Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը, ինչպես նախկինում, գոհացնում է ռուս ժողովրդի մեծամասնությանը, մինչդեռ ակնհայտ է, որ նրա վարկանիշն ընթացիկ տարվա հուլիսից չորս տոկոսային կետով նվազել է` 61 տոկոս: Սոցիոլոգների կողմից նման պատկեր է արձանագրվել նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեպքում: Նրա վարկանիշը նվազել է վեց կետով և կազմել 46 տոկոս:
Սոցիոլոգների նոյեմբերյան հետազոտությունը ցույց է տվել, որ Պուտինի գործելաոճից դժգոհ ռուսների թիվը աճել է 35-ից մինչև 37տոկոս: Համապատասխանաբար աճել է նաև Մեդվեդևից դժգոհ քաղաքացիների թիվը` 47 – 53 տոկոս:
Նոյեմբերյան ռեյտինգը երկու կարևոր դեմքերի համար պատմության մեջ ամենացածրն է եղել` Պուտինի համար 1999 թվականին, Մեդվեդևի համար` 2006թ դեկտեմբերին:
Կառավարության աշխատանքը, ընդհանուր առմամբ, գոհացնում է 39 տոկոս ռուսներին, իսկ բացասաբար է վերաբերվում նրանց 59 տոկոսը: Պետդումայի գործունեությունից իրենց դժգոհությունն են հայտնել հարցվածների 65 տոկոսը (հուլիսի համեմատ այս ցուցանիշն աճել է` 67 տոկոս):
Այդուհանդերձ, քաղաքական գործիչներից առաջին հորիզոնականը, որին վստահում է ռուս ժողովուրդը, զբաղեցնում է երկրի առաջին դեմքը: Այսպես` Վլադիմիր Պուտինի վարկանիշը բարձր է պահում ՌԴ քաղաքացիների 32 տոկոսը: Հաջորդ «ընդունված» բարձրաստիճան պաշտոնյան պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է (19 տոկոս), այնուհետև` Մեդվեդևը (11 տոկոս), նրանից հետո` ԼԴՊՌ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (9 տոկոս), ապա` Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը (8 տոկոս):
Հարցվածների 2 տոկոսը քաղաքական ոչ մի գործչի չի վստահում:
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 15-18-ը` Ռուսաստանի շուրջ 45 տարածաշրջանների 130 բնակավայրերում: Այն ներառում է 1603 ընտրող:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ