Ցեղասպանությունը չճանաչած օտար երկրներից մեկի անբավ ֆինանսավորմամբ Հայաստանում հրատարակման է նախապատրաստվում «Նա, ով ինձ փրկեց» վերնագրով մի ժողովածու՝ 100-ամյակի «ընտիր» նվեր, որը ներկայացնելու է այն թուրքերին (և էլ չգիտենք ում), ովքեր եղեռնի ժամանակ հայերի են պատսպարել… Հասկանալի է, Հայաստանը ժողովրդավար, խոսքի ազատության երկիր է: Բայց մենք էլ իրավունք ունենք անուն առ անուն պարբերաբար ներկայացնելու նրանց, ովքեր վայրագություններ, բռնություններ ու սպանություններ են իրականացրել:
Փողը՝ իրենց, մարդկային խիղճը՝ մեզ…
914 թ. յուլիսի 20-ի ընդհ. զօրահաւաքին Աւերակէն զինուոր տարին 20-45 տարեկան բոլոր տղամարդիկ: Ոևէ զինուորացու, եթէ ատենին չներկայանար, ոստիկանները կը վառէին անոր տունը, առանց տունէն ոևէ իր դուրս հանելու: Օրինակ, ոստիկան Մահմատ Կաֆոյեան (վանեցի) վառեց Եղիազարեան Գարեգինի տունը, Սիանոս Մանուկեանի տունը և այլն: Զօրահաւաքի ընթացքին Աւերակէն բռնի հաւաքելով տարին (նոյն Մահմատ Կաֆոյեան) 250 չափ ցորեն, 200 չափ գարի, 4 լիտր իւղ, 8 չափ ձաւար, 80 ոչխար, 30 կով, 200 զոյգ գուլպայ: Ոստիկանները Աւերակէն բռնի գանձեցին նաև 25 օսմ. լիրա: Կարապետ Յարութիւնեան 41 օսմ. լիրա պէտէլ (փոխհատուցում, հատուկ հարկ Թուրքիայում քրիստոնյաների համար՝ բանակից ազատվելու դիմաց – Խ. Դ.) տուաւ և մէկ քիլէ ցորեն ալ կաշառք վերոյիշեալ Մահմատին` զինուորութենէ ազատելու և այլն:
915 թ. ապրիլի 7-ին 2000 քիւրտ և կանոնաւոր զօրք ղեկավարութեամբ վանեցի Մահմատ բէկի, քէօփրիքէոյցի Աղա բէկի, վանեցի Սիա բէկի (Քիամիլ պէյի որդի) և Արըֆ բէկի (թրքաշենցի) երեք թնդանօթով, զինուած կառաւարական մաուզէր (քիւչիւքչափ) հրացաններով, յարձակուեցան Աւերակի վրա (արևածագին): Գիւղին զինուած երիտասարդութիւնը դիմադրեց ամբողջ ցերեկը, իսկ մութը կոխելուն պէս ամբողջ ժողովուրդին հետ քաշուեցաւ Վան: Այս կռուի ընթացքին աւերակցիներէն սպաննուեցան ընդամէնը 50 անձ:
915 թ. յուլիսի 18-ին աւերակցիք Վանի բնակչութեան հետ գաղթեցին Կովկաս: Բերկրիի կիրճին մէջ յարձակում կրեցին քիւրտերէ և ունեցան 4 զոհ: Իսկ գաղթի ամբողջ ճանապարհին մեռան 400 անձ:
Վանի գավառի Վանի գավառակի Վան-Տոսպի Ավերակ գյուղի բնակիչ
Գարեգին Գևորգյանի
վկայությունից, 1916 թ.
Ջարդարարները եղած են համագիւղացի քիւրտերը, որոնց գլուխն է եղած Ռսպի Սալօ և անոր փոքրաւոր Խաշոն: Ջարդը սկսած է Վանի կուսակալ Ջևտէթ պէյի արտօնագրով: Քաղաքի թիւրքերէն մէկը՝ Համատ աղայի լամուկ Ապտուլ Ռահման, որ կալուածքներ, տաւար, ոչխար ունէր Սևանի մէջ, խոշոր դեր է ունեցած ջարդի կազմակերպման մէջ:
Քիւրտերը ռէսին դանակով կը քերթեն, աչքերը կը կուրացնեն ու գլուխը գետին, ոտքերը դէպի վեր պատի ուղղութեամբ կը կանգնեցնեն գիւղին մէջտեղը: Վերջը կ’իյնան գիւղին մէջ և խուզարկելով դուրս կը բերեն պահտուած տղամարդիկը ու տեղնուտեղը կը սպաննեն, յետոյ 10-12-15 տարեկան քսան հատ տղայ հաւաքելով՝ կը տանին գիւղէն քիչ հեռու և մէկիկ-մէկիկ կը մորթեն: Չարչարանքի ատեն երեխաներէն մէկը կը մխիթարէ իր ընկերները` ըսելով, թէ մեր ազգի ու հաւատի համար է, որ կը մեռնինք:
Գեղեցիկ կանայք ու աղջիկները հաւաքելով՝ կ’առանձնացնեն ու մի տան մէջ կը բանտարկեն, իսկ մնացածներուն կ’ուղարկին դէպի Վան: Առեւանգված կիներուն թիւը մօտ քսան կը լրանայ, որոնք մինչ օրս էլ անյայտ են:
Դէպի Վան ուղարկած կանայք, ճանապարհին ոստիկաններու ու քիւրտերու կողմէն խոշտանգուելով, իրենց երեխաները ջուրը կը ձգեն: Կանանց վերաբերմամբ գործ դնելով ամէն տեսակ վայրագութիւններ՝ անգամ ստիպած են, որ ասոնք բոլորովին մերկանան և իրենց աչքին առաջ մերկ պտտին:
Վանի գավառի Վանի գավառակի Արճակի Սևան գյուղի բնակիչ
Պողոս Ավետիսյանի
վկայությունից, 1916 թ.
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ