Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

2015 թվականը որպես արյունահեղության ժամանակաշրջան, կամ ինչու ոչ ոք չի ծաղրանկարում Եհովային

2015 թվականը որպես արյունահեղության ժամանակաշրջան, կամ ինչու ոչ ոք չի ծաղրանկարում Եհովային
27.01.2015 | 00:13

Ընթացիկ 2015 թվականը սկսվեց մեկը մյուսին հաջորդող արյունահեղ ակտերով։ Այն մասին, թե Ադրբեջանը հունվարի 2-ի լույս 3-ի գիշերն ինչպես «շնորհավորեց» հայ ժողովրդին, մենք արդեն գրել ենք, գրել ենք նաև, թե ինչ ուժեր են կանգնած Ադրբեջանի բոլոր զինված սադրանքների հետևում։ Հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբերը վերստին փորձեցին հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով թափանցել Արցախ, բայց այս անգամ Արցախով չսահմանափակվեցին։ Թշնամին փորձեց նաև դիվերսիա կատարել Հայաստանի Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ. այսինքն, ակնհայտորեն գործ ունենք ռազմական գործողությունների ընդգրկումը մեծացնելու փորձի հետ։ Հայաստանն ու Արցախը հաջողությամբ խափանեցին ադրբեջանական ռազմական հանցագործների սողունային արարքները, սակայն հունվարի 11-ին զոհվեց Հայաստանի բնակիչ, հովիվ Սերյոժա Սարգսյանը, իսկ Արցախում վիրավորվեց զինծառայող Միսակ Հակոբյանը։ Իսկ արդեն հունվարի 12-ին տեղի ունեցավ Գյումրու ողբերգությունը։ Հետաքննությունը կպարզի, թե Ադրբեջանի ահաբեկչական ակտիվացման հերթական հորձանքը կապ ունի՞, արդյոք, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի հրեշավոր ոճրագործության հետ։ Բայց այն, որ հայկական երկու բանակների հրամանատարներին գործողությունների ազատություն կտան ադրբեջանական դիվերսիաների դեմ մղվող պայքարում և Ադրբեջանի կողմից զինված դիվերսիաների ու գնդակոծությունների ամեն փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի, հավատ են ներշնչում, որ Հայաստանն ու Արցախը շուտով ձեռնամուխ կլինեն մեր թշնամու միջազգային քրեական հետապնդմանը։

Բաքվի պետական ահաբեկչությունն ակնհայտ է, ու քանի որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հունվարի 13-ին առաջարկեց «լրջորեն քննության առնել Հայաստանի նկատմամբ հարկադրանքի միջոցների, այդ թվում` ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված պատժամիջոցների ձեռնարկման հարցը», ապա մենք լիիրավ ենք Հայաստանի ու Արցախի արտգործնախարարություններից ակնկալելու համարժեք հրապարակային հակաքայլեր։

Բայց եթե 2015-ի սկիզբը սահմանափակվեց միայն Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի հակամարդկային գործողություններով, ապա հազիվ թե հիմքեր լինեին խոսելու այն մասին, թե աշխարհը ճարակել են բռնությունն ու կանխամտածված սպանությունները։ Օրինակ, հունվարի 2-ին էլ հենց, այսինքն, երբ ադրբեջանցիները վերսկսեցին հայերին սպանելու գործողությունները, ՈՒկրաինայի իշխանությունները վերսկսեցին Նովոռուսիայի դեմ ուղղված պատերազմը։ Միայն այս անցած օրերին սպանվել է երեք խաղաղ բնակիչ, տասը` վիրավորվել, այդ թվում` մեկ անչափահաս։ Զանգվածաբար գնդակոծվում են Նովոռուսիայի բոլոր խոշորագույն քաղաքները, ավերվում բնակելի թաղամասերն ու տները։ Իսկ ուկրաինական թիկունքի խորքում` Վոլնովախա քաղաքի մերձակայքում մարդատար ավտոբուսի «տարօրինակ» ոչնչացումը 12 մարդու (հունվարի 14-ի դրությամբ) կյանք խլեց։ Կիևը խոսում է ավտոբուսին դիպած հրետանային արկի մասին։ Սակայն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ամենամոտ հրետանային կրակակետը գտնվում է դեպքի վայրից 50 կմ հեռավորության վրա, այսինքն, Վոլնովախան և նրա մերձակայքը անհասանելի են ԴԺՀ-ի հրետանու համար։ Այլ խոսքով, դա հենց հերթական ուկրաինական սադրանք է` ուղղված սեփական քաղաքացիների դեմ։

Վերջապես, տագնապալի իրավիճակը Արևմտյան Եվրոպայում։ Հունվարի 7-ին և 8-ին աշխարհը ցնցվեց Ֆրանսիայում` «Շառլի Էբդո» շաբաթաթերթի խմբագրատանը և խանութում տեղի ունեցած ահավոր ահաբեկչական ակտերից։ Ահաբեկիչները գնդակահարեցին 17 մարդու։ Եվ կարծես ֆրանսիական ահաբեկչության հեղինակներն ու կատարողները հայտնի են, այն էլ միանգամից երկուսը. «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունները, փաստորեն, իրենց են վերագրել Ֆրանսիայում իրականացված ֆաշիստական ակտերը։ Եթե խոսելու լինենք հետևանքների մասին, ապա դա ոչ միայն անամոք վիշտ է զոհված լրագրողների, ոստիկանների, մյուս զոհվածների ընտանիքներում։ Ֆրանսիան վաղուց է վերածվել մի երկրի, որը ծվատվում է տեղաբնիկ ֆրանսիացիների ու գերազանցապես Հյուսիսային Աֆրիկայից և Թուրքիայից թափանցող ներգաղթյալների միջև տիրող հակասություններից։ Վերջին 30 տարում Փարիզը դարձել է մի քաղաք, որտեղ եվրոպական արտաքին ունեցող բնակիչները փոքրամասնություն են կազմում, իսկ մայրաքաղաքի ոստիկանությունն ուրախությամբ զեկուցում է, որ Ծննդյան տոների դեմ իսլամադավան երիտասարդության բողոքների ընթացքում այրվել է «ընդամենը» 1000 ավտոմեքենա, և դա էապես պակաս է անցած տարվանից։

Հենց Փարիզում էլ տեղի ունեցավ իսլամական ահաբեկչության դեմ Ֆրանսիայի իշխանությունների կազմակերպած բողոքի վիթխարածավալ երթը։ Հատկանշական է, որ ֆրանսիական ընդդիմությունը հասկացավ, որ Ֆրանսուա Օլանդը և նրա սոցիալիստական կուսակցությունը պարզապես ողբերգությունն օգտագործում են ներկա իշխանությունների աղետալիորեն ընկած վարկանիշը բարձրացնելու համար։ Եվ ահաբեկչության դեմ և, ինչպես ընդգծվեց, ամբողջությամբ վերցրած` Եվրոպայի իսլամականացման դեմ բողոքի իր գործողությունները մեծ մասամբ անցկացնում էր Ֆրանսիայի հարավում։ Խայտառակություն պետք է համարել բողոքի փարիզյան երթին երկու անձանց` ՈՒկրաինայի նախագահ Պորոշենկոյի և Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի մասնակցությունը։ Առաջինը պատասխանատվություն է կրում ՈՒկրաինայի հարավ-արևելքում անսքող ահաբեկության սանձազերծման համար։ Երկրորդը` «Իսլամական պետությանը» պաշտպանելու, այդ խմբավորումը ահաբեկչական համարելուց հրաժարվելու, Սիրիայում իսլամիստական ավազակախմբերին օժանդակություն տրամադրելու և, համապատասխանաբար, այդ երկրում հայերի, ալավիների ու քրդերի զանգվածային սպանությունների համար։ Բայց նրանց մասնակցությունն ամենևին չամաչեցրեց ո՛չ Ֆրանսիայի իշխանություններին, ո՛չ ընդհանուր առմամբ Արևմուտքին։ Իսկ մի հարցնող լինի` այդ ինչո՞ւ են Ֆրանսիայի 17 ¥սպանված ահաբեկիչներին էլ հաշված` 20¤ քաղաքացիների կյանքն ու մահը ավելի բարձր գնահատվում և ավելի ցավագին ընդունվում, քան Սիրիայի ու Իրաքի հազարավոր հայերի, ալավիների, քրդերի ու եզդիների կյանքը։ Կամ, Ֆրանսիայի քաղաքացիներից ինչո՞վ են վատ Նովոռուսիայի ավելի քան 4,5 հազար բնակիչները, որոնց սպանել են ուկրաինացիները։ Այդ թվում` միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման զենքի լայն օգտագործման հետևանքով սպանված հարյուրավոր երեխաները։ Մի՞թե Սիրիայի, Իրաքի և Նովոռուսիայի սպանված երեխաները Արևմուտքի համար ոչ մի արժեք չեն ունեցել և չունեն։

Թեև բանը ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան Ֆրանսիայի լրագրողներն են, հրեաներն ու ոստիկանները։ Նրանք սոսկ մատաղացու են այլոց «խաղերում»։ Ինչպես և նրանց սպանողները։ Ինչպես և այն հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր, ասես հրահանգով, դուրս էին եկել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Ավստրալիայի քաղաքների փողոցները` գործարանային արտադրության միանման պաստառիկներով ու «Ես Շառլին եմ» մայկաներով։ Շատ բաներ կան, որոնք վկայում են, որ հունվարի 7-ի ահաբեկչական ակտը կազմակերպել են բնավ էլ ոչ նրանք, որոնց մեղադրում են։ Եվ տարբեր երկրներում «խոսքի ազատության կողմնակիցների» հիշատակված պաստառիկները, և՛ միանման, լավ համաձայնեցված գործողությունները, և՛ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների կողմից ահաբեկիչների ոչնչացումը այն իրավիճակում, երբ նրանց կենդանի կալանավորումը ոչ միայն անհրաժեշտ էր, այլև հնարավոր, և՛ քննիչի հանելուկային ինքնասպանությունը, որը հսկայական աշխատանք էր կատարել հանցագործության բացահայտման ուղղությամբ։ Ամեն ինչ արվել էր հետաքննությունը երկար ամիսներ, եթե ոչ տարիներ ձգձգելու համար, և որպեսզի կատարվածի հետևանքները լրջորեն ազդեին Եվրոպայի ճակատագրի վրա։ Թեև արդեն լսելի են կիսավեհերոտ դիտողություններ այն մասին, թե այդ ինչո՞ւ պիտի Կուաշի եղբայրներից մեկը ահաբեկչությունից հետո ավտոմեքենայի հետևի նստատեղին թողներ իր փաստաթղթերը։ Միայն նրա համար, որ ուշադրությունը շեղեր իսկական ահաբեկիչներից։ Դատելով այն բանից, որ նրանցից երկուսին (կամ կասկածյալներին) ոչ այն է ձերբակալեցին, ոչ այն է փորձեցին ձերբակալել (մեկին` Թուրքիայի հետ Բուլղարիայի սահմանին, մյուսին` Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին), ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, ինչպես հիմա աշխարհում տարածում է Արևմուտքը։

Ի վերջո, Եվրոպայի նույն իսլամականացման դեմ ուղղված գործողությունները ավելի շուտ էին սկսվել, քան հունվարի 7-ին և 8-ին Ֆրանսիայում կատարված ահաբեկությունները։ Դրանք սկսվել էին... Գերմանիայից, Դրեզդենից, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել իրենց իշխանություններին ուղղված համապատասխան պահանջներով։ Այո, Գերմանիան էլ է երրորդ ալիքի իսլամացման եվրոպական ցայտուն զոհերից մեկը, արդեն կան նաև էթնիկ մահմեդական գերմանացիներ, այդ թվում` թե՛ Նովոռուսիայում, թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում կռված վարձկաններ։ Եվ հենց Գերմանիայում եղան անդորրի խաթարումները։ Այսպես, կանցլեր Անգելա Մերկելը սպառնացել է Հունաստան դուրս նետել եվրագոտուց, ինչը, փաստորեն, նշանակում է Եվրամիությունից։ Ի պատասխան դրա, Իսլանդիան հետ է վերցրել ԵՄ մտնելու իր հայտը։ Իսկ Հունաստանի իշխանությունները որոշել են Գերմանիայից պահանջել մարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 11 մլրդ եվրոյի փոխառությունը։ Այս մասին ասվում է գաղտնի զեկույցում, որ անցած շաբաթ ներկայացվել էր Հունաստանի կառավարությունում, իսկ հետո հայտնվել լրատվամիջոցների ձեռքում, հաղորդում է գերմանական «Deutsche Welle»-ն։ Ինչի՞ մասին է խոսքը։ 476 մլն ռայխսմարկ հարկադիր վարկի մասին, որ Հունաստանի կենտրոնական բանկը 1942 թ. տրամադրեց Երրորդ ռայխին... Հունաստանի օկուպացման հետ կապված ծախսերը հոգալու համար։ Ենթադրվում էր, որ այդ վարկը վերադարձվելու էր պատերազմի ավարտից հետո, բայց Հիտլերին վիճակված չէր իր պարտավորությունները կատարել։ Իսկ գերմանական բունդեսկառավարությունը մինչև հիմա ձևացնում է, թե «չի հիշում» Աթենքի հանդեպ իր պետական պարտավորությունները։

Այս նույն շարքում պետք է դիտարկել ՈՒկրաինայի վարչապետ Յացենյուկի խայտառակ հարցազրույցը գերմանական առաջատար հեռուստաալիքներից մեկով, որտեղ նա ԽՍՀՄ-Ռուսաստանին մեղադրել է... «ՈՒկրաինան ու Գերմանիան զավթելու», դեռ մի բան էլ` «ժողովրդավարական ուղիով ընտրված գերմանական առաջնորդ Հիտլերին ինքնասպանության հասցնելու» մեջ։ Ո՛չ գերմանացի հեռուստալրագրողուհին, ո՛չ դրանից հետո Յացենյուկի հետ հանդիպում ունեցած կանցլեր Մերկելը ուկրաինացի նացիստին բառ անգամ չասացին, որ նա «ինչ-որ բան շփոթում է»։ Ավելին, երբ Ռուսաստանի արտգործնախարարությունը կոշտ ոճով բացատրություն պահանջեց Բեռլինից, ապա Գերմանիայի ԱԳՆ-ն Յացենյուկի արտահայտությունները բնութագրեց որպես «ազատության դրսևորում», ինչպես հաղորդել է նույն «Deutsche Welle»-ը` վկայակոչելով գերմանական ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերին։ Բայց միմյանց հետ ի՞նչ կապ կարող են ունենալ վերոնշյալները։ Շատ հասարակ. նայեք և՛ «Նորմանդական քառյակի» արդյունքները, և՛ ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենի և նույն Յացենյուկի կողմից հունվարի 14-ին Ռուսաստանին ներկայացված պահանջները «պատանդներին վերադարձնելու և ՈՒկրաինայից օտարերկրյա սպառազինություններն ու ուժերը դուրս բերելու մասին»։

Այլ հարց է, թե ինչպես են կապված հակառուսաստանյան ակտերը շարունակելու և ՌԴ-ի վրա արևմտյան ճնշումն ուժեղացնելու փորձերը Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական ու բողոքի ակտերի հետ։ Դարձյալ շատ հասարակ։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը իր պետական ահաբեկչությունը սկսել է հենց հունվարի 2-ին, ապա դա մեզ ուղղված «բոցավառ ողջույն» է ամեն տեսակ բայդեններից ու նրանց եվրոպացի համախոհներից, քանի որ հենց հունվարի 2-ին է Հայաստանը հռչակվել իբրև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Հաշվի առնելով, որ (իբր) Փարիզում կատարված սպանությունների պատրվակը եղել է մահմեդական Մուհամեդ մարգարեի անպարկեշտ ծաղրանկարը, արդեն «Ես Շառլին եմ» պատասխան արձագանքը նման է Արևմուտքի մտադրությանը` շարունակելու ոչ միայն Մուհամեդ մարգարեի, որի ամեն տեսակի պատկերումն արգելված է իսլամում, այլև ամբողջ մահմեդական կրոնի ծանակումը։ Եվ Ֆրանսիայում «քաղաքական ծաղրանկարի ավանդույթների», ինչպես նաև այն բանի վկայակոչումները, թե Եվրոպայում «ընդունված է» հրապարակել Հիսուս Քրիստոսի ծաղրանկարները, խղճուկ փորձեր են արդարացնելու բարոյազանցությունը։ Ինչպես նաև բացահայտ զորակցություն այն սադրիչներին, որոնք արդեն երկար տարիներ աշխարհը տանում են դեպի մի ինչ-որ միջքաղաքակրթական բախում։ Իսկ բարոյազանց է, առաջին հերթին, նույնիսկ ոչ այն, որ մի ինչ-որ ապուշ որոշել է ծաղրել վաղուց մեռած ու թաղված մահմեդական մարգարեին, այլ այն, որ Սիրիայում, Իրաքում, Նովոռուսիայում և այլուր սպանված և սպանվող հարյուրավոր, հազարավոր, նույնիսկ հարյուր հազարավոր մարդիկ, պարզվում է, Արևմուտքի համար պակաս արժեքավոր են, քան Ֆրանսիայի 17 քաղաքացիները։

Իհարկե, «Շառլի Էբդո»-ի կողմից հակաիսլամական վիրավորական ծաղրանկարների հրապարակումները չէին կարող ագրեսիա չառաջացնել Ֆրանսիայի մահմեդականների շրջանում։ Նրանց առավել արմատական մասը լիովին արդարացնում է ահաբեկիչների գործողությունները։ Մյուսները, դատապարտելով սպանություններն իբրև հատուցման միջոցառումներ, ծաղրողներին պատժելու բուն փաստը համարում են արդարացի։ Բայց չէ՞ որ խմբագրության վրա կատարված հարձակումը եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցները մեկնաբանեցին ոչ թե իբրև անհամարժեք անձանց հանցագործություն, ոչ թե իբրև չափազանց մեծ դաժանության դրսևորում և նույնիսկ ոչ թե իբրև ահասարսուռ սպանություն, այլ իբրև «հարձակում խոսքի ազատության վրա»։ Այսինքն, բարոյապես ձայնակցեցին մահմեդականների զգացմունքները վիրավորող գործողություններին։ Նույն բանն ասաց Գերմանիայի ԱԳՆ-ն Յացենյուկի հայտարարություններում Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության նողկալի կեղծման մասին։ Եվ այս ամենը ևս Արևմուտքի բարոյազանցության ապացույցն է։

Հաջորդ քայլը եղավ զգալի քանակությամբ եվրոպական լրատվամիջոցների խոստումը` հսկայական տպաքանակներով արտատպելու այդ վիրավորանքները, իսկ եվրոպական պետություններում հանրահավաքների դուրս եկած քաղաքացիները, որոնցից շատերը մինչև հիմա չեն էլ պատկերացնում, թե հատկապես ինչ է տպագրել «Շառլի Էբդո»-ն, միտինգներին մասնակցելով իրենց ստորագրություններն են դրել այդ վիրավորանքների տակ։ Էլ չենք խոսում արմատական իսլամադավան երիտասարդության վրա նման զանգվածային միջոցառման ազդեցության մասին։ Բայց շատերը, որ սկզբում լրագրողների սպանությունը համարում էին չափազանց դաժան պատիժ, հիմա հաստատ փոխած կլինեն իրենց տեսակետը։ ՈՒ ամենևին էլ զուր չէ, որ Ֆրանսիայի ղեկավարությունը փորձեց փոխել խոսելաոճը ահաբեկչական ակտի զոհերի հիշատակի միջոցառումները նախապատրաստելիս, խոսքը տանելով երկրի միասնության պահպանման կողմը. եվրոպական մահմեդականների հետագա գործողությունները միանգամայն կանխատեսելի են, և արդեն լուրեր են լսվում «Շառլի Էբդո»-ից ծաղրանկարները արտատպած խմբագրությունների հրկիզումների ու պայթեցումների մասին։ Այսինքն, Եվրոպան արդեն կանգնած է միջկրոնական երկպառակության աննախադեպ սրման շեմին։ Եվ զուր չէ, որ արդեն թափ է առնում մեկ այլ ակտ` «Ես Շառլին չեմ» կարգախոսով։

Բանը նաև այն է, որ ամերիկյան լրատվամիջոցները հրաժարվել են աղմկահարույց ծաղրանկարների վերահրապարակման գաղափարը պաշտպանելուց, ինչով ԱՄՆ-ը արմատական իսլամադավանների ցասումը սևեռեց հենց Եվրոպայի վրա։ Ընդ որում, «խոսքի ազատության վրա հարձակման» մասին վրդովմունք ԱՄՆ-ից հնչում էր ամենևին էլ ոչ պակաս, քան ԵՄ պետություններից, իսկ որպես եվրոպական քաղաքներում զանգվածային բողոքների կազմակերպման տեխնոլոգիա օգտագործվում էին հենց ամերիկյան մշակումները, որոնք կիրառված են եղել «մայդանի» և «արաբական գարնան» միջոցառման ժամանակ։ Եթե ելնելու լինենք հին հռոմեական «Փնտրիր, թե ում է ձեռնտու» իրավաբանական կանոնից, ապա շատ քիչ կասկածներ են մնում Եվրոպայում միջկրոնական հակամարտության բորբոքմանը ԱՄՆ-ի մասնակցության առումով, թեև կան ուրիշ վարկածներ ևս. որ դա պետք էր նաև, ասենք, Ֆրանսիայի նախագահին` ամերիկյան չափազանց մեծ խնամակալությունից ազատվելու համար։ Շատ հակիրճ. ըստ էության, չկարողանալով Եվրոպայում պատերազմ սանձազերծել «ՈՒկրաինայի պատճառով», ԱՄՆ-ը փորձում է Եվրոպային և Ռուսաստանին տևական ներքին հակամարտություն պարտադրել նրանց տարածքներում բնակվող մահմեդականների հետ։ Դա էապես կջլատի ԱՄՆ-ի հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդների ուժերը և հնարավորություն կընձեռի ամրապնդելու Վաշինգտոնի դիրքերը, որը, հակամարտություն հրահրելով, մի տեսակ «վեր է կանգնած լինում գոտեմարտից»։ Իսկ իրենց տարածքը ամերիկացիներն ուզում են «զերծ պահել» նման հակամարտությունից. հանա՞ք բան է, նրանք «իրենց» գրեթե 10 միլիոն մահմեդականներն ունեն, որոնք եթե, ինչպես Փարիզում, չնետվեն էլ «գրոհի հանուն խոսքի ազատության», ապա հաստատ կփորձեն պատասխանել, ասենք... հրեական Յահվե աստծո ¥Եհովայի¤ ծաղրանկարներով։ Իսկ ահա նման կարգի կրոնական ծաղրանկարային վիրավորանքների ի հայտ գալը բացահայտորեն ձեռնտու չէ ԱՄՆ-ի կառավարող վերնախավերին։ Ասենք` աշխարհի այլ ուժերի ևս, որոնք հիմա խրախուսում են բարոյազանցությունն ու պետական ահաբեկչությունը մոլորակում։ Թեև քանի որ Քրիստոնեից Աստծո և Մուհամեդ մարգարեի ծանակումը «խոսքի ազատություն» է, ապա նշանակում է, որ կարելի է և պետք է տարածել նաև Եհովայի ծաղրանկարները։ Սպասում ենք առաջին «խիզախներին»։ Ինչպես նաև այն բանին, որ երեսպաշտ Արևմուտքը, այնուամենայնիվ, վերջ կտա ֆրանսիացիների կամ գերմանացիների կյանքը հայերի, սիրիացիների, իրաքցիների և այլոց կյանքից գերադասելուն։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ