Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հրաժարական կտա Գեորգի Մարգվելաշվիլիի՝ պաշտոնին անցնելուց հետո։ Քննադատները կարծում են, որ այդպես նրան ավելի հարմար կլինի «քաշել նոր նախագահի սանձերը», գրում են ֆրանսիական Le Figaro պարբերականի թղթակիցներ Արիել Տեդրելն ու Ռեժի Ժանտեն:
Իվանիշվիլին հանելուկ մարդ է։ Ասում են, որ նա կառավարում է երկիրն ինչպես հոլդինգ, և դա այն պատճառով, որ մինչ քաղաքականություն մտնելն օլիգարխ է եղել։ 1990-ական թվականներին նա անհասկանալի հանգամանքներում կարողություն է կուտակել Ռուսաստանում և դարձել Վրաստանի ամենահարուստ մարդը։ Նրան տարօրինակ մարդ են համարում։ Բաթումիում նրա առանձնատանը զեբրեր և ֆլամինգոներ են շրջում, իսկ Թբիլիսում գտնվող առանձնատանը տեղադրված է հսկայական ակվարիում՝ շնաձկներով և արևադարձային ձկներով։
«Վարդերի հեղափոխությունից» հետո Իվանիշվիլին շռայլորեն հովանավորել է Միխեիլ Սաակաշվիլիին, սակայն հետագայում նրանք խնդիրներ են ունեցել։ Բացի այդ, «Միշան» անընդհատ բարկացրել է Կրեմլի ղեկավարին, իսկ Իվանիշվիլին իմացել է ռուս առաջնորդի կասկածամիտ և վրեժխնդիր լինելու մասին։ 2011-ին ապագա վարչապետը վաճառել է իր բոլոր ռուսական ակտիվները և սկսել զբաղվել քաղաքականությամբ։ Ազատելով Վրաստանը Սաակաշվիլիից՝ «ինքնակալից, որը պատրաստվում էր դառնալ բռնապետ, ոտնահարում էր մարդու իրավունքները, յուրացնում այն ամենը, ինչ ցանկանում էր, և բանտ նստեցնում, ում ցանկանում էր», նա համարում է իր խնդիրն ավարտված։
Ինչպես և իր քաղաքական հակառակորդը, Իվանիշվիլին ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին, սակայն ստիպված է «փաղաքշել» Կրեմլին, այդ պատճառով էլ նա ժամանակ ձգում և չի բացառում Եվրասիական միությանն անդամակցելը, նշված է հոդվածում։
«Ես լավ գիտեմ ռուսներին, սակայն դժվարությամբ եմ հասկանում նրանց ղեկավարներին։ Պարզ է, որ մեր հարաբերությունների կարգավորման համար շատ ժամանակ կպահանջվի»,- խոստովանել է Իվանիշվիլին