ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Մոլդովայի նախագահն իր ժողովրդին ԵՄ է տանում

Մոլդովայի նախագահն իր ժողովրդին ԵՄ է տանում
04.11.2013 | 00:21

Երեկ Մոլդովայում մեծ հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն երկրի եվրաինտեգրման: Մոլդովական կայքերը հեղեղված են հանրահավաքի մասին պատմող տեսանյութերով: Մոլդովայի համար ճակատագրական այս միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ մոլդովացիներ, ովքեր մայրաքաղաք են ժամանել երկրի տարբեր շրջաններից: Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել երկրի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին: Նա ասել է, որ Մոլդովայի զարգացման համար լավագույն տարբերակը Եվրոպական Միությունն է, և Մոլդովան կարող է բարգավաճել միայն Եվրոպային ինտեգրվելու ճանապարհով: «Մոլդովան պետք է բարգավաճի, Մոլդովան պատկանում է Եվրոպային, կեցցե Մոլդովան»,-իր խոսքը ամփոփել է Մոլդովայի նախագահը: Հանրահավաքի մասնակիցները երթով քայլել են մայրաքաղաք Քիշնևի փողոցներով, որը նույնիսկ տրանսպորտային մեծ խցանումների պատճառ է դարձել: Հանրահավաքի վերջում հռչակագիր է ընդունվել` «Հանուն Եվրոպայի»: Նման հանրահավաքներ են տեղի ունեցել նաև եվրոպական մի շարք երկրներում: Հունաստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի մոլդովական սփյուռքը փողոց է դուրս եկել հօգուտ Մոլդովայի` ԵՄ-ի հետ ասոցացման: Չնայած այս օրերին Մոլդովայում տիրող եվրոպամետ տրամադրությանը և երկրի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, այնուամենայինիվ, Մոլդովայի իշխանությունները մեծ խնդիր ունեն եվրոպական պետություններից մեկի` Ռումինիայի հետ: Ռումինիան քաղաքացիություն է շնորհում Մոլդովայի քաղաքացիներին, որի իրավական գործընթացը հնարավոր է իրականացնել հենց Մոլդովայում` այս երկրում գործող ռումինական ցանկացած դիվանագիտական կառույցում: Վերջին 20 տարում Մոլդովայի ավելի քան 450 հազար քաղաքացիներ Ռումինիայի քաղաքացիության դիմում են ներկայացրել, նրանցից 320 հազարը արդեն ստացել է անձնագիր: Սա մեծ պրոբլեմ է ոչ միայն Մոլդովայի համար, քանի որ երկրի բնակչությունը արտագաղթում է, այլև ԵՄ համար, քանի որ միգրանտների հոսքը եվրոպական երկրներում գնալով ավելանում է: Մոլդովայի իշխանությունները հույս ունեն, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո մոլդովացիները կդադարեն գայթակղվել ռումինական անձնագրերով: Նրանք հնարավորություն կունենան ազատ մեկնել Եվրոպա նաև մոլդովական անձնագրերով: Նշենք, որ պաշտոնական Ռումինիան մոլդովացիների, այսպես ասած, ռումինացման ծրագիրը համարում է պատմական արդարության վերականգնման քայլերից մեկը: Խոսքը 1918-1940 թթ.-ի մասին է, երբ Մոլդովան եղել է Ռումինիայի մի մասը: Մոլդովան հետ բերելու ռումինական ծրագիրը գործում է արդեն հինգ տարի:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ