«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

«Արցախյան ազատամարտում զոհվածների կյանքի բանաձևը պետք է բանաձև լինի նաև ապրողների համար»

«Արցախյան ազատամարտում զոհվածների կյանքի  բանաձևը պետք է բանաձև լինի նաև ապրողների համար»
07.11.2014 | 12:17

Ընթերցողի սեղանին է դրվել ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿՅԱՆԻ «Ապրելու բանաձևը» մատենաշարի 7-րդ հատորը։ Գեղարվեստական այս վիպերգում Արցախյան ազատամարտում հերոսացած հայ քաջորդիների կյանքի, սխրանքի և հայրենասիրության պատմությունն է։ Մատենաշարի հեղինակը ՀՀ ՊՆ N զորամասի, հատուկ նշանակության գնդի առաջին զոհի՝ Աշոտ Չախոյանի մայրն է։
Մեր զրույցը տիկին Մարտիկյանի հետ տարիների իր շնորհակալ ու խիստ անհրաժեշտ աշխատանքի մասին է։


-Տիկին Մարտիկյան, ինչպե՞ս ծնվեց «Ապրելու բանաձևը» գրքի գաղափարը։
-Հերոսների մասին ես վաղուց եմ սկսել գրել։ Դեռևս այն տարիներին, երբ նրանց մասին խոսելն արգելվում էր։ Ռադիոյի մանկական հաղորդումների խմբագրությունում աշխատելիս Անդրանիկի մասին առանձին ռադիոբեմականացում պատրաստեցի՝ իբրև թե մանուկներին հասցեագրված, սակայն ամբողջովին ներառված էր նրա հերոսական կյանքի պատմությունը։ Այդ ամենը, ամենայն հավանականությամբ, հայտնի էր ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին։ 2002 թ. նա հրավիրեց և առաջարկեց գրել մեր այսօրվա հերոսների մասին։ Առաջինը սկսեցի իմ որդուց։ ՈՒ քանի որ սխրանքով, ինքնանվիրումով ապրելու կենսակերպը հենց իմ որդուն՝ Աշոտին էր հատուկ, հաղորդումը վերնագրվեց «Ապրելու բանաձև»։ Այսպես ծնվեց գաղափարը, Արցախյան գոյամարտի հերոսների մասին պատմող շարքը, ինչը դարձավ նաև մատենաշար, որի 7-րդ հատորն է հանրությանը ներկայացվում։
-Յոթ հատորների մեջ ի՞նչ է ամբարված, քանի՞ հերոսի պատմություն, ի՞նչ ճանապարհ եք անցել մատենաշարը ստեղծելիս։
-Սկսած առաջին հատորից՝ մոտ 800, սակայն ես 950 հերոսի կենսագրություն եմ թողել Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում։ Աշխատանքները շարունակական կլինեն, եթե հովանավորներ գտնվեն։ Իսկ թե ինչ ճանապարհ եմ անցել, միայն ես գիտեմ։ Գողգոթայի ճանապարհ եմ անցել։ Իրապես տառապել եմ, իրապես բոլորի հետ սխրանքը գործել եմ, բոլորի հետ զոհվել եմ, նորից վերակենդանացել եմ միայն հարազատների, ընթերցողների, ռադիոլսողների և լայն հասարակայնության օրհնանքների, շնորհակալության, բարի խոսքերի շնորհիվ։
-Արցախյան պատերազմի հերոսների մասին Ձեր մատենաշարը եզակի է, և այն կարելի է հանրագիտարանային համարել։
-Իմ կողմից անհամեստություն կլինի «Ապրելու բանաձև» մատենաշարն անվանել միակը, բայց այն շատ համապարփակ է, որը նաև գրական-գեղարվեստական գործ է։ Գիտակներն են ասում, որ գրված է գեղեցիկ հայերենով, այնպես, որ մարդիկ հակված լինեն ընթերցելու և այդ ընթերցելու ընթացքում հասկանան, թե ինչ է նշանակում ազատագրական պայքար, ինչ է նշանակում նախորդ դարերի ազատագրական պայքարի ընթացքում ունենալ պարտություն, և ինչու այս անգամ մենք կարողացանք հաղթել, ու ինչու է հարկավոր պահպանել այդ հաղթանակը։ Դրա միակ գաղտնիքն ու բանալին միասնականությունն է։ Իմ յուրաքանչյուր հերոսի կենսագրության մեջ ես կարողանում եմ ներքին թրթիռներով հաղորդել դա՝ փաստերով ապացուցելով, որ հայերը նախաստեղծ են, առանձնակի ազգ են, տաղանդավոր են, շնորհաշատ են, և միայն միասնականությունն է պակասում՝ լավ հայրենիք ունենալու համար։
-Մատենաշարի տվյալները հայթայթելու գործում ո՞վ է Ձեզ օգնել։
-Ամեն ինչ անում եմ սեփական ուժերով, Հանրային ռադիոն ինձ տալիս է գործուղման մեկնելու հնարավորություն։ Մնացյալը ես անում եմ ինքնուրույն, ցուցակներով։ Տառապալից աշխատանք է ցուցակները ճշտել, հասկանալ, թե ովքեր են իսկապես Արցախյան ազատամարտում զոհված հերոսներ, և ովքեր են տեղ գտել ցուցակներում, բայց չգիտեմ՝ որքանով կապ ունեն ազատամարտի հետ։ Իսկ եթե կապ ունեն ազատամարտի հետ, անպայման տեղ գտնում են իմ աշխատությունում։
-Ազատամարտի ընթացքում եղել են իսկապես հերոս տղաներ, որոնց այսօր չեն էլ հիշում, որոնց անունները նույնիսկ չգիտենք, մինչդեռ նրանց սխրանքն անգնահատելի է։
-Ես աշխատանքի ընթացքում բնավ էլ նշանակություն չեմ տալիս, թե որքան է տարփողվել տվյալ հերոսի սխրանքը։ Արցախյան ազատամարտի նորակոչիկ զինվորը, ով հագել է համազգեստ, ոտք է դրել մարտի դաշտ, հենց հաջորդ օրն ականի վրա պայթել է, ինձ համար անգամ նա է հերոս։ Եվ ես գրում եմ նաև նրա մասին, որովհետև զոհվածների կյանքի բանաձևը պետք է բանաձև լինի ապրողների համար, որ վերջիններս հասկանան, թե ինչ է նշանակում սեփական կյանքի գնով մեկ ական ականազերծել, որպեսզի այդտեղով անցնող հաջորդ հայը, թեկուզ և այլազգին, Աստծո արարածը ոտք չդնի ականի վրա։ Թող ներեն ինձ բոլոր նրանք, ովքեր ինձ իրենց զավակներին, սիրելի հերոսներին համարում են մեդալակիրներ, պարգևների արժանացած հերոսներ, բայց անձամբ ինձ համար հերոս է նաև այն զինվորը, ով ոտք դրեց մարտի դաշտ և հաջորդ իսկ օրը անմահացավ։
-Տիկին Մարտիկյան, Ձեր շնորհակալ աշխատանքի ընթացքում մատենաշարի հատորները տպագրելու համար ֆինանսներ են հարկավոր։ Հետաքրքիր է՝ մարդիկ պատրաստակա՞մ են աջակցել Ձեզ։
-«Ապրելու բանաձևի» 1-ին և 5-րդ հատորները տպագրվել են պետական աջակցությամբ։ 2-րդ հատորը տպագրվել է «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի, 3-րդը՝ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի, 4-րդը՝ շատ հայրենասեր մի մարդու, գործարար, գյումրեցի Գուրգեն Սողոմոնյանի, 6-րդը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, և 7-րդը՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհի շրջանակներում։ Եթե գտնվի հովանավոր, կտպագրվի նաև 8-րդ հատորը։


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ