Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Նրանք տեսան Անտեսանելին մարմնի մեջ, Բանը՝ ստեղծվածի մեջ, Լույսը՝ նյութով ծածկված, և քարոզեցին փրկական գալուստը

Նրանք տեսան Անտեսանելին մարմնի մեջ,  Բանը՝ ստեղծվածի մեջ, Լույսը՝ նյութով ծածկված,  և քարոզեցին փրկական գալուստը
14.02.2014 | 11:04

«Դու, որ անսկիզբն ես, էությամբ անպարագրելի Բանդ Հոր և բոլոր հավիտյաններից առաջ, հոժարեցիր ծնվել Կույսից, բա՛ց շրթունքներս՝ քո աստվածային ծնունդը գովերգելու:
Դու, որ Արարիչն ես մանուկների, Քո սիրուց մղվելով՝ մանուկ դարձար, գեղեցիկ խոսք հորինիր իմ մեջ՝ քո խորհուրդները պատմելու:
Որդիդ Կույսի, որ նրանից ծնվեցիր, ունենալով բոլոր բնական օրենքներից վեր ծնունդ, տու՛ր լեզվիս իմաստություն՝ սքանչելի գործերդ ճառելու:
Դու, որ անճանաչելի ես հրեշտակներին, հագար երկրավորների մարմին, տո՛ւր ինձ քո իմաստությամբ լինելու այս այգու՝ ճառի մշակը:
Ո՜վ զարմանահրաշ, որ բանականների համար անպատմելի ես, հայտնի՛ր ինձ քո սերը, որ առանց քննելու օրհներգեմ քեզ:
Թո՛ղ, որ հիացմունքով ու սիրով փառաբանեմ քեզ, քանզի ոչ ոք չի կարող առանց սիրո պատմել քո մասին»:


Սուրբ Եփրեմ Ասորի

Սբ Էջմիածնում 2001-ին Արամ Դիլանյանի աշխատասիրությամբ տպագրված «Տերունական տոներ» գրքում կարդում ենք, որ այս տոնը միշտ նշվում է փետրվարի 14-ին: Կատարվում է նաև «Տյառնընդառաջի մոմի օրհնության» կարգը: Քահանան օրհնում է մոմերը և բաժանում ժողովրդին: Մարդիկ օրհնված մոմերը վառում են ու պահում իրենց ձեռքերում, իմաստուն կույսերի վառվող լապտերների օրինակով, որպեսզի Տիրոջ երկրորդ գալստյանը իմաստուն կույսերի հետ իրենք էլ արժանանան Քրիստոսին ընդառաջ ելնելուն: Արարողությունից հետո ժողովուրդն այս վառվող մոմերը տանում է տուն: Տյառնընդառաջը խորհրդանշում է քառասուն օրական Հիսուսին տաճար տանելը: Ըստ հրեական օրենքի քառասուն օրական մանուկին պետք է բերել տաճար: Դրա համար էլ մանուկ Հիսուսին Երուսաղեմ են տանում՝ Տիրոջը ներկայացնելու, ինչպես գրված էր Օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Այս օրենքը դրվեց, երբ Աստված հարվածեց միայն եգիպտացիների անդրանիկներին: Ապա ասաց. «Ինձ նվիրաբերի՛ր բոլոր իսրայելցիների անդրանիկ զավակներին» (Ելք 13.2): Եվ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է մատուցել մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2.22-24):
Հին ուխտում քառասուն թիվը խորհրդավոր ու նախամեծար է եղել, այդպիսին է և Նորում: Մովսեսը լեռան վրա քառասուն օր ու քառասուն գիշեր մնաց պահեցողությամբ և ապա ստացավ Տիրոջ գրած քարեղեն տախտակները: Քառասուն տարի փորձվեց հրեա ժողովուրդն անապատում, իսկ Հեսուն քառասուն ապաստարան քաղաքներ սահմանեց: Նաև Եղիան քառասուն օր պահեց՝ արժանանալու համար Աստծու տեսությանը: Այսօր այս թիվը պատվի արժանացավ նաև Տիրոջ կողմից՝ Իր քառասնօրյա գալստյամբ, անապատում քառասնօրյա փորձություններով և հարությունից հետո քառասուն օր աշակերտներին երևալով:
Այսպիսով` Հովսեփն ու Մարիամը քառասուն օր Բեթղեհեմում մնալուց հետո, վերցնելով մանուկ Հիսուսին, եկան Երուսաղեմ: Երբ նրանք մոտեցան տաճարին, արդեն մութ էր, և տաճարի արևելյան դուռը, որ վաղուց ի վեր փակված էր, Տիրոջ մոտենալու պահին ինքնիրեն բացվեց, որով կատարվեց Եզեկիել մարգարեի խոսքը. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այնտեղով: Այն փակ է լինելու, որովհետև առաջնորդ Իշխանն է ներսում նստելու՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար: Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով և նույն ճանապարհով էլ դուրս է գալու» (Եզեկ. 44.1-3): Այսինքն, ըստ մարգարեության՝ տաճարի արևելյան դուռը բացվելու էր միայն մանուկ Փրկչի առջև, և դա այդպես էլ եղավ: Եվ դռները բացվելուն պես մեծ դղրդյուն եղավ քաղաքում, որից բնակիչները դուրս վազեցին իրենց տներից, և քանի որ արդեն մութ էր, վառվող ջահեր ու ճրագներ ձեռքներին՝ գնացին տաճար՝ տեսնելու տաճար Եկողին և միմյանց ձայն տալով ասացին. «Տերն անցավ այս դռնով»: Եվ մտնելով տաճար՝ տեսան Հովսեփին ու Մարիամին՝ Հիսուս Մանկանը գրկում:
Այսօր մենք նույն օրինակով ենք կատարում Տյառնընդառաջի նախատոնակը՝ փետրվարի 13-ին, քանի որ եկեղեցում օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Ինչպես նաև մեր Տերը երեկոյան տաճար եկավ, քանի որ ժամանակը (քառասուն օրերը) երեկոյան լրացավ, նաև Նրա գալուստը դարի երեկոյին եղավ: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Սակայն խարույկի շուրջը պտտվելու՝ ժողովրդի մեջ տարածված սովորությունը, որն անում են այս տոնին, ըստ եկեղեցական կանոնի խոտելի է՝ անթույլատրելի:
Տոնի հետ կապված Ղուկասի Ավետարանում կարդում ենք Սիմեոն ծերունու մասին: Նա ապրել է շատ երկար: Ընդառաջ գալով կուսածին Մանկանը, վերցնում է Նրան իր գիրկը և Աստված դավանելով՝ օրհնում: Սիմեոնի ծնողների և նախնիների մասին Ավետարանում ոչինչ չի հիշատակվում: Ավետարանը նրա մասին գրում է որպես Աստծու երկյուղն ունեցող և Հոգով լցված անձնավորություն: Ըստ ավանդության՝ նա յոթանասուներկու թարգմանիչներից էր, ովքեր Եգիպտոսի Պտղոմեոս Եղբայրասեր թագավորի հրամանով Հին կտակարանի գրքերը եբրայերենից հունարեն թարգմանեցին: Դա եղավ Եղիազար քահանայապետի օրերին, երբ հրավիրվեցին Իսրայելի տասներկու ցեղերից վեցական բանիմաց և ընտիր այրեր, և Սիմեոնն այդ ժամանակ տակավին երիտասարդ էր: Թագավորի հրամանով յուրաքանչյուր թարգմանչի Փառան կղզում առանձին սենյակի մեջ էին պահում, որ միմյանց հետ չխորհրդակցեն, և թարգմանությունն անարատ լինի: Նրանցից յուրաքանչյուրը Սուրբ Հոգու ներգործությամբ յոթանասուներկու օրում ամբողջ մատյանը թարգմանեց, և բոլորի թարգմանություններն էլ նույնը եղան՝ և՛ մտքով, և՛ խոսքերով, որովհետև թարգմանությունը մարդկային իմաստությամբ չեղավ: Երբ թարգմանելիս Սիմեոնը հանդիպում է Եսայի մարգարեի հետևյալ խոսքին. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի» (Եսայի 7.14), տարակուսում է, թե հնարավոր է, որ հեթանոսները չհավատան այս խոսքերին, և ջնջում է իր գրածը: Սակայն այնուհետև խորհում է, որ իր ընկերներն այնպես կգրեն, իսկ ինքը՝ ոչ, որի պատճառով էլ նրանց միջև տարաձայնություններ կառաջանան և հակառակություններ կլինեն մարգարեության հարցում: Ապա Սիմեոնը քուն է մտնում և արթնանալով տեսնում, որ իր ջնջածը նորից գրված է նույն տեղում ոսկյա տառերով: Այս տեսնելով՝ նա արտասվում է ամբողջ օրն ու դրան հաջորդող գիշերը և երանի տալիս նրանց աչքերին, ովքեր պիտի տեսնեն կուսածին Մանկանը և գրկեն Նրան: Քանի որ Սիմեոնը ոգևորվել էր մանկացյալ Աստծուն տեսնելու իր բաղձանքով, և որովհետև շատ հեռու էր այդ օրն իր ապրած ժամանակներից, Աստծո Սուրբ Հոգին հաճեց իրականացնել արդարի ցանկությունը և պահեց նրա մահկանացու բնությունը, որպեսզի չմահանա: Եվ Սուրբ Հոգին ասում է նրան. «Մահ չես տեսնի, մինչև տեսնես Տիրոջ Օծյալին»: Եվ երեք հարյուր քառասունչորս տարի անց կատարվում է նրա բաղձանքը, երբ քառասնօրյա Օծյալ Հիսուս մտնում է տաճար: Այդ օրը Սուրբ Հոգին կանչում է Սիմեոնին՝ ասելով. «Արի՛ ծեր, գնա՛ տաճար և տե՛ս այն, ինչը ցանկացար. ահա՛ Կույսը և իր Որդին»: Եվ քանի որ Սիմեոնն իր կամքն ու հոժարությունն ամբողջովին հանձնել էր Աստծուն, դրա համար էլ Հոգով եկավ տաճար և նույն Հոգով ճանաչեց Փրկչին: Գրկելով Մանկանը՝ Սիմեոնը նախ գոհացավ Տիրոջից, որ այդքան ժամանակ իրեն պահեց ու արժանացրեց տեսնելու Նրան, Ով անտեսանելի էր հրեշտակների համար և ՈՒմ ցանկանում էին տեսնել բոլոր մարգարեները, սակայն երկնչում էին: Ապա օրհնեց Աստծուն՝ խոսելով Մանկան հետ ո՛չ իբրև մանուկի, այլ իբրև Աստծու՝ Նրա, Ով իշխում է ամեն ինչի վրա: Նա այդպես էր ասում, որովհետև հոգու աչքով տեսնում էր նորածին Մանկանը: Սիմեոնն այդ օրերին խոր ծերության մեջ էր, ինչ պատճառով էլ տաղտկացած էր թախծալից կյանքից ու արձակում էր խնդրում՝ ասելով. «Որովհետև աչքերս տեսան Քո փրկությունը» (Ղուկ. 2.30): Սրանով այն մասին է ասում, ինչը պիտի կատարվեր խաչի վրա, ինչը պատրաստված էր աշխարհի սկզբից և հայտնվեց վերջին ժամանակներում՝ բոլոր մարդկանց ազատության համար: «Եվ այնտեղ կար մի մարգարեուհի՝ Աննա անունով՝ Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից» (Ղուկ. 2.36): Սիմեոնն Ադամի օրինակն է, իսկ Աննան՝ Եվայի, ովքեր արձակվեցին կապանքներից: «Աննա» նաև շնորհ է նշանակում, քանզի այս կինն արժանացավ այդպիսի տեսության և մարգարեական շնորհի: «Սա տարիքով շատ առաջացած էր և ամուսնու հետ միայն յոթ տարի էր ապրել: Նա մոտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ ու աղոթքով գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստծուն» (Ղուկ. 2. 36-37): «Սա ևս նույն ժամին վեր կացավ եկավ, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում» (Ղուկ. 2.38): Չհեռացավ տաճարից, մինչև չտեսավ տաճարի Տիրոջը, և չդադարեց աղոթելուց, մինչև չտեսավ աղոթքներն Ընդունողին: Նա գոհանում էր Տիրոջից և՛ իր ունեցած շնորհով, և՛ Հոգու թելադրանքով, խոսում ամենքի հետ, ովքեր ակնկալում էին Երուսաղեմի մխիթարությունը, թե Սա է ՈՒխտի Հրեշտակը և տաճարի Տերը, ՈՒմ մասին գրեց Մաղաքիան (Մաղաք. 3.1-5): Սիմեոնն ու Աննան, Հոգու ազդեցությամբ, աստվածային մեծ Լույսը տեսան փոքրիկ մարմնում: Նրանք քառասնօրյա Մանկանը տեսան ոչ այնպես, ինչպես երևում էր, այլ այն փառքով, որ ծագում էր Նրանից և լուսավորում տիեզերքը: Նրանք տեսան Անտեսանելին մարմնի մեջ, Բանը՝ ստեղծվածի մեջ, Լույսը՝ նյութով ծածկված, և քարոզեցին փրկական գալուստը: Այս օրինակով «Մաշտոց» ծիսարանում կա քառասնօրյա մանուկների օրհնության կարգ: Մանուկի քառասուն օրը լրանալուն պես, մայրը մանկանը տանում է եկեղեցի և տաճարի դռան առջև, քահանայի առաջ, ծնրադրում, խոստովանում և մեղքերից արձակում ստանում: Այնուհետև քահանան աղոթքով դիմում է Տիրոջը՝ խնդրելով, որ Նա լվանա այս կնոջ մարմնի ախտերը, սրբի հոգու բծերը և արժանացնի մտնել Տիրոջ փառքի սրբությունը՝ վայելելու համար անսպառ բարիքները: Սրանով կինն իրավունք է ստանում մտնելու տաճար և Սուրբ Հաղորդություն ստանալու: Այս ամենից հետո կինը քահանայի հետ մտնում է տաճար և մոտենում խորանին: Այստեղ քահանան օրհնում է մանկանը, ապա գիրկն առնելով, սաղմոսելով մտցնում խորան ու աղոթքով դիմում է Տիրոջը՝ ասելով, որ մանուկը եկել է երկրպագության: Ապա մանկանը երկրպագեցնում է սուրբ Խորանին, սուրբ Ավազանին, տաճարի սուրբ Դռանը և սուրբ Սեղանին: Վերջում պահպանիչ աղոթք ասելով արձակում է մորն ու մանկանը:
Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի տոնը հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր: Այն նորաստեղծ ընտանիքների համար Տիրոջն ընդառաջ գնալու և Նրա Լույսն ընդունելու մի խորհուրդ է, որ երկնային հարատև օրհնությունն է պարգևում նորապսակներին:


Ըստ «Տերունական տոներ» գրքի հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ