ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Յանուկովիչը վերջապես խոսեց, սակայն եվրակողմնակիցները անդրդվելի են

Յանուկովիչը վերջապես խոսեց, սակայն եվրակողմնակիցները անդրդվելի են
26.11.2013 | 12:32

Կիևի Մայդանում տեղի ունեցող բողոքի ցույցերի երկրորդ օրը ՈՒկրաինայի նախագահը, տեսնելով, որ վարչապետ Ազարովի բացատրությունները որևէ արձագանք չեն ունենում բողոքավոր հանրության մոտ, իսկ ոստիկանության ճնշումները ենթարկվում են ադեկվատ դիմադրության, վերջապես խոսել է: Նա տեղական հեռուստաեթերով դիմել է ուկրաինացի ժողովրդին և փորձել հավաստիացնել, որ իշխանությունը եվրաինտեգրման իր կուրսից չի հրաժարվել: Յանուկովիչի խոսքով` եվրաինտեգրումը ՈՒկրաինայի համար այլընտրանք չունի, սակայն դա այս պահին կարող է լինել բազմաթիվ գործարանների փակման և գործազրկության աճի գնով: «Ես անազնիվ և անրդարացի կլինեի, եթե հոգ չտանեի ամենաընչազուրկների և անպաշտպանների մասին, որոնց վրա կարող է ընկնել անցումային փուլի հիմնական բեռը»,-ասել է նա:

Երեկ Յանուկովիչի ելույթից հետո անժամկետ հացադուլ է հայտարարել նախկին վարչապետ, ազատազրկված Յուլիա Տիմոշենկոն: Նա Մայդան դուրս եկած եվրակողմնակիցներին կոչ է արել պայքարել մինչև հաղթանակ. «Եթե նոյեմբերի 29-ին Յանուկովիչը չստորագրի Ասոցացման համաձայնագիրը` սրբեք նրան երկրի երեսից նրա կոռուպցիոն մետաստազների հետ միասին»: Երեկ նաև ԵՄ-ն է արտահայտել իր տեսակետը ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը համատեղ հայտարարության են տարածել, որում ասվում է. «ԵՄ-ն ուժ չի գործադրի ՈՒկաինայի կամ որևէ գործընկերոջ նկատմամբ ԵՄ կամ այլ տարածաշրջանային դաշինքի օգտին ընտրություն կատարելու համար: ՈՒկրաինան ազատ է որոշում կայացնելու մեջ, թե ինչպիսի համագործակցություն է փնտրում ԵՄ հետ, այդ պատճառով մենք կտրականապես հավանություն չենք տալիս Ռուսաստանի դիրքորոշմանը և գործողություններին այդ հարաբերություններում»: Ռուսաստանը դեռևս չի արձագանքել ԵՄ պաշտոնյաների մեղադրանքներին:

Երեկ գիշեր Կիևում ցուցարարների մի մասը կրկին գիշերել է վրաններում: Գիշերը ցուցարարները ոստիկանական ավտոբուս են գրավել, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը պահանջել է գործ հարուցել այդ կապակցությամբ: Դնեպրոպետրովսկում գիշերը հարձակվել են ցուցարարների վրա, որոնցից վեցը տուժել են բախումներից: Այսօր ՈՒկրաինայում կշարունակվեն բողոքի ակցիաները հօգուտ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման: Ըստ ուկրաինական կայքերի հաղորդման, մարդիկ արդեն հավաքվել են կառավարության շենքի մոտ և պահանջում են ստորագրել համաձայնագիրը, իսկ ոստիկանությունը ուժեր է տեղակայում ցուցարարների մոտ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ