«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Սեբաստիա

Սեբաստիա
16.01.2015 | 12:42

Իր մարդաշատությամբ և խաղացած դերով Սեբաստիան Մալաթիայից ավելի հայտնի է։ Այն գտնվում է Կզըլ-իրմաք գետի վերին հոսանքի աջ կողմում, ընդարձակ դաշտում, Մայրագոմ կոչված լեռան փեշերին։ Շրջակայքում կան հանքային ջրեր, մարմարի և գիպսի հանքավայրեր։

XV դարի վերջերին Սեբաստիան ընկել է օսմանյան թուրքերի տիրապետության տակ։ 1860-ական թվականների վերջերին ունեցել է 16 հազար բնակիչ, որի ավելի քան 1/3-ը հայեր, 1800-1830-ական թվականներին՝ 35000-40000, որից 15000-ը հայեր, 1830-1850 թթ.՝ 30000, որից 13000-ը հայեր, իսկ Մեծ եղեռնի նախօրյակին մոտ 60000 բնակիչ, որի մոտավորապես կեսը կազմում էին հայերը: Նրա հայ բնակչությունը թուրքերի կողմից առաջին անգամ զանգվածորեն ջարդվել է 1895-ին, երբ միայն սպանվածների թիվը հասել է 1500 հոգու։ Քաղաքի հայ բնակչությունը ավելի ահռելի արհավիրքի է ենթարկվել 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ, թուրքական յաթաղանից մի կերպ փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ, և Սեբաստիան, փաստորեն, հայաթափ է եղել 1915-1916 թվականների ընթացքում։

Հին ժամանակներից Սեբաստիան գտնվում էր քարավանային բանուկ ճանապարհի վրա։ Նա կապված էր Երզնկա, Ամասիա և Տրապիզոն քաղաքների հետ։ XIX դարի երկրորդ կեսին առևտրի խոշոր կենտրոն էր, որն ուներ բազմաթիվ խանութներ ու կրպակներ։ Նրա վաճառականությունը լայն կապեր ուներ Մերձավոր Արևելքի քաղաքների և Սև ծովի հարավային առափնյա շրջանների հետ։

Սեբաստիա եւ գիւղերը պահած էին նահապետական օրհնալից կեանքը, եւ տան մը մէջ հայր ու զաւակներ, եղբայրներ, հօրեղբայրներ իրենց հարսներովը, զաւակներովը կը բնակէին երկար տարիներ միասին, որով տուն մը կը բաղկանար միջին հաշուով 8-էն մինչև 20 եւ աւելի անդամներէ: Սեբաստիոյ բազմահայութեան մէկ պատճառն ալ, ըլլալով առեւտրական-երկրագործական մեծ կեդրոն մը, ապրուստը առատ ու աժան, շարունակ շրջակայքէն կու գային, կը հաստատուէին հոն: 1892 թ. Սեբաստիոյ մէջ 60-70 գորգաշինութեան գործարաններ հաստատուած են, որոնց իւրաքանչիւրին մէջ 5-10 հայ աղջիկներ օրն ի բուն աշխատելով, թէ իրենց եւ թէ երկրին օգտակար կըլլան: 1899-1900 թթ. գորգաշինութեան արհեստէն հասկցող երկու տեղացիներ՝ պպ. Սարայտարեան եւ Քիրիշեան, միտք ըրին գորգի աշխատանոց մը հաստատելու՝ օժանդակութեամբ Ոսկան Շիմշիրեան անուն նկարչի մը: Այս հաստատութիւնը անմրցելի ու լաւ ապրանքներ հրապարակ հանեց, նոյնիսկ շատ վար գնով. այնպէս որ 1901-ի Գոնիայի մէջ կատարուած ցուցահանդէսին մէջ առաջին մրցանակը շահեցաւ Սեբաստիոյ «Անաթօլիա» գործատան ներկայացուցիչը: Այդ նոյն թուականներուն Սեբաստիոյ մէջ կային գլխաւորապէս հետեւեալ գործարանները՝ Արմենակ Թորգոմեանի ձեռնարկութիւնը, որ եօթ ընդարձակ շէնքերէ կը բաղկանար, «Անատօլի», «Շարք» եւ «Ալբերդ Ալիոթի» ընկերութիւնները, իսկ աւելի յետոյ հիմնուած են նաեւ «Փիրենեան-Թաշճիեան» ընկերութիւնը՝ «Պօնմարշէ» վաճառատնով: Սեբաստացի հայը՝ այր թէ կին, վերջին ծայր աշխատասէր էր: Քաղաքի հայութեան մեծամասնութեան կեանքը բարեկեցիկ էր: Կային մեծահարուստ վաճառականներ՝ Պաքալեան երեք եղբայրները՝ Սինան, Սենեքերիմ եւ Սրապիոն ¥Ղըրխլիկէնք¤ Շահինեանները, Տէրպապաեանները, Բենիամին Թօփալեան, Թոմաս Թումաճանեան, Փիրանեան, Անդրէասեան, Գրմզեան եւ այլն: Շուկայի առեւտրականները եւ արհեստաւորներու մեծամասնութիւնը բարեկեցիկ էին: ՈՒնեցողը չունեցող դրացիին կþօգնէր: Հակառակ 1895 թուականին տեղի ունեցած կոտորածներուն եւ թալանին, Սեբաստիոյ հայը թոյլ չտուաւ, որ մուրացիկներ փողոց իյնային, որբեր անտերունչ թափառէին փողոցները:

Կազմակերպեց Աղքատախնամ եւ Որբախնամ ընկերութիւններ, ունեցողը ի հարկին կիսեց իր հացը սոված իր դրացիին հետ, եւ այդ դառն ժամանակները պատուով եւ արիութեամբ անցուցին եւ մեղուաջան աշխատութեամբ բարւոքեցին իրենց վիճակը: Սեբաստիան, բառի բովանդակ առումովը, իսկապէս արհեստաւոր քաղաք մըն էր. արհեստներ եւ ճարտարարուեստներ վերջին ծայր ծաղկեալ, բարգաւաճ. հազիւ 30 առ հարիւր վաճառական եւ առեւտրական էին. հարստութիւնը գնացած-կեդրոնացած չէր, այսպէս ասած, վաճառականներու, կապիտալիստներու մօտ, արհեստաւորը, Եւրոպայի եւ Ամերիկայի մէջ եղածին պէս, բանուոր չէր, գործաւոր չէր, իր խանութին՝ իր փոքրիկ գործարանին գործարանատէրն էր, իր վաստակը իրեն՝ գործարանատիրոջ քսակն էր, որ կը մտնէր, հետեւաբար հարստութիւնը տեղ մը չէր ամբարուած, կեդրոնացած, հապա ցրուած էր ժողովուրդին մէջ, եւ ամէն ոք անկէ մասնաւորուած՝ որոշ չափով:

Միջին հաշուով անձ գլուխ 50 ոսկի հարստութիւն ենթադրել՝ նուազագոյն չափ մը պիտի ըլլար: 1915 Թ. Սեբաստահայերուս համար առաջին քստմնելի իրադարձութիւնն եղաւ 1913 թ. մարտի 16-ին Մուամմէր պէյ կոչուած սեբաստացի հայատեաց թունդ իթթիհատականի նահանգապետ նշանակումը: Հայ առեւտրականներն ու արհեստաւորները տնտեսապէս փճացնելու եւ առիթ տալու համար, որ թուրք տարրը տիրանայ այդ ասպարէզներուն, կառավարութիւնը հրահանգեց պօյքօթ յայտարարել: Բայց այդ երկար չտեւեց, որովհետեւ թուրքեր անկարող էին փոխարինելու հայերու գործունեութիւնը: Երբ անյաջող անցաւ առաջին ձեռնարկը, կառավարական գաղտնի հրահանգով պարբերաբար հրձիգութիւն կատարուեցաւ Ամասիոյ, Մարզուանի հայ առեւտրական շուկաներու մէջ, մինչեւ Տիգրանակերտ:

Իրարու ետեւէ հրդեհուեցան նաեւ Մարզուանի, Ամասիոյ եւ Սեբաստիոյ հայ սեփականատէրերու ալիւրի գործարանները: Թէքէլլիֆը հարպիյէ ¥զինուորական պէտքերու գրաւում¤: Այս միջոցառումը պատրուակ կը հանդիսանայ գրաւելու հայ վաճառատուներու ապրանքները եւ արհեստաւորներու արտադրութիւնները, փոխան «ստացագրի» մը, անորոշ ժամանակ յետոյ իբր թէ փոխարժէքը վճարելու խոստումով: Թուրք վաճառականներէ ալ բաներ մը կը վերցնեն ու գիշերը գաղտնօրէն տէրերուն կը վերադարձնեն: Կը գրաւեն հայերու ոչխարի, արջառի հօտերը, կառապաններու ձիաւոր փոխադրակառքերը եւ այլն, եւ այլն: Սեբաստիա ունէր 5800 տունէ աւելի հայ բնակչութիւն, մօտաւորապէս 36000 անձ: Սեբաստահայուն բազմածնութիւնը համբաւուած է. 3-4 զաւակ ունենալ՝ միջակ թիւ մըն է, 7-8-ը՝ սովորական, 10-12-ը՝ եւ աւելի ունեցողները ոչ նուազ թիւ մը կը կազմեն, իսկ ամուլ-ստերջներ չոր-կոճ կը կոչուէին եւ շատ երես չէին ունենար ընտանեկան-ընկերային շրջանակներու մէջ: Նահապետական սովորութեամբ 3-4 եղբայրներ երկար տարիներ միասին կը բնակին եւ զաւակներ հասցնել ամուսնացնելէ, ծնողքը գերեզման իջեցնելէ վերջ է որ իրարմէ կը բաժնուին: Շատ տուներ 10-15, մինչեւ 20-30 անձէ կը բաղկանար: Տան մը անդամոց թիւին վրայ խօսք ըլլալուն, ասացուածաբար կþըսէին. «20 դգալ կը զարնեն, 30 դգալ կը զարնեն»: Վիճակագրական օրէնքով ընդհանրապէս տան մը անդամոց միջին թիւը վեց ընդունուած է: Սեբաստիոյ համար այդ թիւը եթէ 7-8 դնելու ըլլանք, չափազանցութիւն ըրած չենք ըլլար: Սեբաստիան տեղահան եղաւ 15 օրուան մէջ, յունիս 22 - յուլիս 5, ընդհանուրը՝ 5850 տուն: Տան գլուխ միջին հաշուով 6-7 մարդ հաշուելով՝ 34000-36000 անձ: Ճամբան, երբ կին մը, աղջիկ մը բնական պէտքի կը նստէր, քիւրտեր շրջանակ մը կը բոլորէին շուրջը. ըլլալէն վերջ հաւու պէս, քիթը ցեխոտ ագռաւի պէս, ապաւառը կը պըճըռքէին-պճղըրէին, մէջէն ոսկի կը գտնէին. մեռելներուն փորը կը ճեղքէին, աղիքներուն մէջ ոսկի կը փնտռէին. դիակները այրելով, աճիւնը կը մաղէին ի խոյզ եւ ի խնդիր Էլտորատոյի… Վերջապէս, որ մէկը թուել, ինչե՛ր, ինչե՛ր, ինչե՛ր… Մարդու երեսի խաչը կը թռի, ոտիցը ներքեւի հողերը կը փախչին լսելով, հապա տեսնելո՞վ… 1915 թ. օգոստոսի դրությամբ Սեբաստիայից սպանվել, անհետացել, իսլամացվել և առևանգվել էր 81500 հայ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ