Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկյան Project 2015 կազմակերպությունը և թուրքական DurDe հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը, թուրքական մի քանի քաղաքացիական խմբավորումների և ակտիվիստների հետ Ստամբուլում 2015 թվականի ապրիլի 22-ից 24-ը հիշատակի միջոցառումների շարք են կազմակերպում՝ կոչ անելով համայն հայությանը Թուրքիայի քաղաքացիների հետ համատեղ հավաքվել Ստամբուլում և «մասնակցել 2015-ի ապրիլի ոգեկոչման արարողություններին»:
Արձագանքելով հայտարարությանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը «Ազատության» հետ զրույցում հարցնում է՝ «գալ Թուրքիա հանուն ինչի՞՝ լսել մեղանչական խոսքե՞ր, թե՞ լսել խոսքեր, որ թուրք հասարակությունը պատրաստ է առերեսվելու իր պատմության հետ և հաշվի նստելու, որ տեղի ունեցած Ցեղասպանությունը անհետևանք չի եղել, և պետք է մտածել դրա հետևանքների գոնե մեկ մասի վերացման մասին»:
Նախաձեռնության կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում ասվում է․ «Աղետալի աքսորից հարյուր տարի անց մենք հավաքվում ենք Ստամբուլում, որպեսզի վերահաստատենք մեր ներկայությունը և մեր շարունակվող կապը մեր նախնիների հողի հետ: Մենք այս ճանապարհորդությունը դիտարկում ենք որպես մեր իրավունքների համար պայքարի միջոց, մեր նախնիների համար արդարության պահանջ և Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների համար՝ անկախ նրանց ազգային, կրոնական պատկանելությունից և մայրենի լեզվից, հավասարության կոչ»:
Հայկ Դեմոյանն իր հերթին թուրքական կողմին է հրավիրում․ «Ցանկանում եմ Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, և ցանկացած թուրք քաղաքացու հրավիրել Հայաստան, որպեսզի նրանք գան և ծանոթանան Ցեղասպանության թանգարանի նորաբաց ցուցադրության հետ, որտեղ, ի դեպ, ցուցադրվում է Թուրքիայի պատմությունը: Այն պատմությունը, որը մերժված է այսօր իշխանությունների կողմից»: