«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Արտաշատի կործանումը որպես հայկական քաղաքակրթության այլակերպման նախերգանք

Արտաշատի կործանումը որպես հայկական  քաղաքակրթության այլակերպման նախերգանք
07.10.2014 | 00:14

Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը, որն այս օրերին անկասկած գավառական մի փոշոտ կենտրոն է, իր կյանքի բարդագույն շրջանն է թևակոխել։ Եվ շրջանն այդ կարծես փակվում է երբևէ չբացվելու դաժան հեռանկարով։ Անսքող է ամեն բան, իրականացվում է օրը ցերեկով, և ենթադրելի է, որ այս ամենի հենքում մեր պետականությանն ու հանրությանն ուղղված մարտահրավերն է։ Դարի ու ժամանակի մարտահրավերը, քանզի ՀՀ կառավարության շենքում ծնվում-կյանքի են կոչվում որոշումներ, հրահանգներ ու ազգային-պետական վերածնունդն ապահովող այլևայլ գործընթացներ, որոնք իսկույն ևեթ պիտի վերականգնեն անվերջ սայթաքող մեր տնտեսությունը, սակայն զարմանալի համառությամբ հրահանգավորումից շաբաթներ (եթե ոչ օրեր) անց անտեսվում են։

Արտաշատում հայտնվեցի աշխատանքի բերումով. պիտի «ծանոթանայի» հնագույն այս բնօրրանի հուշարձաններին, այլ կերպ ասած, ճշտեի նրանց «որպիսությունը»։ Արձանները բարվոք վիճակում էին, քաղաքի նշանավոր լիճը մաքուր և գրավիչ էր, Սբ. Հովհաննես բարեշեն եկեղեցին էլ օր օրի սպասում է իր հավատավոր հոտին։ Արտաշիսյան փողոցը Երևանը Արարատի և այլ բնակավայրերի հետ կապող մայրուղու մի հատվածն է, Արտաշատի գլխավոր զարկերակը։ Բնական է միանգամայն, որ նշյալ զարկերակի տրոփյունը պիտի ղողանջի քաղաքի թագ ու պսակ հրապարակում (անցորդներից, որոնք քաղաքի բնակիչներն էին, չհաջողվեց պարզել հրապարակի անվանումը, սակայն սա արտաշատյան հանելուկաշարի ընդամենը մեկ դրվագն էր), քանզի այստեղ են իրենց փառահեղ ներկայությամբ գավառական տանջալից ձանձրույթ ապրող այդ գյուղաքաղաքին շուք տալիս Արարատի մարզպետարանը, Արտաշատի քաղաքապետարանը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը (մեծ շանսոնիեի կիսանդրիով հանդերձ), ավերակվող նախկին «Արտաշատ» հյուրանոցը և քաղաքի, մարզի, Արարատյան դաշտի վրա գրոհող բաբելոնյան մի հորինվածք։ Ի դեպ, հասկանալի պատճառներով կանգուն են մարզպետարանն ու քաղաքապետարանը, սակայն հյուրանոցին դիմահայաց մշակույթի կենտրոնն անտերության է մատնված, մորմոքվում է արևից և քամուց ու սպասում իր դատավճռին։ Մենք էլ սպասենք, հուսալով, որ այն կվերականգնվի և հավատարիմ կմնա իր նախնական կոչմանը, այն է` ծառայել ազգային մշակույթին ու արվեստին։

Բայց ի՞նչ է հիշյալ բաբելոնյան հսկայածավալ կառույցը. ՓՄՁ-ների զարգացման զուտ արտաշատյան տարբերա՞կ է գուցե։ Սակայն յուրաքանչյուր նման շինությունը չէ՞ որ առաջացնում է ազատ տնտեսական հարաբերությունների ճողվածք, բացվում է հերթական «սուպեր-հիպեր» վաճառատունը, և իր ափաչափ կրպակով սեփական արժանապատիվ կեցությունն ապահովող ձեռներեց հայ մարդուն երկու ճանապարհ է մնում, մեկը մյուսից անպատվաբեր. կամ սեփական տնտեսական ազատությանը հրաժեշտ տալ և թզաչափ մի տարածք վարձել «սուպեր-հիպեր» մարկետում, կամ էլ արտագաղթի գավազանը փնտրել նկուղի մոռացված մի անկյունում։ Մայրաքաղաքում մեկնարկած մարկետամոլային համաճարակը, Երևանում բավարարելով անհագուրդ ախորժակը, արշավում է դեպի գավառ, մեր հույսերի և հավատի դեռևս անաղարտ շեները, այստեղ էլ ապականելու, խորտակելու և հաստատելու սեփական ճորտատիրական համակարգը։ Այս շինությունը, թույլ տվեք պնդել, ծավալատարածական զառանցանք է, ընդամենը մի քանի հազար բնակիչ ունեցող Արտաշատի խոցը։ Այսօր-վաղը այն կգործարկվի, և հարյուրավոր մանր առևտրականներ կգոցեն իրենց տարիների տքնանքի արգասիք կրպակների դռները, քանզի նրանց առջև բացվելու են շողափայլ այլ դռներ՝ եկեք, համեցեք և ճորտացման վավերագրեր ստորագրեք։ Այսինքն` պարզապես դարձեք մեր ճորտը՝ նվաստացնող օրավարձով։ Եվ եթե անգամ վերոնշյալ շինվածքը առևտրի կենտրոն չէ, այլ, դիցուք, մարզի տնտեսական հաջողությունների առհավատչյա թանգարանը, միևնույն է, զավեշտը կարկտահարում է ամենայն բանականն ու բարոյականը, քանզի բերրիությամբ հռչակված Արարատյան դաշտի բնակիչներն արտագաղթում են երեկ և այսօր, և դժվար թե արտագաղթի թափանիվը հետ պտտվի։ «Սուպեր-հիպեր» կառույցին զուգընթաց Արտաշատ-Դվին մայրուղու եզրին ոչ պակաս ծավալուն մի գազալցակայան է կառուցվում։ Սա օրինաչափ է, քանզի Արտաշատը վերածվում է ինչ-որ բիզնես-կենտրոնի, բնականաբար, առաջ է գալու նրա սպառողական անհագուրդ ախորժակը բավարարելու խնդիրը։ Այս դեպքում՝ հեղուկ վառելիքով։ Սակայն գազալցակայանն ու բաբելոնածին խառնակությունը արտաշատյան համանվագի ընդամենը նախերգանքն են, ավելի ստույգ՝ տրամաբանական նախաբանը։ Արարատյան դաշտի հինավուրց այս օթևանը բարոյապես է շրջադարձվել, Արտաշատին անմիջապես կից Մրգավան գյուղի մայրուղամերձ հատվածում գիշերային ակումբն է։ Հավանաբար հայ գյուղաբնակի արտաշատյան տեսակը բարոյահոգեբանական այլակերպում է ապրել և այսօր ողջ օրը հողի ու կառավարական հրահանգ-որոշումների դեմ կենաց ու մահու կռիվ մղելուց հետո օրվա հույսը թեթևացնում, սեփական ապագայի հանդեպ էլ հուզավառ անուրջներ է տեսնում գիշերային ակումբում։ Արարատի հայացքի ներկա նշանավոր դաշտավայրը քնած է, հանգստանում է հոգետանջ հողն իր բազմաչարչար մշակներով հանդերձ։ Անհանգիստ է միայն Մրգավանը, գիշերային ակումբից հորդացող աղմուկից արթնանում են մայր Արաքսի սառը ջրերի խորքում քուն մտած լոքոներն ու գորտերը։

Փոխվում են դաշտավայրի բնույթը, նկարագիրը, սնահավատ չլինենք, բայց նաև ճակատագիրը։ Նրա հարավարևելյան հատվածը ձկնաբուծության ավանդույթ է ձևավորում. կապուտաչյա Սևանա լճի կենսաբեր ջրերը սնուցում են բազմազան ջրավազանները։ Սա նոր մշակույթ է համաշխարհային գյուղատնտեսության մեջ. խաղողի ու ծիրանի փառահեղ ոստանը ձուկ ու խեցգետին է «թողարկում»։ Այնինչ Արարատյան դաշտը հայկական պանծալի քաղաքակրթության բնօրրանն է։ Այսօր արդեն` քաղաքակրթական մղձավանջ։
Վաղը, մյուս օրն ինչ հանդերձ կհագնի Արարատյան դաշտավայրի արտաշատյան եզերքը, սկսած Մխչյան համայնքից մինչև Երասխավանի ձկնաբուծարանները, կռահելը դժվար չէ, հաշտվելն է տանջալից, հայկական քաղաքակրթությունն է գլխիվայր շուռ եկել, սա է անտանելին և սարսափելին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ