Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Սիրելի ու միամիտ Հրաչօն

Սիրելի ու միամիտ Հրաչօն
07.10.2014 | 10:57

ՈՒխտավորներից ամենալռակյացն էր: Կարսի ճանապարհին նրան չճանաչողին կթվար, թե անտարբեր է ամեն ինչի հանդեպ, թե մի տեսակ ակամա ճամփորդող է: Ի՞նչ է ասում նրա խոսուն լռությունը. միայն Աստված գիտեր ու ինքը:
Հրաչօն (Հրաչյա Մաթևոսյան) այս մեծ աշխարհում դեռ էն գլխից գծել, ձևավորել է իր փոքրիկ աշխարհը, դեպի ուր գնում է հիմա՝ ճակատը հենած մեքենայի պատուհանի ապակուն, հայացքը անցնող տեսարաններին, մտքում իր ձևավորած աշխարհը, այդ աշխարհի՝ իր գծած սահմանները: Թե անգամ այդ աշխարհը միրաժ է, տեսլական, մտացածին մի բան, բայց միևնույն է, այն կա, ու այն իր աշխարհն է, և Հրաչօն ոչ մի սահման էլ չի անցել. նա շարունակում է ճամփորդել իր երկրում, իր ապուպապերի երկրում: Ինքն ուզում է, որ դա հենց այդպես էլ լինի, ուզում է, որ այդ ճամփեն չկոչվի կարոտի ճամփա, որ ինքը Կարս մտնի, ինչպես իր ծննդավայր Լոռվա ցանկացած քաղաք կամ գյուղ, մտնի իր ուզած օրն ու իր ուզած պահին: Այդպես ազատ մտնի իր այդ աշխարհը, ու, բան է, թե իրեն տրվող հարցեր լինեն, պատասխաններ ունենա:
Հրաչօն տագնապով ու փոթորկուն սրտով ճամփա ելած ճշմարիտ ուխտավոր է, ինչպես երկար տարիներ հայրենի տնից հեռացած պանդուխտն է տուն դառնում այն ապրումներով, թե ի՞նչ վիճակում կգտնի իր հայրական տունը, և թե ինքն ինչպե՞ս կընդունվի այդքան երկար բացակայելուց հետո:
Լռակյաց ու տրտում՝ ամբողջ ճանապարհին Հրաչօն իր հոգին քրքրում է, պատասխաններ փնտրում այն հարցերի, որ էրգրում պիտի տրվեին իրեն: Գուցե մեր խմբից բոլորին չէ, բայց Հրաչօյին հարցեր տրվելու են. նա գիտի, որ Կարսում էլ, Անիում էլ իրեն տրվելիք հարցեր կունենան եկեղեցու գմբեթից ընկած էն քարը, ճաքած պատը, այգու էն ծառը, որի տակ Չարենցն է նստել, անտաշ քարով շինած էն տունը, փայտե հնաբույր էն դուռը, որ բացել-փակել են Աբգար աղան ու Եղիշեն:
Ամենքը չէ, որ կտեսնեն հարց տվողներին, բայց Հրաչօն կտեսնի նրանց: Կտեսնի Կարսի հայկական տների՝ կախովի կողպեքով գոց երկփեղկ դռների ճեղքերից նայող նրանց հայացքները.
-Մերոնց տեսե՞լ ես,- կհարցնեն նրանք:
Իհարկե տեսել է: Ո՛չ միայն տեսել, այլև մեկ առ մեկ հետները զրուցել է Գյումրիում, Նոր Սեբաստիայում, Նոր Արեշում...
Նոր, Նոր... Որքա՜ն այդպիսի Նոր նախածանցներ հայտնվեցին մեծ հայրենիքի այն մի բուռ տարածքի վրա, ուր ավերմունքը դադար առավ: Հաշիվը պահե՞լ է իր հետ զրուցած մարդկանց, իր գրած ակնարկների: ՈՒ հիմա նա գնում է նրա՞նց երկիրը, թե՞ իր գծած, ձևավորած աշխարհը: Իր ու նրանց միջև տարբերություն կա՞:
Ինչպիսի՞ն էին իր ակնարկները, ի՞նչ աղբյուր ունեին: Աղբյուրը սե՞րն է մարդու հանդեպ, այն մարդու, որ հետո դարձել է իր ակնարկի հերոսը: Իր այդ սերը Հրաչօն չի նկարագրում (սերը ի՞նչ նկարագրես). նա պատմում է այս, այդ, այն մարդու մասին` ինչպիսին նա կա: Պատմում է և ապավինում ընթերցողի վերաբերմունքին. նա իր հերոսի մասին երբևէ չի ասում` սիրելի մարդ, թողնում է, որ դու նկատես, որ դու զգաս նրա սիրելի լինելը: Հրաչօյի համար «սիրելի» բառը ածականների, այլևայլ հավելումների կարիքը չունի, ինչպես, ասենք, համեմատելիք չունեն հայրենի հողը կամ մայրենի լեզուն, ինչպես մոր հանդեպ տածած որդու սիրույն չի լինի հավելել «շատ սիրել» բառերը` «սիրել» բառի կողքին շատը ո՞րն է:
…Եվ ահա այս Հրաչօն Կարսի ճամփին` ինքնամփոփ, ինքն իր մտքերի ու ժամանակի հետ կռիվ տալով, պատրաստվում է Չարենցի հետ «հանդիպման»: Նա հենց այդպես էլ ասում է` գնում ենք Չարենցի հետ հանդիպելու: Ըստ Հրաչօյի՝ Կարսը Չարենցն ինքն է, Առաքելոց եկեղեցին էլ է Չարենցը, Վարդանի կամուրջն էլ, տո հլա` մազութի Համոյի տունն էլ, ղայֆեճի Սեթոյի սրճարանն էլ… Տեսնես այդ տները պահպանվե՞լ են:
…Երբ ուխտավորների խումբն անցավ Կարս գետի վրայի հնաբույր երկաթե կամուրջն ու կանգ առավ Էրզրումի փողոցի թիվ 100 տան մոտ, Հրաչօն փլվեց. դեմը անծածկ մի կիսախարխուլ պատ էր, երկփեղկ մի հնաբույր դուռ: Նրա տխրությունը, նրա լռությունն ավելի թանձրացան, երբ մոտեցավ հազիվ իր հասակին մնացած կիսափուլ պատին ու ներս նայեց` չորացած ու նորից բուսնած հարյուր տարվա խոտածածկ մի փոսորակ, հլա հարևանների թափած աղբն էլ վրադիր:
-Այնտեղ գերեզմանը չենք գտնում, այստեղ էլ տունն է այս վիճակում:
Հրաչօն սա ասաց ինքն իր համար, ինքն իր հոգին քրքրելով: «Այնտեղ»-ը Երևանն է, ուր ուխտագնացությունից առաջ խումբը գնացել էր Չարենցի հուշակոթողի մոտ` պոետի օրհնանքն ու «բարի ճաապարհը» ստանալու: Դա Չարենցի ծննդյան օրն էր, և հուշաքարի մոտ հավաքվածների մեջ շատ էին աշակերտները, ովքեր մեկը մեկի փոխանցելով` արտասանում էին: Հրաչօն ժպտաց, Հրաչօն հուզվեց` «Ի՜նչ լավ է, որ այսքան շատ էրէխեք կան այստեղ»: Հետո նրանց ուսուցիչներին ասաց. «Ապրեք դուք, որ Չարենցին միշտ երեխաների մոտ եք պահում»:
ՈՒ հիմա, երբ Չարենցի տան մոտ ուխտավորների խումբը հատ-հատ, զույգ-զույգ մոտենում է լուսանկարվելու, Հրաչօն մի կողմ է քաշվել ու տրտում նայում է ոչ թե լուսանկարվող խմբի անդամներին, այլ մեր շուրջը հավաքված տեղաբնակներին: Ի՞նչ է ուզում խոսել նրանց հետ: Գուցե ուզում է հարցնել, թե այս տունն ինչո՞ւ է այս վիճակում, թե ինչո՞ւ մի ցուցանակ չկա, որ ազդարարի, թե սա այն տունն է, ուր իր մանկությունն է ապրել Չարենցը:
Սիրելի ու միամիտ Հրաչօ:
…Վերադարձին իր մենության հետ կռիվ տվող նույն Հրաչօն էր` ճակատը հենած ավտոբուսի պատուհանին, մտքին Կարսն ու Աբգար աղայի փլված տունը, շուրթերին Չարենցի տողերը. «Հաճախ պատկերանում է նա ինձ որպես վաղեմի մի բարեկամ. վաղեմի մի ծանոթի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո...»:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ