«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Հայոց հարցը եվրոպական հարց է

Հայոց հարցը եվրոպական հարց է
27.09.2014 | 15:40

Իտալիայի Սենատում կայացած «Հայերը. ցեղասպանություն և իտալական 20-րդ դար» խորագրով գիտաժողովին, որը կազմակերպել էր Իտալիայի վերին և ստորին պալատներում ձևավորված Հայաստանի հետ բարեկամության խումբը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո, ներկա էին սենատորներ և պատգամավորներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, ԶԼՄ-ների և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով ներկաներին են դիմել բարեկամության խմբի խորհրդի նախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազին, փոխնախագահ, պատգամավոր Ֆլավիա Նարդելլի Պիկկոլին, խմբի անդամ պատգամավոր Սանդրա Զամպան, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:
Գիտաժողովի բանախոսներն են եղել Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Սիենայի համալսարանի պատմագիտության դասախոս, պրոֆեսոր Մարչելո Ֆլորեսը, Հռոմի Լումսայի համալսարանի դասախոս պրոֆեսոր Պաոլո Ականֆորան, հայտնի գրող, Պադուայի համալսարանի իտալական արդի գրականության դասախոս, պրոֆեսոր Անտոնիա Արսլանը, Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Գաբրիելա ՈՒլուհուջյանը և Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի ու Տրենտոյի համալսարանների սոցիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանը:
Սենատոր Դե Բիազին ընթերցել է Իտալիայի նախագահի գլխավոր քարտուղար Դոնատո Մառոյի՝ նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի և սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի անուններից` կոնֆերանսին հղված ողջույնի ուղերձները, որոնցում կարևորվում էր 20-րդ դարի ամենաողբերգական էջերից մեկի վերաբերյալ գիտաժողովի անցկացումը և հիշատակվում դարերի արմատներ ունեցող հայ-իտալական բարեկամական հարաբերությունները: ՈՒղերձում ընդգծվում էր, որ որպես ապագայի խաղաղության գրավական հատկապես ներկա մարտահրավերների ու ճգնաժամերի պարագայում անհրաժեշտ է անցյալի հիշողության պահպանումը: Սենատոր Դե Բիազին անդրադարձել է իսլամիստների կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը և իրեն իրավունք է վերապահել Իտալիայի քաղաքական և հասարակական շրջանակների անունից դատապարտել այդ բարբարոսությունը և համերաշխություն հայտնել հայ ժողովրդին:
Դեսպան Սարգիս Ղազարյանը շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին ու բանախոսներին, ներկաներին, այդ թվում` Հռոմի դպրոցներից մեկի ավարտական դասարանի աշակերտներին ու նրանց ուսուցչուհուն, ովքեր 2013-2014 թթ. ֆիլմ են նկարել Հայոց ցեղասպանության մասին:
Դեսպանն ընդգծել է, որ Միջին Արևելքի ներկա իրադարձությունները վառ ապացույց են, որ չպետք է դադարել ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և ժխտողականության մասին խոսելուց: Նա մեծապես կարևորել է ցեղասպանությունների մասին հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և կանխարգելումը, այդ թվում՝ կրթության միջոցով: Դեսպանը խոսել է նաև Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերման, Միջին Արևելքում փոքրամասնությունների իրավիճակի մասին՝ նշելով, որ տեղի ունեցող վայրագությունները վկայում են, որ ցեղասպանության միտումներն ու վտանգն առկա են նաև մեր օրերում: Ամփոփիչ խոսքում նախկին գումարման խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի հիմնադիր Ալբերտինա Սոլիանին կարևորել է ժխտողականության դեմ պայքարը՝ նշելով. «Բոլորս հայ ենք, որովհետև Հայոց հարցը եվրոպական հարց է, իսկ Հայաստանը՝ եվրոպական քաղաքակրթության մաս»:

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ