38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայկական հարցի միակ ճիշտ լուծումը` ըստ Լոուրենս Արաբացու

Հայկական հարցի միակ ճիշտ լուծումը`  ըստ  Լոուրենս Արաբացու
24.06.2014 | 12:02

Թոմաս Էդուարդ Լոուրենսը, լրագրող և խմբագիր Լինքոլն Ստեֆենսի բնութագրմամբ` Կայսրության նախակարապետը, քաջատեղյակ էր, «բան էր հասկանում» Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի գործնական քաղաքականությունից: Ծնվել է 1888 թվին ՈՒելսում, արտամուսնական հարաբերություններից` արտառոց մի բան այդ ժամանակաշրջանի համար: Եղել է շատ ընդունակ աշակերտ, որը կարդալ գիտեր արդեն 4 տարեկանում, իսկ լատիներենին տիրապետում էր 6 տարեկանում, ուսանել է Օքսֆորդի համալսարանում, և հենց այդ տարիներին նրա մեջ հատուկ սեր է առաջացել ռազմական պատմությանն առնչվող գրականության նկատմամբ: Ստանալով համալսարանական գերազանցության դիպլոմ և որակավորում իրավագիտությունից և պատմությունից՝ մեկնում է Չարչմիշ հնագիտական պեղումների, որտեղ էլ հայտնաբերում է բնական մեծ հակվածություն ու ընդհանրություններ արաբ ժողովրդի հետ, սովորում է արաբերեն, նրանց սովորույթները և տարվում արաբների պատմության ուսումնասիրությամբ:
Երբ 1914 թվին սկսվում է Առաջին համաշխարհայինը, նա փորձում է զինվորագրվել, սակայն մերժում է ստանում չափազանց կարճահասակ լինելու պատճառով, ինչից չի ընկճվում և մի քանի ամսվա պայքարի արդյունքում հասնում է այն բանին, որ նոր հանձնաժողովը նրան վերցնում է իբրև հետախույզ, և արաբերենին տիրապետելու շնորհիվ Արաբական բյուրոյի կազմում Լոուրենսը ծառայության է անցնում Եգիպտոսում:
1916 թվի հունիսի 5-ին Հեջազում սկսվում է արաբական հեղափոխությունը, հետագայում վերանվանված Արաբական զարթոնք: Հոկտեմբերին ապստամբությունն ուսումնասիրելու համար բրիտանական իշխանությունների կողմից այնտեղ է ուղարկվում Ռոնալդ Ստորսը, որին ուղեկցում էր Լոուրենսը:
Լոուրենսին ուղարկում են հանդիպելու Ամիր Ֆեզալին, որի մարդիկ հրաշալի կռվողներ էին, բայց անհուսալիորեն կարգ ու կանոնի չենթարկվող: Ֆեզալը և Լոուրենսը բարեկամանում են, ինչի արդյունքում շահում է արաբական ապստամբությունը:
Լոուրենսը համոզված էր, որ արաբների փրկությունը պարտիզանական կռիվներն էին լինելու: Նա տեսնում էր գործին արաբների նվիրվածությունը, օգնում է նրանց, որ 3000 հոգով ջախջախեն թուրքական գումարտակը... Բրիտանացիները նրանց մատակարարում էին զենք, զինամթերք, ոսկի:
Որքան մեծանում էր արաբ ապստամբների հաջողությունը, այնքան ավելի ու ավելի շատ արաբ ցեղախմբեր էին միանում ապստամբներին: Լոուրենսը ընկերանում է (մի բան, որ ոչ բոլոր բրիտանացի սպաները Միջին Արևելքում կանեին), արաբների հետ` բեդվինի կյանքով ապրում նրանց հետ, ովքեր կռվում էին թուրքի դեմ, շրջում է ուղտին նստած, տանջանքների ենթարկում իր մարմինը` ուտելով արաբ զինվորի կոպիտ կերակուրներ, ինչի պատճառով ձեռք է բերում ստամոքսի հիվանդություններ, բայց և միևնույն ժամանակ ամենամեծ ձեռքբերումը դառնում է իր զինակից արաբների ընդգծված հարգանքը:
Պաշտոնաթող լինելով պատերազմից հետո, 1918 թվին, Լոուրենսը սկսում է գրել իր հայտնի «Իմաստության յոթ սյունաքարեր» հայտնի ինքնակենսագրական վեպը: Վերադառնալով Բրիտանիա բարձր զինվորական աստիճանով, նա աշխատանքի է անցնում արտաքին գործերի նախարարությունում, Ֆեզալի արաբական պատվիրակության կազմում գնում է Փարիզ բանակցությունների, իսկ 1921 թվից դառնում է Չերչիլի խորհրդականը Մերձավոր Արևելքի գծով:
Մահացել է 45 տարեկանում բարձր արագությամբ մոտոցիկլետը վարելիս` խուսափելով երկու երեխայի վրաերթի ենթարկելուց:
Ընտանիքի կամ սիրած կնոջ մասին տեղեկություններ չկան: Ստորև ներկայացնում ենք մի բանաստեղծություն, որը, ենթադրվում է, նվիրված է իր մտերիմ զինակիցներից մեկին, որ մահացել է տիֆից, թուրքին ապստամբների տված հակահարվածից օրեր առաջ.
«Ես սիրում էի քեզ, ու սերդ դարձրեց ինձ մարդկանց հսկայական հեղեղի առաջնորդը, և երկնի աստղերի մեջ կտակս գրեցի`
Որ նվիրելու եմ քեզ Յոթ սյունաքարերին ծվարած երազանքիդ Տունը` Ազատությունը, ու աչքերդ ցոլացին երանելի սպասումից, երբ մենք եկանք
Մահն էր սպասավորը ճամփիս, մինչ մենք մոտեցանք
ՈՒ գտանք քեզ` աչքդ մեր ճամփին.
Երբ դու ժպտացիր, մահն ափսոսալից նախանձով փախավ ինձանից, ու քեզ էլ հետը տարավ...այնտեղ,
Ուր լռություն էր համատարած.
Սիրով լցված, ճամփից հոգնած, հավաքվեցինք մարմնիդ շուրջ` լուռ պահանջելու հատուցման այդ պահի`
Նախքան մարմինդ ամբողջությամբ կամփոփվեր հողի հյուրընկալ գրկում, և կույր որդերը կգիրանային` կլլելով հյութը մարմնիդ....
Մարդիկ աղոթքներ էին մրմնջում` հայցելով ինձ սկսել մեր գործը` ազատագրել մեր Տունը ու դրանով հիշատակդ անմահացնել.
ՈՒ սյունաքարը ճիշտ տեղում դնելու համար ես խարխլեցի հնի հիմքը ու... թողեցի .... ու հիմա... թշվառ ու պատառոտված պարգև` Ազատությանդ ստվերն է սկսում հառնել...»:
Լոուրենս Արաբացի
(թարգմ.` Ն. Գասպարյանի)

Տարբեր ազգերի մշակույթների ու հատկապես որոշ արևելյան մշակութային արժեքների նկատմամբ Լոուրենսը խիստ նուրբ դիտողականություն է ցուցաբերում: Այսօր հատկապես արդիական և հետաքրքրական են թուրք, արաբ և հայ ժողովուրդներին և նրանց մշակույթներին առնչվող լոուրենսյան մեկնաբանությունները: Այս խնդրի ամբողջական և լիարժեք ներկայացման համար մենք քննության ենք առել Լոուրենսի «Իմաստության յոթ հիմնասյուները» և ամերիկացի լրագրող ու խմբագիր Լինքոլն Ստեֆենսին տված նրա հարցազրույցը` տպագրված «Այդ անտանելի հայերը» վերնագրով: Որպեսզի հասկանանք Լոուրենսի դիրքորոշումը այլ ազգերի նկատմամբ, անհրաժեշտ է քաջատեղյակ լինել այն քաղաքական իրավիճակին, որում հայտնվել էր Լոուրենս Արաբացին ինքը: Ստեղծված բարդ իրավիճակը 500 տարվա արմատներ ուներ և ներառում էր ինչպես Օսմանյան Թուրքիայի և Բրիտանական կայսրության, այնպես էլ իսլամի և արաբախոս աշխարհի միահյուսված պատմական անցյալը:
Լոուրենսը, արաբական բանակում լինելով խորհրդական, միաժամանակ կատարում էր նաև բրիտանական բանակի գաղտնի հետախույզի պարտականություններ: Հետախուզության բնագավառում նա ուներ անվիճելի հաջողություններ շնորհիվ այն բանի, որ տիրապետում էր Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից ժողովուրդների և պետությունների մասին անսահմանափակ գիտելիքների ու տեղեկատվության: Այդ ժողովուրդների ու պետությունների լեզվա-մշակութային, քաղաքական ու ռազմատեխնիկական բնագավառներում ունեցած տարբերությունների մասին նրա գիտելիքները նրան դարձնում էին անփոխարինելի: Կուրտիս Ս. Միլամը իր 2001 թվին հրատարակած Master of Military Art and Science գրքում ներկայացնում ու քննարկում է այն էական 27 սկզբունքները, որոնք Լոուրենսը կիրառել է արաբների հետ առնչվելիս, և որոնք այսօր էլ խիստ արդիական են ցանկացած միջմշակութային առնչությունների և միջանձնային հարաբերությունների ստեղծման ու ամրապնդման համար, քանի որ պարունակում են ժամանակի ընթացքում թարմությունն ու արժեքը չկորցնող խորհուրդներ: Սակայն, նշվածներից բացի, Լոուրենսի ինքնակենսագրական վեպը մեզ հետաքրքրում է, որովհետև
. պարունակում է հրաշալի նյութ մշակութային և լեզվաոճական ուսումնասիրության համար,
. հրաշալի աղբյուր է արևելյան սոցիալ-մշակութային արժեքների և իմաստության քննության համար,
. հետաքրքիր տեղեկություն է ապահովում Լոուրենսի` հայերի նկատմամբ ընդգծված բացասական, կարելի է ասել` ատելությամբ տոգորված, վերաբերմունքի մասին,
, բացահայտում է թուրքի իրական կերպարը իր յուրահատուկ բացասական գծերով, որոնք այսօր էլ թուրքի կերպարի անբաժանելի մասն են` իբրև ժառանգություն մնացած Աբդուլ Համիդից և երիտթուրքերից,
. այսօր էլ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում են միջմշակութային շփումների շրջանակներում հանդես եկող այն հակամարտությունները, որոնք միտված են ցեղասպանության և էթնիկ զտումների:
Լեզվաոճական ու մշակութային հանգամանալից վերլուծությունների միջոցով փորձել ենք ներկայացնել Լոուրենսի ընկալումը դաժանաբարո ու մարդատյաց թուրքի և այդ թուրքի ձեռքով մորթվող, ազատագրական պայքար մղող ու իր ազգային ինքնությունից չհրաժարվող արաբի և հայի կերպարները:
Դեպքերը տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1916-1918 թթ.: Մեր դիտարկումներն ու նյութի քննությունը կսկսենք թուրքի կերպարի լոուրենսյան մեկնաբանումից: Լինելով զինվորականության ներկայացուցիչ, Լոուրենսը սեփական աչքերով է տեսել թուրքի վայրագ ու գազանաբարո վարքը, որը նրա մեջ առաջացրել է ընդգծված բացասական հույզեր ու վերաբերմունք.
1.The Turks cut the throats of their prisoners with knives, as though they were butchering sheep.
Թուրքերը իրենց բանտարկյալների (գերիների) վզերը դանակով կտրում էին այնպես, ասես ոչխար էին մորթում:
Արաբացին իրատեսորեն է ներկայացնում բանտարկյալների վիզը դանակով սառնասրտորեն կտրող թուրքին: Իմաստային առումով ծանրաբեռնված է նախադասության վերջին մասը` երկրորդական նախադասությունը, որտեղ խտացած են հուզարտահայտչական- գնահատողական երանգները` մորթվող ոչխարների պատկերն ուղղակիորեն արդեն սահմռկեցուցիչ է, իսկ մարդկանց` պետության «թշնամի բանտարկյալներին», մորթելը հարիր չէ բանական քաղաքակիրթ մարդուն. այդ միտքն անգամ ստիպում է փշաքաղվել: Լոուրենսի ստեղծած այս ահավոր պատկերը բնորոշ է հեղափոխական երիտթուրքերին, ովքեր սպանում, խողխողում, մորթում էին առանց վարանելու, առանց տատանվելու: Հեղինակը այս հրեշավոր արարքը պատկերում է առանց գործածելու այնպիսի բառեր, ինչպիսիք են անմարդկային, վայրի: Առանց մակդիրների և որոշիչների ստեղծված այս պատկերն արդեն չափազանց խոսուն է: Եվ սա այն թուրքի բնութագիրն է, ով այսօր ձգտում է ամեն գնով մուտք գործել Եվրամիություն` սղոց-դանակն էլ ձեռքում ամուր պահած... Պատկերացնելն իսկ արդեն ահավոր է...
Լոուրենսի ուղերձը լիարժեքորեն հասկանալու համար ընթերցողը պետք է քաջ ծանոթ լինի թուրքի ազգային ու մշակութային բնութագրին ու Թուրքիայում այդ ժամանակաշրջանում տիրող սոցիալական իրավիճակին: Լոուրենսի մանրակրկիտ դիտարկումները բացահայտում են, որ 1916-1918 թվերին թուրքը միայն մի նպատակ էր հետապնդում`
2.Turkey made Turkish for the Turks – Yeni-Turan –became the cry.
Թուրքիան պետք է երկրում ամեն բան դարձնի թուրքական` թուրքերի համար - Մեծ Թուրան` թնդում էր ամենուրեք (դարձել էր օրվա ճիչը):
Վերոբերյալ օրինակում ակնհայտ է, որ խոսքի հաղորդման և ներազդման գործառույթները այնպես սերտաճած են, որ ներկայանում են իբրև մեկ ամբողջություն. ավելին, t բաղաձայնույթի միջոցով ասես ահազանգ է հնչեցվում` թուրքերը ինչ-որ անցանկալի գաղտնի գործունեություն են սկսում ծավալել, Մեծ Թուրանն էր օրվա թեման. became the cry կապակցությունը փոխաբերականության հիմքի վրա է կառուցվել, այն կրում է նախադասության իմաստային շեշտը` ընդգծելով, որ թուրքն ունի միայն մեկ ճշմարտություն` Թուրքիային ու թուրքականին առնչվող ամեն բան պետք է թուրքին պատկանի ու միայն թուրքի համար լինի նպաստավոր: Առաջին հայացքից թվում է, թե դա վատ միտք չէ, սակայն տողերի արանքից հառնում է սարսափելին` Մեծ Թուրանի գաղափարը թուրքի կողմից հնչեցվում է իբրև սպառնալիք, քանզի պարունակում է պայթելու պատրաստ դաժան ու գաղտնի ուղերձ այն մասին, որ եռացող բացասական ուժերը քարը քարին չեն թողնելու, որ շուտով ավերումներ, մարդասպանություններ են լինելու, որ ոչնչացնելու մոլուցքով տարված թուրքը փորձելու է իր ճանապարհից հեռացնել այն ամենը, ինչ թուրքական չէ իր բնույթով ու ծագմամբ: Դա ահազանգ էր այն մասին, որ բռնագրավվելու են այլոց երկրներն ու հողը, ստրկացվելու են այլոց լեզուները, ոչնչացվելու է այլոց կրոնը, սեփականացվելու է այլոց մշակույթը, և ի վերջո, փորձ է արվելու էթնիկական զտման ճանապարհով ազատվելու այն «անտանելի» ազգերից, ում հողը այնպես գրավիչ ու ցանկալի էր թուրք կոչված տարրի համար: Այդ մշակույթը, ռազմավարությունն ու դիրքորոշումը հեղափոխական երիտթուրքերը ժառանգել էին սուլթան Համիդ Երկրորդից, համոզված է Լոուրենսը:
Իսկ երբ այլոց պատմական ու մշակութային հուշարձաններն ու արժեքները վերացված են կամ բռնազավթված, երիտթուրքերի կեցվածքն ավելի հեղափոխական է ու խրոխտ:
3....they must purge their empire of such irritating subject races as resisted the ruling stamp.
Նրանք պետք է իրենց կայսրությունը մաքրեն այնպիսի ստորակարգ անառողջ ցեղերից, որոնք դիմադրություն են ցուցաբերում իշխանության գլուխ կանգնածներին:
The ruling stamp բառակապակցությունը շրջասություն է, որը միտումնավոր գործածել է հեղինակը՝ ընդգծելու համար թուրքի անսահմանափակ ավերիչ ուժն ու իշխանությունը, ևս մեկ շրջասություն` such irritating subject races, այնպիսի ստորակարգ անառողջ ցեղեր, գործածվում է նվաստացուցիչ գնահատողական վերաբերմունք արտահայտելու համար այն ազգերի նկատմամբ, որոնց թուրքը համազգային թշնամի էր հայտարարել, որպեսզի տիրանար նրանց մշակութային արժեքներին ու հարստությանը:
Եղանակավորող must բայը զուգակցված to purge իմաստավոր բայի հետ շեշտում է, որ պետք է վերացվեն բոլորը, որոնց թուրքական իշխանությունները ճանաչել են անցանկալի, ինչպես նաև ցույց տալու համար, թե որքան հրատապ խնդիր է թուրքական կառավարության համար այդ անկարևոր ժողովուրդներից շուտափույթ ազատվելը:

(շարունակելի)

Նաիրա
ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բ.գ.թ., ԵՊՀ

Դիտվել է՝ 2749

Մեկնաբանություններ