Բալահովիտ
Ժողովրդական ստուգաբանությամբ` Բալու է կոչվել շրջակայքում շատ բալենիներ ունենալու պատճառով։ Գտնվում է Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Դերսիմի հարավային ծայրագավառում, Արածանիի (Արևելյան Եփրատ) ստորին հոսանքի աջ ափին։ Շրջակայքում կան պղնձի (և գունավոր այլ մետաղների) ու քարածխի հանքեր։
Հնում Բալուն Չորրորդ Հայք աշխարհի (ավելի հնում՝ Ծոփք) Բալահովիտ գավառի կենտրոնն էր և գլխավոր բերդը։ Թուրքական տիրապետության շրջանում Բալուն իբրև գավառակ նախ մտնում էր Դիարբեքիրի նահանգի (վիլայեթ) Արղանա մադենի գավառի (սանջակ), ապա Խարբերդի նահանգի մեջ իբրև գավառի կենտրոն։
XIX դարի սկզբներին Բալուի միայն հայկական տների թիվը հասնում էր 1000-ի՝ մոտ 7000 բնակչով, իսկ քրդերը 2000-3000 շունչ էին։ 1873 թ. կային 6240 հայ և 2250 քուրդ բնակիչներ։ XIX դարի 70-ական թվականներից քաղաքի արհեստավոր ու առևտրական բնակչությունն սկսում է աստիճանաբար գաղթել ավելի մեծ քաղաքներ՝ Ադանա, Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա, ինչպես նաև Մալաթիա ու Քղի: Այնուամենայնիվ, 1914 թ. ունեցած նրա 10000 բնակչից 5000-ը հայեր էին, իսկ մյուս կեսը քրդեր, հույներ, ասորիներ և մասամբ թուրքեր։
Գյուղատնտեսական կուլտուրաներից Բալուում մշակում էին ցորեն, գարի, եգիպտացորեն, բամբակ, պտղատու ծառեր (դեղձենի, տանձենի, սալորենի, խնձորենի և այլն)։ Քաղաքի բնակչության մի մասը զբաղվում էր մեղվաբուծությամբ, իսկ քուրդ բնակչությունը՝ անասնապահությամբ։ Հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով ու առևտրով։ Տարածված արհեստներից էին մանածագործությունը, կտավագործությունը, պղնձագործությունը, դարբնությունը և այլն։
Բալուն առևտրական քաղաք է եղել դեռևս միջին դարերում։ Այստեղով էր անցնում Արածանիի հովտով դեպի Խարբերդ ու Մալաթիա ձգվող ճանապարհը։ XIX- XX դարերում Բալուն ուներ իր ընդարձակ շուկան, տասնյակ խանութներ, կրպակներ ու արհեստանոցներ։ Ներքին աշխույժ առևտրից բացի, քաղաքն իր արտադրանքներով մասնակցում էր նաև արտաքին առևտրին։ Բալուից և համանուն գավառից արտահանվում էին հացահատիկներ, բամբակ, ծիրանի, դեղձի, տանձի, սալորի չիր, անասնապահական մթերքներ և այլ ապրանքներ։
Բալուի հայ բնակչությունը նույնպես 1915 թ. ենթարկվեց բնաջնջման։ Նրա միայն մի մասին է հաջողվել փրկվել թուրքական յաթաղանից։
Գլխաւոր քաղաք համանուն գաւառակին: Կառուցուած է Արեւելեան Եփրատի կամ Արածանիի հիւսիսային ափի մօտ: Երթեւեկող ճանապարհորդք և վաճառականք աւազակներէ միշտ կողոպտուելուն՝ սկսեր են բնակութիւն հաստատել, որպէս զի երթեւեկողաց ապահովութիւն լինի:
Արածանին երեք կողմանէ կը շրջապատէ քաղաքս, որով թերակղզի մը կը ձեւանայ. թաղերը, շուկայն և կառավարութեան պաշտօնատունք այս բաժնին մէջ են:
Տեղւոյս օդն ծանր է, և գետէն զատ ըմպելի լաւ ջուրեր չունենալուն, բնակիչք ընդհանրապէս վատառողջ են և դեղնած դէմքերով. գրեթէ սպիտակ մազերով մէկը չի տեսնուիր հոս, և քիչեր կան, որ յիսուն տարին լրացուցած մեռնին: Կենաց ճաշակը խանգարեալ, մտքերն ևս հիւանդ. ծանրահամ և վնասակար թութի օղին ջրի բաժակով կը խմեն և կռուարար, խաբող, հայհոյող անձինք են մեծաւ մասամբ:
Հայոց թիւը 1880-ին էր մօտ 5000, իսկ 1885-ին քաղաքիս հայոց տանց թիւն էր 550: 1870 թուականէն սկսեալ քաղաքիս և շրջակայից հայ բնակիչք օր ըստ օրէ կը նուազին, գաղթականութիւնք բաւական ժամանակէ ի վեր մուտ գտած է այստեղ և կը շարունակուի: Հայոց գրեթէ հինգերորդ մասը գաղթած է Կիլիկիոյ կեդրոնն Ատանա, իսկ մնացեալները մաս-մաս գաղթեր են Խարբերդ, Տիգրանակերտ, Պագըր Մատէն, Սեբաստիա, Մալաթիա և Քղի: Գաղթող հայոց երրորդ մասին չափ հազիւ կ’աւելնան նորեկ մահմետականք, որոնք կու գան Խարբերդէն, Ճապաղջուրի շրջակայքէն և այլ կողմերէ:
Տները ընդհանրապէս կիսով մասամբ շինուած են բոլորովին հողէ և վրան հողածածկ տանիք, և կիսով մասամբ ալ հող և կէսը փայտ: Կան նաև երկյարկանի տներ, որ առջեւնին ունին փայտաշէն վանդակներով պատշգամբ՝ ամառը ճեմելու և ննջելու համար:
Հայոց եկեղեցիները չորս են՝ Ս. Սահակ, Ս. Լուսաւորիչ, Ս. Աստուածածին և Ս. Կիրակոս:
Հայք ունին երկու երկսեռ դպրոցներ 150-170 աշակերտներով և 80-90 աշակերտուհիներով, որք կ’ուսանին հայերէն, թուրքերէն և գաղղիերէն: Չորս եկեղեցիներու անուամբ չորս թաղերու բաժնուած են Բալուի հայք, որոց մեծ մասը յետին աստիճանի տգետ, նախապաշարեալ և երկչոտ են: Տեղւոյս հայոց գլխաւոր ախտն կամ պակասութիւնն այն է, որ իրարու հետ սիրով չեն, միշտ զիրար կ’ատեն ու կը թշնամանան: Բալուցիք հայերէն կը խօսին և տեղական պիտոյից ամէն արհեստներն գիտեն թէ քաղաքացիք և թէ գիւղացիք, շատ ալ աղքատ չունին:
Քաղաքի մէջ բաւական ծաղկած է կոշկակարութիւնը, ընտիր կոշիկներ կը պատրաստուին ու կ’արտահանուին. նոյնպէս տարածուած է մանուսագործութիւնը, որուն գործարանատէրերն են Պալեան և Ֆառիշեան եղբարք. այստեղ կը պատրաստեն ընտիր մանուսաներ և կտաւներ ու կը փոխադրեն Խարբերդ, Տիգրանակերտ, Քղի, Ճապաղջուր, Մուշ և Չարսանճագ: Խօշմաթլեան, Արամեան, Փսոյեան, Գողիկեան, Լարճեան, Ֆէրմանեան, Սինէք-Օղլեանքեան, Մախսուտ Օղլանքեան վաճառականներ ամէն տեսակ ապրանքներ կը ստանան Կ.Պօլսէն և Բերիայէն: Իսկ Դամասկոսէն մեծ քանակութեամբ գոմէշի կաշի կ’արտահանեն Բարսեղեան և Թորիկեան եղբարք: Միւս արհեստները ամբողջովին հայոց ձեռքն են. թէև այլազգիք հայերէն եռապատիկ շատ են, բայց ամէնքն ալ առանց արհեստի են կամ թափառաշրջիկ, կամ այգեպան, պարտէզպան և մրգավաճառ:
Գըրգաղաճ
Քաղաք Զմիւռնիոյ հիւսիս-արեւելեան կողմը, համանուն գաւառակին մէջ: Դիրքն ու տեսարանը շատ գեղեցիկ են, բարձր լերան մը զառիվայր կողին վրայ շինուած ըլլալով՝ հեռուէն աստիճանաձեւ ու վրայէ վրայ կառուցուած տները գեղեցիկ կ’երեւան:
ՈՒնի ցորենի, գարիի, բամբակի, սիսռան, բակլայի ընդարձակ արտեր. նշանաւոր է համեղ սեխն, որ ուրիշ քաղաքներ, ինչպէս Զմիւռնիա ևս, Գըրգաղաճի սեխ անուամբ կը ծախուի:
Գըրգաղաճ ունի 1500 բնակիչ երեք ազգերէ՝ հայ, յոյն և թուրք: Հայք նշանաւոր հասարակութիւն մը կը կազմեն այստեղ: ԺԸ դարու կէսերը գաղթած են Դավրէժէն, Սալմաստէն, Ղափանէն, Ղարապաղէն և Երեւանէն. կրնանք ըսել թէ մէկ ու կէս դարու գաղթականութեան սերունդներ են տեղւոյս հայք: Իրենց գաղթականութեան սկիզբը քաղաքին միջավայրը հաստատած կ’երեւին իրենց բնակութիւնն, ուր և Աճէմ խանի մէկ սենեկին մէջ սեղան կանգնելով՝ պաշտօն կատարեր են ժամանակ մը: Յետոյ քաղաքին հիւսիսային կողմը քաշուած և հոն կազմած են իրենց առանձին թաղ մը, ուր կը գտնուին այժմ: Այս թաղը քաղաքին ամենագեղեցիկ վայրը կրնայ ըսուիլ. թաղին երեք կողմերը բաց, այգեստաններ և արտեր պատած են, միայն հարաւային կողմը միացած է տաճկաց տներուն հետ: Քաղաքիս հայք այժմ կը համրուին 160-170 տուն (800 հոգի): ՈՒնին Ս. Աստուածածին անուամբ եկեղեցի մը, որ տեղւոյս բոլոր շէնքերուն մէջ առաջինը կրնայ համարուիլ: Աջակողմեան աւանդատան վրայ շինուած է զանգակատան աշտարակը: Եկեղեցւոյս տեղը կար 1790-ին շինուած ուրիշ հին եկեղեցի մը, որուն փոխան 1874-ին վերաշինած են. այս շինութեան, բացի ուրիշ բարերարներէն միայն Աբրահամ փաշա Երամեանը նուիրած է 500 օսմ. ոսկի: Եկեղեցիս ունի իրեն յատուկ դրամ, որ ժողովրդեան դիւրութեան համար շինուած է. այս դրամն թիթեղէ բոլորակաձեւ կտրուած և վրան Եկ (=եկեղեցւոյ) գրուած է, ժողովուրդն ի փոխարէն մէկ մեթալիկի (10 փարայի) երեք հատ կառնու այս դրամներէն և յետոյ գանձանակներու կամ պնակներու մէջ կը ձգէ: ՈՒնի նաև քանի մը կտոր կալուած, երեք խանութ, երեք տուն, երեք ձիթաստան և եօթն այգեստան, ամբողջին տարեկան հասոյթն կը հասնի 250-250 մէճիտ, որ կը գործածուի եկեղեցւոյ պիտոյից և դպրոցներու, պակասը կը լեցնէ ազգը:
Եկեղեցւոյ պարտէզին մէջ կը գտնուի կրկնայարկ և բարձրաշէն երկսեռ վարժարանը, որ թէև մէկ շէնք է, բայց առանձին դռներով և սանդուղներով երկու մասի բաժնուած: Տղայոց վարժարանի ճակատը գրուած է «Նարեկեան վարժարան», որ ունի երկու դասարան մօտ 70 աշակերտներով: Աղջկանց վարժարանի ճակատն ալ գրուած է «Վարդուհեան վարժարան» և ունի նոյնպէս կրկին դասարան մօտ 60 աշակերտուհիներով, ուր կը սորվին նաև ձեռագործ:
Ժողովրդեան մէջէն ծերերը առհասարակ տաճկախօս են, բայց նոր սերունդը կը խօսի հայերէն և տաճկերէն կը սորվի միմիայն գիտութեան համար:
Գըրգաղաճի ժողովուրդը բնաւորութեամբ ժիր, գործունեայ, եռանդուն և աշխատասէր է: Հայոց մեծագոյն մասը կը զբաղի տեղական արուեստներով, կոշկակարութեամբ, դարբնութեամբ, դերձակութեամբ ևն: Կան նաև վաճառականներ, որոնք բաւական յաջողութիւն գտած են. ասոնց մէջ կը յիշուին Արթին Սիվրիսարեան Զմիւռնացի, Թադէոս հաճի Յովսէփեան, Միհրան Սահակեան, Կիրակոս Չիվիճեան, հաճի Գէորգ Եազըճեան. վերջինս իբրև խոզկաղինի (փալամուտի) վաճառական նշանաւոր է: Հայերը գործարաններ ևս ունին. քաղաքին հարաւային կողմը ընդարձակ գետնի վրայ հաստատուած է գործատուն մը ալիւրի, բամբակի և ձիթոյ, շոգեշարժ մեքենաներով, որ կը պատկանի հայազգի Գարեգին Դաւիթեանի, ինքը թէև զմիւռնիացի է, բայց տարիներ ի վեր ընկերակցութեամբ ուրիշներու՝ յաջողութեամբ յառաջ կը վարէ սոյն գործատունը: Նոյնպէս Յովհաննէս Գարախաչատուրեան ունի բամբակի և ալիւրի գործատուն:
Հայք քաղքին միջավայրը հաստատած կ’երեւան իրենց բնակութիւնն, ուր կը կառուցանեն եկեղեցի մը. ծերագոյնները կը յիշեն նոյն եկեղեցւոյ վայրը, այսօրս Աճէմ Խան անուանեալ տեղւոյն վրայ շինուած է եղեր, որ այժմ իբր վարժոց (մէտրէսէ) կը գործածուի: Յընթացս ժամանակաց քաղքին հիւսիսային կողմը քաշուած և հոն կազմած են իրենց առանձին թաղ մը, ուր կը գտնուին այսօրս: Սոյն թաղը քաղքին ամենագեղեցիկ վայրը կրնայ ըսուիլ. թաղին երեք կողմերը բաց, այգեստաններ և արտեր պատած են, հարաւային կողմը միայն տաճկաց տներուն հետ միացած է:
Մարաշ
Մարաշը, որպես առևտրային բանուկ ուղիներից հեռու ու մեկուսի քաղաք, մեծ վաճառականություն չուներ։ Այն իր ապրանքներն արտահանում ու ներկրում էր Մերսինի և առավելապես Ալեքսանդրետի ճանապարհով։
Ներմուծվող գլխավոր ապրանքները եվրոպական էին` մետաղյա իրեր, ապակեղեն, հախճապակի, գործվածքներ, ասու, կտավ, գունավոր կաշիներ, շաքար, սուրճ, նավթ, թուղթ և այլն։
Արտահանվում էին հիմնականում բրինձ, չամիչ, պիստակ, գխտոր, տորոն, փայտ, ընկույզ։
Մարաշի գլխավոր վաճառականներն էին.
մանուֆակտուրայի` Խըրլագյանները, Հովհաննես, Բաղդասար, Պողոս և Վարդիվառ Չորբաջյան եղբայրները, Մելքոն Հազարապետյանն ու նրա որդիները, Մելքոն Պապիկյանը, Կոստան Վարժապետյանը, Զիյա Սալիբյանը, Շատարևյան եղբայրները և այլք.
աթթարիեյի` Պիլեզիքճյանները, Կարապետ Փարթամյանն ու նրա որդիները, Մկրտիչ Ամիրալյանն ու եղբայրները, Դաքեսյան եղբայրները, Տեր-Մեսրոպյան եղբայրները, Գազազյանները, Հաջի Չարգճյանը, Սեդրակ Դիշեչքենյանը, Համմալյան եղբայրները, Հարություն Պապայանը, Սարգիս Ահարոնյանը.
գորգի` Հովսեփ Դիշչեքենյանը, Սարգիս Չորբաջյանը և այլք։
Բրնձամշակության մեջ հայերը կարևոր դեր էին կատարում, և արտադրած բերքի կեսից ավելին նրանց էր պատկանում։ Քանի որ թուրք ագարակատերերը մշակներին բավարար ու կանոնավոր օրավարձ չէին վճարում, վերջիններս թուրք աղաներից խույս էին տալիս և գերադասում հայերին։ Թուրքերից բրնձամշակությամբ զբաղվում էին Գադիր փաշան, Շյուքրի բեյը, Հասան զադեն, Չուգադար զադեները, Հաջի Յոմեր զադեները և այլք, իսկ հայերից` Խըրլագյան եղբայրները, Թոփալյանները, Մուրադյանները, Արըգյանները, Կոստան Վարժապետյանը, Գըսաճըգյանները և այլք։
Որպես ջրառատ քաղաք` Մարաշն իր դիրքով ու կլիմայով շատ հարմար էր բանջարամշակության համար։ Բոլոր ակնաղբյուրների ջրերը, անհրաժեշտ կարիքների համար օգտագործվելուց հետո, կուտակվում էին քաղաքի հարավային կողմում և գործածվում բանջարանոցները ոռոգելու համար։ Բանջարամշակ պարտիզպաններն առհասարակ հայեր էին, որ մշակում էին ամենատարատեսակ բանջարեղեն։
Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ