Բրիտանական The Independent պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, նշելով, որ դա անժամկետ հանցագործություն է:
Հեղինակն ահազանգում է, որ կյանքից հեռանում են Ցեղասպանության վերջին վկաները, և հայերը նույն երկընտրանքի առաջ են, ինչ հրեաները՝ ինչպես վառ պահել հոլոքոստի հիշողությունները: Նշվում է, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության վերաբերյալ օգտագործվում է նույն բառն, ինչ հրեաների Հոլոքոստի՝ շոա: Երկու ողբերգությունները, չնայած տարբերություններին, նաև զգալի նմանություններ ունեն: Երկու ժողովուրդներին էլ ասել են, թե իրենց վերաբնակեցնում են, հարյուր հազարավոր տղամարդկանց առանձին սպանել են, ունեցվածքն առգրավել են, հայերի դեպքում գործել են հիտլերյան Einsatzkommandos նման հատուկ զորամիավորումներ...
Թուրքերն օգտագործել են երկաթգծերի վագոններ, նաև պրիմիտիվ գազախցեր. հայերը քշվել են քարանձավներ և խեղդամահ արվել մուտքի մոտ վառված խարույկների ծխով: Վկայվում է, որ հարազատների առաջ հայերին բռնաբարելուց զատ, հայերն իսլամացվել են։ Օսմանյան Թուրքիայում հայերի մահվան երթերը կազմակերպած թուրքերին մարզել են գերմանացի զինվորներ, որ հետագայում բարձր պաշտոններ են ստացել և կազմակերպել հրեաների մահվան երթեր Բելառուսում և ՈՒկրաինայում:
Գլխավոր հարցը՝ ինչպես ապրեցնել այս սարսափելի եղելության մասին հուշերը:
Հեղինակը թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը համեմատում է հակասեմականության հետ, որ կա հրեաների դեպքում: Նա նշում է, որ ցեղասպանությունների ամենամեծ սարսափը ոչ թե ռասիստական, այլ հակամարդկային էությունն է: