Դերասանուհի ՌՈԶԻ ԱՎԵՏԻՍՈՎԱՅԻՆ հանդիպեցի երևանյան ակումբներից մեկում: Չնախատեսված զրույցի ընթացքում պարզեցի, որ բանաստեղծություններ է գրում: Դրանք անտիպ են: Ավելի ճիշտ` պահպանվում են Ռոզիի հեռախոսում: Առաջին գործերը այրել է: Որոշ ընդմիջումից հետո սկսել է նորից գրել: Ռոզին բարմեն-մատուցող է աշխատում «White Crow»-ում: Ասում է` բարմենն իր սեղանի հետևում` խմիչքների մոտ, գրեթե նույնն է՝ ինչ դերասանը բեմում: Նրա բնորոշմամբ` դիմացդ սրահն է, հաճախորդները, որոնց հետ դու հաճախ «խաղում» ես:
-Ռոզի, երկրորդ մասնագիտությունն անհրաժեշտ է նկարչին, դերասանին, գրողին, թվում է` բոլորին: Հիմքում ապրելո՞ւ խնդիրն է:
-Ոչ միայն: Ներաշխարհդ ընդլայնելու խնդիր կա: Ցանկացած մարդու համար մեկ մասնագիտությունը շատ քիչ է, ստեղծագործող մարդու համար` առավել ևս:
-Ստեղծագործական ընդմիջումների մասին ի՞նչ կասեք:
-Ընդմիջումները պարտադիր են, մանավանդ դերասանի մասնագիտության դեպքում:
-Երբ Ձեզ տեսնում են բարմենի դերում, ինչպիսի՞ն է լինում արձագանքը:
-Տարբեր: Մեկն ասում է` ապրես, շատ լավ է, մեկը` վա՜յ, բայց ինչի՞:
-Իսկ ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր երկրորդ աշխատանքին:
-Շատ լավ:
-Երկնագույն էկրանը հայտնի դառնալու ամենակարճ ճանապարհն է: Ձեզ հայտնի համարո՞ւմ եք:
-Ցավոք, այո՜:
-Սերիալները և´ մեծ վարկանիշ ունեն, և´ մեծ թվով քննադատներ: Սերիալում խաղալն այդ համատեքստում լա՞վ է, թե՞ վատ:
-Եթե կա քննադատություն, ուրեմն առողջ վիճակ է: Սերիալների մասին չեմ ուզում երկար խոսել, մարդիկ պիտի հասկանան, որ սերիալը կինո չէ, լրիվ ուրիշ ժանր է: Բայց այն ժանրն է, որում պետք է դերասանը խաղա, աշխատի:
-Սերիալները փոխարինվում են բազմասերիանոց ֆիլմերով, Ձեզ կտեսնե՞նք այդ դաշտում:
-Գուցե, չեմ կարող ասել: Իմ մասնագիտությունն ունի մի բացասական կողմ. մեկ, երկու տարի կարող ես անգործ մնալ, առաջարկներ չունենալ, եթե քեզ հարմար որևէ դեր չլինի:
-Ձեր դերերը հավանո՞ւմ եք:
-Մեծ թուլություն ունեմ բացասական դերերի հանդեպ: Չգիտես ինչու` միշտ դրական են իմ դերերը: Բայց եթե խաղացել եմ, ուրեմն գտել եմ հետաքրքրություն, եթե հերոսուհին ինձ դուր չգար, կհրաժարվեի:
-Կերպարներ կա՞ն, որ կուզեիք նմանվել, «նույնանալ»:
-Ո´չ, գուցե իմ հերոսուհիներն ավելի հետաքրքիր կյանք են ունեցել, ավելի երջանիկ են եղել, քան ես, ամեն դեպքում, չէի ուզենա, որ նմանություններ լինեին:
-Մենակ մնալու ցանկություն ունենո՞ւմ եք:
-Շատ-շատ:
-Աշխատանքի բնույթը թույլ տալի՞ս է ինքդ քեզ հետ լինել:
-Ո´չ, բայց ես գողանում եմ մենակ մնալու ժամեր:
-Բանաստեղծություն գրելը հենց այդ մենակությո՞ւնն է:
-Ո´չ, կապ չունի, այն կարող է ծնվել շատ աղմկոտ վայրում, մենակ ժամանակ, հատուկ վիճակ չկա:
-Ինչի՞ մասին եք գրում:
-Ամեն ինչի: Իմ մասին:
-Ինչո՞ւ չեք ընթերցողի սեղանին դնում, դեռ ժամանա՞կը չէ, թե՞ շատ է Ձերը:
-Շատ է իմը: Շատ է անձնական: Չեմ ուզում մարդկանց կյանքիս այդքան մոտ թողնել:
-Գրելը համարձակություն է, համամի՞տ եք:
-Այո´, մանավանդ եթե անկեղծ ես:
-Մանավանդ եթե ընթերցողի սեղանին եք դնում:
-Եթե ընթերցողի սեղանին ես դնում, ուրեմն խայտառակ համարձակ ես… Գուցե ես այդքան համարձակ չեմ:
-Սարոյանն ասում էր, որ բոլոր գրողները դերասաններ են:
-Երբ ընկերներս հարցնում են` ո՞նց ես գրում, ասում եմ` կինո եմ տեսնում, ասում են` ի՞նչ կինո, պատասխանում եմ` ռեժիսորական, օպերատորական շատ լավ աշխատանքով, գրագետ մոնտաժով կինո: Ես այդ տեսարաններն եմ գրում: Կան մարդիկ, որ ասում են՝ կներես, բայց դու ավելի լավ գրում ես, քան խաղում: ՈՒ ես չեմ նեղանում դրանից:
-Ի՞նչ եք սիրում կարդալ:
-Բուկովսկի:
-Ի՞նչ եք շատ ուզում:
-Չերևալ ոչ մի տեղ, առանձնանալ սենյակում, գրել, գրել… Բայց վախենում եմ այդ ցանկությունից:
-Հարցազրույցներ տալ, որքան գիտեմ, չեք սիրում:
-Ավելի ձանձրալի բան չկա, քան անիմաստ հարցերի պատասխանելը: Մի մասը փորձում է բացահայտել քո անձնական կյանքը, մի մասը` քո զգեստապահարանը, մի մասին էլ հետաքրքրում է` ի՞նչ ես ուտում, ի՞նչ օծանելիք ես օգտագործում: Թխած հարցեր են, որ շատ հեռուներում համաշխարհային աստղերին տվել են: Նրանք հարցերը տալիս են ոչ թե ստեղծագործողին, այլ այն մարդուն, ով էկրանից երևում է:
-Սիրո՞ւմ եք դերասանական աշխարհը:
-Ես սիրում եմ իմ մասնագիտությունը: Հակասական բան պետք է ասեմ. երբ բեմում եմ, ուզում եմ լինել ուշադրության կենտրոնում, հենց հասնում եմ վարագույրների մոտ, իջնում եմ բեմից, ուզում եմ ոչ ոք ինձ չճանաչի, ու հանգիստ ապրեմ իմ կյանքը:
-Ի՞նչ ծրագրեր ունեք եկող տարվա համար:
-Գալիք տարվա գլխավոր ծրագիրս թատրոնում հիմնական աշխատանքի անցնելն է:
-Սերիալը կթողնե՞ք:
-Տեսախցիկի հետ աշխատանքը սիրում եմ: Դա ուրիշ հետաքրքրություն ունի: Երկուսն էլ իմն են:
-Իրական կյանքում խաղո՞ւմ եք:
-Այո´, բոլորն են խաղում:
-Դերասանները հիմնականում այս հարցին պատասխանում են` ոչ:
-Ճիշտ չեն ասում, դերասանը մարդ է, եթե մնացածը խաղում են գիտակցաբար, դերասանը կարող է ենթագիտակցաբար խաղալ, մեխանիկորեն: Դու չես կարող ամեն տեղ լինել նույնը, բոլորի հետ շփվել նույն կերպ: Դա արդեն խաղ է:
-Հանգի՞ստ եք խառնվածքով, թե՞ ծայրահեղ, խելառ:
-Հանգիստ, ծայրահեղ, խելառ:
-Անունը ճակատագիր ունի:
-Այո: Ռոզիից առաջ ուրիշ կյանք էր, հետո՝ բոլորովին ուրիշ:
-Էլ չե՞ք փոխի Ձեր անունը:
-Ո´չ: Երրորդին էլ չեմ դիմանա: Գուցե շատ վտանգավոր տեսակ լինի:
-Երիտասարդ եք ու խոսում եք արդեն մի քանի կյանքի մասին, շատ բան տեսածի պես: Ռեմբոն կարծում էր, որ ամեն մարդու մի քանի կյանք է հարկավոր, համամի՞տ եք:
-Համամիտ եմ, ու երևի Ռեմբոն այդ մի քանի կյանքը շատ արագ ապրեց, դրա համար այդպես շուտ մահացավ: Ես կփորձեմ այդքան արագ չապրել այդ մի քանի կյանքը:
Լուսանկարը` «White Crow»-ի ֆեյսբուքյան էջից
Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ