Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ստեղծագործական ոսկորն ու քաղաքական որկորը

Ստեղծագործական ոսկորն ու քաղաքական որկորը
22.11.2013 | 11:52

«Մարդ Աստված է անասունների առաջ և անասուն` բնության առաջ։ Արվեստագետը Աստված է մարդու առաջ և չաստված` Աստծո առաջ, քանզի արվեստագետն է, որ բարձրացնում է մարդուն աստվածության, և նա է, որ օգտագործում է բնության օրենքները` բնությանը հակառակ մարդու օգտին...»։


Երվանդ ՔՈՉԱՐ

ՇԱՔԱՐԸ ՇԱՆ ԲԵՐԱՆ
(նախաճաշին շաքարաքլոր և բամբասանք ոլոր-մոլոր)


Իրազեկում Ազնավուրի հրապարակից։ Հրապարակի ջրավազանում ժամանակին բադեր ու սագեր կային։ Դրանք մի օր անձայն հեռացան, և նրանց հետքերն անքննելի են։ Այժմ թույլ տանք մեզ մի փոքր ընդմիջվել և իջնել սովետահայոց պատմության կիրճերը, ոչ այնքան խոր, մոտավորապես 20-րդ դարի 60-70-ականները։ Երկրում, և հատկապես քաղաքամայր Երևանում, ամենուր հայ բոշաներն էին զվռնում, նրանք մաղ ու սարի ծամոն էին ծախում, նրանք անլվա էին, բամբասկոտ և պռտկերես։ Եվ, ահավասիկ, 80-ականներին նրանք հանկարծ անհետացան, ինչպես իշխանը Սևանա լճում։ Չէ, հայ բոշաների մեծ արտագաղթը պատմությանն անհայտ է, պարզապես նրանք աննկատ ներծծվեցին մեր մեջ, հաստատվեցին բնակավայրերում, դարձան դերձակ և կաշեգործ, տնային տնտեսուհի և տրամվայի վագոնավար։ Նրանք, մի խոսքով, բոշայացրին Հայաստանը։ Հայտնի է, որ հայ բոշաներից ոմանք մխրճվեցին արվեստի բնագավառ։
Մի խոսքով, բադերն ու սագերը լքեցին Ազնավուրի հրապարակի քանդակազարդ ջրավազանը։ Նրանց համար աններելի էր այլևայլ նկարիչների բողոքավոր կռավոցը, դա ներազդում էր բադասագերի պտղավորման վրա, ճտերը լույս աշխարհ էին գալիս չարացած, չբավարարված և պահանջկոտ։ Մի խոսքով, բադասագերի սերունդը խեղանդամվում էր, ջրավազանում լողում էին կաչաղակի, փայտփորիկի և խեղկատակի հիբրիդները։
Մի խոսքով, շաքարը շան բերանում էր, քանդակազարդ լողավազանը պղծվում էր, և բադասագերը լքեցին հրապարակը։ Ըստ լուրերի, նրանք հանգրվանել են Երևանյան լճում, ոմանք էլ (ամենաարմատականները) չվել-հասել են Թասմանի ծով, հայի բախտ է, դիմադրելն անհնար է։

«ՋԵԲԿԻՐԱԿԱՆ» ԿՐՔԵՐ, ՄՏՔԵՐ
(ճաշին միայն մի փուչ գերան)
Եվ այսպես, Աբովյան 16-ին հասնելիս իշխանատնտեսական որոշ օղակներ բարոյազրկվում են տեղո՛ւմ և լիաթո՛ք։ Գլխի ընկա՞ք, թե ինչու։ Իրազեկում եմ. սույն հասցեի տակ է հանգրվանել Հայաստանի նկարիչների միությունը։ Բայց չէ՞ որ սույնն աննկարագրելի վայրագություն է, մայր ոստանի ողջ կենտրոնը պանդոկների, կանանց ներքնազգեստի (հասկանալի է` էլիտար) և տղամարդկանց փողկապի (բնականաբար, գերշքեղ) վաճառատների գույնզգույն ցանցով է պատված և, խնդրեմ, ինչ-որ արվեստի տուն, կերպարվեստի սրահներ, ցուցահանդեսներ և նկարիչների մուտք ու ելք։ Է, հետո՞, դեռ որքա՞ն է հնարավոր սույն «աննամուսությունը» հանդուրժել։ Սակայն, մի պահ թվում էր, թե կենտրոնը հանգիստ շունչ է քաշելու, «Մոսկվա» կինոթատրոնի և նկարիչների միության մեջտեղում առկա շքեղ նորակառույցը գողունի վաճառվեց, զի ՀՆՄ ղեկավար կազմը 1990-ից 1998-ը խիստ շուկայաբարո էր տրամադրված։ Նորակառույցը միության սեփականությունն էր, բայց մի՞թե շուկայական շնությունների մեջ գասպարավարի լող տալը նկարիչների միության ղեկավարության գերնպատակը չէր։ Էն էլ ոնց և, ահավասիկ, 1992-ին լողի մեկնարկը տրվում է, ՀՆՄ նախագահ Արա Շ.-ն ստեղծում է «Կերպարվեստ» կոնցեռնը և Հայաստանի նկարիչների միության, այսինքն` շուրջ 1000 նկարչի հույս ու ապավեն միությունը մասնատվում է հինգ ոչ նկարչական անձանց միջև։ Սակայն «չարամիտ» մարդիկ կանխում են գործարքը, ՀՆՄ վարչական շենքը մնում է անսասան, փոխարենը նորակառույցը վաճառվում է, հետո էլ քանդվում։ Բնականաբար, հարգարժան Արա Շ.-ն ուներ համախոհներ, նրանց հաջողվում է կոպեկներով վաճառել հռչակավոր «Նկարիչ» սրճարանը, ՀՆՄ շինտեղամասը, ՀՆՄ Գյումրու մասնաճյուղի վարչական շենքը, գեղարվեստի սրահ-խանութները (չորսը` Երևանում, մեկը` Էջմիածին քաղաքում), գեղարվեստի, ձևավորման կոմբինատները և այլն, և նման այլ բաներ։ Այսօր ՀՆՄ փառահեղ նորակառույցի տեղում մի անփառունակ փոս է, կոյուղաջրերն են կարկաչում, և առնետներն են մեզ հյուր կանչում։
1998-ից նկարիչների միությունը սկսում է վերականգնվել, շտկում է ուսերը, սկսում է լիաթոք շնչել։ ՀՆՄ պահպանողական թևը` միության առնվազն 80 %-ը, դեմ է ներքնազգեստափողկապային էլիտարոտ Երևանին և որոշում է ամեն գնով պահպանել ՀՆՄ-ն։ Պահպանում են։ Վերանորոգվում են Ծաղկաձորի և Շորժայի ստեղծագործական տները, փլուզվող ցուցասրահների փոխարեն կառուցվում են նորերը, ավելի ընդարձակ ու բարետես, գեղարվեստի կոմբինատն է նոր կյանքով ապրում, բայց այս ամենը սղոցում է 1998-ից միությունը ղեկավարող-վերականգնող Կարեն Աղամյանի ընդդիմախոսների նյարդերը։ 2008-ից Շահումյան Հաղթանակը (նույն ինքը` Հաղթո) ինքնակարգվում է Աղամյանի գործունեության մեկնաբան, ընդ որում, բավականին ինքնատիպ. եթե Աղամյանը միայն կառուցել է և փրկել, ուստա Հաղթոն հայտնվում է հեռուստաէկրանին և դղրդացնում երկինք ու երկիր. «Աղամյանը թալանում է միությունը»։ Առհասարակ, մեր որոշ լրատվամիջոցների աչքի լույսն է ուստա Հաղթոն, բավական է հարբուխ ընկնի ու փռշտա, և խնդրեմ, Հանրային հեռուստաընկերությունը յուր Սուսաննա (թե Սուսամբար) մեկնաբանով Հաղթանակի հաղթական բազկաթոռի առջև է, քոքում է տեսախցիկն ու փորձում հանրությանը տեղեկացնել, թե որ շրջափուլում է շահումյանահաղթանակյան հիվանդությունը։ Եվ ստանում է ինքնատիպ պատասխանը` ինքնորոշ փռշտոցով. «Հասեք ու փրկեք, 20 տարի է` անբարոյականությունը միությունում է»։ Ի դեպ, այստեղ բնազանցական, այսինքն` մետաֆիզիկ ինչ-որ բան կա։ Ըստ «ԼԼ» հետազոտությունների, պատճառը անունն է` Հաղթանակ, և մականունը` Հաղթո։ Ժամանակին, երբ Հաղթանակ-Հաղթոն տակավին վառվռուն մի պատանյակ էր, Երևանը բաժանված էր շրջանների միջև, Երևանում կար Շահումյանի շրջան, Շահումյանի շրջանում կար Հաղթանակ գյուղ, որը Արարատյան դաշտավայրում առաջատար էր մսի, բրդի, կաթի և աթարի մթերման գործում։

Վերջերս ուստա Հաղթոն (տիար Հաղթանակը) քեֆս բերում է։ Համարձակությամբ ինքնաբուխ։ Սևն ու սպիտակը շփոթելու տաղանդով։ Ճառասացությամբ նորաթուխ։ Օրինակ, սկսել է ծխամորճ ծխել, և մի բան է, երբ սևն ու ճերմակը խառնշտորում ես հենց էնպես, և բոլորովին այլ բան է, երբ բաղաձայն հրովարտակներ ես հղում ծխամորճիցդ ժայթքող անուշաբույր քուլաների ներքո։ Նկատել եմ, որոշ լրատվամիջոցների վրա սույնը կախարդիչ ազդեցություն է գործում։ Բայց տիար Հաղթանակը պրպտուն միտք ունի և, անկեղծ լինենք, երևելի դիվանագետ է։ Զորօրինակ, երբ միությունը քանդվում-տարրալուծվում էր, նա «իջել էր ջրի հատակը մինչև անցնի վտանգը»։ Եվ երբ միությունը հիմնանորոգվեց ու վերջնականապես ոտքի կանգնեց, նա անցավ գրոհի։ Այսպես, 2008-ի դեկտեմբերին նա գլխավորում է նկարիչների միության ընդդիմադիր թևը, ընդ որում, ոչ միայն միջոցների մեջ խտրականություն չդնելով, այլև միջոցները ենթարկելով սեփական կամքին ու անձնական քմայքին։ Այո՜, «բարոյականության փառակալած մարմնացում և ճշմարտության ալ կարմիր դրոշ» սույն սուբյեկտը 2008-ի դեկտեմբերին, ՀՆՄ 17-րդ համագումարում նորույթ է կիրառում, դահլիճ է ներմուծում յուր թաղի մի քանի կիսաքրեականի և փորձում կարգուկանոն հաստատել, այլ կերպ ասած, ահաբեկել նկարիչներին ու արվեստաբաններին, հատկապես ջահելներին։ Այս համագումարում, մի քանի օր անց, տիար Հաղթանակը հավանաբար շատ ավելի ուշագրավ հնարքներ կկիրառի, չէ՞ որ առավոտ կանուխ բռնցքամարտում է և նրա բոքսատանձը համալրում է սեգ ծխամորճը, մետաքսե հողաթափերն ու գրոհային մեղադրանքները:
Սակայն մի բանով ուստա Հաղթոն աչքիս լույսն է` ուղղամտությամբ, երբեք թիկունքից չի հարվածում, խփում է հակառակորդի ճակատին, թեկուզ հերյուրանքով։ Ի դեպ, լավ է տիրապետում ապերկոտ հարվածին։ Ասում են նաև, որ գալիք համագումարում պատրաստվում է բռնցքամարտելու իր ախոյանների հետ։
Երեկ էլ Հաղթոն դեղնաբոսոր մի թերթոնում շառաչում է, թե Աղամյանի ժամանակ էլ կորուստներ ենք ունեցել: Այո՛, ըստ նրա, միության կառուցումը կորուստ է: Մի խոսքով, Հաղթոյին և նրա համախոհներին (որոնց սևամրուր դայլայլը դեռ կլսենք) մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

ԻՇԽԱՆԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ
(վերջաբանի կլկլոց)
Հիմա մոտեցանք բուն խնդրին, ասացեք, խնդրեմ (միայն թե ազնվորեն), ի՞նչ են տվել ՀՀ իշխանությունները ստեղծագործական միություններին, որը և ի զորու չեն հետ վերցնելու։ ՈՒ դրանից էլ դիվոտում են, մեկ-մեկ էլ բերաններին փրփուր է կապում։ Մի խոսքով, եկեք հաշվենք, միությունները ՀՀ-ից ոչինչ չեն ստացել։ Ամեն բան (վարչական շենքերն ու ամառանոցները) ժառանգել են Սովետմիությունից։ Ի դեպ, մի պատմությամբ արժևորենք Սովետմիության մշակութապահպան ռազմավարությունը։ Մի անգամ (ավելի ստույգ` հերթական անգամ) կենտկոմի 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանը ցուցահանդեսից հետո բարձրանում է ՀՆՄ նախագահ Սարգիս Մուրադյանի առանձնասենյակ։ Տիար Սարգիսը շրջապատված էր առաջավոր վարպետ-նկարիչներով։ Բնականաբար, արգո Դեմիրճյանն էլ միայնակ չէր, նրան ուղեկցում էր նախարարաց խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը։ Դեմիրճյանը բյուրեղապակյա բաժակն է բարձրացնում (լի դրախտային «Նաիրի» կոնյակով), շնորհավորում է ցուցահանդեսն ու կեսկատակ, ոտն ի գլուխ լուրջ դիմում է նկարիչների ղեկապետին. «Սարգիս, ի՞նչ արժե այս բաժակը»։ Բազմափորձ Մուրադյանն առանց աչքը թարթելու «խոստովանում» է` 500 հազար։ Տիար Դեմիրճյանը շրջվում է դեպի Ֆադեյ Տաճատիչը. «Դո՞ւ որքան ես գնահատում, Ֆադեյ Տաճատիչ», «300 հազար», լսվում է պատասխանը։ «Եկեք ի մի գանք 400 հազարի վրա», եզրափակում է Դեմիրճյանը, և երեք օր անց ՀՆՄ հաշվեհամարում հայտավորվում է նշյալ պատկառելի գումարը։ Սա պետության և իշխանությունների վերաբերմունքն էր ազգային կերպարվեստի հանդեպ, անշուշտ, Սովետմիությունը շահագրգիռ էր մշակույթի, արվեստի, գրի և գրականության զարգացմամբ, անվերապահորեն։ Առակն այս ի՞նչ կցուցանե, թող որոշի պատվարժան ընթերցողը։
Իսկ ես հուշեմ և դուք հիշեք, որ ներկա իշխանապետիկները (քաղաքական և տնտեսական ծովահեներին նկատի ունեմ) մեկ գերխնդրի են հետամուտ` պախարակել, բանսարկել և հասարակության աչքի գրողը դարձնել ստեղծագործական միությունները։ Եվ նրանց սպասարկող որոշ լրատվամիջոցներ դիվային ստորության գլուխգործոցներ են կերտում, շքեղաշուք ցուցահանդեսային սրահները նրանց աչքում ապականության և կործանման խորհրդանշաններ են, բանսարկու մի քանի նկարիչ ազատ մտքի, կամքի, խոսքի կենդանի հուշարձաններ։ Բայց գրողը տանի, մի՞թե ձեր արձակած գարշահոտը ձեզ այսքան դուրեկան է։ Եթե այո, շարունակեք։


ՎրեժԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ