Օրգանիկ գյուղատնտեսությամբ հետաքրքրվող անձինք այսուհետև իրենց անհրաժեշտ մասնագիտական, տեղեկատվական, խորհրդատվական նյութերի կարող են ծանոթանալ organicfood.am նորաբաց կայքում։ Կայքի «Օրգանական 911» բաժնում խոսվում է սերմերի նախացանքային մշակությունից, սերմերի որակական ցուցանիշներից մինչև կենսահումուսի օգտագործման մանրամասներ։ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ» բաժինը ներկայացնում է գենամոդիֆիկացիայի հետևանքները։ Կայքը ստեղծվել է «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
«Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ-ն «Օրգանական գյուղատնտեսության՝ որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը գյուղաբնակ երիտասարդների ներգրավմամբ» ծրագրի ընթացքում մարզերում 7 ամիս շարունակ իրականացրել է հանդիպումներ, որոնց ընթացքում գյուղատնտես-փորձագետները սեմինար պարապմունքներ են անցկացրել գյուղացիների համար։ Հանդիպումների ժամանակ ներկայացվել են օրգանական գյուղատնտեսության մեթոդաբանությունը, բույսերի մշակության օրգանական եղանակները, վնասատուների, հիվանդությունների, մոլախոտների դեմ պայքարը և այլ թեմաներ։ Սեմինարներին զուգահեռ անցկացվել են նաև գործնական աշխատանքներ. կազմակերպվել են այցեր ֆերմերների այգիներ, գյուղացիներին օգնել են գյուղատնտեսական տարբեր աշխատանքներում։
«Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Անահիտ Ստեփանյանը նկատում է, որ գյուղացիները հետաքրքրված են օրգանական գյուղատնտեսությամբ, և իրենց սեմինարները մեծ արձագանք են ստացել նրանց մոտ՝ նախատեսվածից շատ մասնակիցների ներգրավելով։ Ուսուցողական փուլից հետո ՀԿ-ի հաջորդ քայլն ուղղված կլինի սերմեր, տնկիներ հատկացնելուն։
ՀԿ նախագահը նշում է, որ Հայաստանում օրգանիկ բույսերի, սննդի պահանջարկը տարեցտարի մեծանում է։ «Կա հանրային իրազեկման խնդիր. մարդիկ շատ անգամ չգիտեն, որ կարելի է փոքր-ինչ թանկ վճարել սննդի համար, գնել օրգանիկ մթերք, բայց գումար չծախսել դեղերի համար։ Մենք փորձում ենք իրազեկման աշխատանքներ կատարել և դա սկսել ենք հենց գյուղից ու գյուղացիներից։ Այն մեթոդները, որ կիրառվեցին գյուղերում, հաջորդ տարվանից կբերենք քաղաք»,- ասում է Անահիտ Ստեփանյանը։