Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Սթափության են կոչում օրագրերը

Սթափության են  կոչում օրագրերը
19.12.2014 | 11:10

Արցախյան պատերազմի մասին հուշերը երբեք չեն խամրի, ընդմիշտ կմնան հիշողության մեջ, մինչև կյանքի վերջը։ Դրանք շարունակ մարդկանց սթափության են կոչում, հիշեցնում, որ պատերազմը չարիք է ժողովուրդների համար, պատերազմը զոհեր, խեղված ճակատագրեր, մորմոք է, տանջալի սպասում։
Պատերազմի դժվարին տարիներին շատ արցախցիներ օրագրեր էին պահում։ Խնամքով ու ջանասիրությամբ արված նրանց գրառումներն արժանի են ուշադրության։ Դրանք սովորական իմաստով գրառումներ չեն. պատերազմական օրերի դաժան առօրյան ապրած, սակայն տոկունությունն ու ոգու արիությունը չկորցրած մարդկանց գրառումներ են։ Մարդիկ գրի էին առնում այն ամենը, ինչ տեսնում ու զգում էին այդ ծանր տարիներին։ Գրի էին առնում իրենց հոգու տագնապներն ու ապրումները ռազմաճակատ մեկնած հարազատների, մտերիմների համար։ Պատմում էին իրենց հայրենասիրական պարտքը մինչև վերջ հավատարմորեն կատարողների մասին, թե ռազմի դաշտերում իրենց զավակներին կորցրած հայոց մայրերն ինչպես էին դիմանում ծանր փորձություններին` տոկալով ու պահպանելով ոգու կորովը։
Հնարավոր չէ առանց հուզմունքի կարդալ այդ օրագրերը, այդ կենդանի վավերագրերը հերոսական այն օրերի։
Շահեն Փարամազյանը 1991-ի հունվարից է սկսել օրագիր պահել` մոտ քսան տարի։ Օրագրի էջերում հետպատերազմյան տարիների հայրենի գյուղի կյանքն է նաև, իր ուրախություններն ու տխրությունները, հիասթափություններն ու ցավերը։ Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղն է նրա ծննդավայրը։ Պատերազմը նաև իր համագյուղացիների ուսերին էր ծանրացած, և այդ ծանրությունը նրանց հետ մեկտեղ արժանապատվորեն է տարել Շահենը։ 2012-ի հուլիսին կյանքից հեռացավ այդ հրաշալի մարդը` թողնելով թանկ հիշատակներ։ Տասնվեց թոռան պապ էր։ Թոռներից չորսը ռազմաճակատային ճամփաներով են անցել` հավատարիմ մնալով սիրելի պապի պատգամներին։


Ընթերցողներին ենք ներկայացնում Շահեն Փարամազյանի օրագրից մի հատված
Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

1991 թ., փետրվարի 14
10 օր է` որդիս` Կամոն, մարտական դիրքերում է, ոչ մի լուր նրանից, անհանգիստ եմ։ Մաճկալաշենի երկնքում սև ամպեր են կուտակվել. սիրտս սկսեց տագնապել...

1992 թ., դեկտեմբերի 6
Մարտունու շրջանի գյուղերում ամեն օր թաղում է, ռազմի դաշտերում քաջի մահով ընկած ազատամարտիկներին են թաղում։ Նրանք ամենաթանկն են պաշտպանել` հայրենի հողը, պաշտպանել են իրենց կյանքի գնով։ Նրանք չէին կարող զենք չվերցնել ու չկռվել, երբ պապերի ավանդած հայրենի երկրին վտանգ է սպառնում։ Հանուն հայրենիքի ինքնազոհաբերության պատրաստ հայ ազատամարտիկների բնույթն է դա, ներքին հատկությունը։ Փառք ու պատիվ նրանց։

1992 թ., դեկտեմբերի 17
Արցախն իմ ցավն է, իմ վերքը։ Այդ վերքը պիտի մխա իմ հոգում, քանի դեռ բզկտվում, ծվատվում է հայրենի հողը թշնամու ռումբերի ու արկերի պայթյուններից, ու հայրենակիցներիս արյունն է հեղվում այդ հողի վրա։

1993 թ., հունվարի 24
Այսօր գյուղի կամավորականները մեկնեցին մարտական դիրքեր` հերթապահելու։ Կինս` Դորան, աղոթեց ու մոմ վառեց որդուս և նրա մարտական ընկերների համար։

1993 թ., մարտի 21
Առավոտ կանուխ վառել ենք թոնիրը, Դորան պիտի հաց թխի, որ տանեմ Ստեփանակերտ` հարազատներիս համար։

1993 թ., հունիսի 8

Բանջարանոցում կարտոֆիլի ածուներն էի փխրեցնում։ Հարևանը եկավ ու ասաց, թե Թամարենց Միշան քարափից գլորվել, ընկել է ձորը։ Գնացինք հանեցինք ձորից, տուն հասցրինք։ Վիճակը ծանր էր. անրակի ոսկորը կոտրվել էր, վնասվել էր նաև ձախ ոտքի թաթը։ Մարմնի վրա բազմաթիվ վերքեր կային, սալջարդեր։ Գյուղում բժիշկ չկար, առաջին բուժօգնությունը ցույց տվեցի, ու փրկվեց Միշայի կյանքը։

1993 թ., սեպտեմբերի 4
«Քոլոտում» ցախ էի հավաքում։ Իրիկնադեմին եկա տուն։ Լույսերն անջատել էին։ Քիչ հետո գյուղը թաղվեց խավարի մեջ։ Դորան վառեց լամպը։ Այդ պահին ազատամարտիկներ լցվեցին բակը` հարևան գյուղից էին։ Եկել էին ձին տանելու` որպես փոխադրամիջոց ռազմաճակատի համար, տվեցի։ Խելոք ձի է, շատ է ինձ փրկել փորձանքներից։ Արցախյան շարժումից առաջ էր։ Հերհերում անասնաբույժ էի աշխատում։ Ձիով աշխատանքի էի գնում։ Աշնանային ցուրտ, մառախլապատ օր էր։ Ճանապարհին սկսվեցին ճողվածքիս սուր ցավերը։ Այլևս հնարավոր չէր... Կանգնեցրի ձին, ցած իջա, պառկեցի ճամփեզրի խոտերին։ Երբ ցավը մի փոքր մեղմացավ, ցանկացա բարձրանալ, չկարողացա, կանչեցի ձիուն, «Կուկլա» է անունը։ Նժույգն ասես զգալով վտանգը` մոտեցավ, չոքեց կողքիս։ Մի կերպ բարձրացա, նստեցի թամբին։ Միշտ կհիշեմ այդ օրը։

1994 թ., հունվարի 11
Լույսը բացվում է։ Ցուրտ է, երկար ժամանակ է` ձյունը չի հալչում։ Ճանապարհները սառցակալել են։ Ոտքով գնում եմ Ճարտար` աղջկաս մոտ, լուր ենք ստացել, թե հիվանդ է։ Ճանապարհին հանդիպեցի Ենոք Փարամազյանին, մեր տոհմի շառավիղներից է, Ծովատեղ գյուղում է ապրում։ Ենոքը դժվարությամբ է շարժվում։ Վեց երեխայի հայր է, քսանինը թոռան պապ։ Զավակներից հինգը տղաներ են, հինգն էլ ռազմաճակատում են։ Երբ զրուցում էինք, ասաց. «Իմ ամենամեծ հպարտությունը հայրենի երկիրը պաշտպանող իմ որդիներն են»։ Հանկարծ երկնքում հայտնվեցին թշնամու ինքնաթիռները ու սկսեցին վայրասլաց թռիչքներ կատարել։ Մեր զենիթայինները կրակ բացեցին։ Թե հետո ինչ եղավ, այդպես էլ չիմացա։

1994 թ., հունվար
Գնացի Հերհեր` մարտերում զոհված ազատամարտիկներին վերջին հրաժեշտը տալու։ Հունվարը ծանր ամիս եղավ մեզ համար...

1994 թ., մարտի 27
Գարնանամուտի օրերն են։ Մեր տնամերձ այգու ծառերի տերևները հազիվհազ ելնում են բողբոջներից։ Արևն արդեն տաքացնում է հողը։ Սև թրթուրները լցվել են բանջարանոցները, երաշտի նշան է։ Չքնաղ է իմ հայրենի գյուղի գարունը։ Մեր տան բարձունքին կանգնել լուսաբացն եմ դիմավորում. ուզում ես անվերջ քայլել անծայրածիր դաշտերով, գնալ ձուլվել գարնանային գույներին։ Ի՜նչ ուժ ունի բնության գեղեցկությունը, որը մարդուն դարձնում է ճամփորդ պատերազմի օրերին անգամ։

1994 թ., ապրիլի 4
Այսօր հեռուստատեսությամբ լսեցի, թե Ադրբեջանի ղեկավարները հայերից պահանջում են հետ տալ գրաված տարածքները։ Նրանք չեն հասկանում, որ կյանքի ու արյան գնով ազատագրված հողը չեն վերադարձնում։

1994 թ., ապրիլի 7
Գնացի ֆերմա, հիվանդ հորթերին սրսկեցի ու եկա տուն։ Տնամերձ այգու չորուկները կտրելուց հետո հասցրի նաև թոնիրը նորոգել։ Կամոն եկավ, օգնեց, մարգերը բահեցինք։

1994 թ., ապրիլի 9
Գիշեր է։ Կեսօրին սկսված անձրևը շարունակվում է։ Դրսում վաղուց մարել են ձայները, միայն շների հաչոցն է լսվում։ Տունը ցուրտ չէ։ Վառարանում մարմանդ վառվող կրակը հաճելի ջերմություն է արձակում։ Պատուհանի մոտ նստել Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրն» էի կարդում։ Փորձում էի մտովի տեսնել քաջ ու անվեհեր մուսալեռցիներին, նրանց կուռ շարքերը, ու հպարտությամբ էի լցվում։ Ես մտածում էի, թե ազատագրական պայքարի կրակով բռնկված հայ զինվորի ոգու մեջ են ուժն ու խիզախությունը, տոկունությունն ու ներքին ամրությունը։ Այո, այդ ոգին անհնար է սպանել, այդ ոգին անպարտելի է։

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ

/tbody>

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե