Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մաղթենք հարյուրամյակը տոնելու ուժ, կորով ու հաստատակամություն

Մաղթենք հարյուրամյակը տոնելու ուժ,  կորով ու հաստատակամություն
24.12.2013 | 02:09

Լրացավ Խորհրդային Միության հերոս, գեներալ-լեյտենանտ ԱՇՈՏ ԱՄԱՏՈՒՆՈՒ ծննդյան 90-ամյակը։

Նրանք 106-ն էին: 106 քաջազուն հայորդիներ, որոնք ո՛չ ասացին ֆաշիզմին, մեկ մարդու նման զենք վերցրին` պաշտպանելու մայր հայրենիքը` Խորհրդային Միությունը, և արժանացան այդ հսկա կայսրության ամենամեծ պարգևին` հերոսի կոչման: Այդ տարիներին կայսրության մի մասնիկն էր նաև փոքրիկ Հայաստանը, իրենց պապերի ու հայրերի բնօրրանը: Փոքրիկ ընդամենը տարածքի ու բնակչության թվակազմի իմաստով, քանզի անցյալ դարի քառասնական թվականներին ոչ լրիվ մեկուկես միլիոն բնակչություն ունեցող Հայաստանից հայրենիքի պաշտպանությանը մեկնեցին ավելի քան 400 հազարը, իսկ պատերազմում թշնամու դեմ պայքարող հայորդիների ընդհանուր թիվն անցնում էր 600 հազարից. ռազմադաշտ էին մեկնել Ռուսաստանում ու Խորհրդային Միության մյուս հանրապետություններում, աշխարհի բազմաթիվ երկրներում ապրող հայեր, որոնցից ավելի քան 60-ը գեներալներ ու ծովակալներ էին:
Պատերազմն սկսվելու հաջորդ օրը` հունիսի 23-ին, կամավոր բանակ մեկնելու խնդրանքով դիմումը ձեռքին Լենինականի (այժմ` Գյումրի) զինկոմիսարիատ մտավ 18-ը դեռ չբոլորած, Լենինականի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանող Աշոտ Հաբեթի Ամատունին: Որպես գնդացրորդ մասնակցեց ՈՒկրաինայի, Մոլդավիայի համար մղված մարտերին, Ստալինգրադի տակ ծանր վիրավորվեց: Կարճատև բուժումից հետո Սարատովի տանկային ուսումնարանում անցավ տանկիստների պատրաստման արագացված կուրսեր և կրտսեր լեյտենանտի առաջին սպայական ուսադիրներով իրեն վստահված դասակը հասցրեց Օմսկ` տանկեր ստանալու և ռազմաճակատ մեկնելու համար: Այնուհետև տանկային վաշտի, գումարտակի, գնդի հրամանատարը պարբերաբար նոր նշանակումներով մասնակցեց Կրիվոյ Ռոգ, Վոզնեսենսկ, Օդեսա, Տիրասպոլ, Նիկոլաև, Մարիուպոլ, Մազովեցա, Դեմգլինա, Լյուբեն, Վարշավա, Պոզնան քաղաքների ազատագրմանը: Միայն Սոխաչևի շրջանում նրա տանկային դասակը ոչնչացրել է հակառակորդի 3 շոգեքարշ, 110 ավտոմեքենա, 2 հրանոթ, 2 զենիթային թնդանոթ, 6 ականանետ, 8 զինապահեստ և գերությունից ազատել 250 խորհրդային զինվոր և 150 քաղաքացի: Լյուբեն քաղաքի համար մղվող մարտերում Ամատունու դասակը օդանավակայանում ոչնչացրել է թշնամու 17 ինքնաթիռ անձնակազմով, իսկ Ինովրացլավում գրավել է 3 էշելոն շարժակազմ, ոչնչացրել 3 շոգեքարշ, 2 հրանոթ, 2 տանկ, օդանավակայանում` 10 ինքնաթիռ, ավելի քան 250 զինվոր: Լեհական Սոխաչև, Լյուբեն և Ինովրացլավ քաղաքների ազատագրման ժամանակ հրամանատարության հատուկ առաջադրանքների հաջող կատարման, ցուցաբերած արիության և հերոսության համար 3-րդ տանկային գումարտակի հրամանատար, գվարդիայի լեյտենանտ Ա. Հ. Ամատունուն ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1945 թ. փետրվարի 25-ի հրամանագրով շնորհեց Խորհրդային Միության հերոսի կոչում` պարգևատրելով Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Բեռլինի գործողության ժամանակ, քաղաքի մատույցներում պատերազմի հաղթական ավարտից տառացիորեն ժամեր առաջ Ամատունին նորից ծանր վիրավորվեց: 1951 թ. Ամատունին ավարտեց Ստալինի անվ. զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիան: 1952-1958 թթ. ծառայեց տանկային գնդի Տիրասպոլի, 1958-63 թթ.` Բելցիի տանկային դիվիզիայի հրամանատար, 1963-73 թթ.` Սիմֆերոպոլի կորպուսի հրամանատարի տեղակալ, 1973-84 թթ.` Երևանում տեղակայված 7-րդ բանակի հրամանատարի տեղակալ: 1984 թվականին գեներալ-մայորի կոչումով Ամատունին զորացրվել է պահեստ: 1984-1995 թթ. եղել է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանի տնօրեն, այնուհետև` թանգարանը պաշտպանության նախարարության համակարգ անցնելուց հետո գլխավոր խորհրդական և գիտական խորհրդի քարտուղար: ՈՒկրաինայի կառավարության հրավերով այժմ ապրում է Սիմֆերոպոլում, ստացել է ՈՒկրաինայի բանակի գեներալ-լեյտենանտի կոչում, ակտիվորեն մասնակցում է ինչպես տեղի պատանիների և աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության, այնպես էլ հայկական համայնքի գործունեությանը: Պատերազմի վետերանների Ղրիմի կոմիտեի նախագահն է: Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ, ՈՒկրաինայի մի շարք շքանշաններով ու մեդալներով:
Մաղթենք մեր հայրենակից, 2-րդ աշխարհամարտին ակտիվորեն մասնակցած ու Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած հայազգի վերջին մոհիկանին ամուր առողջություն և հարյուրամյակը տոնելու ուժ, կորով ու հաստատակամություն:


Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2110

Մեկնաբանություններ