Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը

Մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը
03.01.2015 | 15:43

2015-ի հունվարի 1-ի 00.01-ից մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից է:
Նախարար Արմեն Մուրադյանի խոսքով` ծրագիրը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական նշանակություն ունի և մեծ պատասխանատվություն է պարտադրում։
Ծրագրի նպատակն է սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում կյանքեր փրկել ոչ դեղապատ մեկ ստենտ տեղադրելով։ Այդ ուղղությամբ նախարարի մոտ մասնագետների մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են եղել, նախապատրաստական մեծ աշխատանքներ կատարվել։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի ղեկավարած հանձնաժողովի մշակած չափորոշիչները լրամշակվել են մասնագետների առաջարկությունների հիման վրա։ Արդյունքում հստակեցվել են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ կոնսերվատիվ բուժում իրականացնել և որ դեպքերում հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա։ Հաստատվել է Երևանում և մարզերում ծրագրի իրականացման անհրաժեշտ միջոցառումների ցանկը, գործողությունների ժամանակացույցը։
Մի քանի օր առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը փոխմբռնման հուշագիր է կնքել սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների միջև:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը ասել է, որ ծրագրի իրականացման նկատմամբ մշտական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության աշխատակից, սրտաբան Ալինա Օհանյանը այցելել են Երևանի 4 բժշկական կենտրոն, որտեղ 2015 թ. հունվարի 1-ից կիրականացվի կյանք փրկող ծրագիրը։
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Արմեն Մինասյանը նշել է, որ կլինիկան լիովին պատրաստ է ծրագրի իրականացմանը։ Հստակ որոշված է, թե չափորոշիչով սահմանված յուրաքանչյուր գործառույթ ով և ինչպես պետք է իրականացնի։ Ծաղիկ Վարդանյանը կարևորել է, որ շտապբուժօգնության բժիշկները պատրաստվածություն են անցել, սակայն հիվանդին ծրագրում ընդգրկելու պատասխանատվությունը մնում է կլինիկայի նեղ մասնագետի վրա։
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի, «Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա» բժշկական կենտրոնների ղեկավարների և ծրագիրն իրականացնող մասնագետների հետ քննարկումներում կարևորվել է հիվանդի և նրա հարազատների իրազեկումը։ Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ բժշկական կազմակերպություն ընդունման, վարման և դուրսգրման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, դեղերով և բժշկական պարագաներով ապահովումը:
Ծաղիկ Վարդանյանը տեղեկացրել է, որ ամենափոքր հարցերի դեպքում կարող են դիմել նախարարության արագ արձագանքման խմբին, և հորդորել աշխատանքներն այնպես կազմակերպել, որ տարեսկզբի հանգստյան օրերին ծրագրի մեկնարկը ստվերող որևէ շեղում չլինի։ Նա հավաստիացրել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող կազմակերպական բոլոր խնդիրները լուծում կստանան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նույն կազմով քննարկել ծրագրի իրականացման մեկ ամսվա արդյունքները։ Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի որակը և արդյունավետությունը գնահատելու նպատակով մշտադիտարկում կիրականացնի նախարարին կից հանձնաժողովը։ Սուր ինֆարկտների դեպքում սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի ընդլայնման նպատակով ՀՀ 2015թ. պետական բյուջեով հատկացվել է 500 մլն դրամ: Ծրագրում ընդգրկվում են այն քաղաքացիները, ովքեր մինչ այս ներառված չեն եղել սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում և որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ