«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Բարության երաշտ և արդարության սով

Բարության երաշտ և արդարության սով
28.11.2014 | 00:05

Տարօրինակ հարց եմ տալու. մահը կարո՞ղ է... հարբել։
Այո, որքան էլ պնդեն, թե արյունից չեն հարբում, հայոց հողում մահը ժամանակ առ ժամանակ հարբելով` խոլապար է տալիս. հայտնի թվերը շատ են, չվերհիշենք բոլորը, այլ առանձնացնենք 1999 թվականը։
Հոկտեմբերի 27-ից օրեր առաջ, հոկտեմբերի 8-ին, ոչ թե «լռություն իջավ և ծանր նստեց» մեր թաղամասի վրա, այլ ընդհակառակը. այդ օրվա լուսաբացը չարագուշակ զնգոցով բացվեց, բոթն իր չոր մատներով միայն դռներ չթակեց, նաև բազում սրտեր սեղմեց։ Ժողովրդի կողմից անկեղծորեն սիրված և գնահատված նախկին թաղապետ, պատգամավոր Վահան Զատիկյանի մահը գուժեց այդ օրվա լուսաբացը, որին ոչ ոք չէր ուզում հավատալ։
15 տարի անցավ այդ օրից, և ինչ-որ մեկին և իր գործը մոռանալու կամ արժևորելու համար քիչ ժամանակ չէ։ Վահանի ամենօրյա ներկայությունն ամենուր է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, բայց անունը, ըստ իս, հազվադեպ է հիշվում։ Հիշելով էլ` հիշեցնենք, հատկապես նրանց, ում համար հավատի, հույսի հաց էր հանապազօրյա, ոմանց համար էլ` հովանավոր ձեռք` պաշտոնական սանդուղքն ի վեր։
Տարիները ջրերի պես հոսում են, իրենց մերթ խաղաղ, մերթ եռուն ընթացքի հետ ապագայից բերելով, դեպի անցյալ են տանում անուններ, գործեր, բնավորություններ, հիշատակներ։ Իրենց անկանգ ընթացքով համառորեն ջանում են ապացուցել ներկայի անցողիկ, անհաստատ լինելը, որ միակ մնայունը ժամանակն է. ամեն ինչ նրա ձեռքին է, և բոլորը ենթարկվում են նրա կամքին։
Այդպես է զանգվածների դեպքում, բայց ոչ անհատների. վերջիններս շատ ավելի ուժեղ են, քան թվում է ոմանց, քանզի կարողանում են մի պահ սանձել ժամանակը և հենց դրանով էլ դառնում են անմահ, հավերժ, մնայուն։ Հրեղեն, վայրի մուստանգ է ժամանակը, և քչերին է հաջողվում ճարպկորեն, հմտությամբ նետել օղապարանը` որսալու, կանգնեցնելու այն` թեկուզ մի պահ։
Վահան Զատիկյան. Մալաթիա-Սեբաստիա համայնքում ամեն քայլափոխի նրա անտեսանելի ներկայությունը կա. «Չինարի» այգին, հայոց մեծերի անվանական ծառուղին, Զորավար Անդրանիկի ասես հողից միտված քարեղեն վեհությունը, իր իսկ ձեռքով տնկած ծիրանենիներն ու բարդիները` կանաչ ջահեր, հսկա կերոններ` անվանն ի հիշատակ։ Այս թաղամասը փոքրիկ դրախտ դարձավ նրա համառության և համբերության, նրա նվիրման, տքնանքի շնորհիվ։ Երբ նոր էր ձեռնարկում կարգի բերել երբեմնի անասնագոմը և շինարարական աղբով, գաջով, մերկ կավահողով պատված տարածքները, որոնք քամու ժամանակ օդը դարձնում էին անթափանց փոշե շղարշ, իսկ անձրևին գոմաղբը թրջվելով` շնչահեղձ էր անում բնակիչներին, ցնորք, անիրականանալի, ապարդյուն էին թվում Վահանի ջանքերը։ Սակայն նա ջավախքցու համառությամբ և հաստատակամությամբ կերտեց այդ դրախտը, որի պտուղները, ցավոք, չհասցրեց վայելել։ Չհասցրեց, բայց այն տարվա բոլոր եղանակներին նրան է հիշեցնում. գարուն է - ծառերը փթթուն են նրա խղճի պես, ամառ է - ծիրանենիները շռայլ և բերքառատ են նրա ձեռքի, հոգու նման, աշուն է - նրա ներաշխարհի պես մեղմ է և գունեղ, ձմեռ է - նրա անվան պես ճերմակ է և մաքուր։
Գլորվում են տարիները, մարդու միտքը զարգանում է, հոգին` աղքատանում։ Կյանքը դարձել է կրկեսի արենա. աճպարարներ, միմոսներ, կենդանավարժներ - ամեն ինչ առել են իրենց տնօրինության տակ, շաչում են անամոթության մտրակները։ Ժողովուրդը դարձել է հանդիսատես` զարմացած, հիասթափված, վախեցած, շփոթահար, հուսախաբ։
Եվ հիմա, առավել քան երբևէ, Վահանի նմաններն են պետք` սրտով մտածող, խղճով գործող անհատներ, որոնք աստիճանաբար, ցավոք, հեռացան ասպարեզից։ Սեփական եսի ճաճանչներից կուրացածներն են փորձում երկիրն առաջնորդել... անդնդի եզրով։ Անհասկանալի է` միտումնավոր չարությա՞մբ, թե՞ անգետ կուրությամբ են փորձում դեպի կործանում տանել այն վերջին մնացորդը (թե՛ մարդկային, թե՛ հողային) երբեմնի հզոր ժողովրդի և երկրի։
Վահան Զատիկյանը խղճի կշեռքով էր չափում այն ամենը, ինչը տալիս էր իր համայնքի բնակիչներին։ Հիմա ամեն ինչ չափում են եսի, անձնականի կշեռքով, ավելի ճիշտ` չեն էլ չափում ու կշռում, այլ ագահության, անամոթության փոցխով դեպի իրենց են քաշում երկրի, կյանքի բարիքների մեծը, շատը, ընտիրը, իսկ մնացորդը «մեծահոգաբար» ժողովրդին են թողնում` իբրև ողորմություն կամ «թեյավճար»։
Տեղին է հիշել Վահանի հրաշալի մոր` տիկին Անյուտայի պատմածը, երբ, մտնելով որդու տուն, տեսնում է` մածնով մակարոն են ուտում։ Փորձելու համար, ժպտալով դիմում է որդուն. «Համայնքապետ ես, բայց մակարոն ես ուտում, բա սազե՞ց»։ «Ես որ եղածն իմ տուն կրեմ, բա էս խեղճ ժողովրդի՞ն ինչ տամ, ինչո՞վ պահեմ»,- եղել էր պատասխանը։ Կուշտաչք, խղճմտանքով սրտի պատասխան։
Դոստոևսկու բազմիցս չարչրկված միտքը, թե գեղեցկությունը կփրկի աշխարհը, շատերն են իրենց հայեցողությամբ փոփոխել, հակադրել փրկության իրենց տարբերակները։ Նա իր ապրած կյանքով, գործերով առաջադրեց իր տարբերակը. խիղճը, մարդկային, բանական խիղճը կփրկի աշխարհը (թեպետ իրեն հաղթողը հենց իր խիղճը եղավ)։
Այսօր բարությունը հնացած, մոռացված առաքինություն է, բայց երբեմն, եթե շփոթվում և հանդես է գալիս, ապա կրում է կրկնակի շահույթի, մեծ ակնկալիքի զուգսեր, հետևաբար` կեղծ արտաքինով, ինչը շատ ավելի անբարոյական է։ Ինչպե՜ս էր Վահանը կարողանում անպաճույճ և անշահախնդիր պահել իր բարությունը. նախաստեղծ էությանը հարիր, բնական։ Եվ ինչպես էր մատուցում այն. չվիրավորելով, չնվաստացնելով, այլ մի տեսակ ամաչելով, որ ժողովուրդը հացի, փողի, ջերմության, կարեկցանքի կարիք ունի, իսկ ինքը` այդ ամենը տալու հնարավորություն։ Որտեղի՞ց իր մեջ կարեկցանքի, խղճի այդ հորդուն աղբյուրը. Ջավախք աշխարհի անապակ հող ու ջրի՞ց, Անյուտա մայրիկի անարատ կաթի՞ց, նրա խիստ, բայց ճիշտ դաստիարակությունի՞ց, թե՞ իր երակներով հոսող արյան բացառիկ բաղադրությունից։
Համայնքի համար նա եղավ այդ տարիների պարսավելի, արատավոր երևույթների զսպիչ ուժը, կյանքի խաչմերուկի ընթացք կարգավորող լուսացույցը։ Վահանի կամքը, զսպվածությունը, լրջախոհ պահվածքը այդ տարիների խելահեղ գնացքի համար ուղեցույց դրոշակներ եղան, կանխարգելող դրոշակներ` կործանման ռելսերի վրա։ Եվ քանի՜ քանիսին փրկեց։
Վահանն անխոս իր ազգաշահ գործն էր անում։ Հիմա շատերը ճարտասան և հռետոր են, հազար առվից ջուր բերողներ` իրենց ագահության ջրաղացները պտտեցնելու համար։ Հետո՞ ինչ, որ Հայաստանը դատարկվում է, ժողովուրդը բևեռացվում, կյանքի խաղադաշտում «տշվում» գնդակի պես. աղքատությունից` նվաստացում, հուսահատությունից` կործանում։ Ի՞նչ է փոխվել Վահանի զարմացած տնքոցից հետո. «Էս ի՞նչ են անում էս ժողովրդի հետ»։ Ոչինչ, միայն հարստահարման ոճն է փոխվել. նախկինում` վայրենավարի, ներկայումս` դիվանագիտորեն։
Այո, Վահան Զատիկյանը քրիստոնյա օծվելուց առաջ մա՛րդ էր օծվել, և նրա մեռոնը 40 ծաղիկներից չէր քամվել, այլ մարդուն մարդ դարձնող և մարդ պահող խղճի, բարության, ամոթի, կարեկցանքի, սիրո, ազնվության, համեստության, կամեցողության թա՛նկ, հազվագյո՛ւտ կաթիլներից։ Նրան բնությունն էր օծել։
Ապրեց արժանապատիվ կյանքով, հիշվում է սիրով և կարոտով, ապրեց մարդկային օրենսդրության տառին ու բառին հավատարիմ, հիշվում է հավերժ ապրողների ցանկում։ Ցանեց գութ, հնձեց հավատ, ցանեց խիղճ, հնձեց սեր, իր ապրած օրերին տվեց հանգիստը, ավյունը, սիրտը, ի վերջո` կյանքը, ստացավ ժամանակի թագավորության մշտական բնակչի անձնագիր...


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Հ. Գ.- Ինչի՞ց է ավելի շատ մահանում ժամանակակից մարդը` ինֆարկտի՞ց, քաղցկեղի՞ց, ավտովթարի՞ց։ Համոզված եմ, եթե այս հարցը տրվեր Վահանին, հետևյալ պատասխանը կհնչեր. «Բարության երաշտից և արդարության սովից»։

Դիտվել է՝ 3432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ