Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մալաթիա

Մալաթիա
12.12.2014 | 11:28

Մալաթիան գտնվում է Եփրատի աջ կողմում, գետից մոտ 10 կմ հեռավորության վրա, Խարբերդ քաղաքից հարավ-արևմուտք։
Մալաթիայի զարգացմանը նպաստել են նրա աշխարհագրական հարմար դիրքն ու պատմական տարբեր ժամանակներում գրեթե միշտ վարչական կենտրոն լինելը։ Այն գտնվում էր Պարսկաստանի մայրաքաղաք Սուզան Միջերկրական ծովի հետ միացնող հնագույն ճանապարհի «արքայական պողոտայի» վրա։ Հետագա ժամանակներում նույնպես քաղաքով անցնում էին քարավանային ուղիներ։ XIX դ. 70-ական թվականներին խճապատվել է Խարբերդ-Մալաթիա ճանապարհը:
1915 թ. սկզբներին նրա բնակչության թիվը հասնում էր շուրջ 40 հազար մարդու, որից մոտավորապես 20 հազարը հայեր էին։ Մալաթիայում հայերի զանգվածային կոտորածները տեղի են ունեցել 1895-ին։ Չնայած հայերը թուրքական ավազակաբարո զորքին ցույց են տվել հերոսական դիմադրություն, սակայն այդ հարձակման ժամանակ քաղաքում թուրքական յաթաղանին զոհ է գնացել մոտավորապես 7500 մարդ, մեծ մասամբ կանայք, երեխաներ և ծերունիներ։ Նրա հայ բնակչությունն ավելի զանգվածային բնաջնջման է ենթարկվել երիտթուրքերի կողմից Մեծ եղեռնի ժամանակ, 1915 թվականին։
Մալաթիան ունեցել է տնտեսական բավական աշխույժ կյանք։ Նրա բնակչությունն զբաղվել է զանազան արհեստներով, առանձնապես մանածագործությամբ ու ջուլհակությամբ։
Մալաթիան առևտրի կարևոր կենտրոն էր։ Նրա առևտրական գործարքների շրջանակները բավական լայն էին. քաղաքը կապված էր Խարբերդի, Արաբկիրի և այլ մեծ ու փոքր կենտրոնների հետ։ Նրա վաճառականներն ու առևտրականները առևտուր էին կատարում հատկապես ափիոնով։ Բնակչության մյուս զբաղմունքների մեջ կարևոր էին շերամապահությունը, երկրագործությունը, այգեգործությունը և, մասամբ, անասնապահությունը։
Քաղաքն ուներ առևտրական լայն հրապարակ, որի շուրջը շարքերով զետեղված էին տասնյակ խանութներ, կրպակներ ու արհեստանոցներ։

Մալաթիա իբր քաղաք հրաշագեղ միջավայրի մէջ է՝ կանգնած դաշտի մը մէջ, ու ամէն կողմը կը պլպլան առուները. բզզացող մեղուները, թռչտող թիթեռնիկները եւ պճրտացող միջատները կարծել կու տան այցելուին, թէ Եդեմի դրախտը կը մտնէ:

1895-1896-ի համիտեան ջարդերէն ետք J. Redel Harris եւ իր աղջիկը Helen R. Harris հայ աղետեալներու նպաստ հասցնելու համար Հայաստան շրջած են: Անոնք իրենց տպաւորութիւնները հրատարակած են հատորով մը՝ Letters from Armenia (Լոնտոն, 1897) խորագրուած:
Անոնք ի մէջ այլոց այցելած են Մալաթիա, ուրկէ Ռ. Հարրիս գրած է նամակ մը 3 օգոստոս 1896 թուականով, ուր ուշագրաւ են սա տողերը. «Մինչեւ հիմա Ասիական Թուրքիոյ այցելած քաղաքներուս մէջ ամէնէն գեղեցիկը Մալաթիան է: Եթէ մենք հին պարսիկներու պէս «Դրախտ» անուանենք զայն, արդար է, վասնզի նման է դրախտի կամ է դրախտ:
Գեղեցիկ պարտէզներու մնացորդ մըն է, անոր մէջ տնկուած են կաղամախի եւ զանազան տեսակի պտղատու ծառեր, որոնք մօտակայ լեռներէն հոսած գետերով կը ջրուին: Գրեթէ բոլոր տուները շրջապատուած են պարտէզներով եւ այդ պատճառով, երբ մէկը քաղաքին կը մօտենայ, երկար տարածուած անտառի մը տպաւորութիւն կը կրէ ան, քան թէ բնակավայրի մը, վասնզի տուները ծառերու տակ անտեսանելի կը մնան»:

Մալաթիոյ շուկան ունի 1191 խանութ, 6 ընդարձակ եւ փառաւոր պանդոկ:
Շուկային փողոցները լայն եւ շատ կանոնաւոր են: Արհեստին ոսկի ապարանջան հայոց բազուկն է:
Քաղաքին կեդրոնական շուկային այս խանութներէն զատ, քաղաքին թաղերուն մէջ ցրուած կան նաեւ 200-ի մօտ նպարավաճառի խանութներ:

Մալաթիոյ հայերն արհեստով, իսկ թուրքերը անշարժ կալուածներու երեսէն կþապրին: Երկու տարրին մէջ ալ սակայն հարուստ անուանելու արժանի ոչ ոք կայ: Էն հարուստ կարծուածին կարողութիւնը հազիւ 2000-3000 ոսկիի կը հասնի:
Պէտք չէ մոռնալ մալաթիացուն սա նախանձելի եւ գովանաց արժանի յատկութիւնը, այսինքն՝ մուրացիկ չունի իր մէջ: Եթէ երբէք ունենայ, չի թողուր որ ան ուրիշ քաղաքներ երթալով դռնէ դուռ մուրայ, այլ երբ իմացուի այդպիսի մէկը, անմիջապէս հարեւաններու մէջ հանգանակութիւն մը ընելով կþամոքեն անոր թշուառութիւնը:
Թուրք կառավարութիւնը հայերը հալածելով նոյնքան չարիքի ենթարկած է երկրին մահմետական բնակչութիւնը, որուն կþուզէ օգնել, որպէսզի գրաւէ հայերու տեղը եւ տնտեսական բարօրութիւն ունենալ: Բայց այս ջանքերը զուր ջանք եւ անպտուղ վաստակ եղած են, վասնզի թուրքերը եւ քիւրտերը կողոպուտի, աւարառութեան եւ կեղեքումի հետամուտ էին, ինչպէս միշտ, առանց ստեղծագործ աշխատանքի: Ընդհակառակը, անոնք հայուն աշխատանքով արդիւնաբերածը տզրուկի պէս ծծելու կþաշխատէին եւ ասոր համար չէին կրնար դիրք մը գրաւել տնտեսական կեանքին մէջ: Իսկ կողոպտուած եւ կեղեքուած հայը իր ստեղծագործ աշխատանքին շնորհիւ վերականգնած է միշտ եւ ինչ որ վայրենի քիւրտը ու ոճրագործ թուրքը քանդած են, վերաշինած է եւ ինչ որ անոնք խլած են իրմէ, վերստին ունեցած է:
Հայերը՝ հակառակ անոր որ հալածուած էին օսմանեան պետութենէ, մասնաւորապէս 1878-1880 թուականներէն ետք, թէեւ եղած են գլխաւոր տուժողները, սակայն դարձեալ կրցած են գէշ-աղէկ իրենց կառքը քալեցնել եւ ապրիլ քիչ-շատ բարեկեցիկ, ինչ որ ցոյց կու տայ թէ տնտեսական պայքարին մէջ չեն ընկճուած:
Եթէ բնականոն պայմանները պահպանուէին, հայերը եւ թուրքերը չլարուէին իրարու դէմ գոնէ օսմանեան Սահմանադրութեան վերահաստատութենէն (1908) ետք, թերեւս բոլորովին տարբեր պիտի դասաւորուէին դէպքերը եւ հայերը իբր վաճառականական բնազդ ունեցող ժողովուրդ, ապահովաբար պիտի կարենային լաւ դիրք մը գրաւել:

Մալաթիա ներմուծված ապրանքները շատ էին ու բազմազան։ Դրանցից գլխավորներն էին ամենատարբեր մետաղները, որոնք ստացվում էին ձուլածո վիճակում, կերպասեղեն, ռուսական և ամերիկյան կաշի, նավթ, աղ, օճառ, լուցկի ու հատուկ մանրավաճառների համար` արտասահմանում պատրաստված տնային զարդեր և առարկաներ։
Թե ներմուծումը և թե արտահանումը կատարվում էր գրեթե նույն կերպ, այն տարբերությամբ միայն, որ արտահանող գործակատարներն ավելի մեծ թիվ էին կազմում։
Մալաթիան գլխավորապես դուրս էր հանում ափիոն, մետաքս, ծիրանի չիր, թթի չիր, պտուղներ, տանձ, խնձոր, չամիչ, ծիրանի կորիզ (քաղցրահամ ու դառնահամ)։
Մալաթիայից արտահանված ապրանքատեսակների մեծամասնությունը սպառվում էր Թուրքիայում, բացի մի քանիսից, որոնք վաճառվում էին եվրոպական ներկայացուցիչների միջոցով և առաքվում ուղիղ Եվրոպա, օրինակ` ծիրանի կորիզ, մետաքս, ծխախոտ և ափիոն։ Թուրքիայում ու մերձակա երկրներում սպառվող ապրանքներն էին` թթի չիր, թթի օղի, պաստեղ և այլ քաղցրավենիք, ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, չամիչ և սալորների տեսակներ` թե թարմ և թե պահածոյացված։ Այստեղ հարկ է միջանկյալ հիշել, որ Մալաթիայի վաճառանիշը հանդիսացող ծիրանը, տանձն ու խնձորը մեծ համբավ էին վայելում, ոչ միայն Թուրքիայում, այլև եվրոպական խոշոր քաղաքներում ճանաչված էին որպես համեղ և անզուգական մրգեր։ Արտահանվում էին նաև ծիրանի կորիզ, ընկույզ, կաղին, նուշ, ինչպես նաև հացահատիկային կուլտուրաներ` ցորեն, գարի, եգիպտացորեն, կորեկ, ոսպ, սիսեռ, բրինձ, լոբի։ Ներքին օգտագործման համար նախատեսված այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք էին բամբակը, բուրդը, կանեփը, խաշխաշը, ծխախոտը և կաշին, նույնպես արտահանվում էին։

Մալաթիոյ թէ՛ արտածման եւ թէ՛ ներածման վաճառականութիւնը, թէեւ 95-ի ջարդերէն առաջ հայերու հակակշռին տակ եղած էր, սակայն անոնց կրած նիւթական եւ ֆիզիքական կորուստը պատճառ եղան, որ այս ճիւղը մեծամասնութեամբ անցնի նոր բարգաւաճող թուրքերու ձեռքը, որոնք հայերուն կողոպուտով սկսան վաճառականութիւն ընել, ինչպէս Անատոլեան շատ մը քաղաքներուն, նոյնպէս նաեւ Մալաթիոյ մէջ, բայց շատ կարճ տեւեց իրենց փայլը:
Քանակով քիչ, բայց որակով բարձր հայեր, տակաւ առ տակաւ սկսան իրենց նախորդ դիրքին տիրանալ եւ մասամբ գրաւել հրապարակը թուրքերու ձեռքէն: Դժբախտաբար վրայ հասան համաշխարհային Ա. Պատերազմը եւ հայերու տարագրութիւնը 1915-ին: Անգամ մը եւս կրկնվեցաւ անողոք պատմութիւնը ի վնաս հայերու, այս անգամ աւելի սոսկալի, քան երբեք:

Հայերը տնտեսապէս ոչնչացնելու եւ աղքատացնելու համար ընդհանուր զօրակոչէն մի քանի օր ետք 31 հուլիս 1914-ին յայտարարուեցաւ, թէ 40 ոսկի պէտէլ (փրկանք) վճարողները զերծ պիտի մնային զինուորական ծառայութենէ:
Հայերէն անոնք, որ կարող էին այդ գումարը վճարել, տուին եւ զերծ մնացին բանակ ղրկուելէ, սակայն ժամանակաւորապէս, վասնզի տարի մը ետքը պէտէլ վճարողները հարկադրուեցան նոր գումար մը վճարել եւ վերջն ալ դարձեալ զինուորագրուեցան կամ մահու ճանապարհ ղրկուեցան:
Անոնք, որ կը յուսային փրկուիլ պէտէլով, շատ անգամ ծախեցին իրենց ինչքերը, հողերը եւայլն:

Զինուորագրութիւնը միջոց մը ըրաւ Իթթիհատը իր չարագործ ծրագիրներուն յաջողութիւնը ապահովելու համար, քաղաքին հայերը զրկելով երիտասարդութենէ, եւ ատիկա իրագործելէ ետքը թուրք կառավարութիւնը աշխատեցաւ նաեւ ընչազուրկ ընել հայերը: ՈՒստի սկսաւ զինուորական գրաւումներու տնտեսապէս ալ փճացնելու համար հայերը, թերեւս վախնալով, որ դրամի ուժով կրնային խոչընդոտ ըլլալ իր ծրագիրին կամ կրնային դրամով իրենց անձը փրկել:
Այս նպատակով սկսան գրաւումներու, որոնք կը կատարուէին իբր թէ պատերազմի պէտքերուն համար: Հետեւաբար կառավարութիւնը կազմեց յանձնաժողով մը Թէգալիֆը հարպիէ (պատերազմական գրաւումներ) անունով:
Այս գործը վստահուեցաւ վեց անձերէ կազմուած յանձնաժողովի մը, որուն կ՛անդամակցէին նաեւ երկու հայեր՝ Մարտիրոս Թէրզիպաշեան եւ Իսկէնտէր Քիւնսիպէկեան, որպէսզի անոնց ձեռքով նուիրագործուի այս պաշտօնական գողութիւնը եւ կողոպուտը: Այս յանձնաժողովը կը գրաւէր ժողովուրդի բոլոր հարստութիւնը, ձի, ջորի, ընտանի անասուններ, կերպասեղէններ, ուտելիքներ եւայլն, ի փոխարէն մուրհակներու, որոնք պատերազմէն վերջը իբր թէ պիտի վճարուէին:
Հայերը անմրմունջ կը կատարէին այս զոհողութիւնները այն վստահութեամբ, թէ պիտի անցնէին այս օրերը: 29 փետրուար 1915-ին «Թէգալիֆը հարպիէն» իր կողմին վրայ նոր յաւելումով, գործի սկսաւ: Նոր հրամանագրով մը ամենախիստ պատիժներ սահմանուեցան սեւէ գոյք եւ կամ ուտեստեղէն թաքցնողներուն:
Նոր ցուցակով մը սկսան մասնաւորապէս հայ վաճառականներէն պահանջել նախապէս սահմանուած քանակով ապրանքներ: Անոնք ունենային կամ ոչ, պարտաւոր էին ճարել կամ նոյնիսկ գնել այլ տեղերէ ու յանձնել այդ ապրանքները, այլապէս պատասխանատու էին պատերազմական ատեանին առջեւ:
Թուրք կառավարութիւնը այս ինչքերու բռնագրաւումին այնպիսի ձեւ մը տուաւ, որ անիկա թալանի վերածուեցաւ: Գիշերները թուրքերը ազատ համարձակ պտըտելով հայոց թաղերը, կը կողոպտէին ինչ որ տեսնէին: ՈՒրիշներ կþառեւանգէին հարսեր եւ աղջիկներ՝ սարսափ տարածելով բոլոր տուներէն ներս:
Տնտեսական փճացումի եւ աղքատացումի ու նիւթական միջոցներէ զրկելու գործին համար մեծ միջոց մը եղաւ պատերազմին սկզբնաւորութեան օրերուն իսկ հրատարակուած մօռաթօրիումը, որով պարտականները իրաւունք կը ստանային յետաձգելու իրենց պարտքերու վճարումը:
Նոյնիսկ պանքաները արտօնուած չէին իրենց քով աւանդ ձգուած դրամները վճարելու, որով հայերը ունենալով ՝ չունենալու խեղճութեան կը մատնուէին:
Ասկէ կþօգտուէին մասնաւորապէս իսլամները, վասնզի չէին վճարեր իրենց պարտքերը հայերու եւ ոչ թէ հայերը թուրքերու:
Սպանդը եւ տեղահանութիւնը վերջ գտնելէն վերջ կառավարութիւնը ըստ նախօրօք հրատարակած լքեալ գոյքերու (էմվալը մէթրուքէի) օրէնքին կազմեց մարմին մը հայոց անշարժ կալուածներուն համար, վասնզի 1915 հոկտեմբերէն սկսեալ կովկասեան ճակատի վրայ թուրքերու կրած պարտութեան հետեւանքով, թուրք մուճահիրներ (գաղթականներ) Մալաթիա հասան թշուառ վիճակի մէջ, եւ պէտք էր բնակարան ճարել անոնց:
Էմվալը մէթրուքէի յանձնաժողովը հայոց տուները կը ծախէր այս մուճահիրներուն գրեթէ փայտի գնով:
Գաղթականները իբր իսկական թուրքեր քանդեցին հայոց թաղերը, որոնք վերածուեցան ամայի հողերու:
Այսպէս քաղաքը ստացաւ աւերակի վիճակ մը, հետեւանք այն սպանդին, որ հայերու դէմ գործադրեցին թուրքերը, յատուկ ծրագիրով մը:

Թրքական դժոխային նկարագիրին համաձայն Մալաթիան ջարդի կեդրոնավայր մըն էր, ուր կը բերուէին թէ՛ Հայաստանէն եւ թէ՛ Փոքր Հայքէն տարագրուած հայերը եւ հոն կը սպաննուէին: Այդ սպանդանոց առաջնորդուած բազմութիւններու թուրքերը խառնեցին նաեւ Մալաթիոյ բնիկ հայերը:
Կարաւանները կողոպտելու իրաւունքը աճուրդի կը դնէր թուրք կառավարութիւնը եւ կը ծախէր քիւրտ ցեղապետ աւազակներու, ինչպէս Մալաթիոյ մէջ կարնեցիներու առաջին կարաւանը ծախուած էր 3000 ոսկի Պետիչ աղայի, որ Մալաթիոյ եւ Խարբերդի միջեւ Իզողլի մեծ ցեղախումբին եւ շրջականերու քիւրտ աշիրէթապետն էր:
Անիկա կը գործէր իր եղբօրը Զէյնալի հետ եւ մեծ հարստութիւն դիզած էր:

Իսլամ ճամփորդը Մալաթիայէն դէպի Սեբաստիա եկած ատեն, ամբողջ 9 ժամ մեծաթիւ դիակներու հանդիպած է՝ այր թէ կին, Մալաթիոյ բոլոր այր մարդերը հոս բերուած և սպաննուած են, իսկ կիներն ու մանուկները ամբողջովին իսլամացուած են:

1915 թ. Մալաթիայի քաղաքապետն էր Ազիզի Մուստաֆան, որն իր տանը գաղտնաբար պահեց ու սպանդից փրկեց 12 հայերի: Նրա կրտսեր որդի Էքրամը մսագործի կացնով սպանեց հորը և դատավարության ժամանակ հայտարարեց, թե սպանել է անհավատ տերտերի (գյավուր քեշիշի): Եվ ազատ արձակվեց…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ