ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացվեց ԵՊՀ-ում

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացվեց ԵՊՀ-ում
19.04.2014 | 13:19

Ապրիլի 17-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:

Օրակարգային հարցերի թվում էր ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի գիտական հաղորդումը, որը վերաբերում էր ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնական դրույթներին:
Նիստը վարում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ով նշեց, որ հայեցակարգը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել և որպես նախագիծ՝ նման քննարկումներից հետո դեռևս կարող է կրկին փոփոխությունների ենթարկվել:
Գագիկ Հարությունյանը նախ խոսեց նախագծի անհրաժեշտության և կարևորության մասին՝ համեմատական վերլուծություններ անցկացնելով աշխարհի այլ պետությունների սահմանադրությունների և դրանցում կատարված փոփոխությունների պարբերականության հետ:
Բանախոսը ներկայացրեց հայեցակարգում տեղ գտած և սահմանադրական զարգացումների հիմքում դրվող հիմնական ուղղությունները՝ իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, իրավական պետության սահմանադրաիրավական նախադրյալների ամրապնդումը, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը, իրավունքների սահմանափակման սահմանադրական լուծումները, սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները, հանրաքվեի սահմանադրական երաշխիքները, ինչպես նաև ընտրական իրավունքի և ընտրական համակարգի, իշխանությունների բաժանման և հավասարակշռման, դատական իշխանության զարգացման հնարավոր միտումներին առնչվող հիմնադրույթները:
«Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները պետության կողմից ճանաչվելով որպես բարձրագույն արժեք՝ պետք է պայմանավորեն իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումը և երաշխավորեն իրավունքով իշխանության սահմանափակումը: Սահմանադրական նորմերը ոչ միայն պետք է հռչակեն մարդու սահմանադրական իրավունքը, այլև առավելագույնս հստակ սահմանեն դրանց իրացման երաշխիքները, պետության պարտավորությունները, առանձին իրավունքների սահմանափակման թույլատրելի շրջանակները: Մարդու իրավունքները պետք է դիտարկվեն որպես իրագործելի իրավունքներ, իսկ դրանց սահմանափակումները պետք է բխեն միջազգային իրավունքի նորմերից, լինեն համաչափ, չաղավաղեն իրավունքի բովանդակությունն ու իմաստը, հստակ սահմանվեն օրենքով, զուգակցվեն պետության համարժեք պարտականություններով»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը:
Ելույթից հետո նիստի մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին Գագիկ Հարությունյանին, որոնք մասնավորապես վերաբերում էին ԱԺ վերահսկողական գործառույթների հստակեցմանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների փոխհարաբերություններին, ինչպես նաև սահմանադրաիրավական պատասխանատվության ինստիտուտի զարգացման հիմնական միտումներին և այլն:
Մինչ հարցերին պատասխանելը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ հայեցակարգում առաջադրված են կոնկրետ խնդիրներ, որոշակիացված սկզբունքներ և կոնկրետ ուղղություններ խնդիրների լուծման համար, իսկ արդեն կոնկրետ լուծումները կշարադրվեն բարեփոխումների փաթեթում:
«Մենք մի շարք լուծում պահանջող խնդիրներ ենք առաջ քաշել, մոտեցումները մշակել և դրանց լուծման համար տարբերակներ առաջարկել: Սակայն պետք է նշել, որ ոչ բոլոր խնդիրներին ենք անդրադարձել, կոնկրետ հարցեր կան, որոնք հանրային քննարկումների ընթացքում կարծարծվեն, որից հետո համապատասխան լուծումներ կմշակենք»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Դիտվել է՝ 2355

Մեկնաբանություններ