Ներքինիների ամորձատումը
Եվրոպացի Burchardus de Monte Sion-ը 1284 թ. այցելել է Կիլիկիա և ուշադրություն դարձնելով թագուհու ապարանքում գտնվող 40 ներքինի սպասավորների վրա` իր նոթերում նշել է, որ «այն ոճրագործները, որոնք թեթև հանցանք էին կատարել, ամորձատվում են, որպեսզի հայրերի ոճրագործություններն ընդօրինակող զավակներ չծնվեն»:
«Եփրատ»
1878 թ. նոյեմբերին ամերիկացի բողոքական միսիոներները Խարբերդում հիմնեցին «Արմենիա» քոլեջը, որը 1888 թ. թուրքական իշխանությունների ճնշումների հետևանքով վերանվանվեց «Եփրատ»:
Հովհաննես էֆենդի
1873 թ. բուլղարական ազգային-եկեղեցական պայքարի մի խումբ գործիչներ աքսորվում են Դիարբեքիր: Տրապիզոնցի մեծահարուստ դրամատեր, լումայափոխ Հովհաննես էֆենդին՝ Հովհաննես Հարությունյանը, որ Կրետեի ապստամբության ժամանակ երեք տարի կռվել էր թուրքերի դեմ, սկսում է հոգ տանել բուլղարացի աքսորյալների նկատմամբ: Կերակուր, դեղորայք ու բժիշկ էր բերում, նրանց հետ գիշերում բանտախցում: Հետո դառնում է տեղի հեղափոխական կոմիտեի ռազմական խորհրդատու, կոմիտեի նախագահ և 1877 թ. հունիսի 26-ին, 38 տարեկան հասակում զոհվում մարտի ժամանակ, Դիարբեքիրի մոտ:
Բուլղարական լաչակը
Բալկաններում լաչակի արտադրության կազմակերպողները հայ արդյունաբերողներն էին, որոնք առաջինը արհեստագործական-տնայնագործական արտադրությունից անցան մեքենայացված եղանակի: Լաչակի արտադրության առաջին ֆաբրիկան 1896 թ. փետրվարին Բուլղարիայի Ռուսե քաղաքում հիմնեց պոլսեցի Հովհաննես Պեզազյանը իր որդիներ Կարապետի ու Նշանի հետ: Մի քանի ամիս անց Կրոնիկ և Կարապետ Փափազյանները նույն քաղաքում հիմնեցին նույնանման ֆաբրիկա, որտեղ աշխատում էին Կ. Պոլսից հրավիրված հայ վարպետ-բանվորներ: Նրանց թվում էր լաչակի կաղապարներ պատրաստող Վռամշապուհ Չաքըլճյանը, որը մինչև XX դ. սկիզբը Բուլղարիայում միակ վարպետն էր այդ ասպարեզում: 1897 թ. վաճառականներ Պետրոս Աստարճյանը, Խաչիկ Թագվորյանը և Շամիրյանը ևս Պլովդիվում կազմակերպեցին լաչակի արտադրություն: 1905 թ. Սարգիս Գույումճյանը Ռուսեում հիմնեց լաչակի արտադրության ֆաբրիկա՝ 50 բանվորներով, որը շուտով վերածվեց խոշոր ձեռնարկության:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գառնիկ Մազլըմյանը և Արիս Գուրպանճյանը գնեցին Փափազյան եղբայրների՝ Ռուսեում գտնվող լաչակի ֆաբրիկան և այն ընդարձակելուց հետո սկսեցին թողարկել մեծաքանակ արտադրանք: Նույն քաղաքում լաչակի արտադրություն էին կազմակերպել Կոպեռ Մխիթարյանը, Հայկ Հակոբյանը, Պետելյանը և ուրիշներ: Այդ եկամտաբեր արտադրության մեջ խոշոր կապիտալներ էին ներդրել նաև Վառնայի հայտնի վաճառականներ Արմենակ ՈՒթյուճյանը և Սարգիս Կարպիսը՝ առանձին ֆաբրիկաներ հիմնելով Պլովդիվում:
Մինչև 1929 թ. բազմաթիվ բուլղար արդյունաբերողներ ևս կազմակերպեցին լաչակի արտադրություն Սոֆիայում, Տըրնովոյում, Պլևենում, Պլովդիվում և այլ քաղաքներում: Սակայն, այդուհանդերձ, Բուլղարիայում լաչակի արտադրության բնագավառում հայերը գերիշխող դիրք էին գրավում:
Հետագայում Բուլղարիայի քաղաքային կյանքի, նիստուկացի, նորաձևության փոփոխման արդյունքում ներքին շուկայում գրանցվեց լաչակի պահանջարկի անկում:
Բաթում
1882 թ. Բաթումում անցկացվեց առաջին մարդահամարը, ըստ որի՝ բնակչության թիվը կազմեց 8671 հոգի, իսկ 1890 թ. հունիսի 17-ի մարդահամարով բնակչության թիվն արդեն 18123 հոգի էր, և այդպիսի աճը բացատրվում էր նավահանգստով Բաքվի նավամթերքների փոխադրման զարգացմամբ:
Հայերի թվաքանակն էր 3067 (2061-ը՝ արական սեռի), բայց, որքան էլ զարմանալի լինի, նրանք գերակշիռ դիրք էին գրավում քաղաքային ինքնակառավարման մարմնում՝ դումայում: Այսպես, 36 պատգամավորից 8-ը ռուս էին, 7-ը՝ վրացի, 4-ը՝ մահմեդական, 2-ական հույն, հրեա, լեհ, 1-ը՝ գերմանացի, իսկ 10-ը՝ հայ:
Թպըղի բուժումը
XIX դ. և XX դ. սկզբին զանազան հիվանդություններից մեկը ժողովուրդն անվանում էր թպըղ կամ թպղի՝ նորածիններին խեղդող մահացու մի հիվանդություն, որը պատճառում էր երևակայական էակ: Վերջինիս ժողովուրդն ընկալում էր որպես չար ոգու մարմնավորում. մի դեպքում դա գորտի տեսքով չար ոգի էր, որը մտնելով հղի կանանց արգանդը՝ թունավորում էր սաղմը, և նորածինը կամ մեռած էր ծնվում, կամ չափազանց սակավակյաց էր լինում: Դա էր պատճառը, որ, օրինակ, Վասպուրականում հաճախ ճահիճներից գորտեր էին բռնում, թալիսմաններ պատրաստում, որոնք հղի կանանց պաշտպանում էին թպղիներից: Այդ նույն նպատակով գորտանման զանազան զարդեր էին պատրաստում: Գորտը նախապես պաշտվել էր իբրև տոտեմ, իսկ հետո նոր գործառույթներ էր ստացել, որոնցից էր մայրության և մանկության պաշտպանությունը: Օրինակ, Արագածի հարավային ստորոտում մեծ, գորտանման բնական քար կար. այդտեղ գալիս էին չբեր կանայք՝ որդի ունենալու նպատակով, և թպղի հիվանդություն ունեցողները՝ երեխայի մահը կանխելու ակնկալիքով:
Թպըղը պատկերացվում էր նաև որդի տեսքով, որը ճանկեր ուներ և բռնում էր երեխայի, նրա հոր կամ մոր լյարդը: Նրանից ազատվելու համար նորածին երեխայի մարմնին, շուրթերին ու ականջներին մեղր էին քսում և երեք-չորս օր կուրծք չէին տալիս: Քաղցից նեղվելով, իբր, թպըղը դուրս էր գալիս, որպեսզի մեղրն ուտեր: Այդ ժամանակ նրան բռնում էին ու երեխային փրկում: Այնուհետև թպըղը դնում էին տուփի մեջ և պահում: Երբ ուրիշ կանայք պատրաստվում էին երեխա ունենալու, թպըղը տրորում էին, լցնում ջրի մեջ և խմեցնում նրանց: Թպըղից ազատվելու համար նաև գիր էին անել տալիս, և երբ սրա ազդեցությամբ կինն սկսում էր որձկալ, աշխատում էին նրա բերանը կրակի վրա պահել, որպեսզի երևակայական որդն ընկներ և այրվեր:
Հիվանդության բուժման համար օգտագործում էին նաև հատուկ ուլունքներ. օրինակ, Ախալքալաքում դրանք պատրաստում էին սպիտակ ու դեղին օնիքսից և փայտից: Հղի կանայք ինն ամիս այդ ուլունքները կրում էին իրենց վզին, իսկ ծննդաբերելուց հետո՝ դնում երեխայի բարձի տակ, որպեսզի նա «չթպըղոտեր»:
Հարթում գոյություն ուներ նաև այն համոզմունքը, որ թպըղոտություն է առաջանում այն ժամանակ, երբ որևէ մեկը, դիտմամբ, թպըղի ուլունքը հղի կնոջ վրա պահած՝ ձեռքի մեջ սեղմում էր: Հետևաբար, թպըղը բուժելու համար ուլունք էր անհրաժեշտ լինում: Հավատում էին, թե կինը կարող է թպըղոտել նաև այն դեպքում, երբ մեկ ուրիշ՝ 40 օրը չլրացած երեխայի մայր, իր երեխայի շորերը բերի կամ ուղղակի գա նրա մոտ:
Լիբանանի կառավարիչը
1913 թ. 7-ամյա ժամկետով Լիբանանի կառավարիչ նշանակվեց Հովհաննես փաշա Գույումջյանը: Նա կաթոլիկ ու թրքախոս հայ էր, լրջմիտ, գործունյա, զարգացած անձնավորություն, որը վայելում էր մարոնիտների և առհասարակ բոլոր արաբ քրիստոնյաների հարգանքը:
Հայաստանի առաջին Հանրապետության տոները
Հայաստանի Խորհուրդը 1919 թ. հունվարի 17-ին ընդունեց «Օրենք Հայաստանի Հանրապետության մեջ սահմանված տոների մասին»: Ահա այդ տոների ցանկը. Նոր տարի-Ամանոր, Քրիստոսի ծնունդ և մկրտություն, Տեառնընդառաջ, Վարդանանց, Բարեկենդան (Բարեկենդանի շաբաթ), Լուսավորչի մուտն ի Վիրապ, Զատիկ (Զատկի երկուշաբթին և երեքշաբթին), Համբարձում և Թարգմանչաց:
Նշվում էին նաև տոներ, որոնք կապված էին հանրապետական և միջազգային նշանակություն ունեցող պետական-քաղաքական խոշոր իրադարձությունների հետ: Այդ խմբի տոներից էին. Հայաստանի Հանրապետության պառլամենտի բացման օրը (Օգոստոսի 1), Հայաստանի Հանրապետության անկախության օրը (Մայիսի 28), ինչպես նաև Աշխատավորների (Մայիսի 1) և Ռուսական հեղափոխության (Փետրվարի 27, նոր տոմարով՝ մարտի 12) օրերը:
Տոների առթիվ աշխատավորներին տրվում էր մեկամսյա նպաստ, կապված Զատկական տոների հետ:
Առանձնակի նշանակություն ունեին նորաստեղծ «Բանակի» (դեկտեմբերի 19-21) և ավանդական «Վարդանանց» տոները:
Հանրապետության պետական տոնացույցում հատուկ տեղ էր հատկացվել նաև Հայաստանում բնակվող այլ ազգային փոքրամասնություններին: Մասնավորապես հատուկ տոներ էին սահմանվել ռուսների համար (Ավետում, Վերափոխումն Աստվածածնի, Խաչվերաց, Նիկողայոս Հրաշագործի, Պողոս Առաքյալի և Հովհաննես Մկրտչի օրեր, ինչպես նաև Քրիստոսի ծնունդ և Մկրտություն, Բարեկենդան, Զատիկ, Համբարձում, Ռուսական Մեծ հեղափոխության և Աշխատավորների միջազգային համերաշխությանը նվիրված տոները):
Հայաստանի Հանրապետությունը հատուկ տոներ և հիշատակի օրեր էր սահմանել նաև շիա մահմեդականների համար (Իմամ Հուսեյնի տանջանքը և մահը, նրա մահվան 40-րդ օրը, Մուհամեդ մարգարեի մահը, Մուհամեդ մարգարեի ծնունդը, Ալիի ծնունդը, Մուհամեդին մարգարեական կոչման հայտնումը, 12 իմամների ծննդյան օրը, Ալիի վիրավորվելու և մահվան օրը, Աստծուց Մուհամեդին Ղորանը ուղարկելու օրը, Մուհամեդի կողմից Ալիին խալիֆ նշանակելը և Նովրուզ-Բայրամի երեք օրերը): Ի դեպ, մահմեդականների (մասնավորապես՝ ազերի-թուրքերի շրջանում իրենց առավել տարածվածությամբ առանձնանում էին «Նովրուզ-Բայրամը» և հատկապես իմամ Հուսեյնի հիշատակի օրը՝ Մուհարրեմի տոնը:
Բոլորի, այդ թվում և՝ էթնիկ փոքրամասնությունների համար պետականորեն հաստատված առանձին տոների կապակցությամբ սահմանվել էին որոշակիորեն կանոնակարգված ոչաշխատանքային օրեր և ժամեր: Այսպես, օրենքի համաձայն, բոլոր հիմնարկները պիտի փակվեին, բանվորները և ծառայողները աշխատանքից ազատ պիտի լինեին ամբողջ օրը (երկու ճրագալույցներին, Քրիստոսի Ծննդյան, Ռուսական Մեծ հեղափոխության, Զատկի, Աշխատավորների, Հայաստանի Հանրապետության պառլամենտի բացման օրերին):
Ազգի «հերոսը»
Ե՞րբ է բարբարոսությունը բույն դրել մեր ժողովրդի մեջ, ո՞վ է եղել առաջին հայ բարբարոսը, հայտնի չէ: Բայց որ վանդալիզմը, սեփական ժողովրդի (հետևաբար և՛ ինքն իր) հանդեպ վայրագության ատավիզմը անսպանելի ու մինչ օրս շարունակվող երևույթ է, փաստ է:
Ահա այս կինը՝ հայուհի Սոնյա Ջոնը, լինելով Կալկաթայի եկեղեցական վարչության ատենապետը, 2003 թ. նոյեմբերին քանդել տվեց Սբ. Նազարեթ եկեղեցու մուտքի մոտ գտնվող շուրջ 30 պատմական հնության արժեք ունեցող գերեզման: Ավերեց, տապանաքարերը ջարդուփշուր արեց, աճյունների մնացորդներն աղբանոց նետեց՝ անձնական մեքենայի համար ճանապարհ բացելու նպատակով։
Օտար բարբարոսներին մատնացույց անելուց առաջ լավ կլիներ, նախ, ինքներս մեր ներսի վանդալին ոչնչացնեինք:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ