«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Կիրիլ Շչոլկին, նույն ինքը՝ Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան

Կիրիլ Շչոլկին, նույն ինքը՝  Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան
05.09.2014 | 16:55

65 տարի առաջ ԽՍՀՄ-ում տեղի ունեցավ ատոմային ռումբի փորձարկումը, որի օրորոցի մոտ կանգնած էր մեր հայրենակից, սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս, ատոմագետ ԿԻՐԱԿՈՍ ՄԵՏԱՔՍՅԱՆԸ՝ ԿԻՐԻԼ ՇՉՈԼԿԻՆԸ:

Երբ 1949 թվականի օգոստոսի 29-ին Շչոլկինը զեկուցեց Կուրչատովին, որ ատոմային ռումբը լիցքավորված է, պատրաստ փորձարկման, խորհրդային ատոմային ռումբի հայրը կատակով նետեց. «Դե ինչ, ռումբն արդեն անուն ունի, թող ունենա նաև կնքահայր՝ Շչոլկին ազգանվամբ»: Փակագծերում ասենք, որ ռումբի՝ «ՀԺհ-1» անվանումը հապավում էր և նշանակում էր Ստալինի ռեակտիվ շարժիչ (ՐպՈՍՑՌՉվօռ ՊՉՌչՈՑպսՖ հՑՈսՌվՈ).
Ո՞վ էր Շչոլկինը, որին այդպես մեծարում էր ԽՍՀՄ խոշորագույն գիտնականը:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ազգային արխիվներում պահպանվող փաստաթղթերը վկայում են, որ Կիրիլ Շչոլկինը Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյանն է, ծնված 1911 թվականի մայիսի 17-ին, Թիֆլիսում, հողաչափ Հովհաննես Եփրեմի Մետաքսյանի ընտանիքում: Մետաքսյան ազգանունը նա ժառանգել էր մետաքսի առևտրով զբաղվող գողթնեցի պապից, որը գաղթել էր Ղրիմի Կարսու-բազար (Բելոգորսկ) քաղաք և շարունակում էր պապերի արհեստը, և որին լավ էին ճանաչում հատկապես Ղրիմի բնակիչները, որտեղ հայ առևտրականներն ազատ ու շահավետ առևտուր էին անում: Ի դեպ, վերը նշված հիմքերով «մետաքսե» ազգանուն էր կրում նաև մեկ ուրիշ նշանավոր հայ՝ Ղրիմի պատերազմի նշանավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեյբութ Շելկովնիկովը:
Չնայած պահպանված կենսագրական տվյալներին, հայերենով ազատ հաղորդակցվելուն, Շչոլկինի հայկական ծագումը երկար տարիներ թաքցվում էր այնպես, ինչպես գերգաղտնի էին մնում ատոմային զենքի ստեղծողներն ու նրանց գտնվելու վայրը: Իսկ նրա օտարահունչ անուն-ազգանունը պարզապես համարժեք թարգմանություն է հայերենից:
Խորհրդային տարիներին այդ վերաբերմունքը պատահական չէր ազգությամբ ոչ ռուս նշանավոր մարդու նկատմամբ, որը երիտասարդ տարիքում զբաղեցնում էր կայսրության ամենապատասխանատու և կարևորագույն ռազմական պաշտոններից մեկը, միակ մարդն էր, որ ամեն ինչ գիտեր ատոմային ռումբի պայթյունի, դրա մանրամասների մասին. 35 տարեկանում պաշտպանած դոկտորական թեզն էլ հենց ատոմային ռումբի պայթուցիչների մասին էր:
Պատանեկան տարիներին կորցնելով հորը, Կիրակոս Մետաքսյանը վերադառնում է ծնողների ծննդավայր՝ Ղրիմի Բելոգորսկ հայաշատ քաղաք, աշխատում է պետական տնտեսությունում, միաժամանակ սովորում ու ավարտում է միջնակարգ դպրոցը: 1928 թ. ուսումնատենչ պատանին ընդունվում է Ղրիմի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետ: Այնուհետև մեկնում է Լենինգրադ, շարունակում ուսումը քիմիական ֆիզիկայի ինստիտուտում՝ նախընտրելով այրման ուսումնասիրությունը: Երիտասարդ գիտնականը, որին արդեն ամուր «կպել» էր Շչոլկին Կիրիլ ազգանուն-անունը, փորձեր էր կատարում նոր, նախադեպը չունեցող ինքնուրույն մեթոդներով և մեծ ճշգրտությամբ, ինչն էլ իր վրա սևեռեց խորհրդային և արտասահմանյան մասնագետների ուշադրությունը: Մետաքսյան-Շչոլկինով հետաքրքրվեց Կուրչատովը, երբ 1938 թ. նրան շնորհվեց ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մետաքսյանը 1940 թ. ինստիտուտի դոկտորանտ էր: 1941 թ. հունիսի 22-ին նա կամավոր մեկնեց ռազմաճակատ, սակայն մի քանի ամսից հետ կանչվեց: Նրան ուղարկեցին Կազան՝ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ: Շչոլկինի կատարած փորձերը հույժ կարևոր և հրատապ էին ռազմական արդյունաբերության համար: Պատերազմական պայմաններում նրա ամենաժամանակակից` այրման ու պայթյունի ֆիզիկայի ասպարեզում կատարած փորձերը դարձան վճռորոշ ԽՍՀՄ-ում միջուկային զենքի ստեղծման գործում:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գերմանիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում ընթացքի մեջ էր միջուկային զենքի նախապատրաստությունը: ԽՍՀՄ-ում նույնպես սկսվել էին աշխատանքներ այդ ուղղությամբ: Ակադեմիկոս Ա. Ալիխանովը ԽՍՀՄ ուրանային նախագծի, միջուկային ռումբի գիտական հիմքերի մշակման ղեկավարն էր: Կուրչատովն ու նա ստեղծեցին առաջին ցիկլոտրոնը: Արագած լեռան վրա կառուցված փակ լաբորատորիայում ուսումնասիրվում էին տիեզերական ճառագայթների կազմում պրոտոնների գոյության հարցերը: Միջուկային զենքի նախապատրաստման նպատակով 1942 թ. Ա. Ալիխանովը հետ կանչվեց Մոսկվա, և 1943-ի սկզբին նրան ուղարկեցին «Օբյեկտ» կամ, ինչպես ընդունված էր ասել, «փոստարկղ համար…»:
1945 թ. Ա. Ալիխանովը ստեղծեց նոր լաբորատորիա: Նրա ղեկավարությամբ լաբորատորիան իրականացրեց ջրի դանդաղեցուցիչով աշխատող ռեակտորի կառուցումը: Այդ ժամանակ ԱՄՆ-ում ընթացքի մեջ էին ատոմային ռումբի ստեղծման ինտենսիվ աշխատանքները: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ատոմային ռումբ նետեց Ճապոնիայի Նագասակի և Հիրոսիմա քաղաքների վրա, ԽՍՀՄ-ում արագացվեցին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները: Այդ նպատակով կազմվեց հատուկ ատոմային կոմիտե և գիտական խորհուրդ, որի կազմում ընդգրկվեցին ակադեմիկոսներ Ա. Իոֆֆեն, Ի. Կուրչատովը, Պ. Կապիցան, Ա. Ալիխանովը, գիտխորհրդի նախագահ Բ. Վաննիկովը: Կուրչատովի պահանջով Մետաքսյան-Շչոլկինը «Օբյեկտում» զբաղվում էր ատոմային ռումբի հետ կապված աշխատանքներով: «Օբյեկտի» գլխավոր ուժերի առաջին շարքերում էր մեր մյուս հայրենակիցը՝ նորբայազետցի (այժմ՝ Գավառ), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս Ս. Գ. Քոչարյանցը, տնտեսության գծով ղեկավարն էր Խ. Կոստանդյանը: Այդ կառուցվածքում Շչոլկինը և՛ գիտահետազոտական սեկտորի ղեկավարն էր, և՛ գլխավոր կոնստրուկտորի առաջին տեղակալը, Ս. Գ. Քոչարյանցը` ռումբի ավտոմատիկայի համակարգի մշակման ղեկավարը:
1949 թ. օգոստոսի 29-ին ատոմային ռումբի փորձարկումը Սեմիպալատինսկի զինափորձարանում փայլուն կերպով իրագործվեց: Այդ պահին էր, որ պետական հանձնաժողովի նախագահի պահանջով Կուրչատովը հայտարարեց. «Կնքահայրը Շչոլկինն է», և ատոմային առաջին ռումբի փորձարկումը կրեց Շչոլկինի անունը: Շչոլկինին շնորհվեց սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Խորհրդային զինված ուժերի սպառազինման մեջ ներդրած ավիառումբի համար 1951 թ. 2-րդ անգամ Շչոլկինին շնորհվեց սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: 1955 թ. կազմակերպվեց «Արզամաս-16»-ի կրկնօրինակը՝ «Չելյաբինսկ-70»-ը, որի գիտական ղեկավարը և գլխավոր կոնստրուկտորը դարձավ Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկինը, իսկ գլխավոր կոնստրուկտորը և գլխավոր ղեկավարը` Ս. Գ. Քոչարյանցը:
Այնուհետև մինչև 1958 թ. մեծ աշխատանքներ ծավալվեցին, և «Արզամաս-16»-ը ստեղծեց առաջին ջրածնային ռումբը:
1958 թ. սեպտեմբերի 12-ին ջրածնային ռումբի հաջող փորձարկումից հետո Մետաքսյան-Շչոլկինը երրորդ անգամ արժանացավ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Մեր տաղանդավոր հայրենակիցը նաև չորս անգամ արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի և մեկ անգամ՝ Լենինյան մրցանակի: 1958 թ. Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկինն ընտրվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Մետաքսյանը խիստ գաղտնի պայմաններում եղել է Թբիլիսիում, Սերգեյ Քոչարյանցի հետ՝ նրա հայրենի Գավառում:
1960 թ. Մետաքսյան-Շչոլկինի առողջությունը վատթարացավ (1957 թ. սկսել էին ի հայտ գալ հիվանդության նշաններ): Նա վերադարձավ Մոսկվա` նախկին ծառայության վայրը` քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, հրապարակեց մի շարք գիտական ծավալուն հոդվածներ ու գրքեր: 1960 թ. 49 տարեկան հասակում նրան նշանակվեց միութենական անհատական թոշակ: Ծանր հիվանդ Մետաքսյանին այցելեց Կուրչատովը: Սակայն երկու օր հետո Մետաքսյանին հայտնեցին Կուրչատովի մահվան լուրը: Նա ցնցվեց, սակայն չէր կարող մասնակցել թաղմանը:
1968 թ. նոյեմբերի 12-ին Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկինը կնքեց իր մահկանացուն: Ծննդյան 60-ամյակի օրը Ղրիմի Բելոգորսկ քաղաքի թիվ 1 դպրոցի պատին փակցվեց նրա բրոնզե հուշաքանդակը, Ղրիմի նորաստեղծ քաղաքներից մեկն անվանվեց Շչոլկինո:
Ցավոք, Հայաստանում քչերը գիտեն մեր մեծ հայրենակցի մասին, նրա հիշատակը որևէ կերպ չի անմահացվել: Ժամանակը չէ՞ սխալն ուղղելու: Չէ՞ որ նա վաղուց գաղտնազերծված է:


Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4909

Մեկնաբանություններ