Այս պատումում չենք խոսի Արտաշես Աբեղյան-հայագետի ու մտավորականի մասին. այցելեք համացանց և կտեսնեք հոդվածներ ու նույնիսկ մի հեռուստաֆիլմ, որոնց ճշմարտացիությունը վիճարկելի չէ: Անվիճելի է նաև փաստի հավաստիության վրա հիմնված այս եղելությունը, որի հետևանքները արձագանքեցին մինչև մեր օրերը:
Հավելենք, որ գործածել ենք Վ. Համազասպյանի «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Հայաստանը» (Ե., 2001 թ., էջ 215-216) և Է. Մելքոնյանի «Հայկական բարեգործական ընդհանուր միության պատմություն» (Ե., 2005 թ., էջ 319-323) աղբյուրները:
1941 թվականի փետրվարի 11-ն էր: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Փարիզի մասնաճյուղի ղեկավար դոկտոր Պողոս Քոլոլյանը Ալբոնի պուրակ թ. 11 հասցեում գտնվող Նուբարյան մատենադարանի ընթերցասրահի պատուհանից մտամոլոր նայում էր ցրտաշունչ փողոցին: Գերմանական օկուպացիայի սկզբից ի վեր՝ 1940 թ. հունիսի 14-ից, մայրաքաղաքը զրկվել էր երբեմնի գլխակորույս զվարթությունից, շքեղությունից, վառվռուն գույներից: Եվրոպայի սիրտը տրոփում էր անտես տագնապով: Մարդկանց դեմքից անհետացել էին ժպիտն ու անհոգությունը: Ամենուր տիրում էր անորոշության դարչնամոխրագույն թախիծը:
ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը de facto դադարեցրել էր գործունեությունը: Համայնքի մի մասը տարագրվել էր երկրից, մյուս մասը նահանջածների հետ հայտնվել էր հարավում: Դոկտոր Քոլոլյանն իրեն զգում էր պահակի դերում. նրա առաքելությունն ու պարտականությունն էր ամեն գնով պահպանել Նուբարյանը:
Սենյակում ներկա էր ևս մեկ մարդ՝ գրադարանի տնօրեն, 1915 թ. ցեղասպանությունից փրկված հայագետ Արամ Անտոնյանը: Վերարկուի մեջ կծկված, սառած ձեռքերը ստեպ-ստեպ շփելով՝ նա մատյաններում ինչ-որ գրառումներ էր կատարում: Փարիզում ջերմամատակարարումը գործում էր խափանումներով, և Անտոնյանը միայն մեկ մտահոգություն ուներ՝ ինչպես փչանալուց փրկել հազարավոր եզակի գրքերը, բացառիկ արժեքավոր ձեռագրերը, անգնահատելի վավերագրերը, լուսանկարների արխիվը, քարտեզագրական հրատարակությունները… Նա ուղղակի պատասխանատվություն էր կրում այս հաստատության պահպանման համար, ազգային հոգևոր ու մտավոր գանձարանի, որ 1928 թ. հիմնել էր Մեծ մարդ մականվամբ երջանկահիշատակ Պողոս Նուբար փաշան, որի անձնական գրադարանին անցած 12 տարիների ընթացքում հավելվել էին բազմաթիվ ազգայինների նվիրատվություններ:
Հանկարծ նախասրահից լսվեցին դղիրդ ոտնաձայներ, դռները թրխկոցով լայն բացվեցին, ու ներս մտան սև կաշվե շինելով գերմանացի մի սպա և տասնյակի չափ սաղավարտավոր զինվորներ: Կոտրտված ֆրանսերենով սպան ներկայացավ որպես Փարիզի գեստապոյի աշխատակից ու հայտարարեց, որ Բեռլինից ստացված հրահանգի համաձայն մատենադարանը ենթակա է բռնագրավման: Քոլոլյանն ու Անտոնյանը քարացած, շվարած նայեցին մեկմեկու, աշխարհը փուլ եկավ… Գերմանացիներն ինչպե՞ս էին իմացել մատենադարանի գոյության մասին, նրանց ինչի՞ն էին պետք հայկական աղբյուրները: Դոկտորի բոլոր հարցերին՝ ինչի հիման վրա է կատարվում բռնազավթումը, ում հրամանով, հանուն ինչի, գեստապոյականը միայն մեկ պատասխան էր տալիս՝ Բեռլինի հրահանգի համաձայն:
Ապա սպան ծոցագրպանից հանեց ցուցակների մի տրցակ և պահանջեց այդտեղ նշվածներն անհապաղ ներկայացնել:
Այնուհետև զինվորները բերեցին (հավանաբար դրսում կանգնած բեռնատարներից) հարյուրավոր փայտարկղեր: Սկսվեց մղձավանջը. տարիների ընթացքում հայի ժողոված-պահպանած հոգևոր արժեքները մի հարվածով նվաճում էր օտար զավթիչը: Անտոնյանը մեկ առ մեկ, ըստ ցուցակի, բերում էր գրքերը, ձեռագրերը, վավերաթղթերը, իսկ գերմանացի զինվորները դրանք անփութորեն նետում էին արկղերի մեջ: Լցվեց 168 արկղ, ընդ որում, սկզբում զինվորները դրանք մեխում էին, բայց շուտով հավանաբար ձանձրացան, և 150-ը մնաց չգամված: Մի քանի ժամ անց, երբ բռնագրավումն ավարտվեց, սպան հայտարարեց, որ արկղերը չեն տանելու, դրանց հետևից ուրիշ մարդ կգա, ու հեռացան:
Քոլոլյանն ու Անտոնյանը մնացին արկղերի հետ: Տեղի էր ունեցել իսկական աղետ, անասելի ողբերգություն։
Երկու օր անց Քոլոլյանից, Անտոնյանից, Փարիզի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներից, մայրաքաղաքում մնացած հատուկենտ հայերից կազմված պատվիրակությունն այցելեց գեստապոյի շեֆ Անրի Լաֆոնին: Խնդրեցին, որ բռնագրավված գրականության ցանկը ստորագրվի, կնքվի և իրենց տրամադրվի: Լաֆոնը դա կատարեց: Իսկ հարցին, թե հայերեն գրքերը Բեռլինի ինչին են հարկավոր, շեֆը պատասխանեց՝ դրանք պիտի հանձնվեն Վերմախտի սպա պրոֆեսոր Աբեղյանին…
Ահա թե ով էր գերմանացիներին տեղեկացրել մատենադարանի գոյության մասին:
Դեռևս պատերազմից առաջ նա այցելել էր Նուբարյան մատենադարան, երկար ժամանակ շրջել, ուսումնասիրել գրականությունը, հարցուփորձ արել ու մնացել զմայլված: Հիմա նա այդ ամենը ցանկանում էր տեղափոխել Բեռլին, որտեղ ոչ միայն համայնք գոյություն չուներ (ավելին, վտանգ կար, որ նացիստները հայերին կհամարեին ոչարիական, ոչնչացման ենթակա ցեղ), այլև հայագիտությամբ զբաղվող չկար: Իրենից բացի…
Գրքերն արկղերի մեջ լցնելուց հետո գերմանացիներն այլևս ոտք չդրեցին մատենադարան: Օգտվելով այդ հանգամանքից, Արամ Անտոնյանը, ահուդողը սրտում, ականջն ամեն թակոցի ու ոտնաձայնի, չգամված արկղերից սկսեց հանել առավել արժեքավոր գրքերը, ձեռագիր վավերագրերի թղթապանակներն ու գաղտագողի տեղափոխել ապահով վայրեր՝ վստահելի մարդկանց բնակարաններ: Ըստ էության, դրանով փրկվեց գրադարանի ողնաշարը:
Մեկ ամիս երկու օր անց՝ 1941 թ. մարտի 14-ի ուրբաթ օրը, վերմախտի սպայի համազգեստով գրադարան եկավ Արտաշես Աբեղյանը և անմիջապես հայտարարեց. «Ես գերմանացի զինվորական եմ»:
Քոլոլյանը շուրջ երկու ժամ զրուցեց հետը: Փաստեց, որ Փարիզում ու հարակից շրջաններում ապրում է մոտ 25 հազար հայ, մեծաթիվ են մտավորականները, որոնք այցելում են մատենադարան, կարդում, ուսումնասիրում, հետազոտություններ գրում, մինչդեռ Բեռլինում հայ մտավորականություն չկա, ի՞նչ իմաստ ունի բացառիկ արժեք ներկայացնող աղբյուրները տանել: Նուբարյան մատենադարանը բազմաթիվ հայորդիների կենդանի հուշն է, փարիզահայության նվիրական վայրերից մեկը, ի՞նչ կլիներ այն ավերելուց հետո: Սակայն բոլոր հորդորներն ու խնդրանքները մնացին ձայն բարբառոյ յանապատի: Աբեղյանն անդրդվելի էր.
-Ես գերմանական պաշտոնյա եմ, առաջնորդվում եմ Բեռլինի հրահանգներով և ինձ ընձեռված լիազորությունների շրջանակներում կատարում եմ իմ պարտքը մեծ ռայխի առաջ:
Դրանից հետո Աբեղյանն ամեն օր եկավ մատենադարան ու սկսեց ցուցակների հետ համեմատել արկղերի պարունակությունը: Նա արագորեն հասկացավ, որ մեծարժեք շատ աղբյուրներ պակասում են և Անտոնյանից պահանջեց դրանք ներկայացնել: Վերջինս չքմեղանում էր, թե՝ գերմանացիներն են դրանք տեղավորել, և այլևս ոչ ոք արկղերին ձեռք չի տվել: Աբեղյանը զայրացած գոռգոռում ու սպառնալիքներ էր տեղում, և Քոլոլյանն ստիպված միջամտում ու մեղմացնում էր շիկացած իրավիճակը:
ՈՒշագրավ է, որ գերմանացիները ոչ մի անգամ չեկան ու որևէ մասնակցություն չունեցան:
Մեկ շաբաթ անց, երբ խփվեց վերջին արկղի վերջին գամը, Աբեղյանը Քոլոլյանից և Անտոնյանից պահանջեց, որ նրանց իսկ ստորագրությամբ գովաբանական գրություն պատրաստվի առ այն, որ ինքը բարեխղճությամբ և ամենայն ջանադրությամբ է կատարել հանձնարարված առաջադրանքը: Այլապես սպառնաց գեստապոյին հայտնել բաց արկղերից «գողացված» աղբյուրների մասին: Ակնհայտ էր, որ մերժելը նշանակում էր կամ բանտարկություն, կամ գնդակահարություն, և մատենադարանի պատասխանատուները ստիպված ստորագրեցին այդպիսի թուղթ:
Ավելին, մեկնելուց առաջ Աբեղյանը պահանջեց ժողովել բոլոր հայ մտավորականներին, որպեսզի ելույթ ունենա հայ մատենագրության ու մատենագիտության թեմայով: Հավաքույթներն արգելված էին, բայց Աբեղյանը վստահեցրեց, որ ինքը՝ որպես գերմանական զինվորական և պաշտոնատար անձ, թույլտվություն կստանա:
Հանդիպմանը ներկա էր 50-60 հոգի: Իր ներածական խոսքում դոկտոր Քոլոլյանն անթաքույց ծաղրանքով շնորհակալություն հայտնեց Աբեղյանին, որ ամբողջ մատենադարանը չի տանում:
Աբեղյանն իր ելույթում փառաբանեց Երրորդ ռայխը, մեծ Գերմանիան և արիական առաջնորդ Ադոլֆ Հիտլերին:
-Ի՞նչ էր Գերմանիան սրանից 20 տարի առաջ, ոչ զինվոր ուներ, ոչ բանակ, ոչ փող, ոչ գործարան: Տեսեք, թե ինչպիսին է այժմ Մեծն Գերմանիան՝ աշխարհի տերը…
Սարսափած ներկաները լուռ լսեցին գերմանական սպա և հայ մտավորականի բոցաշունչ, ինքնամոռաց արբունք հիշեցնող ճառը:
Հաջորդ օրը Նուբարյան մատենադարանի մոտ կանգ առան մեկ տասնյակ բեռնատարներ, և գերմանացի զինվորները մեկ առ մեկ դուրս բերեցին բոլոր 168 արկղերը:
Քոլոլյանն ու Անտոնյանը, զսպելով արցունքները և անեծքի խոսքերը, հայացքով ճանապարհեցին ավտոշարասյունը: Բեռնատարներն անվերադարձ տարան հայոց հուշը, ազգի հարատևման վկա հոգևոր զավակներին:
…2000-ական թվականներին ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը Գերմանիայի Դաշնությանը վերադարձրեց Երկրորդ աշխարհամարտից իրեն բաժին հասած մշակութային արժեքներ: Եվ ոչ ոք ոչ մի փոխադարձ պահանջ չներկայացրեց: Ի՞նչ եղան Նուբարյանի արժեքները:
Այսօր Նուբարյան մատենադարանն ունի 40000 գրքից բաղկացած հավաքածու, որից 22 000-ը՝ հայերեն, 800000 արխիվային նյութ ու XIX դարի շուրջ 280 ձեռագիր մատյան:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ