Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Աֆիոն-Կարահիսար

Աֆիոն-Կարահիսար
14.11.2014 | 11:41

Գլխաւոր քաղաք Պրուսայի կուսակալութեան համանուն գաւառի մէջ:
Գարահիսարի նշանաւոր բերքն է ափիոնը, որ ամէն տարի խնտում կը բերէ կողմանցս բարեմիտ գիւղացիներու դէմքերուն: Եթէ աննպաստ եղանակներու տխուր բերմամբ այս փրկարար բերքը պակսի առեւտրական հրապարակէն, գործունէութիւնները կը դադրին, ամէն շահադիտական ոյժեր կը սպառին, ապրուստի միջոցները կը դժուարանան և ժողովուրդը կը տարուբերի դրամական անձկութիւններու մէջ: Տեղս իւր այս բերքով ընդհանրապէս գերազանցած է ուրիշ մերձաւոր քաղաքները:
Քաղաքիս բնակիչները կը հաշուին 17436 հոգի, հետեւեալ կերպով բաժնուած. մահմետականք՝ 12606 հոգի, հայք՝ 4612, յոյնք՝ 218:

Երեւելի վաճառականները ընդհանուր առմամբ կը զբաղին ափիոնի, պրոնի (թիֆթիկ) և աշարի ընդարձակ ու յանդուգն գործերով: Մէկ քանի բացառութիւններէ զատ ձեռաց և արհեստից վերաբերեալ գործով զբաղող վաճառականները երկրորդ կարգի կը վերաբերին. օտարական վաճառականներ ևս կան, որոնց մէջ մեծամասնութիւն կազմած են կեսարացիք: Հոս կը գտնուին այնպիսի կալուածատէրեր ու դրամատէրեր, որոնք շատ մեծ հարստութիւն դիզած են:

Տեղւոյս հայք ունին 2 եկեղեցի, Ս. Սահակեան վարժարան մը՝ 250 մանչ և 200 աղջիկ աշակերտներով. կան նաև ուրիշ չորս ազգային ուսումնարաններ՝ մօտ 200 աշակերտներով:
Վերջին (1895-ին) դէպքերուն շատ զոհ ունեցան մերազնեայք և ստացուածքնին թալանուեցան:

Քաղաքին առավել եկամուտ և հռչակ բերողը տեղական ափիոնն էր, որն արտահանվում էր արտասահմանյան շատ երկրներ։
Ափիոնի յուղն ունի սննդային և տեխնիկական նշանակություն, սերմերն օգտագործվում են նաև հրուշակեղենի արտադրության բնագավառում։ Կակաչի խակ տուփիկի (պտղի) վրա արված կտրվածքներից ծորում է կաթնահյութը, որի չորացումից ստացվում է օփիում։ Օփիումի պատրաստուկներն ունեն տհաճ հոտ և դառը համ, օգտագործվում են լուծի դեմ որպես դեղամիջոց, մեղմացնում են որովայնային ցավերը, գալարակծկողական շարժումներն ու տոնուսը, կանխում սեղմամկանների ջղաձգումները։

Քաղաքի մոտերքում` Բանազում, արդյունահանվում էր ընտիր տեսակի մարմար, որի մեծ մասն ուղարկվում էր Զմյուռնիա։ Մարմարի արդյունահանման մեջ մեծ բաժին ուներ հայ խոշոր վաճառական Ըշըլյանը։

Աֆիոն-Կարահիսարում քիչ չէին առևտրով զբաղվողները։ Այստեղ վաճառականությունը պատվավոր զբաղմունք էր և խրախուսվում էր պետության կողմից։ Հարուստ վաճառականները, իրենց ձեռքում կենտրոնացնելով հսկայական գումարներ, տոկոսով դրամ են տվել պետական պաշտոնյաներին։
Խոշոր առևտրականներն ապրանքներ են բերել ոչ միայն Կ. Պոլսից, Զմյուռնիայից և Թուրքիայի այլ քաղաքներից, այլև Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իտալիայից, անգամ Չինաստանից ու Ճապոնիայից։
Քաղաքի հարուստ վաճառականների համբավը տարածված է եղել մայրաքաղաքում ու երկրի այլ քաղաքներում։

Արհեստագործության և առևտրի զարգացումն է վկայում նաև այն փաստը, որ աֆիոնցիները պանդխտության չեն դիմել։ Դրա անհրաժեշտությունը չի զգացվել, որովհետև տեղում միշտ գործ է ճարվել, նույնիսկ այլ վայրերից այստեղ են եկել աշխատելու։ Քաղաքի երևելի վաճառականներից էին Ըշըլյանները, Իբրանոսյանները, Ներսիսյանները, Անտոնյանները, Զառաֆյանները, Մարգարյանները, Արևյանները, Կուտիյանները, Վարպետյանները, Մզրակյանները, Ավագյանները, Ալթունյանները, Հարություն Փալանճյանը և ուրիշներ։ XIX դարի վերջում այստեղ եղել է հինգ բանկ, երկու հանրախանութ։
Ինչպես արհեստները, այնպես էլ առևտուրը դարձել էին մի տեսակ ժառանգական զբաղմունք։ Որդին շարունակում էր հոր գործը և ավելի կատարելագործում ու հարստացնում, սակայն բացառված չէր նաև սնանկացումը։
Կային նաև մանրավաճառներ (փերեզակ, չարչի), որոնք մանր ապրանքները շալակով կամ ձիով վաճառքի էին հանում քաղաքամերձ գյուղերն ու ավանները։

Առևտրի ժամանակ սակարկություն անելը սովորություն էր, սակայն դրամի մանրը չվերադարձնելը կամ պակաս տալը բացառված էր։ Կառապանը կամ սրճարանատերը, նպարավաճառը կվերադարձներ մինչև վերջին մանրադրամը և շնորհակալություն կհայտներ։
Շուկայում տիրում էր աշխույժ եռուզեռ, աղմուկ-աղաղակ, շատերն առևտուրը ոտքի վրա էին անում։ Մրգավաճառները, նպարավաճառները և մանրավաճառները ապրանքները շալակած կամ ձիերին բարձած, վաճառում էին քաղաքի փողոցներում, հաճախ բարձրաձայն երգելով։ Շուկա տանող գլխավոր փողոցը և մյուս կարևոր փողոցները գիշերները լուսավորվում էին նավթավառ լապտերներով, որոնք կախված էին յուրաքանչյուր խանութի կամ շինության ճակատին։

Քաղաքի կենտրոնական մասում էին գտնվում երկու հանրախանութները, ուր վաճառվում էին թանկարժեք կերպասներ, հագուստներ, կոշիկներ, թանկագին քարեր, ոսկեղեն, զարդեղեն, կարի մեքենաներ, զենքեր, գրքեր, պերճանքի առարկաներ, մի խոսքով` բազմատեսակ ապրանքներ։ Դրանցից մեկը պատկանում էր հայ խոշոր վաճառական Իբրանոսյանին։

Արաբկիր

Հայկական ժողովրդական ստուգաբանությամբ Արաբկիր նշանակում է առ ափին գետի։ Գտնվում է Եփրատ գետի աջ կողմում, գետափից 14-15 կմ արևմուտք, Ակն և Խարբերդ քաղաքների միջև, Մալաթիայից մոտ 70 կմ հյուսիս։ Դիրքը բարձր ու գեղատեսիլ է։ Շրջակայքում տարածվում են արգավանդ դաշտեր։ Հայտնի է իր մրգերով, հատկապես խաղողով։ Արաբկիրի մոտակայքում կան արծաթի հանքեր։

Արաբկիրը 1800-1830-ական թվականներին ուներ մոտ 15 հազար բնակիչ, որից 12 հազարը՝ հայ, 1830-1850 թվականներին նրա բնակչության ընդհանուր քանակը մնացել էր գրեթե նույնը, բայց հայերի թիվը իջել էր մինչև 9 հազար մարդու։ 1915 թ. եղեռնից առաջ քաղաքի բնակչության թիվը հասնում էր մոտ 20 հազար մարդու, որից 10 հազարը հայեր էին։ Արևմտյան Հայաստանի մյուս հարյուրավոր բնակավայրերի հայության հետ Արաբկիրի հայերը ևս երկու անգամ` 1895-1896 և 1915 թթ., թուրքական ջարդարարների կողմից ենթարկվել են տեղահանման ու բնաջնջման, իսկ քաղաքի շատ թաղեր հիմնովին ավերվել։

XIX-XX դարերում Արաբկիրն առաջին հերթին հայտնի էր իր կտավագործությամբ։ XIX դարի կեսին այստեղ գործում էին 15 ջուլհակային, 9 մանածագործական և սփռոցի արտադրության 18 ձեռնարկություններ։ Արաբկիրի գործվածքները բարձր որակի էին և կարող էին մրցել Մերձավոր Արևելքի ցանկացած քաղաքի գործվածքեղենի հետ։ Առանձնապես հայտնի էր Պողոս էֆենդի Տեր-Պետրոսյանի ձեռնարկությունը, որի գործվածքներն իրենց որակով համազոր էին Հալեպի և նշանավոր այլ քաղաքների գործվածքներին։
Արաբկիրի առևտուրը բավական աշխույժ էր։ Նա ուներ իր շուկան տասնյակ խանութներով ու կրպակներով։ Քաղաքն արտահանում էր գործվածքներ (գլխավորապես սավաններ և սփռոցներ), մետաքս, ինչպես և մրգեր։

Բնակիչք կը հաշուին հետեւեալ կերպով բաժնուած. մահմետականք՝ 10000, լուսաւորչական հայք՝ 9565, կաթուղիկեայ հայք՝ 500, բողոքական հայք՝ 535:
Ձեւովն շատ կը նմանի Բաղէշի, անոր պէս շինուած լինելով երեք ձորերու մէջ, բլրաձեւ դարեւանդներու կողերու վրայ: Տուները կառուցուած են ամփիթէատրոնի ձևով, սանդղանման կարգ-կարգ բարձրանալով: Քարակերտ են և յատակները՝ մեծաւ մասամբ ծածկուած կամ սրբատաշ ընտիր քարերով և կամ տախտակով:
Ներքին կահ կարասիքն ևս աւելի բարեվայելուչ և յարդարուն են, քան Հայաստանի ներքին քաղաքաց, և այդ ամենը արդիւնք են պանդխտութեան, որ իւր բազմադիմի վնասներովն հանդերձ, քաղաքակրթութեան ճաշակն զարգացնելու յատկութիւն ևս ունի: Շուկայ, խանութ, տուն, գործարան, պարտէզ, այգի, առուակներ, ծառ ու ծաղիկ, շէնքերու սև ու ճերմակ ծեփմունք, սոքա ամենքը միախառնուելով՝ հրաշալի և նկարչական երեւոյթ մը կþընծայեն Արաբկիրի:
Լուսաւորչական հայք ունին չորս եկեղեցիներ. Մայր եկեղեցին, որ Ս. Աստուածածին կը կոչուի, հոյակապ է, ընդարձակ և քարուկիր, միւս եկեղեցիները կը կոչուին Ս. Յակոբ, Ս. Գէորգ և Ս. Լուսաւորիչ. ասոնք աւելի փոքր են: ՈՒնին Առաջնորդարան և 13-ի չափ դպրոցներ, յորոց մին կը կոչուի Ս. Թարգմանչաց անուամբ, մէկն ալ է օրիորդաց վարժարան Զարուհեան անուամբ, միւսները ծաղկոցներ կամ միջին կարգի վարժարաններ են: Մայր վարժարան ըսուածը ծաղկոց մþէ, ուր կþուսանին 200 աշակերտք ձրի, Սաղաթիէլեան Կարապետ աղայի կտակած 50000 դահեկանի տոկոսով: Բոլոր վարժարանաց աշակերտաց թիւն 1000-ը կþանցնի: Կաթուղիկեայ հայք ունին եկեղեցի մը Ս. Փրկիչ և մէկ վարժարան, իսկ բողոքական հայք՝ ժողովարան մը և 2 վարժարան: Այս երեք դաւանանքի վերաբերող հայ հասարակութիւնք իրարու հետ խիստ լաւ և սիրով են:

Քաղաքիս մէջ առաջին արուեստն համարուած է մանուսա գործել, որ երբեմն մեծ շահու դուռ էր արաբկերցոց: Այժմ քաղաքի մէջ կան 15 գործարան մանուսայի, 9 վաճառական մանած բամբակի և 18 պաստառաց: Արաբկիրի մէջ կան նաև 2 գրավաճառ, 2 դեղավաճառ, 2 ժամացուցագործ, 5 վաճառական Հալէպի օճառի, 3 ոսկերիչ, 5 պղնձագործ, 5 սրճարան, 2 գինետուն և այլն: Ընդհանրապէս արուեստներն հայոց ձեռքն է, կան հայ ճարտարագործներ, որք դիւրութեամբ կը շինեն եւրոպական զէնքեր, մեքենաներ և նուրբ գործիքներ:
Վերջին տխուր դէպքերու ժամանակ (հեղինակը նկատի ունի համիդյան ջարդերը-խմբ.) քաղաքս ևս շատ վնաս կրեց, 600-էն աւելի անձինք զոհ գացին, բազմաթիւ տուներ կողոպտուեցան, եկեղեցիներէն երեքը այրուեցան և այլն:

Արաբկիրցի հայը սովորաբար միջահասակ է, ուսերը` լայն, կուրծքը` ցցուն, ջլուտ բազուկներն ավարտվում են փոքր ձեռքերով ու միջին հաստությամբ մատներով։ Ոտնաթաթերը կարճ են ու տափակ, ինչը վկայում է բոկոտն քայլելու սովորության մասին։ Գլուխը մարմնի համեմատ խոշոր է, դեմքը հեզության և նույնիսկ բնազդային թախծի նկարագիր ունի։ Ճակատը գրեթե քառակուսի է, որի վրա պատանեկան հասակից կնճիռներ են բույն դնում։ Քիթը, շատ քիչ բացառությամբ, միջին մեծության է, բայց` արծվային կամ կիսարծվային։ Աչքերը մեծ են ու լայնաբաց, մուգ-կանաչ կամ թուխ, հազվագյուտ են կապտաչյաները։ Այտերը կլոր են, կարմիր կամ վարդագույն։ Շուրթերը միջին հաստության են։ Մաշկը թուխ է։ Թևերը, կուրծքը, սրունքները խիտ պատված են սև կամ թուխ մազածածկույթով։ Գլխի մազերը հասնում են մինչև ճակատի կեսը, իսկ մորուքն ու բեղերը գրավում են դեմքի կեսից ավելին։ Եթե կարմրահեր կամ պղնձահեր անձինք խիստ հազվագյուտ են, ապա խարտյաշներ բնավ չկան։
Նա ամոթ էր համարում դռնեդուռ մուրացկանություն անելը. ընդամենը մի քանի կույր ու հաշմանդամ աղքատներ կային, որոնք մուրալով շրջում էին։ Հատուկ մարմիններ կային, որոնք մերթընդմերթ հանգանակություն էին կատարում և ժողոված դրամը, ուտելիքն ու հագուստը բաժանում կարոտյալ ընտանիքներին։
Գյուղատնտեսություն գրեթե գոյություն չուներ. ցորենն ու բանջարեղենը, միսն ու ածուխը բերում էին շրջակա գյուղերից։ Արաբկիրի հայոց տնտեսությունը հիմնված էր արհեստների վրա։ Վստահաբար կարելի է ասել, որ արաբկիրցիները արհեստավոր մարդիկ էին։ Քաղաքի գլխավոր զբաղմունքը մանուսայագործությունն էր, որը տարեկան առնվազն 50000 ոսկի եկամուտ էր բերում։
Մանուսայագործությունը մեծ զարգացում ապրեց XIX դ. երկրորդ կեսին, երբ արաբկիրցի հայ վաճառականները մասնաճյուղեր հիմնեցին Կարինում, Մուշում, Հալեպում, Պոլսում, Պարսկաստանում, Եգիպտոսում ու Եթովպիայում։

Արաբկիրում հնուց ի վեր միշտ եղել են խոշոր հայ վաճառականներ, որոնք զանազան ապրանքներ և մանավանդ հսկայական քանակությամբ մանուսա էին արտահանում։ Հին ու նոր ժամանակների այդ կարգի վաճառականներից էին Հանեսյանը, Թևեքելյանը, Գալստյանը, Կյուրեղյանը, Իփեքճյանը, ՈՒստարամյանը, Մալումյանը, Ղազիկյանը, Հազարյանը, Տերպետերյանը, Դևեճյանը, Կյումուշկերտանյանը, Քեշկեկյանը, Ղոլանճյանը, Ֆերեշեթյանը, Արոսյանը, Քեսեյանը և այլք։ Այս հարուստ վաճառականներից բացի, կային նաև մի շարք մեծատուն ընտանիքներ, որոնցից էին Տեր-Հովհաննիսյանը, Լիրաճյանը, Ջորեպանյանը, Այճյանը, Միրիջանյանը, Քյոսեյանը, Աղաջանյանը, Էժտիհարյանը, Գյուլեզյանը և այլք։
Արևելյան քաղաքների հիմար սովորության համաձայն, Արաբկիրի շուկաներն էլ էին բաժանված քաղաքի մյուս մասերից ու գտնվում էին գրեթե կենտրոնում։ Արաբկիրն ուներ երկու շուկա` Մեծ և Փոքր, մեկը մյուսից մոտ 20 րոպե հեռավորության վրա։ Շուկաներում էին գտնվում բոլոր խանութները, կրպակները, խաները, բաղնիքները։ Մեծ շուկայում էր գտնվում քաղաքային տունը (Հեքիմաթ), ցորենավաճառության հրապարակը (Պուղտայի մեյդան), փայտավաճառության հրապարակը (Օտուն մեյդան)։ Շուկաներն էին Արաբկիրին կենդանություն տվող երկու թոքերը։
Աշնան ամիսներին շուկաներ էին բերվում տասնյակ հազարավոր գլուխ ոչխար, այծ, գառ, ուլ, և այդ ժամանակ սկսվում էր մսավաճառական մի շարժում` ձմեռվա պաշար կուտակելու նպատակով։ Հպանցիկ նշենք, որ արաբկիրցին, տարօրինակ ու դատապարտելի սովորության համաձայն, կովի, եզան, խոզի միս բնավ չէր ուտում, ուտողների վրա էլ խեթ աչքով էր նայում։

1915թ. օգոստոսի դրությամբ Արաբկիրից սպանվել, անհետացել, իսլամացվել և առևանգվել էր 19500 հայ:

ԽաչատուրԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ