«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Ամասիա

Ամասիա
24.10.2014 | 12:37

Դժբախտաբար թուրքը այնպիսի խառնուածք մը եւ մտայնութիւն մը ստացած է իր անցեալ կեանքին մէջ, որ անընդունակ դարձած է իր ճիգով կերպարանափոխուելու եւ քաղաքակրթուելու, եթէ օտար ճնշումը չըլլայ:
Արշակ ԱԼՊՕՅԱՃԵԱՆ, 1961 թ.

Գտնվում է Սև ծովը թափվող Իրիս (այժմ՝ Եշիլ-իրմակ) գետի ափին, որը քաղաքը բաժանում է երկու մասի: Հարուստ է այգիներով, հատկապես թթաստաններով:
Այժմ Ամասիա գավառի (սանջակ) և գավառակի (կազա) կենտրոնն է, որոնք պատկանում են Սեբաստիայի (Սվազի) նահանգին:
Ամասիան թուրքերի կողմից նվաճվել է Բայազետ սուլթանի օրոք, 1392 թվականին: Հենց այդ ժամանակներից էլ սկսում է վայրէջք ապրել վաղեմի շեն ու ծաղկուն քաղաքը, XVIII-XIX դարերում վերածվելով սովորական գավառական անշուք կենտրոնի: Այն կարող է պարծենալ միայն իր անցյալի փառքով և հուշարձանների ու հնությունների մնացորդներով:
XIX դարի 70-ական թթ. քաղաքն ուներ ավելի քան 16 հազար հայ, թուրք և հույն բնակիչ: XX դարի սկզբին նրա բնակչության թիվը հասնում էր մոտ 30 հազար մարդու, որի ավելի քան 35 %-ը կազմում էին հայերը: Այստեղի հայերը նույնպես երկու անգամ՝ 1895-1896 և 1915 թթ. ենթարկվեցին բնաջնջման ու տեղահանման: 1895-1896 թթ. կոտորածների ժամանակ զոհ գնացին ավելի քան 1000 հայեր, իսկ մնացածը Մեծ եղեռնի ժամանակ տեղահան եղան և ցրիվ եկան տարբեր կողմեր: Ըստ թուրքական գաղտնի հրամանների, 1915 թ. Ամասիայի գավառից տեղահանել են 22871 հայի, ծածկագրով կարգադրելով նրանց բոլորին ոչնչացնել ճանապարհին:
Նոր ժամանակներում Ամասիայի բնակչության զբաղմունքները կազմում էին արհեստները, տնայնագործությունն ու մանուֆակտուրային արտադրությունը, առևտուրը, երկրագործությունն ու այգեգործությունը: Հայերն այստեղ ունեին երկաթագործական, ատաղձագործական, կոշկակարական, կարի, մանածագործական, թիթեղագործական 95 արհեստանոց-խանութներ: Քաղաքի արտադրական ձեռնարկություններից էին 20-ի հասնող ալրաղացները, որոնք կառուցել էին հայերը եվրոպական ձևով, մետաքսի մեծ մանարանը, որը 1865 թ. կառուցել էր XIX դարի հայ հայտնի դեմքերից մեկի՝ Հակոբ Ամասյանի որդի Սարգիս Ամասյանը, մանուֆակտուրային մի քանի ձեռնարկություններ:
Արտահանած ապրանքների մեջ կարևոր տեղ էին գրավում գործվածքները, չորացրած բամիան, խաղողը, խնձորը, գինին, ալյուրն ու հացահատիկը, բուրդը, կաշին, ափիոնը, ճեհրի կոչված դեղին ներկը և այլն: XIX դարի վերջերին քաղաքի միայն գործվածքեղենի կրպակների թիվը հասնում էր 290-ի: Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, որտեղ կենտրոնացած էր խանութների և արհեստանոցների մեծագույն մասը: Ամասիան նաև տարանցիկ առևտրի կետ էր:

Ամասիայի հայերը մի քանի խմբի էին բաժանվում։ Շուրջ 40 հարուստ ընտանիքներ, որոնց անշարժ գույքը և դրամը կազմում էր 1000-7000 օսմանյան ոսկի։ Միջին խումբ, որի կարողությունը սահմանափակվում էր 200-1000 օսմանյան ոսկով, և համեստ, բայց ոչ աղքատ խումբ, որը հիմնականում բաղկացած էր արհեստավորներից։ Սրանց մեծամասնությունը ուներ տուն և այգի։
Կային նաև շատ ընտանիքներ, որոնք օրվա վաստակով էին ապրում։ Կարիքավորները կամ աղքատները, հայոց թվաքանակի համեմատ, շատ քիչ էին։
Բացի այդ, Արաբկիրից, Ակնից, Կեսարիայից, Կյուրինից և այլ քաղաքներից Ամասիա գաղթած շուրջ 30 ընտանիքների տղամարդիկ զբաղվում էին վաճառականությամբ և արտադրությամբ։

Կային ընդամենը 4-5 հայեր, որոնք ընդունում էին դրսից ժամանած հյուրերի։ Անվանի էր Հարություն Գարաճյանը` աշճի Արթին աղան, ով ուներ մի քանի խորտկարաններ։
Երկձի ու եռաձի քառանիվ կառքեր ունեին 50 հայեր և շուրջ 10 այլազգիներ։ Նրանք զբաղվում էին Ամասիայից Սամսոն, Խարբերդ, Դիարբեքիր, Կեսարիա և այլ քաղաքներ զանազան ապրանքների փոխադրմամբ։ Հայտնի էին Գևորգ Տանաճյանը, Հակոբ ՈՒրղանճյանը, Գևորգ Շահսուվարյանը, Հովհաննես Թյուլեկյանը և Հակոբջան Փանոսյանը։
Ամասիայում կար 5 խանութպան, որոնցից երկուսը պղնձե իրեր էին վաճառում, երեքը պատրաստող վարպետներ էին։ Անվանի էին Մավյան եղբայրները և Հովհաննես Գազանճյանը։
Ջրաղացպանները բազմաթիվ էին, բոլորը հայեր էին` սեփականատերերը, մեքենագետները, ծառայողները, աշխատողները։ Օգտագործելով մեծ ու փոքր գետերի հոսքերը, նրանք հնամյա ջրաղացները վերածել էին էլեկտրականությամբ աշխատող ձեռնարկությունների։ Գերմանացիների կառուցած Մեծ ֆաբրիկան գնել և բաժնետիրական ընկերություն էին հիմնել Հաջի Նիկսարլյանը, Գրիգոր Գայըգյանը և ուրիշներ։ Ձեռնարկատերերից անվանի էին Կարապետ Փափազյանը, Խաչիկյան եղբայրները, Նշան Յաղլյանը, Հովնանյան եղբայրները, «Մուշամբերի ֆաբրիկայի ընկ.»։ Չալան ֆաբրիկա կոչվածը պատկանում էր մի թուրքի, որի վարպետը և գործընկերը Օհան Թյությունճյանն էր։
Հարյուրավոր հայ խանութպաններ գյուղացիների հագուստի զանազան կտորեղենի մանրածախ առևտրականներ էին. կար միայն մեկ թուրք։ Հիշարժան են Մկրտիչ Թինթոնյանը, Տինկիլյան եղբայրները, Գրիգոր Գըրքքեսելյանը, Գևորգ Պենլյանը, Շահինյանը, Ճագմագյանը, Առուճյանը, Ածիկյանը, Զորիկ Զորիկյանը, Փիլիկյանը և այլք։
Քաղաքաբնակների բրդե, մետաքսե, բամբակե կտորեղենի մանրածախ առևտրականներ էին Եսայի, Սարգիս, Հովհաննես և Հակոբիկ Նիկողոսյանները, Պահճեկյուլյան եղբայրները, Պեքտեմիրյան եղբայրները, Հակոբ Սարաֆյանը։
Եվրոպայից ու Կ. Պոլսից կտորեղեն ներմուծող ու մեծաքանակ վաճառականներ էին Մարտիկյան եղբայրները, Էֆթիքիսը և Հաջի Իսթիլը։
Կյուրինից բերվում էին տեղական գունագեղ շալե գոտիներ, Դիարբեքիրից` մետաքսե կտորեղեն, Մարզվանից ու Սիմ Հաջի գյուղից` բաղնիքի սրբիչներ և անձեռոցիկներ։
Զանազան բերքերի և հացահատիկային կուլտուրաների մանրածախ առևտրով զբաղվողների 90%-ը հայ էր։
Մեծածախ ալյուր արտահանող վաճառականներ էին Կարապետ Չեքեմյանը, Մկրտիչ ու Միհրան Սիմոնյանները, Հարություն Շիշմանյանը, Կարապետ Փափազյանը, Նիկսարլյանը, Նիկողոսյանը, Լևոն Դոքմեջյանը, Հայրապետ Մուրադյանը, Գրիգոր Բոյաջյանը, Տիգրան Չալգայըճյանը, Նշան Պեննեյանը, Թապագյան եղբայրները։
Խնձոր էր արտահանում Կ. Փափազյանը, ափիոն, թիֆտիկ, բամիա, խաշխաշ` Տիգրան Թելլալյանը, Հարություն Փիրանյանը, Կարապետ Փափազյանը, Յաղլյանը, Գևորգ Պեննեյանը, Կարապետ ՈՒրղանճյանը։ Նրանցից բացի, կային մի քանի թուրքեր ու հույներ։
Նորաձև առարկաներ, դպրոցական պիտույք, մետաղյա իրեր, գործիքներ, նավթալամպեր, սպասք և այլն մեծաքանակ ներմուծող ու մանրածախ վաճառողներ էլ շատ կային, որոնք գրեթե բոլորը հայեր էին։ Նրանցից էին Մարտիկյան եղբայրները, որոնք մասնաճյուղ ունեին Սամսոնում և գրասենյակ` Պոլսում, Ղուկաս Սալյանը, Խնդիրյանը, Ֆեներջյան եղբայրները, Պահչեկյուլյանը, Չեպիշյանը, Իմիրզեյանը, Շահսուվարյանը, Շիրինյանը, Արմաղանյան եղբայրները։
Իջևաններն ընդարձակ բակ, ախոռներ, կառապանների ու ջորեպանների գիշերելու հատուկ տեղեր ունեին, վերին հարկերում հարմարավետ հյուրանոցային սենյակներ էին։ Ամասիայում կար 6 խան, որոնցից միայն մեկն էր պատկանում թուրքի։ Լավագույնը Ազգային խան կոչվածն էր, որ գտնվում էր գլխավոր պողոտայում, Ալչագ Քյոփրյու կամրջից քիչ ներքև, գետեզրին։
«Շիրքեթը» հայոց ամենախոշոր ազգային եկամտաբեր հաստատությունն էր. գտնվում էր գլխավոր պողոտայի վրա` կամրջի գլխին։ Այստեղ տեղի էին ունենում երաժշտահանդեսներ, ցուցադրվում էին կինոնկարներ, համերգներով հանդես էին գալիս և ներկայացումներ բեմադրում հյուրախաղերով ժամանած երաժիշտներն ու թատերախմբերը։
Երկրորդ զվարճավայրը գտնվում էր գետափին և պատկանում էր Ասատուր Գայմագյանին։
Ղայֆախանաներում մատուցվում էին սուրճ, թեյ ու նարգիլե։ Ղայֆեճիներից 8-ը հայ էր, մեկը` թուրք։
Ամասիայում առաջին անգամ պատուհանի ու լապտերի ապակի ներմուծողը եղել է Գաբրիել Ճամճյանը, որի գործը շարունակել է որդին։
Տղամարդկանց, կանանց ու երեխաների գույնզգույն հյուսված գուլպաներ վաճառող միայն մեկ թուրք կար, որի հաճախորդները բացառապես թուրքեր էին։ Հայերը հագնում էին հայ տանտիկինների և աղջիկների հյուսած գուլպաները։ Եվրոպական գուլպաներ վաճառող խանութպանները հայեր էին։ Գևորգ Ժամկոչյանը և Գասպար Իփեկյանն ունեին 10-15 գուլպայագործ մեքենաներով ֆաբրիկաներ։
Կային չորս հայեր` Կարապետ Պեննեխաչիկյան, Բարսեղ, Տիգրան ու Կարապետ Թելալյաններ, որոնցից յուրաքանչյուրն իր խանութում զբաղվում էր ոչ միայն դրամափոխությամբ, այլև զարդոսկիների, զարդեղենի և անտիկ իրերի առևտրով։
Մանուսայի ամենախոշոր գործարանատերերն էին Իբրանոսյան եղբայրները և Էնֆիյաճյան եղբայրները, որոնց հաջորդում էին Թերզիբաշյանը, Հովհաննես Բեկյանը, Հակոբ Գազանճյանը, Պահչեկյուլյանը և Ամերիկա գաղթած Թորոս Դովլաթյանն ու Հարություն Իմիրզյանը։
Ամասիայում կար երկու արդիական հյուրանոց, որոնցից մեկը պատկանում էր հայի, մյուսը` թուրքի։
Դրամական գործառնությունները կատարում էին մեծահարուստ ու հողատեր թուրքերը։ Սակայն թուրք գյուղացիները նախընտրում էին հայ հարուստներից փոխառություններ վերցնել, քանզի հայերի պայմանները ավելի նպաստավոր էին։ XIX դ. կեսերից մինչև 90-ական թթ. Ամասիայում հայտնի էին երկու հայեր` Ներգիզ-օղլուն և անվանի դրամատեր ու կալվածատեր Զատիկ-օղլուն։ Վերջինս բարեկամական սերտ հարաբերություններ էր հաստատել Ամասիայում բնակվող եվրոպացիների հետ, քանիցս մեկնել էր Գերմանիա, քաղաքի Սավատիա թաղամասում ուներ պալատանման տուն` կահավորված եվրոպական կահույքով ու բաղնիքով, իսկ տան առջևն ու հետնամասում կային պարտեզներ ու ջրավազաններ։
XX դ. սկզբին քաղաքի նշանավոր դրամատերն էր Թորոս Պեննեյանը, որը, գյուղատնտեսական մթերքների մեծածախ առևտրից բացի, զբաղվում էր նաև ֆինանսական գործարքներով։
1912-1913 թթ. Ամասիայի նահանգի 50 արտահանող վաճառականներից 45-ը հայ էր, 5-ը` թուրք, 600 խանութպաններից 450-ը` հայ, 100-ը` թուրք, 50-ը` հույն, 1000 նպարավաճառներից 600-ը` հայ, 300-ը` թուրք, 100-ը` այլ ազգերի ներկայացուցիչներ։
1915 թ. օգոստոսի դրությամբ Ամասիայից սպանվել, անհետացել, իսլամացվել և առևանգվել էր 25000 հայ:

Անկյուրիա (Անկարա)

Քաղաքի շուկան բաղկացած էր շուրջ 3000 խանութներից, 12 բաղնիքից, 21 խանից, իսկ Թապաղխանա գետակի վրա կային բազմաթիվ ջրաղացներ։ Անկյուրիայի շրջակայքի և կուսակալության բերքերն էին հռչակավոր անգորական այծի բուրդը, որը բրոն էին անվանում, ոչխարի բուրդը, մեղրը, ցորենը և այլ հացահատիկային կուլտուրաներ, խեժը, խաշխաշը, խաղողը, տանձը, խնձորը և այլ մրգեր, բրինձը, բամբակը, ծխախոտը։
1893 թ. պաշտոնական վիճակագրական մի հաշվետվության համաձայն, արտահանվել էր 12,5 մլն ֆրանկի ապրանք։ Ներմուծվում էին շաքար, սուրճ, բամբակե ու բրդե հագուստ, եվրոպական չուխա, ֆես, երկաթ, պողպատ, այլ մետաղներ, նավթ և այլն։
Հայերը երկար դարեր ապրել էին այդ հին ու պատմական քաղաքում` թուրքերի, արաբների, սելջուկների ներխուժումներից շատ առաջ։
Խառնվածքով նրանք հեզահամբույր էին, համարձակ, հաստատամիտ, աշխատասեր և խիստ հաջողակ մանավանդ առևտրում։ Այդ հատկանիշների շնորհիվ նրանք կարճ ժամանակում հարստություն էին ձեռք բերում, հատկապես օտար վայրերում։
Անկյուրիան որչափ հրապուրիչ տեսք ուներ հեռվից, նույնչափ տխրալի` ի մոտո։ Բացի մի քանի նորակառույց սպիտակավուն շենքերից ու մինարեներով մզկիթներից, մնացածն այրված քաղաքի տպավորություն էր թողնում. փողոցները նեղ էին, կեղտոտ ու ծուռմռտիկ, տները հիմնականում կառուցված էին արևի տակ չորացրած հարդախառն շաղախով և այդ պատճառով սև ու տխուր տեսք ունեին։
Հույները, հրեաներն ու հայերն ունեին առանձին թաղամասեր։ Հայերին պատկանում էին ամենագեղեցիկ և արդիական թաղամասերը, ուր մեծամասնություն էին կազմում կաթոլիկ հայերը։
Հայկական թաղամասերից նշանավոր էր հատկապես Չեշմեն կամ Հիսար Օնյուն, ուր գտնվում էին բոլոր եվրոպական հյուպատոսարանները և դիվանագետների բնակարանները։
Այստեղ էին բնակվում քաղաքի երևելի հայ գերդաստանները, և որպեսզի պատմության էջերից չանհետանան այդ մեծահարուստ ընտանիքները` թվարկեմ նրանց անունները, որքան ներում է հիշողությունս. Ասլանգյուլյան, Սիահյան, Հոլասյան, Ֆերմանյան, Իբրանոսյան, Բանյան, Հարոնյան, Բերնայան, Թոփալյան, Մելքոնյան, Համալյան, Տոնելյան, Ասլանյան, Օրմանյան, Գյուլբենկյան, Նազլյան, Մեհտերյան, Մահտեսյան, Ավգերյան, Ագյան, Սիմիթյան, Կառվարենց, Հակոբյան, Շևթեյան, Շամլյան, Միսքճյան, Գամպուրյան, Ենովքյան, Շիշմանյան, Նագգաշյան, Գայսերլյան, Ֆերահյան, Գարամանյան, Թաբիբյան, Բալաբանյան, Գույումճյան, Օտյան, Աճեմբալյան, Դովլաթյան, Տուրսունյան, Ապիտյան, Քետիճյան, Քեբաբճյան, Գզիրյան, Իզմիրլյան, Յորտեքյան, Օճագյան, Ճենտերեճյան, Իսկյան, Շիրյան, Օհանյան, Աշճյան, Զաքարյան, Գարագաշյան, Թերզիյան, Ճևահիրճյան, Սինապյան, Գահվեճյան, Շահինյան, Պապայան, Էլմասյան, Ալթունյան, Նևշեհիրլյան, Շեմսյան, Դերձակյան, Մարգարյան, Սավուլյան, Կյուրունլյան, Տայան, Ավագյան, Բամպուքճյան, Սերոբյան, Եսայան, Իսպեչերյան, Պալյան, Մոմճյան, Տատրյան, Ստամբոլյան, Աբդալյան, Վարդանյան, Ասատուրյան, Փեշտիմալջյան, Արմաղանյան, Տեր-Սահակյան, Մերճիմեքյան, Վառվառյան, Փիրիմյան, Աստվածատուրյան, Գալֆայան, Խաչատուրյան, Գասպարյան, Թյությունճյան, Շահբազյան, Տերտերյան, Առաքելյան, Ճրըգյան, Սարաֆյան, Չեչեյան, Մանիսալյան, Մարաշլյան, Պալգճյան, Հովհաննիսյան, Կիրակոսյան, Թաշճյան, Աճեմյան, Գրիգորյան, Բարսեղյան և այլք, և այլք։
Հայկական թաղամասի կենտրոնում էին գտնվում Գոճաման Օղլուի մեծ հյուրանոցն ու թատրոնը, որի աշխատանքը վարում էր մի հույն։ Թատրոնն ուներ ընդարձակ պարասրահ, ուր տեղի էին ունենում հարսանեկան հանդեսներ, և ամեն տարի տեղացի հայերը, հույների հետ միասին, կազմակերպում էին մեծ պարահանդես, որին ներկա էին լինում նաև այլազգիները։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ