Ո՞վ էր Գրիգոր Ջանշյանը, այն հայը, որն ապրեց հայրենիքից հեռու, բայց իր կարճատև կյանքի տարիներն անձնուրացորեն նվիրեց իր ժողովրդին:
Ծնվել է Թիֆլիսում` 1851 թ. մայիսի 17-ին, հայկական բազմանդամ ընտանիքում: Հայրը` Ավետիք Գլաչիխը, զբաղվում էր պարսկական գորգերի առևտրով` հազիվ ապահովելով մեծ ընտանիքի հոգսերը (նրա խնամքի ներքո էին նաև զարմուհու երկու որբերը): Մայրը` Կեկելան (Կիկիլիա), ծագումով հին թիֆլիսաբնակ էր և հայտնի էր արտակարգ գեղեցկությամբ, բարությամբ, առատաձեռնությամբ ու կենսուրախ բնավորությամբ: Նրա մահը (1884 թ.) մեծ վիշտ է պատճառել մերձավորներին, իսկ մինչ այդ մահացել էր ամուսինը: Գրիգորը սկզբնական կրթությունը ստացել է տեղի, այնուհետև` հայկական ծխական դպրոցում: 1861-ից սովորել է Թիֆլիսի նահանգային գիմնազիայի նախապատրաստական դասարանում, 1864-ից` Մոսկվայի Լազարյան ճեմարանի գիմնազիայում` որպես «Լազարյանների ընտանիքի թոշակառու», 1866-ից` «Ալեքսանդրյան թոշակառու»: Գիմնազիայի ամբողջ դասընթացն ավարտել է 1870-ին` արծաթե մեդալով, այնուհետև ընդունվել է Թագավորական համալսարանի բժշկական ֆակուլտետը, երեք շաբաթ անց հեռացել, ընդունվել Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ավարտել 1874-ին:
Պատանի հասակում ստացել է ողնաշարի սյան կորացում: Մոսկվայում նա աշխատել է որպես երդվյալ հավատարմատար, բայց հիմնականում զբաղվել է գրական գործունեությամբ: Դեռևս ուսանողական տարիներին մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում լրագրության նկատմամբ: 1876-1877 թթ. աշխատել է «Մոսկովսկիե վեդոմոստի» թերթում` որպես դատական լրահաղորդող: Տպագրվել է հիմնականում «Ռուսկիե վեդոմոստի», «Ռուսկիե միսլի», «Վեստնիկ Եվրոպի» և այլ ամսագրերում: Հետագայում նրա հոդվածներից շատերն ընդգրկվել են առանձին գրքերում: 1878-ից մինչև կյանքի վերջը անընդմեջ աշխատակցել է «Ռուսկիե վեդոմոստի» թերթին, իսկ 1883-ից թերթի հրատարակման ընկերակցության անդամ էր, հրատարակիչ խմբագրիչներից, ի դեպ` ամենակրտսերը: Գրիգոր Ջանշյանը քսանհինգ գրքի հեղինակ է: Նրան լայն ճանաչում բերեց «Մեծ ռեֆորմների դարաշրջանը» պատմա-հրապարակախոսական աշխատությունը: Բավական է նշել, որ այս գիրքը հիմնականում տպագրվել է «Ռուսկիե վեդոմոստի» թերթում հոդվածների տեսքով, իսկ կենդանության օրոք 7 հրատարակություն է ունեցել, որը գրքի շուկայի համար բացառիկ երևույթ էր: 1891 թվականը բեկումային էր հրապարակախոս, իրավագետ, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Ջանշյանի համար:
Մեկնեց Կոստանդնուպոլիս, և այն, ինչ տեսավ սուլթանի մայրաքաղաքում, սարսափելի էր: Հայերի վիճակն օրհասական էր: Ռուսաստանի հայերից նա առաջինն էր, որ փորձեց մերկացնել թուրքական վարչակարգի գործելաձևն ու թուրքական «արդարադատությունը»: 1892 թ. հրատարակեց «Գրագրություններ ստամբուլյան հրապարակումներից» վերնագրով ակնարկաշարը, իսկ 1893-ին Դիև ծածկանունով լույս ընծայեց «Հայկական հարցը Թուրքիայում» գրքույկը։ Նա համոզված էր, որ հայկական հարցը պետք է վճռել իրավունքի, արդարադատության, մարդասիրության պահանջներին համաձայն: Անհանդուրժելի է մարդու իրավունքի ոտնահարումը լոկ այն բանի համար, որ նա ոչ թե մուսուլման է, այլ քրիստոնյա, ընդգծելով, որ հայերը ոչ թե խնդրում են, այլ պահանջում բարեփոխումներ, որը բազմիցս խոստացել էր Բարձր դուռը, սակայն կյանքը ցույց տվեց, որ դա սոսկ ուտոպիա է, երազանք: 1894-1895 թթ. Սասունի և հարակից հայաբնակ նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում տեղի ունեցան սոսկալի կոտորածներ: Այս եղանակով թուրքական կառավարությունը ձգտում էր ազատվել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածից: Հասարակության առաջադեմ մասը պահանջում էր վերջ տալ համիդյան հրոսակախմբերի ոճրագործությանը, որի հետևանքները սարսափելի էին` 300 000 դի, ոչնչացած ծաղկուն գյուղեր, քաղաքներ, մոխրակույտի վերածված տներ, և … անհրաժեշտ էր անհապաղ օգնություն 150 000 որբուկների կյանքը փրկելու համար: Ջանշյանի կենսագիր Ալեքսեյ Կարպի Ջիվելեգովը (ի դեպ, նա նույնպես աշխատում էր «Ռուսկիե վեդոմոստի» թերթում և կյանքի վերջին տարիներին մոտիկից էր ճանաչում նրան) ահա թե ինչ է գրում. «Ի՞նչ պետք է աներ Ջանշյանը, որի զենքը միայն գրիչն էր: Եվ նա գործի անցավ այնպիսի եռանդով, կարծես ուզում էր լրացնել այն բացթողումը, որը կարող էր կատարել վաղուց, կամ գուցե կանխազգում էր, որ իրեն կարճ ժամանակ էր վիճակված աշխատելու»: Եվ այն, ինչ նրան հաջողվեց իրականացնել 4 տարում, մեկ ուրիշը կաներ ողջ կյանքում: Հոդվածներ էր տպագրում թերթերում, բազմակողմանի վերլուծում փաստերը, որոնք հոգի էին տակնուվրա անում, բացահայտում էր կոտորածի չափերը, իրական մեղավորներին, քաղաքականությունը նախաձեռնողներին: Բայց լրագրային հոդվածները նա քիչ էր համարում: Անձնական շփումներում անում էր ամեն ինչ` հասարակության ուշադրությունը հայոց հարցի վրա սևեռելու համար: Նրա հրատարակած գրքում` «Հայերի դրությունը Թուրքիայում` մինչ 1895 թ. գերտերությունների միջամտությունը» (1896 թ., առաջաբանը` Լ. Կամարովսկու) ներառված են Գլադստոնի ելույթը, Ռոլեն Ժեկմենի, Էմիլ Դիլլոնի, Դիևի (Ջանշյան Գ.) և այլոց հոդվածները:
«Գիրք արյան և արցունքի» անվանեցին այն: Միջին դարերում այն պատճառ կդառնար խաչակրաց արշավանքի, իսկ 19-րդ դարում հեղաշրջում առաջացրեց ռուս հասարակության մեջ, որի պտուղները Ջանշյանը ներդրեց «Եղբայրական օգնություն Թուրքիայի տառապյալ հայերին» ստվարածավալ ժողովածուի նախաձեռնման, կազմման և հրատարակման գործում (հհ. 1-2, 1897-1899): Անցնելով գործի, նա չէր խնայում ո՛չ իր թույլ ուժերը, ո՛չ էլ առողջության սուղ պաշարները: Նա օգնականներ չուներ և չէր էլ ցանկանում կիսել այն ծանր, բայց պատվաբեր առաքելությունը, որով ծառայում է իր ժողովրդին։ Աշխատում էր մինչև ուշ գիշեր: Վերջապես լույս տեսավ «Եղբայրական օգնություն Թուրքիայի տառապյալ հայերին» ստվարածավալ ժողովածուն: Առաջին հրատարակության սպառվելուց հետո (30000 ռուբլի) ձեռնամուխ եղավ երկրորդ հրատարակությանը, կրկին` 30000 ռուբլի: Գումարներ ստանում էր Եվրոպայից, Ամերիկայից, Ռուսաստանից: Ոչ միայն գրքից ստացված 60000 ռուբլին, նաև իր անձնական միջոցներից մոտ 20000 ռուբլի իր նախաձեռնությամբ, Կոստանդնուպոլսում Ռուսաստանի դեսպանի և պատրիարք Օրմանյանի օգնությամբ բացվեց տասներկու մանկատուն-ապաստարան Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում: Հրատարակված ժողովածուն պարունակում է գրական-գեղարվեստական, գիտական-փաստագրական, հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին վերաբերող նյութեր: Ժողովածուում հանդես են եկել ականավոր գրողներ, բանաստեղծ-թարգմանիչներ, մշակույթի գործիչներ: 1900 թ. գարնանը, երբ վաճառեց ամենավերջին օրինակը, մեկնեց հարավ: Մտադրություն ուներ երրորդ հրատարակությունը նախաձեռնել, ցանկանում էր այն դարձնել հանրամատչելի հայկական հանրագիտարան: Եվ կիրականացներ, եթե մահը այդքան անսպասելի չընդհատեր նրա կյանքը ¥1900 թ. հուլիսի 17¤:
«Ռուսկիե վեդոմոստի» թերթի աշխատակիցներից Դ. Անուչինը գրել է. «Որպես մարդամոտ անձնավորություն, նա ուներ բազմաթիվ ծանոթություններ: Ռուսաստանում նա ծանոթ էր հայտնի բարեփոխումների (ռեֆորմների) որոշ գործիչների հետ, անդամ էր գրական, թատերական և այլ խմբակների: Կորֆիում ծանոթացել էր Բելինսկու աղջկա հետ, ով հույն դատախազի կինն էր և արդեն մեծահասակ տղաներ ուներ: Ղրիմում նա ծանոթ էր կոմս Միլյուտինի հետ, արտասահմանում` Լոռիս-Մելիքովի, դոկտոր Բելոգոլովի, Լավրովի, հայտնի հայրենակիցների հետ և իհարկե, նրա գրառումները կարող են մեծ հետաքրքրություն ներկայացնել, բայց կարծես չի թողել: Մահացել է ամռանը` այնքան անսպասելի, և ինձ բախտ է վիճակվել նրան հողին հանձնելու հայկական Վագանկովսկայա գերեզմանոցում»:
Մեր հայրենակից Ջիվելեգովն այսպես է նկարագրում իր առաջին ծանոթությունը Ջանշյանի հետ, երբ նա բանավիճում էր հայտնի պրոֆեսորներից մեկի հետ. «Փոքրիկ, աշխույժ, խելացի, ուրախ աչքերով, ուժեղ կորացած մեջքով, շատ շարժունակ: Նա նստել էր սեղանի շուրջը, որտեղ հազիվ գլուխն էր երևում: Ես անմիջապես ծանոթացա այդ «փոքրիկ» մարդու հետ, որն իմ հիացմունքին էր արժանացել: Այդ մարդը Ջանշյանն էր: Նա ամբողջ կյանքում հիվանդ էր, նրա ողնաշարը ծռված էր, շնչում էր շատ անհուսալի թոքերով, ուներ վատառողջ սիրտ: Ջանշյանը բոլորի սիրելին էր, միշտ կենսուրախ էր ու սրամիտ: Նրա հիվանդ մարմնի մեջ բնությունը ինչ-որ քմահաճույքով ներդրել էր արտասովոր կենսուրախություն, և դա նրա խառնվածքի հիմնական առանձնահատկությունն էր: Այն արտահայտվում էր և՛ աշխատանքում, և՛ հասարակական կյանքում, նաև մարդկանց հետ հաղորդակցվելիս: Ջանշյանը կարողանում էր գիտության գանձարանից վեր հանել այն ամենը, ինչն անհրաժեշտ էր կրթված մարդուն: ՈՒներ սուր հիշողություն և սիրում էր կարդալ լավագույն գրողներին: Ամենօրյա շփումը պոեզիայի հետ այնպիսի կերակուր էր հոգու համար, առանց որի նա չէր կարող ապրել գեթ մեկ օր: Մյուս ոչ պակաս անհրաժեշտ կերակուրը նրա համար արվեստն էր: Ով ազատության թշնամին էր, իր անձնական թշնամին էր: Ջանշյանը խոնարհվում էր նրանց առջև, ում համար թանկ էին արդարությունը, ազատությունը և ճշմարտությունը»:
1899-ին, Ջանշյանի մահից կես տարի առաջ, «Ռուսկիե վեդոմոստի» անկախ, հեղինակավոր թերթի 274, 275, 278 համարներում հրապարակվում է աղմկահարույց մի դատավարության սղագրությունը` թուրքահայ Գուլգուլյանի գործը (վրեժ հոր և եղբայրների սպանության համար): Անկասկած, Ջանշյանը նպաստել է հրապարակմանը: Դատը կայացել է Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում` 1898 թ. սեպտեմբերի 22-ին: Անհերքելի փաստերի շնորհիվ դատարանը արդարացրել է Գուլգուլյանին, դահլիճը բուռն ծափահարություններով է ընդունել դատարանի վճիռը:
23 տարի անց` 1921 թ. հունիսի 2-3, Բեռլին: Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը: Սողոմոնը մեղավոր չէ: Կրկին դահլիճը ծափողջյուններով է ընդունում վճիռը: Երկու դեպքում էլ դատը հանուն արդարության էր, ընդդեմ ցեղասպանության: Պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված, տնավեր դարձած, աշխարհասփյուռ մի ողջ ժողովուրդ բազմաթիվ անհերքելի փաստեր ունի ընդդեմ ոճրագործների:
Հանուն արդարության դատը ե՞րբ է լինելու: Դատ, որն իր կյանքի նպատակն էր դարձրել նաև Գրիգոր Ջանշյանը։
Ներկայացրեց
Ֆլորա ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ