ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Գերմանիան կարտաքսի ամերիկացի դիվանագետներին

Գերմանիան կարտաքսի ամերիկացի դիվանագետներին
30.10.2013 | 12:23

Եթե հաստատվի ամերիկյան դիվանագետների մասնակցությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանը, Գերմանիան կարտաքսի նրանց: Այս մասին հատարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը: «Եթե դեսպանատան կամ այլ կառույցի որևէ աշխատակից խառնված է այդ գործում, նա կպատժվի: Եթե խոսքը դիվանագետի մասին է, նա երկրից կհեռացվի»,- ասել է Ֆրիդրիխ Հանս-Պետերը: Նա նշել է, որ գաղտնալսումների հետ կապված Գերմանիայի կողմից առաջադրված շատ հարցերի պատասխանը ԱՄՆ-ը դեռևս չունի:

Ասենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն էր խնդրել Անգելա Մերկելից ԱՄՆ հատուկ ծառայությունների` Գերմանիայում ծավալած գործողությունների, ավելի որոշակի` Մերկելի բջջային հեռախոսի հնարավոր գաղտնալսման համար: Ըստ Der Spiegel-ի հրապարակումների, Օբաման այդ մասին իմացել է դեռևս 2010-ից, սակայն չի դադարեցրել այն, քանի որ ցանկացել է իմանալ ամեն ինչ Մերկելի մասին: «Օբաման Մերկելին չի վստահել»,-ասվում էր հրապարակումներից մեկում: ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հիման վրա հրապարակվող նյութերը արդեն բավականին վատացրել են ԱՄՆ-ի հարաբերությունները մի շարք երկրների հետ: Երեկ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավարը հայտարարել է, թե Սնոուդենը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Գեներալ Ալեքսանդերը հերքել է եվրոպական մի շարք թերթերի հրապարակումները, համաձայն որոնց ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են տասնյակ միլիոնավոր եվրոպացիների հեռախոսները: Նա ասել է, թե այդ հայտարարությունը լիովին սուտ է և երկրի պաշտպանության համար անհրաժեշտ տեղեկությունները ԱՄՆ-ը ստացել է արտասահմանյան բարեկամ հատուկ ծառայություններից: Այսօր արդեն հաղորդվում է, թե Բարաք Օբաման կարգադրել է սահմանափակել ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանի կապի նկատմամբ իրականացվող գաղտնալսումները: Սա պատճառաբանվում է նրանով, թե իբր վերջին մի քանի շաբաթում Օբամայի օգնականները եզրակացրել են, որ լրտեսման մի քանի տեսակների անհրաժեշտությունը չկա: Մյուս կողմից` ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպպերը խոստացել է շարունակել գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: «Մենք կգաղտնազերծենք փաստաթղթերը, դա ցանկանում է մեր ժողովուրդը, և հենց դա է ինձ խնդրել երկրի նախագահը»,-ասել է Կլեպերը, ով նշել է, թե գաղտնազերծումը իրականացվում է ապացուցելու համար, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները գործում են օրենքի սահմաններում: Հավելենք, որ մի շարք եվրոպական երկրներում արդեն պաշտոնյաները զգուշանում են գաղտնալսումներից: Նրանք անջատում են իրենց բջջային հեռախոսները պաշտոնական հանդիպումների, կառավարության նիստերի, երկրի համար կարևոր հարցերի քննարկման ժամանակ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ