թե պարոն Համազասպյանի նշած փոցխով, այլ մի քանի տոննա տարողությամբ շերեփներ ունեցող էքսկավատորներով։ Հավատացեք, մինչ օրս սիրտս ցավում է, երբ մտաբերում եմ ինչ-ինչ մանրամասներ մեր անցյալից: Ահավասիկ. Երևանի կոնյակի գործարանում կար 1,8 մլրդ դոլարի հնեցված կոնյակ՝ շենքի և սարքավորումների հետ: Հրանտ Բագրատյանի թեթև ձեռքով այն մասնավորեցվեց ընդամենը 29 մլն դոլարով: Իմա՝ իր արժեքից մի քանի հազար անգամ պակաս։ ՈՒ այսօր ԱԺ ամբիոնից մեծ-մեծ «բրդող» հիշյալ անձը հանցավոր այդ գործարքից հետո դարձավ ֆրանսիական տվյալ ընկերության խորհրդի անդամ, ստանում էր մի քանի հազար դոլար աշխատավարձ: Շ. Պետրոսյանը հրապուրվեց «Զվարթնոց» օդանավակայանով, Գ. Ներսիսյանը` «Նաիրիտ» համալիրով, Գ. Ազիզյանը` «Ձեթ-օճառ» կոմբինատով, ծերացած քաղբանտարկյալներին բաժին հասան Նուբարաշենի և Բարձրաշենի թռչնաֆաբրիկաները։ Միմյանց հրմշտելով տարբեր պատեհապաշտներ տիրացան երկրի բարձր պաշտոններին: Մասնավորեցվեցին 400 գյուղական ակումբ, 1000 գրադարան ու երաժշտական դպրոց, 320 մանկապարտեզ ու դպրոց: Մեր ծաղկուն երկիրը խորշակի նման ամայացնողները հավանաբար մտածում էին, թե չորացել է հայոց արգանդը, էլ երեխաներ չեն ծնվելու, էլ մանկամսուրների ու մանկապարտեզների անհրաժեշտություն չի լինելու:
Անկախության առաջին տարիներից ի վեր փոշիացվեց 50 մլրդ դոլարին համարժեք ազգային սեփականություն։ Խավարի տիրակալն ամբիոնից հայտարարում էր՝ կոմունիստների կառուցածն է, պետք է քանդել: ՈՒ քանդում էին անխնա, ոչնչացնում, հափշտակում, տռզեցնում սեփական գրպանը: Խաբված ժողովուրդն այսօր է միայն զգում, որ իր աչքի առջև, իր թողտվությամբ գողացել-հափռել-փոշիացրել են 70 տարվա ընթացքում իր իսկ քրտինքով ստեղծածը:
Անկախության 25 տարիները ոչինչ չտվեցին հայ ժողովրդին, բնակչության 50 %-ի արտագաղթ, զարգացած տնտեսության վայրագ կործանում, բնակչության կենսամակարդակի 4 անգամ վատթարացում, երկաթի ջարդոնի անվան տակ երկրից հանվեցին միլիոնավոր տոննա հարստություն` դազգահներ, սարքավորումներ, այն ամենը, ինչն արժեք էր, ինչով այսօր կարող էինք զարգացած տնտեսության տեր լինել:
Ժողովրդական լայն զանգվածները սկզբում ամենայն խորությամբ չէին ընկալում մեզ պատուհասած աղետը, չէին գիտակցում, որ իրենց «անկախության ջատագովներ» հորջորջողները հայի այն տեսակն են, որոնց ինչպես գրպանի, այնպես էլ գլխի պարունակությունը բանաձևվում է «տորիչելյան դատարկություն» արտահայտությամբ։ Ասել է՝ նրանք, անտեսելով իրենց դատարկ ուղեղը, ամեն ինչ մոռացած, անկուշտ մոլուցքով փորձելու էին լցնել իրենց ծակ գրպանը, որը մինչ այդ մկներին անգամ չէր հրապուրում: Եվ այդ ծակը լցնելու էին բոլորիս հաշվին: Մեր ունեցածը խժռելով դառնալու էին գերօլիգարխներ: Աղքատի հոգեբանությամբ օժտված այս «ժողովրդավարներն» առաջնորդվում էին «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով: ՈՒ անսպառ եռանդով խժռում էին ամեն ինչ։
Ո՞վ է մեղավոր` չկա պատասխանը, օրենքով չի ամրագրված, այն թողնված է ժողովրդի դատին:
ՈՒզում եմ հիշեցնել, որ 1962-ին՝ խորհրդային տարիներին, գերմանական Լայպցիգ քաղաքում կազմակերպված տոնավաճառում «Նաիրի» և «Հրազդան» մակնիշի հաշվիչ տեխնիկան գրավեց առաջին տեղը, և գերմանացիները դարձան մեր առաջին գնորդները։ Իսկ այսօ՞ր: Հայաստանի արտաքին պարտքն այսօր հատում է 4,5 մլրդ դոլարի սահմանը: Չունենք արդյունաբերություն: Չունենք տնտեսություն: Հիմա էլ խելագար մոլուցքով մեր հանքերն ենք «բռնաբարում»: Զորօրինակ, տարեկան 20 հազար տոննա մոլիբդենի հումք ենք վաճառում Եվրոպային, Գերմանիային, Ավստրիային:
Արևմուտքի ծրագրերն իրականացնող բախտախնդիրները քանդեցին ծաղկուն երկիրը։ Վերածեցին արևելյան շուկայի: Քանդեցին գիտություն, մշակույթ, կրթություն: Ամեն, ամեն ինչ: Անտեսեցին մեր մեծերին, անուններին:
Համաշխարհային ճանաչում ունեցող Վիկտոր Համբարձումյանը, որ «Ղարաբաղ» կոմիտեի դրդմամբ 1989-ին Ռուսաստանի մայրաքաղաքի անունը կրող «Մոսկվա» հյուրանոցում նստացույց էր անում, չգիտեր, որ ընդամենը երկու տարի անց որպես փոխհատուցում կստանա իրանական արտադրության մի նավթավառ ¥առանց նավթի¤ և ձմռան ամիսներին վերարկուն հագին կգիշերի Բյուրականի աստղադիտարանի հարևանությամբ գտնվող իր բնակարանի խոհանոցում։
Թերթի հյուրը երանությամբ է հիշում անցյալը, փաստում. «Տեսնենք, թե ինչ վերաբերմունքի արժանացան իմ գիտական աշխատանքները, որոնք ճակատագրի բերումով 1979 թվականին ես պատիվ ունեցա ներկայացնելու ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ կամ այսօրվա լեքսիկոնով ասած` վարչապետ Ալեքսեյ Նիկոլայի Կոսիգինին: Ինձ համար այդ պատմական հանդիպումը տեղի ունեցավ Աբովյանի «Պոզիստոր» ԳԱՄ-ի իմ լաբորատորիայում: Հանդիպմանը ներկա էին ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամներ Հեյդար Ալիևը, Էդուարդ Շևարդնաձեն, Հայաստանի ողջ ղեկավար անձնակազմը: Խորհրդային երկրի վարչապետին ես պետք է ներկայացնեի հայկական գիտության և ռազմական արդյունաբերության ձեռքբերումները` իմ լաբորատորիայում կատարված գիտական աշխատանքների օրինակով: Կոսիգինի սուբյեկտիվ ընկալումից և տված գնահատականից շատ բան էր կախված Հայաստանի համար (նոր ոլորտների ֆինանսավորում, գործարանների տեխնիկական վերազինում, նոր գործարանների կառուցման թույլտվություն, բուհերում նոր մասնագիտությունների բացում և այլն): Ա. Կոսիգինին շատ հետաքրքրեցին մեր լաբորատորիայում ստեղծված աշխարհում առաջին նանոսկոպը և չիպերի ստուգման համար նախագծված նանոթեստային էլեմենտները: Սովետական հզոր գիտնականների ու ռազմական գործիչների ներկայությունը նոր երանգ տվեց մեր հանդիպմանը: Տեղի ունեցավ շատ օգտակար գիտական դիսկուսիա, որի ռեզյումեն այսպիսին էր. «Աբովյանի գիտնականները միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հասել են աննախադեպ հաջողության, անցել են նանոտեխնոլոգիաների տիրույթը` իրենցից հետ թողնելով ճապոնացիներին ու ամերիկացիներին»: Այդ ձևակերպումը շատ դուր եկավ Կոսիգինին ու մեծ հպարտություն պատճառեց Կարեն Դեմիրճյանին: Վերջինս ցուցադրաբար թեթևակի հարվածեց մեջքիս ու ասաց իր հայտնի խոսքը. «Մոլոդեց»: Կոսիգինը շատ գոհ էր մնացել Հայաստանից: Այսօր, երբ աշխարհը թևակոխել է նանոտեխնոլոգիաների դարաշրջանը, 70-ական թվականներին Աբովյանում ստեղծած մեր աշխատանքները դեռևս պահպանում են իրենց կարևորությունը: Կոսիգինի այցից հետո, մեկը մյուսի հետևից Աբովյանի մեր լաբորատորիա էին այցելում ԽՍՀՄ բարձրաստիճան պետական ու քաղաքական գործիչները, այդ թվում` Կոսիգինի առաջին տեղակալ Արխիպովը, ԽՍՀՄ կոմերիտմիության կենտկոմի առաջին քարտուղար Բ. Պաստուխովը, ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համալիրի նախագահ Սմիռնովը: Վերջինս մեր լաբորատորիայում Կարեն Դեմիրճյանի ու Ֆադեյ Սարգսյանի ներկայությամբ գիշերվա ժամը 23.45-ին ստորագրեց մի որոշում, ըստ որի` պետք էր արագ տեմպերով Հայաստանում զարգացնել մեր գիտական աշխատանքները` ռազմական արդյունաբերության մեջ դրանք շուտափույթ ներդնելու նպատակով: Երկու տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվեցին 4 ԳՀԻ ու գործարան. երկուսը` Աբովյանում, երկուսը` Արտաշատում: Սրանք իրական պատմական փաստերն են»:
Իսկ այժմ փորձեք համեմատության եզրեր գտնել Կոսիգինի՝ ԽՍՀՄ վարչապետի, ու անկախ Հայաստանի որևէ (նախկին, թե ներկա) վարչապետի միջև: Չեք գտնի: Չկան այդ համադրությունները, որովհետև մեր բոլոր վարչապետերը, գրեթե առանց բացառության, առաջնորդվել են «Նախ` մորթուս, հետո` որդուս» կարգախոսով: Նրանք զբաղված են եղել ու ե՛ն սեփական ազգուտակի (մինչև 7 պորտը) բարեկեցության խնդիրները լուծելով, օֆշորներով, սրան ունեզրկելով, նրա հետ «փայ մտնելով»: Իսկ երկրի ու ժողովրդի հերն էլ անիծած:
Մեծ ցավով պիտի նշեմ, որ օրեր առաջ ԱՄՆ-ի նախագահը՝ Օբաման, պարտադրանքի հասնող հանձնարարություններ տվեց ԱՄՆ-ի համապատասխան կառույցներին արևի էներգիայի օգտագործման ուղղությամբ: Մինչդեռ մեր չինովնիկները, տնտեսության պատասխանատուները զբաղված են երկիրը խոր փոսից հանող պատրաստի ծրագրերը փսորելով: Այլապես ո՞նց բնութագրենք այն, որ ավելի քան 20 տարի ձգձգում ու ընթացք չի տրվում ակադեմիկոս Հերունու «Արև» և Վահան Համազասպյանի հելիոֆիկացիայի ծրագրերին, որոնք կարող են դառնալ ՀՀ տնտեսության զարգացման ազգային ու ռազմավարական ծրագրերի հզոր հենքը:
Եթե երկրիս վարչապետն ու նրա նախարարները չունեն կրթական ու մասնագիտական անհրաժեշտ մակարդակ, իմա՝ թերուս են, թող լքեն ասպարեզը, հեռանան:
Չինովնիկներ հայոց աշխարհի, բավ է, կշտացեք-կանգ առեք. ձեր հանցավոր գործունեության պատճառով գիտական հզոր պոտենցիալի տեր մեր ժողովուրդը, ինչպես արձանագրում է պարոն Համազասպյանը, «իր տնտեսական տվյալներով հաջողեցրել է հայտնվել աֆրիկյան աբորիգենների շարքերում: Իջնելու տեղ էլ չի մնացել»: Չե՞ք կարողանում դժվարին այս ժամանակներում տնտեսություն կազմակերպել, հեռացեք: Ասպարեզը զիջեք իսկապես պրոֆեսիոնալներին, կրթություն ստացածներին, այս երկրի ու ժողովրդի ցավով տառապողներին:
Գեղամ ԳԱԼՍՏՅԱՆ
Կոմունիստ