«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Զորավար Անդրանիկի շիրմին` երգով ու գրքով

Զորավար Անդրանիկի շիրմին` երգով ու գրքով
12.09.2014 | 11:12

Հրաչյա

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Քանի՜ տարի Զորավար Անդրանիկի ծննդյան (փետրվարի 25) և երկրային կյանքին հրաժեշտելու (օգոստոսի 31) օրերը նշելու համար «Զորավար Անդրանիկ» համազգային միության նախագահ Նորայր Մուշեղյանի ղեկավարությամբ անդրանիկապաշտներս լինում էինք Եռաբլուրում` մեր երախտիքի տուրքը տալով ազգային հերոսի հիշատակին։ Ի՜նչ նվիրյալներ էին հավաքվում` սկսած Սիլվա Կապուտիկյանից, Ժենյա Ավետիսյանից։ Ո՞ր մեկին հիշեմ։ Ափսոս հարեհաս Նորիկին։
Զանգ է տալիս կրտսեր ընկերս` Վազգեն Ղազարյանը։ Տեսուհալ հարցնելուց հետո, ինչ կա-չկայից հետո պարզապես հանձնարարում է.
-ՈՒժերդ հավաքիր, վաղը միասին գնանք... Եռաբլուր։

-Հասկացա։ Զորավարի երկրային կյանքին հրաժեշտ տալու օրն է։ Բայց...

-Էլ բայց-մայց չկա։
Արդեն քանի՜ քանի տարի է, որ նա Վահան Տերյանի, Շիրազի, Կարեն Դեմիրճյանի ծննդյան, մահվան օրերին լինում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Մեծերը զրույցներ են սիրում։ Իր մեծ ու անուշ, տխուր զրույցներն ունի կրտսեր ընկերս։ Եվ նա անակնկալ է անում. գալիս է հրապարակախոս, գրող, լրագրող Ռուբեն Սիմոնյանի հետ։ Անգամ չգիտեի, որ նրանք իրար ճանաչում են։ Բանից պարզվում է, որ նա կարդացել է Ռուբեն Սիմոնյանի «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսական» գիրքն ու մնացել ապշած։ Ինքը, որ իրեն, անհամեստություն թող չթվա, համարում է լավ անդրանիկագետ, այս էջին բոլորովին ծանոթ չէր։ Եվ շատ ու շատ անդրանիկագետներ ¥Ծատուր Աղայան և... բոլորը¤ նույնպես չգիտեն, երբ զորավար Անդրանիկի մասին հատորներ են գրել։ Ռուբեն Սիմոնյանը սիբիրյան քաղաքների քանի՜ արխիվներում է եղել, ուսումնասիրել, քրքրել, անհրաժեշտ նյութեր հավաքել։ Այդ գիրքը նորոգելու համար նորից է մեկնել Սիբիր։ Անկողնուն գամված կինը` Ֆլորան, վերջին ոսկեղենն է մեկնել ամուսնուն, որ Ռուբենի գործն էլ Զորավարի գործի նման կիսատ չմնա։ Եվ ահա մեծագույն ջանքերի գնով ռուսերեն լույս է տեսել «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը» լրացված, կարելի է ասել` անթերի գիրքը։ Հենց Ռուսաստանի, հենց ռուսների համար է գրված, հենց սիբիրներում ապրողների համար է գրված. թող կարդան ու ճանաչեն հայերին, Անդրանիկ Օզանյանին։ Սիբիրական վաշտ, որ հրամանատարին թև-թիկունք մնաց, մինչև նրա արտասահման մեկնելը, և վաշտն էլ դաժան ճակատագրի արժանացավ. պարզապես հեշտ ու հանգիստ քշվեց Սիբիր... Ամեն մեկս` լուռ ու հպարտ, ի՞նչ ենք մտածում, չգիտեմ, բայց մի բան պարզ է, որ ամեն մի ազգ չի կարող Անդրանիկ ունենալ։ Զորավարը սիրած երգ է ունեցել։ Մտքո՞ւմ է երգել, թե՞ ցածրաձայն, ովքեր են երգել նրա համար, բայց տարբեր երկրներում, տարբեր առիթներով հիշելով մեծ զորավարին, մեկը կամացուկ ասել է. «Մեզնից ո՞ր մեկս կերգի զորավարի սիրած երգը»։ Եվ Ռուբենը մտքով ուրեր հասավ, թռավ, գնա՜ց, եկավ ու...
-Զորավար, թույլ տուր քո սիրած երգը երգեմ։ Քո սիրած երգը` «Անուշ Եփրատը»։
ՈՒ երգի չորս տունն էլ երգեց։ Քաղում եմ միայն առաջին տունը.
Անուշ Եփրատ, որ եդեմեն
Կանցնիս, կերթաս մեր դռան քովեն,
Առ բարևս, տար քույրերուս,
Իմ մորս ասա` մի՛ լար, կուգամ...
Ռուբենը լավ է պահպանել ձայնը։ Նա` աշխատելով Երևանի «Նաիրիտ» միավորումում, նաև մեներգիչ է եղել միավորման երգչախմբում։
Երգիչ Հայրիկը` Հայրիկ Ղազարյանը, որ երկար ու ձիգ տարիներ եղել է ուսուցիչ, ապրել Մարտունու շրջանի Ձորագյուղում, ի՜նչ հրաշք երգեր է նվիրել ֆիդայիներին, իսկ Անդրանիկ Զորավարին` յոթ երգ։ ՈՒ նրա ավագ որդին, տնտեսագետ, բանասեր, պատմաբան, գնդապետ Վազգեն Ղազարյանը հիշում է, թե ինչպես էր Հայրիկը երեք տղային ու չորս աղջկան հավաքում իրար գլխի ու պատմում էր, պատմում հայոց բոլոր դարերի հայոց բոլոր հերոսների մասին։ ՈՒ երգեց Վազգենը երգիչ Հայրիկի «Երգիչն ու Զորավարը» երգը.
ԵՐԳԻՉ- Դու մեր տենչն ես, ողջ հայության
պաշտամունք,
Քեզանով են երդվում ծերերն ու մանկունք,
Ազգապաշտպան նոր Վարդան ես հայ ազգի,
Սուրբ շիրիմդ, նշխարներդ` մեզ մասունք։
ԶՈՐԱՎԱՐ. -Այլոց հողում անհանգիստ,
անդադար եմ,
Հայկի զարմն եմ, այս աշխարհից օտար եմ,
Իմ մայր հողը կենդանություն պիտի տա ինձ,
Առնեմ, գործեմ, ազգիս իղձը կատարեմ...
Ռուբենը Անդրանիկ Զորավարին ու նրա սիբիրական վաշտի ճակատագրին նվիրած գիրքը խոնարհումով, որդիական ակնածանքով մեկնում է Զորավարին, ապա ծաղիկների պես դնում շիրմին։ Ճշմարիտ գրված գիրքը նույնպես գույն և բուրմունք ունի։ Շոգ օր է։ Անմահները, ասես, շարունակում են կյանքը։ Գեղեցիկ ծաղկեգորգը, գրությունը «մատնում» են, որ մեզնից առաջ եկել է Անդրանիկ Զորավարին նվիրված հիմնադիր Իլյիչ Բեգլարյանը։ Խունկ խնկեցինք, նորից խոնարհվեցինք։ Մտքումս արթնացավ երգիչ Հայրիկի հայտնի երգի ահականչ տողը. «Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա»։ Վաղուց ժամանակն է, որ բոլորս զգանք, մտածենք ազգի զավակների, հարևանների մասին։ Խոնարհվեցինք նաև հրաշալի գրող, սպարապետ Վազգեն Սարգսյանի... Ո՞վ սպանեց, ինչո՞ւ սպանեց, ո՞ւմ տված վարձով սպանեց։ Թող որ Վազգենի հրեղեն ճակատը համբուրեր թուրքի գնդակը, ո՞ւմ կույր ձեռքը կրակի տակ առավ հայոց խորհրդարանը։ Մեզ սպանել են մեր հողում, մեր սար ու ձորում, մեր տան շեմին, մեր հայրենիքում, հենց մենք ենք մեզ սպանել, թշնամուց ուրիշ ինչ կարող են սովորել վարձկանները։
Հայության համար, ինքնիշխանության համար արցախված, զոհված, հայաստանված ազատամարտիկների Եռաբլուր։ Ավելի թանկ սրբատեղին, երևի, սա է, թեև հենց սրբատեղի է քարքարոտ մեր հողը։ Եռաբլուր մեր ամեն գյուղում ու քաղաքում, մեր մտքի մեջ։ Շոգ օր, պճպճոց է։ Խոնարհված մայրեր, քույրեր։ Մի ազատամարտիկ խոնարհվել է ընկերոջ շիրմին։ Բարևում ենք։ Արդեն քսաներեք տարի է, որ զրուցում է իր ձեռքերի վրա մահացած ընկերոջ հետ ու մինչև հիմա ոչ մի բառ չի ասել... Ձեռնափայտիս ու ընկերներիս օգնությամբ շարունակում եմ ճամփաս... Ի՜նչ երիտասարդների ճանապարհներ կիսատ մնացին։ Հող հայրենիի համար հող դարձան։ Իսկ ե՞րբ չենք զոհվել։ Հենց կանայք, աղջիկներ։ Սիրտս ցավում է։ Ի՜նչ մինուճարներ զոհվեցին։ Ըհը, ցայտաղբյուրի տված մի կում ջուրը մի քիչ ուշքի է բերում։ Մեն-մենակ էս ո՞ւր է գնում սիրելի Աղավնի Սահակյանը։ Միշտ անհանգիստ է, մի տեղ անպայման գործ ունի։ Պատերազմի ժամանակ ենք ծանոթացել։ Մարտակերտում։ Նրան և Շուշանիկ Աբրահամյանին։ Հրաշալի հայուհիներ, ազատամարտուհիներ։ Կիրթ, գրագետ։ Արդարության, ճշմարտության համար մարտնչողներ։ Չեմ հարցնում` ո՞ւմ մոտ ես գնում։ Խոստանում է` առաջիկայում կգա մեր տուն` պարզապես զրուցելու։ Ավելի գեղեցիկ բան չկա, քան երբ կարողանում ես լսել ազատամարտիկին։ Իր ապրումները, դառնությունները, նաև հիասթափությունները, հրճվա՜նքը, հրճվանքը կարողանում է փոխանցել քեզ... Չեմ կարողանում շարունակել ճանապարհս։ Ինձ թվում է` բոլոր ազատամարտիկներն իրենց Եռաբլրից ինձ են նայում։ Նստում եմ մի եղևնու շվաքում։ Տաք բուրմունքը, խեժահոտը ստիպում են, որ կոպերս ծանրանան, աչքերս փակվեն։ Գլուխս դնում եմ հողին։ Մտքով ո՞ւր եմ հասնում։ Ռուբենը և Վազգենը մի ազատամարտիկի հետ են զրուցում։ Ինքն ինչո՞ւ պիտի գոհ լինի։ Էսքան ջահելություն է արյուն թափել... Լիքը անմեղ ու մեղավոր խոհեր։ Ննջում եմ։ Մտքով իմ հարազատ եզերքի` Մոկորի նախկին ծմակներն եմ ընկնում։ Եվ հանկարծ լսում եմ Աղավնու ձայնը. «Հո վատ չե՞ք զգում...»։ Գալիս-բռնում է ձեռքս։ Մարտակերտում նման հարց չտվեցին։ Հրաման էր ասես` շտապ տանել բուժարան, ստուգել և նշանակել ներարկումներ։ Շուշանիկ Աբրահամյանի հետ ավելի մտերմացանք։ Նա նույնպես լրագրող է։ Եվ Արցախի հողը նրան կանչեց։ Բուժակ է։ Աղավնուն ասում եմ` միասին գնանք մեր տուն։ Չէ, կուզենար գար, բայց Դավթի մայրը նոր զանգ տվեց, Դավթի հայրը վատացել է։ Դավիթը։ Պեծուկրակ պատանին` Դավիթ Հովսեփյանը։ Ի՜նչ տղա էր։ Բանաստեղծ էր։ Իրենց տունը դարձրել էր շիրազյան և պարույրսևակյան թանգարան, իրենց շենքի դիմաց թոնիր էր պատրաստել։ Ինչո՞ւ շուտ մահացավ սիրելի Դավիթ Հովսեփյանը` Ազատության հրապարակի սիրելի տղան։ Ըմբոստը։ Ազնիվը։ Աղավնուն ասում եմ, որ գիշերը Շուշանիկին հիվանդանոց են տարել։ Շաքարը խեղդում-խեղճացնում է։ Աղավնին կնճռոտվում է` ի՜նչ կտրուկ, ոգևորող աղջիկ էր Շուշանիկը, պատերազմի ժամանակ տղաներին ոգևորում էր, ամեն պահ պատրաստ էր կռվելու, փրկելու, զոհվելու... Եվ ինքն իրեն, շատ ցածր ձայնով ասում է, էնքան ցածր, որ ինքն իրեն էլ չլսի` էս ի՞նչ օրն ընկանք, ազատամարտիկն էլ ապրելուց խեղճանա՞... Բաժանվում ենք... Ո՞Ւմ համար է հեշտ եղել։ Անդրանիկի ժամանակ հե՞շտ էր։ Մենք հեշտ ժամանակների պատմություն չունենք։ Բոլորս դժգոհ ենք։ Տեսնես գո՞հ են եռաբլուրներում հանգչող քաջերը։ Մի՞թե ավելի քաջ չէ նա, ով մասնակցել է պայքարին ու բարեբախտաբար չի զոհվել։
Չգիտեմ... Չգիտես... Չգիտենք...
Մեռնելով ենք ապրել։ Ապրելով ենք մեռել։ Ե՞րբ է գալու ապրելով հաղթելու մեր ժամանակը։

Դիտվել է՝ 1625

Մեկնաբանություններ