Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Հակախորհրդային կինո նկարահանել ոչ ոք չէր կարող, բայց ոչ խորհրդային կինո կարելի էր»

«Հակախորհրդային կինո նկարահանել ոչ ոք  չէր կարող, բայց  ոչ խորհրդային կինո կարելի էր»
18.07.2014 | 11:29

«Ոսկե ծիրան» փառատոնը ներկայացնում է հարգանքի տուրքի ծրագիր` ի պատիվ վրացի ռեժիսոր, կինոդրամատուրգ ՕԹԱՐ ԻՈՍԵԼԻԱՆԻԻ 80-ամյա հոբելյանի: Ծրագրի շրջանակում կցուցադրվեն նրա «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն», «Խաժամուժ» ֆիլմերը:
«Թբիլիսին հայկական քաղաք էր, ես հայերի շրջապատում եմ ապրել, նրանց հետ օրս լուսացրել, հայերենն իմ ականջներում է: Իսկ այսօր անցնում եմ թիֆլիսյան փողոցներով, և չկա մեկը, ում կարող եմ բարևել, կանգնել, խոսել հետը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օթար Իոսելիանին:- Այն ժամանակ և մարդիկ էին մարդու նման, և տները` տների, և հարուստ մարդիկ չկային, կարող էինք թեթև խենթություններ անել»: 1980-ից ի վեր Իոսելիանին աշխատում է Ֆրանսիայում: Սակայն, նրա խոսքով, 50 տարեկանում չեն դառնում այլ երկրի քաղաքացի: «Ես նորմալ վրացի տղա եմ»,- նշեց կեսկատակ:
«Երբ գնում ես ինչ-որ տեղից, պետք է հիշես մի բան, որ երբ վերադառնաս, սահմանից դուրս ես լինելու: Ներսում լինելով՝ չես զգում փոփոխությունը»,- ասաց ռեժիսորը, բերելով Բաթումի օրինակը. «Բաթումն այդ ի՞նչ են արել անճաշակ ժուլիկները, ուզում են վերածել Լաս Վեգասի: Սոսկալի է: Ինչ-որ շենք են կառուցել, որ 32 հարկ է, սրճարանը վերջում պտտվում է: Սրճարան գնում ես խմելու համար, ոչ թե նստես, նայես պատուհանին ու զգաս` ինչպես է շենքը պտտվում: Թե ո՞ւմ է դա պետք: Իսկ վերելակը երկու հոգու համար է: Այսպիսի ճարտարապետներ են»:
Խորհրդային շրջանի մասին խոսելիս նշեց, որ այդ տարիներին հակախորհրդային կինո նկարահանել ոչ ոք չէր կարող, բայց ոչ խորհրդային կինո կարելի էր: Ինչ վերաբերում է ներկայիս ռուս-ուկրաինական լարվածությանը, ասաց, որ ռուսական ղեկավարությունը երբեք էլ ջենթլմեն չի եղել, բայց ՈՒկրաինան թույլ է տալիս անուղղելի, ոչ դիվանագիտական, ոչ գրագետ սխալներ` սկսած նրանից, որ արգելվում է ռուսերենի ուսուցումը. «ՈՒկրաինայում տիրող իրավիճակը չգիտեմ, թե երբ կավարտվի: Իրավիճակը շատ բարդ է: Նայած, ով որքան կդիմադրի: Ես քաղաքական գործիչ չեմ և շատ բաներ չեմ հասկանում, բայց գիտեմ, որ երկու կողմերն էլ ճիշտ չեն վարվում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ