Հուլիսի 27-ի երեկոյան Պրահայի Մալոստրանսկա հրապարակում գտնվող Սուրբ Նիկողայոս տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի սկսման 100 -ամյակին և միլիոնավոր զոհերի հիշատակին։ Կաթոլիկ եկեղեցու վարդապետ Վոյտեխ Էլիաշը ներկաներին ուղղված խոսքում նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում միլիոնավոր մարդիկ դարձան մեծ քաղաքականության և տնտեսության զոհեր, իսկ Օսմանյան կայսրությունում զոհված 3 միլիոն մարդկանցից մոտ 2 միլիոնը հայեր էին։ Այդ պատճառով նա հոգեհանգստյան կարգին հրավիրել է իր աղոթքն առ Աստված բարձրացնելու և նաև հայ զոհերին հիշատակելու համար Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին։ Հայր Սուրբն իր հայերեն աղոթքում հիշատակել է բոլոր զոհերին և 1,5 միլիոն անմեղ հայերին, որոնք զոհ դարձան թուրքական յաթաղանին։