Արդեն երկար ժամանակ ՈՒկրաինա-Եվրոպա-Ռուսաստան եռակողմ խաղի մեջ ուկրաինացիները ավելի հստակեցնում են իրենց «փորացավը»: ՈՒկրաինայի իշխող` Ռեգիոնների կուսակցության ֆրակցիայի փոխղեկավար Միխայիլ Չեչետովն ասել է, որ եթե Եվրոպական միությունը ցանկանում է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատությունը, ապա պետք է փոխհատուցի այն 20 մլրդ դոլար վնասը, որը եղել է Տիմոշենկոյի` ՌԴ-ի հետ կնքած գազային պայմանագրի արդյունքում: Այս հայտարարությունը Չեչետովն արել է տեղական TBI հեռուսատալիքի եթերով: Նա ասել է, թե Եվրոպան բոլոր դեպքերում կարող է նախկին վարչապետին դուրս հանել բանտից` Կիևին փոխհատուցելով նրա կողմից երկրին պատճառված վնասը: «Հեշտ է բարի լինել ուրիշի հաշվին: Բայց քանի որ գազի պայմանագիրը արժեցել է 20 մլրդ և Եվրոպան խնդրում է Տիմոշենկոյին ազատ արձակել, թող այդ փողերը մեզ վերադարձնի: Այս հարցի գինը ընդամենը 20 մլրդ դոլար է»: Փաստորեն, ՈՒկրաինան սկսեց ավելի բաց խաղալ` Եվրոպային հասկացնելով, որ Տիմոշենկոյի ազատ արձակման հարցը կարող է նույնիսկ ժամերի ընթացքում լուծվել: Երեկ ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Կարասևը, վերլուծելով իրավիճակը, ասել էր, թե ՈՒկրաինան նույնիսկ Տիմոշենկոյին ազատ արձակելու կամ պահելու խնդիր չունի, դա պրոբլեմ չէ Կիևի համար, հարցը Արժույթի միջազգային հիմնադրամից մատչելի պայմաններով վարկեր ստանալն է: Օրերս էլ ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, թե ուկրաինական արտադրանքը դեռևս Եվրոպայում պահանջարկ չունի, իսկ եվրոպական չափանիշներին հասնելու համար նոր տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, որոնց ներդրման համար ՈՒկրաինան ֆինանսական միջոցներ չունի: Սրանով Յանուկովիչը մեսիջ էր ուղարկել Եվրոպային, թե ԵՄ-ի ետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դիմաց ՈՒկրաինան դրամական միջոցներ է ակնկալում: Ի դեպ, ՈՒկրաինան խաղում է նաև Ռուսաստանի հետ, թեև որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ Վիկտոր Յանուկովիչ-Վլադիմիր Պուտին վերջին հանդիպումից հետո ՈՒկրաինայի քաղաքականությունը փոխվել է հօգուտ Մաքսային միության, բայց, ինչպես ասում են, ճտերն աշնանն են հաշվում, իսկ աշնան վերջին օրերին Վիլնյուսի գագաթնաժողովն է:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ