«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

«Այս բռնութիւնը մեզ ոչ մի ժամանակ չի ներուելու»

«Այս բռնութիւնը մեզ  ոչ մի ժամանակ չի ներուելու»
03.10.2014 | 13:01

Երբ մեզ հասցրին գնդակահարութեան վայրը, մեր աչքերի առաջ փռուած էին արդէն մեր եղբայրները, հարազատները, որոնք հարիւր հազարաւոր սև դէմքերով, միլիոնաւոր կիսաբաց աչքերով նայում էին դէպի երկինք և համաշխարհային գաղափարներով տոգորուած ազգերից արդարութիւն պահանջում:
Հարիւրաւոր կապուած երիտասարդները, սարալանջին նստած, սպասում էին մեռնելու վայրկեանին: Մի քանի 17-19 տարեկան պատանիներ քանդել էին իրենց ձեռքերի պարանները փախուստի համար, բայց նկատուելով, կենդանի-կենդանի քերթուելու վիճակին արժանացան: Քերթուացքը կատարում էին մեր աչքի առաջ՝ գազան, արիւնռուշտ և հայատեաց Հալաթ պէյի ներկայութեամբ, որը անխիղճ կերպով սովորեցնում էր քերթողներին քերթելու ձևերը և կուշտ-կուշտ ծիծաղում: Քերթուողների մաշկը բերին, բռնի կերպով ուրիշ պատանիների հագցրին և ասացին նրանց. «Տեսէ՛ք ինչպէս սիրուն է, պապերիդ տանը այդպէս գեղեցիկ շորեր հագա՞ծ էիք: Հա՞, գեաւուրներ», և մեզ հրամայեցին դէպի առաջ և դէպի խոր ձորերի մէջ անցնել. մենք ամէնքս իրար հետ համբուրուեցինք և բնութեան իւրաքանչիւր մասին մնաս բարեաւներս յայտնեցինք ու կանգնելով ձորալանջին, սպասեցինք գնդակների տեղալուն: Գնդակները սկսեցին մեր գլխին կարկուտի նման թափուել: Գնդակահարութիւնը տևեց մօտաւորապէս կէս ժամ, բայց մենք դեռ բոլորս չարաճճիի նման գլուխներս թաղուած արիւնոտ հողին մէջ, իրար հետ խօսում էինք և ծիծաղում նրանց ապիկարութեան վրայ: Գնդակները իրանց դերը չկատարեցին: Նրանք դիմեցին սուինների և սկսեցին աշխարհի մեծ ոճիրը: Մի երկու ժամից ամէնքը մեռան գիշերային մռայլ մթութեան մէջ, և միայն ես մնալով դիակների տակ, լաց էի լինում՝ անթաղ մեռելները և աշխարհի ամէն մի ինչքը անիծում: Սակայն այնուամենայնիւ և մտածում էի կրկին կենդանի մնալու համար, կրկին աշխարհի գարունները վայելելու համար, ամէնավերջին ծայր տանջանքների մէջ անգամ: Զանազան մտքերի մէջ ընկած տատանւում էի բախտիս համար և չէի կարողանում դիմել վճռականութեան, իսկ հեռւում հայակեր Հալաթը խորհուրդ էր տալիս իւրաքանչիւր մեռելի գլուխը կացինով ջարդել ու փշուր-փշո՜ւր անել:
Դրութիւնս վատթարացաւ և սկսեցի պէսպէսի մտքի պրպտումներով զբաղուել: Չէ՞ որ կացինները հարուածում են, աւելի վատ ու սոսկալի մահ կարողանում պատճառել: Չէ՜, չէ՜, պէտք է փախչել, հնար չկայ, մտածեցի ես և, գլուխս դիակների արանքից դուրս գցելով, ուզեցի լրտեսել դահիճների հետքերը: Ահա՛, նրանք մարդկանց գանգերը կացիններով ջախջախելով, գալիս ինձ են մօտենում և հարազատ ընկերոջս ու քաղցրիկ եղբօրս գլուխները փշրում… Իսկ ես այդ միջոցին գլուխս փաղած կարմիր հողի մէջ, շունչս վախիցս ներս քաշ արած, մեռել ձևացած, մի կերպ սպասում էի կեանքիս մարելուն և վառելուն… «Քյազըմ չաւո՛ւշ, կարծում եմ այնտեղ մի գլուխ է երևում: Դե՛, հարվածի՛ր քո կացնով: Այդ շվարած գեաւուրներից, մեր քօմիտաջիներից աշխարհում չպետք է մնայ: Այդպիսի հրաման կա, չգիտե՞ս: Դե՛, քեզ տեսնեմ»,- շարունակեց չաւուշը՝ լապտերը միւս ձեռքն առնելով: Մօտեցան ինձ և գլխիս վերևը ուղղակի կանգնեցին: Ես ամբողջ հոգովս ու էութեամբս դողում էի և կրկին սպասում:
-Ջա՛նս, դուք Ալլահից երբեք չե՞ք վախենում: Ի՞նչ իմանամ, սրանցից աւելի լաւ կտրատել ու նրանցից կյանքը խլել կլինի՞: Մի քիչ էլ Ալլահից պէտք է վախենանք, այլապէս այս բռնութիւնը մեզ ոչ մի ժամանակ չի ներուելու, այդպէս չէ՞, Հագգը օնբաշի: Դե՛, գնա՛նք, նայենք, թէ մեր միւս ընկերները ինչ են անում,- պատասխանեց Քյազըմ չաւուշը, և նրանք, թողնելով ինձ մի կերպ ողջ, շարունակում են դէպի վեր բարձրանալ, քթերի տակ մռմռալով զանազան թուրքական եղանակներ:
Ձեռքիս պարանը եղբօրս պատճառով արձակուած էր. մի կերպ բոլորովին արձակելով, կարողացայ զանազան գաղտագողութիւններով, փորսող տալով անցնել թարմ դիակների վրայից ու անյայտանալ խոր ձորերի մէջ, առանց տեսնելու ազիզ ընկերներիս մարմարեայ դէմքերը և անուշիկ տասներեք տարեկան եղբօրս փայլուն, սև գիշերային մթութեան մէջ ժպտացող անմեղ երեսը…
ՈՒ անմիջապէս մոռանալով այդ ամէնը, սուր եղունգներս խրելով ձորալանջերին մէջ, մի կերպ ահագին տանջանքներով ձորերից վեր բարձրացայ բարձր լեռները ու սկսեցի փախչել, փախչել, առանց յետ նայելու: Ահա հետևիցս արձակեցին մի քանի հրացան, և ես միանգամից փռուեցի գետին դիտմամբ ու մի քանի րոպէից վերջ շարունակեցի փախուստս խելագարի դրութեամբ, բայց միշտ դէպի անծանօթ լեռները…


Խ. ՈՍԿԱՆՅԱՆ, Կարնո բնակիչ

«Արցունքնին ցամաքած»
Տեսանք «Գառնիի կորտոն» կոչուած տեղից 5 վերստ առաջ 14 հատ 6-8 տարեկան երախաներ, որոնք մինչև մէջքերը թաղուած էին հողին մէջ: Խեղճ երախաներն այնչափ են լաց եղել, որ աչքերը բոլորովին ուռած ու արցունքնին ցամաքած էր: Մեզ տեսնելով՝ քաղցածութիւնից ծանրացած գլուխնին միայն բարձրացրին, բաց ըրին աչքերն ու պա՜ղ, խորհրդաւո՜ր նայուածք մը միայն մեզ ձգին և առանց ձայն ու խօսքի կրկին գլուխնին խոնարհեցրին գետնին:

Էրզրումի ջուրը
Ժանտարմներէն մին դառնալով դէպի դիակները, ըսաւ. «Կարնեցինե՛ր, ելէ՛ք, պաղ ջուր եմ բերեր, ո՞վ կը խմէ», որպէսզի ով որ ողջ է, ձայն հանէ՝ սպաննեն: Իսկ երբ տեսան, որ ոչ մի ձայն կայ, աւելցուց. «Գեաւուրներ, ինչպէս Քեմախի ջուր տաք է, չէք հաւնիր, Էրզրումի ջուրը կþուզէք, դէ գացէք, ահա ձեզ պաղ ջուր»:

Չմեռնելու համար
Օ՜, փա՜ռք հայ աղջիկների, մայրերի, մանուկների, նորածինների և հայրերի ու պապերի սրտերին, որ կարողացան այդ ամէնը առանց իրանց ուրանալու, որպէս քրիստոնեաներ տանել-մեռնել՝ չմեռնելու համար…
Աստուծուն ամաչեցրին
Մեզ յետ տանելուց անմիջապէս յետոյ կանանց, օրիորդների, մատղաշ երեխաների ձայները երկինք բարձրացան և ամաչեցրին վերում գոյութիւն ունեցող Աստուծուն: Հրացանաձգութիւնը դարձաւ աւելի սոսկալի, աւելի սիրտ կտրատող…

«Այ մարդիկ, դուք Աստուած չունի՞ք»
Մօտեցան Ղարարս գիւղացի Կարապետին: Հսկայակազմ երիտասարդ մըն էր, դիակներուն տակ ողջ մնացած էր: Երբ տեսան, թէ ողջ է, սկսան խշտիկի գործողութեան: 15-20 խշտիկ կոխեցին: Նոյն պահուն այդ երկաթակազմ մարդը ահռելի ձայնով բղավեց. «Այ մարդիկ, դուք Աստուած չունի՞ք, այդ կերպով ես չեմ մեռնիր: Գրպանս 4 ղուրուշ փող կայ, առէ՛ք և զիս գնդակով սպաննեցէք՝ ճակատիս խփելով, որպէսզի տանջանքներէն ազատիմ»: Ժանտարմները փողը հանելէ յետոյ զայն ճակատէն գնդակահարեցին:

Ջրի փոխարեն…
Կիրակի օր մը Էրզրումի կողմերէն խումբ մը բանտարկեալներ բերին մեր բացած խրամներուն մօտ և սկսան կոտորել: Թաղելու ատեն մէկ հոգի կուրծքէն վիրաւոր ողջ մնացած էր, ջուր խնդրեց: Գերմանացի օֆիցեր մը, ատրճանակը ձեռքին, ըսաւ. «Կուզե՞ս ջուրին տեղը քեզի մէկ գնդակ տամ», բայց չպարպեց ատրճանակը, հրամայեց ողջ ձգել դիակներուն հետ և թաղել: Այնպէս ալ ըրինք:

«Ժանտարմն ալ հետը»
Վարդուկ գիւղի երիտասարդ հարսներից Տիրուկ Պատասեանը 200 քայլ գետին հոսանքէն քշուելով՝ առանց խեղդուելու դուրս կելլէ: Թիւրքերը նկատելով՝ ժանտարմին ցոյց կու տան, ըսելով՝ նրա մօտ շատ դրամ կը լինի: Ժանտարմը կը մօտենայ, կը բռնէ, հարսը ճարպիկութեամբ մը կը քաշէ ժանտարմն ալ հետը, միասին կ՛իջնեն գետին յատակը:

Սիրանույշ Եսայանի վկայությունը


«Մի քանի խօսք մեր ընտանիքի կեանքէն:
Մեր Եսայեան ընտանիքը, որ կþապրէր Էրզրում, կը բաղկանար վեց անդամէ՝ ես, ամուսինս և չորս զաւակներս՝ Վազգէն՝ 6 տարեկան, Վազգանոյշ՝ 4 տարեկան, Բաբգէն և Վեհանոյշ երկուորեակներ՝ երկերկու տարեկան:
4-5 օր վերջ Բալուի սոսկալի կոտորածը տեսնելով, ես ալ շատերու նման ինքզինքէս ելած վազեցի դէպի գետը ու մեքենայօրէն նետեցի իմ զոյգ աղաւնեակներս սարսափելի Եփրատին մէջ: Յետոյ դառնալով ետ՝ երբ ուզեցի առնել մնացած երկու զաւակներս ալ ու միասին երթալ՝ միանալու իմ սիրական փոքրիկներուս, յանկարծ ահեղատեսիլ պաշտօնեաները վրայ հասնելով՝ հեռացուցին մեզ ջուրէն: Այդ րոպէին մէկը գետեզերքէն գտաւ ու յանձնեց ինծի զոյգերէս մէկը՝ առողջ անվնաս, իսկ միւսը՝ արդէն կորսնցուցի յաւիտեան՝ իմ իսկ ձեռքովը…»:

Կուլ տված ոսկիները

Ճանապարհի նեղութիւնները Խարբերդէն մինչև Մալաթիա համեմատաբար աւելի մեղմ կ’ըլլան, քան Մալաթիայէն մինչև ՈՒրֆա: Քանի մը տասնեակ հազար աքսորականներէն միայն 1500 կին ու երեխայ 1915-ի օգոստոս 24-ին կը հասնին ՈՒրֆա: Երբ ճանապարհին ոստիկաններն ու զինուորները կը սկսին խուզարկել կիներու քով գտնուած ոսկիները, անոնցմէ շատերը ոսկիները կուլ կու տան: Ոստիկանները իմանալով այս արարքը և կամ կասկածելով, որ այսինչը ոսկի կուլ տուած է, անմիջապէս կը սպաննէին և փորը ճեղքելով՝ ոսկին դուրս կը հանէին:

Մենավորը

Քսանապետ մը կար, ինձ հրամայեց, որ ելլենք անկողիններուն պահարանին մէջ պառկինք: Պահարանին մէջ քիչ մը սպասելէն յետոյ տեսայ, թէ բոլորը քնացան, կամացուկ վերցուցի քրոջս աղջիկը, սենեակէն դուրս եկանք և փախանք դէպի Եփրատը:
Յուսահատուած և մանաւանդ մտածելով, որ կարող է իմ աչքիս առջև իմ քրոջ աղջիկը բռնաբարուի և նախատուի, որոշեցի վերցնել ուսս և նետուիլ գետը: Այդպէս ալ ըրի, բայց ջուրին մէջ ինքնասպանութեան քաջութիւնը տեղի տուաւ կեանքին կառչելու առջև և աշխատեցայ, անցայ միւս ափը և գացի քիւրտերու մէջ, ծանօթ քիւրտի մը մօտ՝ Նասիֆ գոմը, Հիւսէյն աղայի մօտ թողեցի քրոջս աղջիկը և բարձրացայ սարը՝ այս անգամ առանց զէնքի:
Մտայ անտառը և 43 օր մնացի անտառին մէջ: Յիշեալ քիւրտին տղան երբեմն գիշերը ինձ ուտելիք կը բերէր: 43 օրէն յետոյ գիշեր մը յիշեալ տղան ինձ ուտելիք բերելու պահուն յայտնեց, թէ երկու թուրք զինուորներ անտառին մէջ քնած են, գացի մէկը սպաննեցի և զէնքը յափշտակեցի, միւսն ալ փախաւ:
Ատկէ յետոյ անցայ Չաթախ Կեատուկ ըսած տեղը և ապրելու համար սկսայ ասպատակութեուն. փախստական թուրք զինուորներ կը բռնէի, զինաթափ կընէի և կը կողոպտէի, զէնքերն ալ կը պահէի: Այսպէս շարունակեցի մինչև 1916-ի ապրիլը: Ձմեռը ինձ համար շինեցի պզտիկ հիւղակ մը, որտեղ ցուրտէն կը պատսպարուէի: Ապրիլի մէջը ռուս բանակը կը մօտենար: Քանի անգամ փորձեցի ճեղքել և անցնիլ, բայց չյաջողեցայ. վերջին անգամ բանտուեցայ, և չկրցան հասկնալ, որ հայ եմ, իբր թէ թուրք զինուոր եմ, կորած ընտանիքս կը փնտռէի: Նորէն խոյս տուի և մնացի, մինչև որ յունիսի վերջերը ռուսերը առաջացան, և անձնատուր եղայ:


Գրիգոր ՔԵՇԻՇՅԱՆ,
Բագառիճ գյուղի բնակիչ

Երեք գյուղաքաղաք

Խարբերդի մէջ, բացի Հիւսէյնիկ (12000 բնակիչ), Խուլագեղ (700 տուն), Դատեմ (400 տուն) երեք գիւղաքաղաքներէ, գիւղերէն ոչ մեկ տեղ դիմադրած է:

1. Հիւսէյնիկի դիմադրութիւնը: Ապրիլի վերջերը բաւական թուով ոստիկաններ ու զօրք մտնելով գիւղաքաղաքը, կուզէ ժողովուրդը տեղահան ընել: Բայց հայերը կը դիմադրեն և կը սպաննեն ոստիկաններն ու զօրքերը: Դիմադրութիւնը կը տևէ երեք օր ու գիշեր: Դիմադրողները ունեցած են շատ քիչ քանակութեամբ զէնք, շատեր կռուած են փոքրիկ ատրճանակներով: Դիմադրողները եղած են մօտ 60 հոգի: Սակայն դիմադրութիւնը կը զսպուի Մալաթիայէն հասած զօրքի միջոցով: Դիմադրողները կը ձերբակալուին, և ժողովուրդը տեղահան ըլլալով, կ’ուղարկուի դէպի Գէօլչիկ ըսուած լիճը, ուր բոլորին ալ կը սպաննեն ու լիճը կը լեցնեն:
2. Խուլագեղի դիմադրութիւնը: Գիւղացի 20-30 երիտասարդներ կը դիմադրեն տեղահան ընելու համար եկած զինուորներուն: Դիմադրողները կ’ունենան բաւական կանոնաւոր զէնքեր: Սակայն դիմադրութիւնը միայն մէկ օր կը տևէ: Մեզիրայէն զօրք կը հասնի և ճնշելով դիմադրութիւնը, կը ձերբակալէ կռուողները ու ժողովուրդն ալ տեղահան ընելով, կը տանի դէպի Մալաթիա: Ճանապարհին Խան Գէօլ ըսուած տեղ մը կը լեցնեն տուներուն մէջ ու չորս օր անօթի-ծարաւ պահելով կը տանջեն ու չարչարանքներով շատերը կը մեռցնեն: Յետոյ դուրս կը բերեն տունէն և Եփրատ կամ Կարա-սու գետը կը լեցնեն:
3. Դատեմի դիմադրութիւնը: 20-ի չափ երիտասարդներ կը բարձրանան լեռը: Երբ ոստիկանները կու գան ժողովուրդը տեղահան ընելու, լեռը գտնուողները դիրքեր կը բռնեն և կը դիմադրեն և կ’արգելեն ոստիկաններուն գիւղ մտնելը: Վեց օր կը դիմադրեն: Մեզիրայէն կը հասնի կանոնաւոր զօրքը ու կը ճնշէ դիմադրութիւնը և ժողովուրդը տեղահանելով, նախորդի նման կը տանին Խան Գէօլ ու կը սպաննեն բոլորը: Դիմադրողներ մի քանի ոստիկան սպաննելէ յետոյ կը փախչին ու կ’ապաստանին Տերսիմի քիւրտերուն մէջ:

Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ