Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Բաց ափի պես պարզված աշխարհին

Բաց ափի պես պարզված աշխարհին
20.05.2014 | 11:40

Մանուկ Մուրադյանի «Հոգին հոգով՝ հիշատակ» («Հայաստան» հրատ.) բանաստեղծությունների ժողովածուն 2014-ին արժանացել է Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակին։

Մարդն ապրում էր, աշխատում, տխրում և ուրախանում մեզ հետ, մեր կողքին։ Այրվում էր իր ընտանիքի, ապա՝ մեծ ընտանիքի՝ երկրի հոգս ու ցավով։ Դժվարին մեր ժամանակաշրջանի մակընթացություններին ու տեղատվություններին սրտո՛վ, հոգո՛վ, յուրաքանչյուր նյարդո՛վ էր արձագանքում։ Հայորդի էր, պիտի դիմանար՝ ի սեր Հայաստան երկրի գոյատևման ու ապագայի։ Բայց քանի որ աշխարհի և մեր իրականության ամեն ալիքն անցնում էր նրա ազնիվ էության, նրա հպարտ արյան միջով, Սիրտը ցավում էր երբեմն, հետո՝ ավելի ու ավելի հաճախ։ Սիրտը ցավում էր, և նա լռելյայն կրում էր իր բեռը։ Սայաթ-Նովայի խոսքերով՝ Հոգին հոժար էր, մարմինը՝ տկար... Ազնվազարմ հոգին, սակայն, ընդվզում էր. ա՞յս էր տենչած ազատության երազը, մատնությո՛ւն և պղծությո՛ւն, անցյալի սրբանվեր հավատալիքները ոտնատա՜կ տալ, փո՛ղ, փո՛ղ, փո՛ղ՝ ամե՜ն գնով։ Ա՞յս էր։ Այսքան ցա՛ծ ու էժան...
Մեր Մանուկը՝ Մանուկ Մուրադյանը, որ դեռ քառորդ դար առաջ էր բանաստեղծությունների գիրք տպագրել, վերսկսեց գրել մի նոր թափով ու հևքով։ Օրվա ու ժամանակի տագնապով լեցուն երգեր բաց ափի պես պարզված անարդար աշխարհին.
Բարեկամի, դավաճանի, ում հետ ասես՝ հաց կերա,
հավատացի ստախոսին ու տհասին բացբերան,
նստեցի ու վեր կացա ես ավազակի հետ անգամ՝
մարդկային միշտ փնտրելով, մարդ փնտրելով ես միայն։
Ի՜նչ դժվար առաքելություն։ Մա՜րդ փնտրել այս դժոխային քաոսում, ուր հուդաները հրմշտո՜ւմ են միմյանց երեսուն արծաթի (այսօր՝ միլիոնավո՜ր դոլարների, տարատեսակ գրանտների տեսքով) համար։ Տխուր, բայց անհրաժեշտ իրատեսությամբ Մանուկն արձանագրում է կուսակցակրկեսի մերօրյա խառնիճաղանջում իրենց կոչման գիտակցությունը չունեցող շատերի «հաղթարշավը»՝ ի ցավ ժողովրդի։ Որքա՜ն դիպուկ է բնորոշել՝ քաղաքական կինտոներ:
Քաղաքական կինտո՝ մեր օրվա լրահոսը
վարչապետ են փոխում, անցնում նախագահին,
Բայց ո՞ւր է էն մարդը, որ նստի գահին
ու երկիրը հանի ցեխից ու ճահճից...,-
գրել է դեռևս 2012-ին։
Ճշմարի՛տ Հայի՝ ուրեմն հայրենասեր և հողասեր, իր երկրի հոգևոր խորաշերտ մշակույթի արժանի ժառանգորդի նկարագրով ծնված Մանուկ Մուրադյանի համար ժամանակի կապանքներում հայտնված Հայաստանի Հանրապետությունը, Տերյանի բնորոշմամբ, յոթնապատիկ խոցված Տիրամոր կերպարանքով, նրա սրտո՛ւմ էր դրոշմված։ «Հոգին հոգով՝ հիշատակ» խորագիրը կրող այս ամբողջական և ստվարածավալ ժողովածուն դրա վկայությունն է։ Գրքի խմբագիրը՝ արձակագիր Դավիթ Մկր Սարգսյանը, խոստովանում է. «Մանուկ Մուրադյան բանաստեղծը նույնանում է Մանուկ Մուրադյան մարդու հետ։ Նա ավանդապաշտ է, միևնույն ժամանակ խիստ ժամանակակից՝ իր մտածողությամբ և աշխարհընկալմամբ»։ Ժողովածուի յուրաքանչյուր էջն այս մտքի հավաստումն է։ Բանաստեղծությունների խորագրերն իսկ նախանշում են շղթայական միասնությունը մտավորականի նրա հայրենասեր կերտվածքի, տագնապը՝ վտանգի եզրին հայտնված հայրենիքի ամեն մի թիզ հողի համար. «Քարտեզի առաջ», «Զորախաղ», «Երևան, մեր քաղաք», «Նեմեսիս», «Հիշելով Մոնթեին», «Երկիր Նաիրի», «Հայաստանը ես եմ», «Ջավախքի ներկապնակը», «Մուսա լեռան հարիսա», «Արցախ Մարտունիում» և այլ ստեղծագործություններ ահազանգի պես են հնչեցնում Մանուկ Մուրադյան բանաստեղծի քնարի լարերը։ Այդ ահազանգը ո՛չ միայն հասնում է ընթերցողին, այլև ներառում է նաև նրա՛ խռովքը, ոգեկոչում կանգնել հեղինակի կողքին, տեր կանգնել բարոյական իր պարտքին։ Որքա՜ն համահունչ են մեր հոգու ձայնին «Արցախում» բանաստեղծության հետևյալ տողերը.

Երկնքի բովին՝ նռների բույլեր,
գորգանկարներ՝ դանդաղ ալիքվող,
Արցախն է, նրա ամեն անկյունն էլ
Երևում է ինձ լուսե գալիքով։

Երկնքին՝ միտված, երկնքից՝ իջած,
նա՝ հայոց ոգու կնիքը որդան,
սրտում արևներ ու աստղեր շիջած՝
նա անխոցելի ու հպարտ՝ որքան։

Սարեր ու ձորեր՝ ի դեմ հողմերին,
անխորտակ բերդեր՝ ի տես թշնամու,
իր ճամփաների քարոտ կողերին
գլուխը դրած՝ ինձ է կշտամբում։
Այս տողերի հեղինակն էլ, ընթերցողն էլ քաջ գիտեն, որ այդ կշտամբանքն այլ հասցե ունի. այն հոգու ցավ է և բողոք՝ աշխարհի խարդավալից ընթացքի դեմ՝ քաղաքական թնջուկի մեջ հայտնված արցախյան գորդյան հանգույցի համար։ Տողերի հեղինակը ֆիդայու արյուն ունի, անսխալ հիշողություն, գիտե, որ Ալեքսանդր Մակեդոնացին Սիրո՛վ կտրեց գորդյան հանգույցը, իրեն պարտավոր և պատասխանատու է զգում Արցախի բախտի համար։
Այս բոլոր երևացող և աներևույթ ցավերին սի՞րտ կդիմանա։ ՈՒ չդիմացավ։ Արտաքուստ հաղթանդամ և հզոր մարմնի մեջ ապրող սիրտ-թռչունը գոցեց թևերը ու է՛լ չթռավ, որովհետև երազանքը, որի համար այդքան սրբազան արյուն էր թափվել, չէր իրականանում. սև ամպեր էին խտանում գլխին։ Եվ ոչ միայն նրա, այլև ողջ Հայրենիքի։
Քնեց ու չարթնացավ Մանուկը, Մանուկ Մուրադյանը, արդարև՝ խռոված մանկան պես։ Իսկ նրա աննկուն ոգին գնաց միանալու զոհված ազատամարտիկների հավաքական Հոգուն՝ սրբազան այդ խարույկում վառվելու իր բաժին բոցով հավիտենորե՛ն։ Բանաստեղծ Մանուկ Մուրադյանը լիովին արժանի էր այդ պատվին։


Իմ մեջ, իմ հոգու մեջ
Ձեզ համար՝ ինչ գանձեր,
Որքան ըղձանք ու տենչ,
Երազանքի կանչեր...
..........................................
Միմյանց փարվենք հոր պես
ՈՒ զավակի նման,
ՈՒ փողփողանք, որպես
Դրոշ, Զինանշան։
Հավատո՛ւմ ենք։ Աստված պահապան։


Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ