(Վարդան քահանա Վարդերեսյանի` Գևորգ Ե կաթողիկոսին հղած նամակից, մուսալեռցիների ինքնապաշտպանության մասին,
9 նոյեմբերի, 1915, Պորտ Սաիդ)
Վեհափառ սրբազան հայր
Ինչ գրելիքս չեմ գիտնար, արդի հայկական ճգնաժամային օրերու մեջ հայուն տագնապը, հայուն ցավը և կրած հալածանքը աննկարագրելի են ամենուրեք: Մենք ալ այդ դժբաղդութեան ենթարկվեցանք, և բաղդը այսօր Եգիպտոսի Նեղոսի ափունքը բերած է մեզ: Համառօտաբար նկարագրեմ աստանոր, ինչ որ պատահեցաւ մեր վրայ:
Երբ համաշխարհային պատերազմը սկսեց, Թիւրքիա ալ իր պատերազմական վիճակը հրապարակեց ու զինուորները հաւաքեց: Նախապէս մեզ` հայոցս զէնք ալ տուաւ և ատեն մը յետոյ հայերը անզէն թողուց և բեռնակիր (համալ) կամ բանուոր (ամէլէ) նկատեց զիրենք: Քիչ յետոյ սկսաւ հայերուս վրայ կասկածիլ անշուշտ գերման թելադրութեամբ (անիծեալ ըլլայ այդ ահարկու գազանը` Գերմանիան) և տուներ խուզարկեց, աքսորեց, կախաղան բարձրացուց:
Սատանի միտքը անգամ չեկած չարիքներ հասուց մեր գլխուն և վերջիվերջոյ տեղահանութեան ձեռնարկեց: Ոմանց դիրքը, վայրը, ապաստամբելու անհարմար նկատուելուն ակամայ կամօք ստիպուեցան հնազանդիլ, սակայն ճամբան հազարումեկ տանջանքներով կողոպտուեցան, անպատուեցան ու սպանուեցան: Որ մեկը յիշեմք և չը տոչորիմք: Անտարակոյս հայուն այս վիճակը յայտնի է Վեհափառ հայրութեանդ, որովհետև Կովկասի կողմն ալ մեզ նման փախստականներ կան, որոնք մեզմէ շատ առաջ թրքահայոցս խիստ ցաւալի վիճակը նկարագրած են...
Այդ ահարկու գազանը` Թուրքիան, ամեն չարիք մեր վրայ ալ հասցնելէն յետոյ տեղահանութեան համար ալ շրջաբերականներ ցրեց, որպեսզի թողունք մեր բնակավայրը և կառավարութեան հարմար նկատած մեկ վայրը երթանք: Այո, հոն, ուր մահը մեզ համար յօրինուած է արդեն: Մենք` Անտիոք-Սուէյտիայի հայ գիւղերս, որոնք են Հաճի-Հապիպլի 300 տնուոր, Պիթիաս` 250, Եօղուն-Օլուգ` 280, Խտրպէկ` 200, Վագըֆ` 130, Քէպուսիյե` 250 տնուոր, այդ հրամանին չուզեցինք հնազանդիլ, ապստամբելով մեծամասնաբար լեռ բարձրացանք: Ատոր վրայ անունը աշխարհիս երեսին ջնջուելիք թիւրքը իր կանոնաւոր զինուորներով և պաշը պոզուգներով մեր վրայ յարձակեցաւ: Երկնային զորութեամբ և մեր երիտասարդներուն շնորհիւ ետ մղուեցան միշտ, բազմաթիւ կորուստ տալով իրենց: 50 օրուան չափ լեռ մնացինք և այդ միջոցին մեզմէ միայն 15 հոգի նահատակուեցան, մինչդեռ թշնամույն կողմէ 2-3 հարիւր շուներ սատակեցան: 3-4000-ով մեր վրայ կը յարձակուէին...
Լեռը, որ Մովսէսի լեռ կը կոչուի, բոլորովին մեզ` հայոցս կը պատկանի, որուն արևմտեան կողմը Միջերկրականի մի եզրն է: 50-ական օրեր յետոյ ֆրանսական մարտանաւ մը նշմարուեցաւ: Մեր պարզած կարմիր խաչ դրօշնիս տեսաւ և ծովափ մօտենալով մեզ հետ յարաբերութեան մէջ մտաւ և վիճակնիս հասկըցաւ: Խոստացալ 8 օրէն մեզի ապահով երկիր մը տանիլ: Այդ 8 օրուայ միջոցին երկու սաստիկ ընդհարումներ ևս ունեցանք թշնամիին հետ: Աստուծոյ զօրութեամբ այս անգամ ալ յաղթեցինք:
Երբ 8 օրը լրացաւ, պատրաստ էին ֆրանսական 5 հսկայ մարտանաւեր, որոնք պահապան հրեշտակի նման եկան և փոխադրեցին զմեզ ի Բօրթ-Սաիտ, եգիպտական երկիր, Նեղոսի ափունքը: Ամենայնիւ գոհ ենք մեր վիճակէն, կը գտնուինք վրաններու տակ, իբր 5000 հոգինոց բանակ մը կազմած ենք: Անգլիական կառավարութիւնը կը հոգայ մեր ուտեստը, իսկ եգիպտահայոց կողմէ զգեստ կը հոգացվի:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ